Չբացահայտված «Արփի» լիճն ու անսահմանափակ հնարավորությունները

27.09.2019 | 09:45 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Շիրակ #«Արփի» լիճ ազգային պարկ #Հովսեփ Սիմոնյան
Հայաստանի հյուսիսային դարպասում, որտեղ հատվում են Հայաստանի, Վրաստանի ու Թուրքիայի սահմանները, ընկած է Ջավախք–Շիրակ սարահարթը: Էկոհամակարգն իր լեռնային տափաստաններով, մարգագետիններով, ինչպես նաեւ լճերով եւ խոնավ տարածքներով եզակի է ոչ միայն կովկասյան տարածաշրջանում, այլեւ ճանաչված է որպես համաշխարհային կարեւորություն ներկայացնող օբյեկտ:    

Հենց այս եզակիությունն ու ալպիական բնությունը պահպանելու համար էլ 2009թ. հայ-գերմանական ու վրաց-գերմանական համագործակցության արդյունքում ստեղծվեցին ազգային պարկեր: Արփի լիճը՝ Հայաստանում, Տաբացկուրի լիճն էլ Վրաստանում դարձան այն հիմքը, որի կենդանական ու բուսական հազվագյուտ տեսակները պահպանելու համար ներդրվեց ավելի քան €2 մլն:

Banks.am-ի թղթակիցն այցելել է Արփի լիճ, զուգահեռներ անցկացրել ազգային պարկի ընձեռած մեծաթիվ հնարավորությունների ու իրականացված ծրագրերի միջեւ:


Դառնալ բնության մասնիկը

«Արփի լիճ» ազգային պարկի ստեղծման ծրագրով նախատեսվում էր արգելավայրերի ստեղծում, հողօգտագործման պլանավորում, հարակից համայնքների զարգացում, զբոսաշրջության խթանում:

«Արփի լիճը լավագույն վայրերից է էկոտուրիզմի զարգացման համար, հիանալի վայր գիտական ուսումնասիրությունների ու թռչնադիտարկումների համար: Այդ նպատակով կառուցվել է հյուրատուն՝ բոլոր հարմարություններով, կան վարձակալությամբ տրվող ամենագնացներ, տրամադրում են վրաններ, իսկ ձիերով արշավանքները մեկ այլ հաճույք է հովեկների համար, որոնք ցանկանում են դառնալ բնության մի մասնիկ ու հանդիպել հազվագյուտ կենդանական ու բուսական աշխարհին, որն ունի Արփին: Սա այն վայրերից է, որտեղ կարելի է ե՛ւ ամռանը, ե՛ւ ձմռանը այցելել»,- վստահեցնում է «Արփի» լիճ ազգային պարկի տնօրեն Հովսեփ Սիմոնյանը:

Հովսեփ Սիմոնյանը

Մեղվաբուծություն՝ ալպիական գոտում

Գյումրիում բնակվող՝ պատմության ուսուցիչ Սարգիս Գրիգորյանն իր մեղուներով մի քանի տարի է՝ այցելում է ալպիական այս գոտի: Մեղուները ճաշակում են Արփիի հազվագյուտ ծաղիկների նեկտարը:

«Եկա, որովհետեւ այստեղ մշակովի տարածքներ չկան: Գյուղացիները մշակելու ընթացքում օգտագործում են քիմիական տարբեր նյութեր, որոնց հետ անմիջականորեն շփվում է մեղուն: Մեղրամոմը կլանում է այդ նյութերը, որոնք ազդում են մեղրի որակի վրա, իսկ այստեղ հողերը քիչ են մշակում ու քիմիական նյութեր չկան»,- մեղվապահության իր գիտելիքներով է կիսվում Սարգիսը:

Սարգիս Գրիգորյանը

Սարգիսը 11 տարի է՝ զբաղվում է մեղվապահությամբ: Տարածքում եղած բազմաթիվ ավեր մնացած տներից մեկն էլ ինքն է բարեկարգել, ամռան երեք ամիսներն անցկացնում է Արփիի ափերին: Մեղուները սնվում են այն ամենով, ինչ կա տարածքում, հավելյալ շաքարով մեղուներին չի կերակրում: Նա գոհ է ստացված մեղրի քանակից ու սկսել է տարբեր փորձարկումներ անել, օրինակ՝ ապակե տարրայի մեջ մեղուն միանգամից հյուսում է մեղրամոմն ու մեղր պատրաստում:

«Ազգային պարկի ստեղծումից հետո տարբերությունները շատ են: Բայց բնակիչները դեռ յուրացնողի կարգավիճակով են, նրանք դժգոհ են, որ նախկինի պես ձուկը չեն կարող ցանցերով բռնել, հավալուսնի (пеликан) հավկիթներով ձվածեղ չեն կարող անել. բնությունը հիմա ավելի լավ վիճակում է: Հիմնական խնդիրն այն է, որ մատուցում չկա, մարքեթինգ չկա ո՛չ տեղական, ո՛չ պետական մակարդակում, դրա համար էլ քչերը գիտեն այս տեղի մասին»,- եզրակացնում է Սարգիսը:


Գերմանացիները՝ մշտական հյուրեր

Հայկական Արփիի մարքեթինգով զբաղվում են առավելապես Գերմիանիայում: Վերջինիս կառավարության միջոցներով ստեղծված ազգային պարկի մասին ամենաշատը տեղյակ են գերմանացի հետազոտողները, որոնք հաճախ գալիս են ուսումնասիրությունների:

«Անցած տարի գերմանացի երկու հետազոտող էին եկել: Փնտրում էին մի կապույտ թիթեռի, որը հանդիպում էր միայն Արփի լճում: Մեզ համար մի փոքր տարօրինակ է, որ Գերմանիայից կարելի է հասնել Շիրակի մարզ թիթեռ տեսնելու, բայց գիտնականի համար մեծ ուրախություն էր գտնել հազվագյուտ հանդիպող միջատին ու ուսումնասիրել: Գիտե՞ք՝ ինչքան էին զմայլվում մեր մարգագետիններով»,-հավատացնում է բնապահպան Լեւոն Մարտիրոսյանն ու մանրամասնում, թե ինչ եզակի կենդանական ու բուսական աշխարհ ունի ալպիական այս գոտին:


Երբ արագիլը սեւ է

Բարի ու սպիտակ արագիլին շատերն են տեսել, բայց որ կա սեւ արագիլ ու ապրում է Հայաստանում՝ քչերը գիտեն:


Սեւ արագիլը ներառված է ոչ միայն Հայաստանի, այլեւ մի շարք երկրների Կարմիր գրքում: Ի տարբերություն սպիտակ արագիլի՝ այն չի սիրում հարեւանություն անել մարդու հետ: Այս թռչունի մասին տեղեկությունները կցկտուր են: Բայց կա հնարավորություն ուսումնասիրել եւ լեռների մեջ ծվարած Արփիի ափերում գտնել այս ու այլ կենդանիների՝ ջրասամույրին, Դարեւսկու իժին ու Կարմիր գրքի մյուս «բնակիչներին»:

Եզակի բուսական ու կենդանական աշխարհ

Արփի լիճը եղել է լճակ՝ ընդամենը երկու մետր խորությամբ: 1951-ին կառուցված պատվարի շնորհիվ բնական լիճը վերածվել է ջրամբարի՝ մեծանալով մոտ 5 անգամ, խորությունն էլ հասել է 16 մետրի: Ջրամբարի կառուցումից հետո էլ ջրում առաջացել է երկու կղզի, որոնք դարձել են ջրլող թռչունների բնադրավայր:

Արփի լճի ավազանն ունի նաեւ հարուստ բուսականություն: Կան բուսական ու կենդանական տեսակներ, որոնք վտանգված կամ ոչնչացման եզրին են ու հատուկ պահպանության ցանկում են ներառված, դրանցից է՝ հավալուսնը:

Հավալուսն

Այս յուրահատկությամբ ոչ միայն հետազոտողներին է հմայում ազգային պարկը,  այլեւ հոգեւորականներին: Արդեն երրորդ տարին է՝ ֆրանսիացի 100 հոգեւորական այցելում է «Արփի լիճ» ազգային պարկ՝ քաղաքակրթությունից «առանձնանալու», բնության հետ ներդաշնակ ապրելու ու աղոթելու համար:

Նոր զբոսաշրջիկներ, տարբեր հետաքրքրություններ

Վերջին տարվա ընթացքում մոտ 2000 զբոսաշրջիկ է ընդունել «Արփի լիճ» ազգային պարկը, որն ունեցած ռեսուրսների դեպքում ցածր ցուցանիշ է:  

Ազգային պարկն ունի այցելուների կենտրոն եւ հյուրատուն։ Այցելուների կենտրոնում զբոսաշրջիկներին տրամադրվում են տարբեր ծառայություններ, այդ թվում՝ քայլարշավ ու ձիարշավ, թռչնադիտում, դահուկային սպորտաձեւի հնարավորություններ եւ այլն։

Գյումրեցի էքսկուրսավար Արսեն Վարդանյանը կազմակերպում է տուրեր Շիրակ աշխարհի բոլոր ուղղություններով ու ժպիտով էլ զբոսաշրջիկներին նախազգուշացնում.

«Մի կարեւոր խորհուրդ: Շիրակի մարզ գալուց աշխատեք չսիրահարվել բնությանը»:

Արսեն Վարդանյանը

Արսենը փաստում է, որ զբոսաշրջիկների թիվը սկսել է ավելանալ, եւ տարիների ընթացքում զբոսաշրջիկների հետաքրքրությունները փոխվել են.

«Տարիներ առաջ Արփի գալիս էին՝ մեկ ցերեկ անցկացնելու համար, այսօր արդեն ցանկություն են հայտնում հարակից գյուղերում մնալ, բացահայտել Արփին, ճամբարներ կազմակերպել: Նկատում ենք, որ գյուղացիները պարզապես անվճար հյուրընկալում են զբոսաշրջիկներին: Սա տուրիզմի զարգացման համար եւս մեկ քայլ է ու էն մարդիկ, որոնք ուզում են գյուղական միջավայրում ապրել, շփվել մարդկանց հետ, շատ լավ հնարավորություն է»:

Սկսել են նաեւ հյուրատներ կառուցել: Սակայն մի խնդիր կա:

«Տուրիստական շարժը սեզոնային է. ձմեռային ամիսներին հյուրերի հոսք չկա դեպի Արփի լիճ ազգային պարկի տարածք, ինչն իր հետ բերում է ենթակառուցվածքների պահպանման խնդիր, օրինակ՝ եթե մեկը հյուրատուն է սարքել, ձմեռը դա պահպանելու խնդիրներ են առաջանում, իսկ ամռան ամիսներին տուրիստներն այնքան չեն, որ ձմռան ծախսերը փոխհատուցեն»,- իր դիտարկումներն է կիսում Արսեն Վարդանյանը:


Էկո միջավայրի էկո մարդիկ

Արփի լճի շուրջբոլորը կա 19 համայնք՝ մոտ 3300 բնակիչով: Մեծ մասը Վրաստանից եկածներն են:

«Ես ապրել եմ Գանձայում: Մենք եկել ենք 30 տարի առաջ: Մեր հայկական հողն է, եկել ենք, տիրություն կէնենք, հետն էլ՝ ստեղծել ենք մերը»,- ասում է Գառնառիճ գյուղի բնակիչ Ալիսա Սահակյանը, որի խոսքին միանում է նորեկ հարեւանը:

«Անցած տարի այստեղ տուն ենք առել՝ հողը հետը: Գանձայում հողերը քիչ են անասնապահության համար, իսկ այստեղ շատ լավ բնություն կա ու հող: Որ աշխատիս, արդյունքի կհասնես, ճիշտ է՝ տանջանքով, չարչարանքով, բայց կապրիս»,- նշում է Ալինա Ներսիսյանը:

Տիկին Ալիսան ու Ալինան

Էկո կաթ ամենաշատը այստեղ կարելի է գտնել: Սակայն գյուղացիները կաթը չեն վերամշակում: Վաճառքի մածուն, կարագ, պանիր չկա, կարող են հյուրասիրել, իսկ կաթը հիմնականում մթերում են:

Աշխատում են ընտանիքներով՝ աշխատանքային պարտականությունների հստակ բաժանմամբ: Մեկն անասնապահությամբ է զբաղվում, մյուսը՝ հնձած խոտը դասավորում, մյուսներն էլ՝ նախապատրաստվում 8 ամիս ձգվող երկար ու ցուրտ ձմռանը (ջերմաստիճանն այստեղ հասել է մինչեւ -46 աստիճանի): Խոշոր եղջերավոր կենդանիներն էլ ապահովում են ամենաէժան վառելիքը՝ աթարը:

Եթե զբոսաշրջիկի են հանդիպում, ուրախանում են, փորձում լեզու գտնել, տնական հաց ու պանիր հյուրասիրել ու ցույց տալ տարածքի թաքնված հատվածները:


Ստվերոտ կողմերի մասին
 
«Համայնքները չունեն այնքան պոտենցիալ, որ կարողանան ազգային պարկում ու այդ տարածքում տուրիզմի զարգացումը պատշաճ մակարդակի հարցնել: Առաջին հերթին՝ գիտակցական հատվածն է թույլ, երկրորդ՝ ենթակառուցվածքների առումով տարածքը լուրջ խնդիրներ ունի, ճանապարհային ցանցը վատ վիճակում է»,- Արփիի ստվերոտ կողմերն է ներկայացնում բնապահպան Գեւորգ Պետրոսյանը:

Մասնագետների կարծիքով՝ ազգային պարկը կարող է դառնալ այն հրապուրիչ խայծը, որը կարող է կրթական ու հետազոտական նպատակով նաեւ գրավել  զբոսաշրջիկներին, դրա համար ենթակառուցվածքները համայնքներում պետք է կառուցել, նպաստավոր պայմաններ ստեղծել հովեկների համար, որ հարակից գյուղերի բնակիչներն էլ եկամուտ կարողանան ստանալ իրենց էկո միջավայրով ու էկո սնունդով:

Ֆրանսիացի զբոսաշրջիկները՝ «Արփի լիճ» ազգային պարկում

Ազգային պարկը կարող է լինել գրավիչ խայծ, բայց պետական ու մասնավոր հատվածում քչերն են օգտագործում այդ խայծը: Հայաստանում գործող տուրիստական ընկերություններից քչերը գիտեն «Արփի լիճ» ազգային պարկի գոյության մասին, որոնք էլ տեղյակ են, զբոսաշրջային փաթեթներում այն չեն ներառում կամ պատշաճ չեն ներկայացնում:  

Անահիտ Հարությունյան
Լուսանկարները՝ Կարեն Մկրտչյանի
Դիտում՝ 8475
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai