Յուրգեն Ռիգտերինկ. Հայաստանում բիզնեսի բարելավման մեծ հեռանկար կա

26.09.2019 | 09:42 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /
#Յուրգեն Ռիգտերինկ #ՎԶԵԲ
Օրերս Հայաստան էր այցելել Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի առաջին փոխնախագահ Յուրգեն Ռիգտերինկը: Banks.am-ին տված բացառիկ հարցազրույցում նա խոսել է Հայաստան-ՎԶԵԲ համագործակցության ընթացքի եւ նոր ծրագրերի մասին։

- Պրն Ռիգտերինկ, 2018-ից զբաղեցնում եք ՎԶԵԲ-ի առաջին փոխնախագահի պաշտոնը։ Ինչպե՞ս կգնահատեք այդ ընթացքում Հայաստանի հետ համագործակցությունը հանրային եւ մասնավոր հատվածներում։

- Նախկինում եղել եմ Հայաստանում, բայց դա տարիներ առաջ էր: Սա իմ առաջին այցն է Երեւան Թավշյա հեղափոխությունից հետո եւ առաջինն է՝ որպես ՎԶԵԲ-ի փոխնախագահ:

Իրականում, շատ տպավորված եմ այն ամենով, ինչ տեսնում եմ։ Եվ դրա համար ամենեւին էլ պարտադիր չէ խոսել գործարարների կամ պաշտոնյաների հետ, բավական է զրուցել սովորական քաղաքացիների հետ։
 

Հազվադեպ կարելի է հանդիպել, որ մարդիկ այսքան բարձր կարծիք ունենան կառավարության մասին ավելի քան մեկ տարի անց եւ անգամ շոշափելի արդյունքներ նկատեն։ Մարդիկ նշում են՝ ոլորտներից մեկը, որի ուղղությամբ կենտրոնացած է այս կառավարությունը, կոռուպցիայի նվազեցումն է։ Նրանցից դա լսելը հրաշալի սկիզբ է եւ նշանակում է՝ բիզնես հատվածի բարելավման մեծ հեռանկար կա։

Ինչպես գիտեք, մենք Հայաստանում մինչ այժմ ներդրել ենք €1 մլրդ 316 մլն, եւ այս տարի նախատեսում ենք ավելացնել ներդրումների ծավալը։ Մինչեւ տարեվերջ նախատեսում ենք ստորագրել ավելի քան €100 մլն-ի պայմանագրեր։ Այս առավոտյան (սեպտեմբերի 23-ին – խմբ.) ես բախտ ունեցա կնքելու երկու գործարք։ Առաջինը մեր մասնակցությունն է «Ամբեր կապիտալ ԵՄ-Հայաստան ՓՄՁ մասնավոր բաժնեմասնակցային ֆոնդին», որ կարեւոր է ոչ միայն բաժնեմասնակցային արդյունաբերության, այլեւ կապիտալ շուկայի զարգացման տեսանկյունից։ Երկրորդը վերաբերում է էներգետիկ ոլորտին։ «Հայաստանի էլեկտրական ցանցերի» հետ մենք ստորագրեցինք երրորդ տրանշը։ Սա ցույց է տալիս, որ մենք շարունակում ենք ներդրումներ կատարել։


Արդարացի կլինի հիշատակել նաեւ ՏՏ ոլորտը, որովհետեւ այն շատ կարեւոր է ինչպես ձեր կառավարության, այնպես էլ ՎԶԵԲ-ի համար։ Մենք այցելեցինք «Թումո» կրթական համալիր, եւ ես չափազանց տպավորված եմ, որ Երեւանի երեխաների 20 տոկոսին այն հասանելի է։ Նման բան ես աշխարհում որեւէ այլ տեղ չեմ տեսել։

Մենք եղանք նաեւ PicsArt-ում, քանի որ ՎԶԵԲ-ը ֆինանսավորում է ընկերության որոշակի մասը: Հոյակապ է տեսնել երիտասարդների, որոնք ամբողջ աշխարհի համար տեսանելի աշխատանք են կատարում:  

- Ինչպես արդեն նշեցիք, օրեր առաջ տեղի ունեցավ ԵՄ-ի եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ Հայաստանում մասնավոր բաժնեմասնակցային ներդրումային ֆոնդի բացումը։ Հաշվի առնելով այն, որ ֆոնդի նպատակներից է աջակցել շահառու ՓՄՁ-ների մրցունակության բարձրացմանն ու խթանել դրանց միջազգայնացումը՝ հետաքրքիր է իմանալ, թե որոնք են հայաստանյան բիզնես ոլորտի այն ուղղությունները, որոնք ունեն միջազգային ասպարեզում մրցունակ դառնալու ներուժ։

- Չեմ կարծում, թե պետք է ոլորտային սահմանափակում լինի: Ֆոնդն իրական ներդրում է կատարում ՓՄՁ-ներում՝ աջակցելով վերջինների կապիտալի ընդլայնմանը, եւ եթե նրանք հաջողեն, կկարողանան նաեւ արտաքին ֆինանսավորում ստանալ։ Սա նման է կատալիզատորի։ Մենք ցանկանում ենք դա անել այն ՓՄՁ-ների համար, որոնք ի վերջո կընդլայնվեն Հայաստանից դուրս։ Շատ կարեւոր է տնտեսության համար մեծացնել արտահանումը դեպի աշխարհի այլ երկրներ, եւ ընկերությունը կարող է ներկայացնել ինչպես ՏՏ-ն, այնպես էլ ցանկացած այլ ոլորտ:


- ՎԶԵԲ-ի «Խորհրդատվություն փոքր բիզնեսներին» ծրագրի շրջանակում հայաստանյան ձեռնարկություններին կարողությունների զարգացման խորհրդատվություն կտրամադրվի։ Որո՞նք են այս խորհրդատվության շրջանակում ներդնելիք այն անհրաժեշտ նախապայմանները, որ ընկերությունների համար կապահովեն կայուն զարգացում։

- Խորհրդատվական ծրագրի դեպքում անպայման չէ, որ մենք վարկեր կամ ֆինանսավորում տրամադրենք ընկերություններին։ Սա նաեւ նշանակում է՝ անպայման չէ, որ մենք դրանից շահույթ ստանանք։ Մենք դա անում ենք փոքր ընկերություններին զարգացման հարցում օժանդակելու համար։ Կարծում եմ, որ ամենակարեւոր նախապայմաններից մեկը, որը ճշմարիտ է ոչ միայն փոքր բիզնեսի, այլեւ ՎԶԵԲ-ի հետ համագործակցող բոլոր այլ ընկերությունների համար, թափանցիկ աշխատանքն է, լավ քաղաքացի լինելը՝ հարկերը պատշաճ վճարելը եւ այլն։ Թեեւ սա միանշանակ չէ փոքր բիզնեսի համար, բայց մեր ծրագրերում ընկերությունը ներգրավում ենք այն դեպքում, երբ համոզվում ենք, որ ունի սոցիալական եւ շրջակա միջավայրի բարձր չափորոշիչներ, կորպորատիվ կառավարում եւ այլն: Մենք պետք է վստահ լինենք, որ դա նրանց ԴՆԹ-ի մի մասն է։

Իհարկե, չենք աշխատում միայն իդեալական շահառուների հետ։ Կարծում եմ՝ այդպիսիք չկան ոչ միայն Հայաստանում, այլեւ աշխարհում որեւէ այլ տեղ։ Մենք միշտ փորձում ենք ճանապարհ գտնել նրանց կատարելագործելու համար։

- Հաշվի առնելով այն, որ ՎԶԵԲ-ը Հայաստանի հետ համագործակցության շրջանակում շեշտադրում է կատարում նաեւ հավելյալ արժեք ստեղծող արդյունաբերական ընկերությունների զարգացման վրա՝ ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ անելիքներ ունեն Հայաստանի կառավարությունը եւ մասնավոր հատվածն այս ոլորտում։

- Ոչ միայն արդյունաբերության ոլորտում, այլեւ ընդհանրապես, գործող  եւ արդյունավետ տնտեսություն ստեղծելու համար ինչպես Հայաստանը, այնպես էլ որեւէ այլ երկիր, պետք է վստահ լինի, որ ունի կայուն եւ կանխատեսելի բիզնես միջավայր։ Իհարկե, տնտեսական եւ դրամական կողմերը եւս կարեւոր են, բայց կառավարությունն է, որ պետք է ստեղծի այնպիսի պայմաններ ընկերությունների, անհատ ներդրողների եւ օտար ներդրողների համար, որ նրանք իրենց վստահ զգան տվյալ երկիր կամ համակարգ մուտք գործելիս։ Հենց այս առումով է, որ շատ կարեւորում ենք այսօր կառավարության սեղանին դրված ամենաբարդ խնդրի՝ «Լիդիանի» հարցի լուծումն առաջիկա ամիսներին։

Յուրգեն Ռիգտերինկը

- Որպես «Լիդիանի» բաժնետեր՝ ՎԶԵԲ-ը չի բարձրաձայնել իր դիրքորոշումը Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ: Խնդիրը ներկայում Հայաստանի օրակարգում առավել քան արդիական է: Ո՞րն է Ձեր դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ:

- Յուրաքանչյուր նախագծի համար մենք զգուշորեն հավասարակշռում ենք դրա տնտեսական բաղադրիչը հնարավոր սոցիալական եւ բնապահպանական ռիսկերի հետ։

ՎԶԵԲ-ը ներգրավվում է այն ծրագրերում, որոնք երաշխավորում են բնապահպանական եւ սոցիալական ամենաբարձր չափանիշները։ Հետեւաբար,  «Լիդիանի» բաժնետեր հանդիսանալը նշանակում է, որ այս կազմակերպությունը համապատասխանում է եւ շարունակելու է համապատասխանել միջազգային չափանիշներին։

Մենք հասկանում ենք, որ կան լուրջ մտահոգություններ ունեցող կողմեր։ Ուստի գիտակցում ենք՝ ճիշտ որոշում կայացնելու համար նրանց ավելի շատ ժամանակ է անհրաժեշտ: Կարծում եմ՝ բոլոր կողմերի շահերից է բխում ծախսել այնքան ժամանակ, որքան պետք է ճիշտ որոշում կայացնելու համար։

Որոշում կայացնելն անհրաժեշտություն է, եթե ցանկանում եք արտաքին ներդրողներ ներգրավել: Նրանք պետք է զգան, որ երկրում կայուն ներդրումային մթնոլորտ է եւ իրենք կարող են ակնկալել կառավարության աջակցությունը։

Կարծում եմ՝ մենք մոտ ենք խնդրի հանգուցալուծմանը: Կառավարության կողմից խոհեմ քայլ էր լրացուցիչ արտաքին ուսումնասիրություն ներգրավվելը՝ ընկերության («Լիդիանի» - խմբ.) ասածների իսկությունը հաստատելու համար։ Նաեւ վարչապետն անձամբ է այցելել այդ տարածք եւ զրուցել քաղաքացիների հետ։ Կարծում ենք, որ կառավարությունը բավականաչափ ճիշտ քայլեր է կատարել։

- Հայաստանում էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված ՎԶԵԲ-ի ծրագրերի շրջանակում հայաստանյան որոշ բանկեր ստանում են վարկեր՝ կանաչ տեխնոլոգիաներ ներդնելու հարցում փոքր բիզնեսներին վարկավորում տրամադրելու նպատակով։ Ի՞նչ փուլում է գտնվում Հայաստանը ՎԶԵԲ-ի «Անցում դեպի կանաչ տնտեսություն» մոտեցմանը համապատասխանության առումով եւ ինչպիսի՞ համատեղ աշխատանք պետք է իրականացվի այս ոլորտում։

- Հետաքրքիր է՝ այս հարցը մենք հազվադեպ ենք ստանում։

Յուրաքանչյուր տնտեսություն անցում է կատարում կանաչ տնտեսությանը որոշակի փուլերով։ Եթե նայենք ընդհանուր էլեկտրաէներգիայի արտադրությանը, Հայաստանում գտնվում ենք «կանաչ» տնտեսությանն անցման սկզբնամասում։ Այս առումով շատ կարեւոր է, որ մինչեւ տարեվերջ ստորագրենք եւ ֆինանսավորենք ամենամեծ արեւային էներգիայի նախագիծը՝ 55 մՎտ հզորությամբ արեւային կայանի կառուցումը։ Ընդհանուր ներդրումը կլինի մոտ $55 մլն, որից $15 մլն-ը կամ $17 մլն-ը ՎԶԵԲ-ը կներդնի մինչեւ տարեվերջ։ Սա կարող ենք դիտարկել որպես «կանաչ» տնտեսությանն անցման մեկնարկի մաս։

Սակայն տնտեսությունը «կանաչ» դարձնել կարելի է ոչ միայն կանաչ էլեկտրաէներգիայի արտադրությամբ, այլեւ առկա էլեկտրաէներգիայի սպառման նվազեցմամբ։ Ահա այդ պատճառով էլ չափազանց կարեւորում ենք նաեւ էներգիայի արդյունավետ կիրառումը։

Քանի որ չունենք բավարար չափով կապեր շահառուների հետ, նման ծրագրերն իրականացնում ենք տեղական բանկերի հետ համագործակցությամբ։

Յուրգեն Ռիգտերինկը

- Հայաստան Ձեր այցի ընթացքում մի շարք հանդիպումներ եք ունեցել բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Որպես այդ քննարկումների ամփոփում, կարո՞ղ եք ասել՝ առաջիկա 5 տարում Հայաստանի հետ համագործակցությունը հիմնականում ո՞ր ուղղություններով է նախատեսվում իրականացնել։

- Մենք կցանկանանք շարունակել ներդրումներ կատարել ինչպես բանկային ոլորտում, այնպես էլ էներգետիկ։ Կցանկանանք տեսնել ավելի շատ վերականգնվող էներգիա, բարելավել էներգաարդյունավետության, գյուղատնտեսության, ՏՏ, արդյունաբերության ոլորտները։ Նաեւ կփորձենք ավելի շատ ներգրավել Հայաստանի կառավարությանը լայնամասշտաբ ենթակառուցվածքային նախագծերում։

Յուրգեն Ռիգտերինկի հետ զրուցել է Գայանե Ենոքյանը
Դիտում՝ 34029
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW