ՎԶԵԲ-ն աջակցում է Հայաստանի էլեկտրական ցանցերի արդիականացմանը

24.09.2019 | 10:36 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎԶԵԲ #Յուրգեն Ռիգտերինկ
ՎԶԵԲ-ը մինչեւ $15 մլն-ի չափով վարկ է տրամադրում «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ին՝ բաշխիչ ցանցերի արդիականացման նպատակով։ Սա 2017 թվականին ստորագրված՝ $80 մլն արժողությամբ սկզբնական ծրագրի երրորդ տրանշն է:

ՎԶԵԲ-ի վարկային միջոցները կօգտագործվեն՝ ֆինանսավորելու էներգաարդյունավետությանն ուղղված նախագծեր, այդ թվում՝ կորուստների նվազեցմանն ուղղված ցածր լարման ենթակառուցվածքների արդիականացումը եւ սմարթ հաշվիչների տեղադրումը՝ էլեկտրամատակարարման որակի բարձրացման նպատակով։

Այս միջոցառումները կբարձրացնեն Հայաստանի բաշխիչ համակարգի արդյունավետությունը, կնվազեցնեն բաշխիչ ցանցի կորուստները եւ կբարելավեն էլեկտրաէներգիայի մատակարարման որակը՝ ապահովելով առավել բարձր հսկողություն եւ էլեկտրաէներգիայի անջատումների հաճախականության եւ տեւողության կրճատում:

«ՎԶԵԲ-ն այժմ փորձում է հասկանալ առաջիկա հինգ տարիների կտրվածքով իր ծրագրերը Հայաստանում, եւ մեզ համար մեկ բան ակնհայտ է, էներգետիկայի ոլորտը եղել եւ մնում գերակա ուղղություն, եւ այս առումով մեր ծրագրերը շարունակական են լինելու: ՀԷՑ-ը մեզ համար շատ հուսալի գործընկեր է, ընդ որում՝ երկարաժամկետ հեռանկարում: Ընկերության բոլոր ցուցանիշներն ու չափորոշիչները համապատասխանում են մեր բանկի կողմից առաջադրված պահանջներին»,- նշել է ՎԶԵԲ առաջին փոխնախագահ Յուրգեն Ռիգտերինկը:

«Մեր համագործակցությունը ՎԶԵԲ-ի, ինչպես նաեւ Ասիական զարգացման բանկի հետ լավագույն օրինակ կարող է ծառայել մասնավոր հատված-միջազգային վարկային ինստիտուտ արդյունավետ փոխհարաբերության տեսանկյունից: Միջազգային բանկերի հետ մեր համատեղ աշխատանքն թե՛ ժամկետների եւ թե՛ ծավալների առումով շատ դրական եմ գնահատում»,- ասել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը:

ՎԶԵԲ-ը Հայաստանում առաջատար ինստիտուցիոնալ ներդրող է եւ ակտիվ է տնտեսության բոլոր ոլորտներում:

1992-ից Հայաստանում իր գործունեության մեկնարկի օրվանից ի վեր՝ ՎԶԵԲ-ը €1,36 մլրդ է ներդրել երկրի ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքների եւ էներգետիկայի ոլորտներում 178 ծրագրերում, ընդ որում՝ ներդրումների 90%-ը բաժին է ընկնում մասնավոր հատվածին:
Դիտում՝ 4520
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai