ԵՄ-ի եւ ՎԶԵԲ-ի աջակցությամբ Հայաստանում բացվում է մասնավոր բաժնեմասնակցային ներդրումային ֆոնդՍեպտեմբերի 20-ին տեղի է ունեցել Եվրոպական միության եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ Հայաստանում հիմնված մասնավոր բաժնեմասնակցային ներդրումային ֆոնդի բացման արարողությանը: ԵՄ-ն եւ ՎԶԵԲ-ը տրամադրում են 16 միլիոն եվրո՝ աջակցելու «Ամբեր կապիտալ ԵՄ-Հայաստան ՓՄՁ մասնավոր բաժնեմասնակցային ֆոնդի» մեկնարկին: Ֆոնդը ներգրավելու է ընդհանուր 70 միլիոն եվրո՝ Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրություններում ներդրումներ կատարելու համար: Արարողությանը մասնակցել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Եվրոպական հանձնաժողովի Հարեւանության եւ ընդլայնման շուրջ բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մատերնովան: Ֆոնդը կառավարելու է «Ամբեր կապիտալ» միջազգային ներդրումային ընկերությունը, որը Հայաստանում ունի ներկայացուցչական գրասենյակ ու մասնագետների թիմ՝ դիվերսիֆիկացված ներդրումային պորտֆել ստեղծելու նկատակով՝ վերականգնվող էներգետիկայի, գյուղատնտեսության, վերամշակող արդյունաբերության, զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ լոգիստիկայի ոլորտներում: Ֆոնդի նպատակն է մասնավոր բաժնեմասնակցային ներդրումների միջոցով բարելավել շահառու ՓՄՁ-ների մրցունակությունը՝ ներառյալ նաեւ կորպորատիվ կառավարման եւ թափանցիկության կատարելագործման միջոցով, այդպիսով խթանելով ՓՄՁ-ների միջազգայնացումը:Նախաձեռնությունը նաեւ ներառելու է ՎԶԵԲ-ի «Խորհրդատվություն փոքր բիզնեսներին» ծրագրի շրջանակներում տեղական ձեռնարկություններին կարողությունների զարգացման խորհրդատվության տրամադրում՝ զարգացնելու ներդրումներ կատարելու պատրաստակամությունը եւ խթանելու ՓՄՁ մրցունակությունը:«Մեր ուսումնասիրությունները վկայում են, որ ՓՄՁ զարգացման հարցում առանցքային կարեւորություն ունի կապիտալի հասանելիությունը։ Միաժամանակ ակնհայտ է, որ միայն ֆինանսական ռեսուրսների հասանելիությունը բավարար նախապայման չէ ՓՄՁ սուբյեկտների զարգացման, կայացման եւ խոշոր ընկերություններ դառնալու համար։ Ընկերություններում կորպորատիվ կառավարման լավագույն փորձի ներդրում, թափանցիկության բարձրացում, ընկերությունների արտադրական եւ մատակարարման շղթաների կառավարման բարելավում, ֆինանսական ներդրումներ շուկայի աճող պահանջարկին համապատասխանելու եւ նոր շուկաներ մուտք ապահովելու համար. ահա սրանք են այն անհրաժեշտ նախապայմանները, որ ընկերությունների համար կապահովեն կայուն զարգացում, ահա սրանով է առանձնահատուկ նորաստեղծ ֆոնդը», - ասել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Tweet Դիտում՝ 5489