Գլխավոր բանկիրն ամփոփում է անցնող տարին

25.12.2007 | 13:36 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

"Կապիտալ"Դեկտեմբեր 25, 2007 թ.

2007թ. արդյունավետ տարի էր Հայաստանի ֆինանսական համակարգի համար: Այդ արդյունքները բացարձակ թվերով արձանագրվեցին ֆինանսական համակարգի միայն մի մասը կազմող հատվածում` բանկային համակարգում, որովհետեւ, ըստ էության, այսօր ֆինանսական համակարգի միայն այդ հատվածն է կայացած: Ոչ բացարձակ թվերով արդյունքներ արձանագրվեցին ֆինանսական համակարգը կազմող մյուս հատվածներում եւս` արժեթղթերի շուկա, ապահովագրական համակարգ, կենսաթոշակային հիմնադրամ: Ընդհանուր առմամբ, կարծեք թե, նախանշվեցին ֆինանսական համակարգի ամբողջականացման հիմնական ուղղությունները: Կարեւորը գործը սկսելն է: Այս ամենի վրա իր անմիջական ազդեցությունն ունի ԿԲ-ն եւ նրա ղեկավարը: Տիգրան Սարգսյանի հետ մեր զրույցում մենք փորձել ենք ամփոփել անցնող տարվա արդյունքները եւ նախանշել մյուս տարվա անելիքները:

- Ըստ Ձեզ` ո՞րն է ԿԲ-ի եւ Հայաստանի ֆինանսական համակարգի տարվա ձեռքբերումը:

- ԿԲ-ի հիմնական խնդիրն է եղել գների կայունության ապահովումը: Տարին ավարտում ենք 7 տոկոսանոց գնաճով, ինչը նախորդ տարվա ցուցանիշի համեմատ բավական բարձր է: 2007թ. 7 տոկոսանոց գնաճի 4%-ը պայմանավորված է միջազգային շուկաներում տեղի ունեցող իրադարձություններով, մասնավորապես սննդամթերքի գների բարձրացմամբ: Եթե ԱՊՀ երկրների հետ համեմատելու լինենք, կնկատենք, որ Հայաստանն ունի ամենացածր գնաճը: Մեր հարեւանների մոտ գնաճը կրկնակի ավելի է: Հայաստանում դա պայմանավորված է նրանով, որ մենք վարում ենք դրամավարկային ավելի խիստ եւ կոշտ քաղաքականություն` նպատակ ունենալով հնարավորինս խոչընդոտել գների բարձր աճի տեմպին: Չնայած գնային կուտակված ճնշումների մեծ պոտենցիալի պարագայում վստահ կարող եմ ասել, որ մեզ հաջողվել է զսպել գնաճը: Բնականաբար, նույն նպատակն ենք հետապնդելու նաեւ 2008թ.: Ֆինանսական համակարգի կարեւոր իրադարձությունը վարկերի 70 տոկոսանոց աճն էր: Նման ցուցանիշ մեր ֆինանսական համկարգը երբեւէ չի ունեցել: Դրա շնորհիվ վարկերի եւ ակտիվների տեսակարար կշիռը ՀՆԱ-ում կավելանա 3%-ով, ինչը նպաստելու է ֆինանսական միջնորդության ընդլայմանը ՀՀ-ում: Եթե վարկերը բանկային համակարգում աճել են 70%-ով, ապա վարկային կազմակերպություններում դա կրկնապատկվել է: 2007թ. երրորդ կարեւորագույն առանձնահատկությունը օտարերկրյա ներդրողների հետաքրքրությունն էր բանկային համակարգի նկատմամբ, մասնավորապես մի քանի բանկերի մուտքը Հայաստան, ինչպիսիք են “Պրո Կրեդիտը”, “Տրոյկա Դիալոգը”, “Բիբլոսը”, “Գազպրոմը” եւ այլն: Մեր առեւտրային բանկերն այսօր էլ բանակցում են մի քանի ընկերությունների հետ, ինչը վկայում է բանկային համակարգի կայուն զարգացման մասին: Ձեռքբերումների մի մասը վերաբերում է արժեթղթերի շուկային: 2007թ. մեզ հաջողվել է մշակել արժեթղթերի շուկայի ոլորտը կարգավորող նոր օրենք, որը համապատասխանում է եվրոպական դիրեկտիվներին ու լավագույն չափանիշներին եւ անցել է նաեւ միջազգային փորձաքննություն: Օրենքի ընդունման շնորհիվ կարողացանք մեկ այլ կարեւորագույն ծրագիր իրականացնել` բորսայի եւ կենտրոնական դեպոզիտարիայի վաճառքը շվեդական OMX ընկերությանը, ինչը արժեթղթերի շուկայի զարգացման համար նոր հնարավորություններ է ստեղծում: Նախ, այդ հեղինակավոր ընկերության մուտքը կխթանի տեղական եւ օտարերկրյա ներդրողների վստահության բարձրացմանը: Երկրորդ` դա հնարավորություն կտա բացահայտել Հայաստանում արժեթղթերի շուկայի ներուժը: Բավական մեծ աշխատանք է կատարվել, որը մեծամասամբ չի երեւում: Օրինակ` նորմատիվային դաշտի կատարելագործումը: Բանկային համակարգում մի շարք մեղմացումներ են ներմուծվել նորմատիվային դաշտում, ինչը պայմանավորված էր նրանով, որ բանկերը ներդնում են ռիսկերի վրա հիմնված կառավարման նոր համակարգեր:

Բնականաբար, կորպորատիվ կառավարման կանոնների ներդրմանը զուգահեռ` մենք հավատարիմ ենք մնում մեր խոստմանը, այն է` որքանով բանկերը կարողանան տիրապետել սեփական ռիսկերին եւ դրանք կառավարել, այնքանով կմեղմացվեն մեր նորմատիվային պահանջները: Բավական լուրջ քայլեր են իրականացվել առեւտրային բանկերի հետ, մասնավորապես “Բազել-2”-ի ներդրման համատեղ ծրագրով: Ֆինանսական համակարգում իրականացված հաջորդ կարեւոր քայլը մասնավոր վարկային բյուրոյի ձեւավորումն է, որն այսօր արդեն գործուն կառույց է եւ իր տվյալների բազայում ունի մոտ 1 մլն վարկային պատմություն, ինչը գերազանցում է ԿԲ-ի վարկային ռեգիստրի տվյալների բազան: Բյուրոն ծառայություններ է մատուցում առեւտրային բանկերին, ձեռնարկություններին եւ քաղաքացիներին: Արդեն այս ամսվանից բյուրոն կգործի ծախսերի ծածկմամբ, ինչն աննախադեպ է նման կառույցների համար, քանի որ միջազգային փորձը ցույց է տալիս, որ նման կառույցները սկսում են եկամուտ ունենալ առնվազն 7 տարվա ընթացքում: Փաստորեն, մենք կարողացանք իրականացնել ավելի կարճ ժամանակահատվածում:

- Հայաստանի կապիտալի շուկայի ձեր տեսլականը:

- Մեր տեսլականի մասին խոսելու հնարավորոթյուն ունեցել ենք շուկայի պրոֆեսիոնալ մասնակիցների հետ, որի ընթացքում ներկայացրել ենք մեր վարկածը, որն անվանել էինք “Եփող կաթսայի հայեցակարգ”: Դրա իմաստն այն էր, որ անհրաժեշտ էր բացահայտել 5-6 խոշոր ձեռնարկություններ, որոնք պատրաստ են բաց եւ թափանցիկ գործել, մուտք գործել արժեթղթերի շուկա, տեղաբաշխել իրենց արժեթղթերը, պարտատոմսերը եւ ցույց տալ արժեթղթերի շուկայի առավելությունները: Նման ձեռնարկություններին պետությունը պետք է օժանդակի` ստեղծելով նրանց համար առավել նպաստավոր պայմաններ: Այդ ձեռնարկությունների շնրոհիվ բորսայում հնարավոր կլիներ կազմակերպել խաղի այնպիսի կանոններ, որոնք շուկայի մնացած մասնակիցներին կապացուցեն, որ ՀՀ-ում հնարավոր է բաց եւ թափանցիկ գործունեություն ծավալել եւ ունենալ մրցակցային առավելություններ: Բնականաբար, արժեթղթերի շուկայում այդպիսի 5-6 ձեռնարկությունների գործունեությունը պետք է ստեղծեր ընդլայնվելու հնարավորություն, եւ հետագայում այդ միջավայրում պետք է հայտնվեին նոր ձեռնարկություններ: Այս հայեցակարգն իրականացնելու համար մենք սկսեցինք բաց եւ թափանցիկ աշխատել ցանկացող ձեռնարկություններին խրախուսելու միջոցներ ձեռնարկել: Մասնավորապես` սկսեցինք շնորհել վարկանիշներ: Այսօր շուրջ 50 ձեռնարկություն այդպիսի վարկանիշ է ստացել ԿԲ-ի կողմից: Նրանցից մի քանիսն արդեն թողարկել են իրենց պարտատոմսերը, որոնք ազատ շրջանառվում են եւ ամբողջությամբ տեղաբաշխվել են, իսկ շուկայում այդ պարտատոմսերի նկատմամբ հետաքրքրություն կա: Ձեռնարկություններից ստացել ենք նոր հայտեր, որոնք պետք է իրականացնեն այդպիսի թողարկումներ: Այդ առումով 2008թ. լուրջ բարեփոխումների ակնկալիք է ստեղծում մեզ համար: Մենք համատեղ միջոցառումների ծրագիր ունենք: Այդ միջոցառումները ենթադրում են ինչպես օրենքների, ենթաօրենսդրական ակտերի ընդունում, այնպես էլ կոնկրետ քայլեր, որոնք պետք է խթանեն ձեռնարկությունների մուտքը արժեթղթերի շուկա: ՀՀ տնտեսության եւ ֆինանսական համակարգի առանձնահատկությունն այն է, որ այն իր մեջ ներառում է ոչ միայն ՀՀ տարածքում տնտեսվարող սուբյեկտների, այլ սփյուռքի հայերի եւ օտարերկրյա ներդրողների շահերը, որոնց հետաքրքրությունների կենտրոնը Հայաստանն է: Այդ առումով մենք առանձնահատուկ երկիր ենք, որովհետեւ ոչ ռեզիդենտների ազդեցությունը ֆինանսական համակարգի վրա շատ մեծ է եւ մի քանի անգամ գերազանցում է նրանց, ինչ կարելի է տեսնել մեր հարեւան երկրներում: Դա պայմանավորված է նրանով, որ մեր ազգի երկու երրորդն ապրում է երկրից դուրս: Սակայն նրանց տնտեսական, մշակութային եւ, ընդհանրապես, կենցաղային հետաքրքրությունների կենտրոնը Հայաստանն է, նրանք զբաղվում են բիզնեսով: Այս երեւույթը մեզ միշտ ուղեկցելու է, քանի դեռ մենք ունենք սփյուռք, եւ սա լինելու է մեր ֆինանսական եւ տնտեսական համակարգի զարգացման առանձնահատկությունը, որը մենք պետք է դարձնենք մրցակցային առավելություն: Սա նշանակում է, որ դրամական հոսքերը դեպի Հայաստան սկսելու են աճել: 2007թ. նույնպես բացառություն չէր, քանի որ մասնավոր տրանսֆերտների քանակը գերազանցել է մեր սպասելիքները: Դա առաջին հերթին պայմանավորված է մեր երկրի նկատմամբ մեծացող հետաքրքրությամբ եւ հայկական սփյուռքի բավական արագ տեմպով աճող տնտեսական եւ ֆինանսական հնարավորություններով:

- “Աճող տրասնֆերտներ - դրամի շարունակական արժեւորում - արտաքին առեւտրային սալդոյի բացասական ցուցանիշի աճ” փակ շրջապտույտից ելքի Ձեր վարկածը:

- Առեւտրային բացասական սալդոյի ցուցանիշի վերաբերյալ վստահեցնում եմ, որ այդտեղ որեւէ վտանգավոր բան չկա, եւ պետք չէ խուճապի մատնվել: Օրինակ` 1980թ. ի վեր ԱՄՆ-ի առեւտրային բալանսը կայուն բացասական է: Դա ապացույցն է այն բանի, որ ոչ թե նվազել է տնտեսության մրցունակությունը, այլ 21-րդ դարում ընդհանրապես համակարգի էությունն է փոխվել, եւ կարեւորը ոչ թե ապրանքների արտադրությունն է, այլ ծառայությունների եւ ժամանակակից տնտեսության ձեւավորումը: Այսինքն` դա գիտելիքի տնտեսություն է, ինչը ենթադրում է, որ ապագայում մեր առեւտրային սալդոն լինելու է բացասական, եւ մենք պետք է գործենք հիմնականում ծառայությունների արտահանման, այդ թվում` ֆինանսական ծառայությունների ոլորտում: Մենք մշակել ենք տարածաշրջանային ֆինանսական կենտրոն դառնալու բավական հավակնոտ ծրագրեր, իսկ դա նշանակում է, որ մեր ֆինանսական համակարգը պետք է ծառայություններ մատուցի նաեւ ոչ ռեզիդենտներին: Ապագայում ծառայությունների տեսակարար կշիռն ավելանալու է, եւ ավելի ճիշտ կլինի հետեւել ոչ թե առւետրային սալդոյին, այլ մեր երկրի վճարային հաշվեկշռին, որը վերջին տասը տարիներին կտրուկ լավացել է: Կարծում եմ, որ այդ առումով մենք ստեղծում ենք տնտեսական նոր համակարգ: Անշուշտ, յուրաքանչյուր զարգացող տնտեսություն մրցունակություն ձեռք բերելով մեկ ոլորտում` դրանից զրկվում է մեկ այլ ոլորտում: Ակնհայտ է, որ մենք կորցրել ենք մեր մրցունակությունը, օրինակ, ծանր արդյունաբերությունում: Այսօր Հայաստանում հաստոցներ չեն արտադրվում, մինչդեռ խորհրդային ժամանակներում այդ ոլորտում ունեինք հսկաներ: Մենք կորցրեցինք այդ ոլորտի մրցակցությունը, եւ դրանում որեւէ ողբերգություն չկա: Խնդիրն այն է, որ մենք պետք է ձեռք բերենք մրցակցային առավելություններ նոր ոլորտներում: Երկարաժամկետ հեռանկարում դա մտավոր ներուժի վրա հիմնված տնտեսությունն է, եւ այն ոլորտները, որոնք մրցակցային առավելություն են ձեռք բերում առաջին հերթին էժան աշխատուժի հիման վրա, մեզ համար հեռանկարային չեն: Մենք չենք կարող մրցակցել Չինաստանի եւ Հնդկաստանի հետ: Նրանք ունեն աշխատուժի անսպառ շուկա: Սա նշանակում է, որ մենք խնդիր ունենք հայտնաբերելու մրցակցային նոր ոլորտներ` քաջ գիտակցելով, որ շատ ոլորտներ մրցունակ չեն լինի առաջիկա 5-10 տարիներին: Տնտեսական արագ աճ ապահովող ընկերությունները պետք է ի վիճակի լինեն նաեւ ռեալ հատվածում արագ փոփոխություններ կանխատեսել եւ իրականացնել: Այսինքն` պետք է գիտակցել, որ շատ ձեռնարկություններ փակվելու են, եւ դրանց տեղը պետք է ստեղծվեն նոր ձեռնարկություններ, որոնք պետք է մրցունակություն ունենան երկարաժամկետ հեռանկարում: Այլ կերպ ասած` պետք է մտահոգվել մրցունակ ձեռնարկությունների մասին, ոչ թե փակվողների համար խուճապի մատնվել:

- Ձեր կանխատեսումը ՀՀ բանկային ոլորտում սպասվող վերադասավորումների մասին:

- Բանկային ոլորտում սպսվում են հիմնական վերադասավորումներ: Այստեղ մեր հիմնական խնդիրը մրցակցության խորացումն է: Հուրախություն մեզ` մեր ստեղծած դաշտը մեծ գրավչություն ունի: Այդ մասին է վկայում ոչ ռեզիդենտների մուտքը մեր համակարգ: Դա շարունակվելու է նաեւ 2008թ.: Վերադասավորումների պարագայում մրցակցությունը շատ բանկերի կստիպի վերանայել իրենց ռազմավարությունը, այն առումով, որ անխուսափելի են դառնալու միաձուլումները կամ նոր սեփականատերերի ներգրավումը, որպեսզի այդպիսով բանկերը հստակեցնեն իրենց մրցակցային դիրքերը: Դժվար է կանխատեսել, թե այդ առումով որ բանկն ինչ դիրք կունենա, քանի որ խոշոր խաղացողներն արդեն հայտարարել են շատ հավակնոտ ծրագրերի եւ 2008թ. իրենց կապիտալիզացիայի մակարդակը կտրուկ ավելացնելու մասին: Մենք պետք է հետեւենք, որպեսզի մրցակցությունը լինի հնարավորինս խորը, ինչի արդյունքում, բնականաբար, կշահեն մեր տնտեսվարող սուբյեկտները:

- Ի՞նչ սկզբունքային փոփոխություններ կցանկանայիք տեսնել ՀՀ ֆինանսական համակարգում, որը ԿԲ-ի գործունեությունից կախված չէ:

- Ֆինանսական համակարգի զարգացման կարեւորագույն գրավականը կրթական համակարգն է: Այդ ոլորտում այսօր զգացվում է լավ պատրաստված, գրագետ մասնեգետների պակաս: Նման մասնագետների աշխատավարձերը համադրելի են եվրոպական ֆինանսական ոլորտի չափանիշներին: Սա նշանակում է, որ անհրաժեշտ է կրթության ոլորտում նոր քայլեր ձեռնարկել, որպեսզի կրթական համակարգն ի վիճակի լինի որակյալ մասնագետներ մատակարարել արագ տեմպով աճող մեր ֆինանսական համակարգին: Սա ամենահիմնարար խնդիրն է, իսկ մնացած խնդիրները կառավարության եւ օրենսդիր իշխանության հետ տարվող աշխատանքներն են, ինչպիսիք են նոր օրենքների, շուկայական ենթակառուցվածքների ձեւավորումը, կենսաթոշակային համակարգի վերափոխումը:

- 2008թ. ԿԲ-ի անելիքներն ու ակնկալիքները:

- Գնաճի նպատակադրման ռազմավարության տեսակետից ամենակարեւոր խնդիրը փոխանցման մեխանիզմների լիակատար բացահայտումն է, ինչը հնարավորություն կտա տոկոսադրույքների միջոցով երկարաժամկետ առումով ազդել փողի գնի վրա եւ դրանով իսկ կառավարել աճը ՀՀ-ում: Անցած երկու տարիներին փոխանցումների մեխանիզմները սկսել են բացահայտվել, եւ հույս ունենք, որ այդ առումով 2008թ. մեզ համար բեկումնային կլինի: ԱՊՀ տարածքում Հայաստանն առաջինն էր, որ անցավ գնաճի նպատակադրման, եւ այս փորձը բավական հաջողված է: Կարծում եմ, որ ԱՊՀ երկրները կփորձեն կիրառել մեր մոդելը: Երկրորդը արժեթղթերի շուկայի զարգացումն է: Հույս ունենք, որ OMX-ի մուտքը շուկայի զարգացման համար բեկումնային կլինի: Երրորդ ուղղությունը ֆինանսական վերահսկողության ոլորտի բարեփոխումներն են: Այսօր արդեն ունենք կայացած վերահսկողություն, որն ԱՊՀ-ում լավագույնն է: Մեր խնդիրն է 2008թ. ներդնել բիզնեսավարման եւ սպառողների շահերի պաշտպանության հաստատություններ: 2008թ. բեկումնային կլինի նաեւ այդ առումով, քանի որ մի շարք օրենքներ կներկայացվեն ԱԺ քննարկմանը, որոնք նախեւառաջ ուղղված են լինելու սպառողների շահերի պաշտպանությանը: Դրա վառ օրինակն է ֆինանսական հաշտարարի մասին օրենքը: Ոչ բանկ ֆինանսական կազմակերպությունների եւ ապահովագական ոլորտում նույնպես փոփոխություններ կլինեն: Պատրաստել ենք պարտադիր ապահովագրության մասին օրենքի նախագիծ, որը, հուսով ենք, կքննարկվի մինչեւ տարվա վերջ: Մեր հավակնությունն է Հայաստանը դարձնել տարածաշրջանային ֆինանսական կենտրոն: Այդ հայեցակարգը կներկայացվի լայն քննարկման: Բացի դրանից` կներկայացվի ներդրումային հիմնադրամի մասին օրենք, որը մենք արդեն քննարկում ենք ԿԲ-ում: Ապահովագրության ոլորտում կհայտնվեն նոր ընկերություններ, որոնք ընդհանուր առմամբ կխթանեն դաշտի զարգացումը:

- Հայաստանի աշխարհաքաղաքական իրադրությունը թույլ կտա՞, արդյոք, իրագործել տարածաշրջանային ֆինանսական կենտրոն դառնալու ծրագիրը, եւ տվյալ դեպքում ո՞րն է "տարածաշրջան" հասկացության աշխարհագրությունը:

- Եթե հիշում եք, այս հարցին պատասխանեց մեր գործընկերը` Նիդեռլանդների Բանկի նախագահ Նուտ Վելինկը, ով մի քանի շաբաթ առաջ Երեւանում մասնակցեց այդ թեմայով կազմակերպված մեր կլոր սեղանին: Նա շատ կարեւոր դիտարկում արեց, որ այդպիսի հավակնոտ ծրագրեր ներկայացնում են հենց այն երկրները, որոնց անհրաժեշտ է բեկումնային նախագծեր: Պարոն Վելինկը բերեց Հոնգ Կոնգի, Սինգապուրի օրինակը, որոնք ֆինանսական կենտրոն դառնալու իրենց հավակնությունները ներկայացրեցին` ունենալով բավական լուրջ քաղաքական եւ տարածքային խնդիրներ հարեւանների հետ, եւ նրանք հաջողեցին: Կարծում եմ, որ մեզ նույնպես կհաջողվի այդ խնդիրը լուծել, քանի որ մտադիր ենք լուրջ ռեսուրսներ ներդնել դրա իրականացման համար: Դա ոչ թե խոչընդոտ է, այլ խթան, ինչը տնտեսական քաղաքականություն իրականացնողներին մղում է ջանքեր եւ ռեսուրսներ ներդնել այդ նպատակի իրականացման համար: Հայեցակարգը, որ մենք մշակել ենք, հիմքում ունի մի քանի հիպոթեզ. առաջինը` ֆինանսական կենտրոն ասելով, հասկանում ենք, որ մենք պետք է կարողանանք մատուցել այնպիսի ծառայություններ, որոնց որակն ու գինը մրցունակ են, եւ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ այլ խաղացողներ ցանկություն ունենան օգտվել այդ ծառայություններից: Տարածաշրջան ասելով` մենք ենթադրում ենք, որ առաջին հերթին ԱՊՀ երկրների շրջանակներում կարող ենք ունենալ որոշակի ծառայությունների գծով առավելություններ, եւ շատերը կնախընտրեն օգտվել մեր ծառայություններից: Կարծում եմ, որ մրցակցային որոշակի առավելություններ ենք ունենալու նաեւ private banking-ի ոլորտում, հատկապես, եթե հաշվի առնենք այն, որ լիբանանյան մեր գործընկերները մեծ հետաքրքրություն են դրսեւորում Հայաստանի նկատմամբ, եւ, փաստորեն, մենք ֆինանսական կենտրոնի նրանց հարուստ փորձն ուսումնասիրելու հիանալի հնարավորություն կունենանք:

Զրուցեցին`
Կարեն Հարությունյանը եւ Գեւորգ Սահակյանը

Դիտում՝ 6892
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW