Հաստատվել է Արցախից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը

16.05.2024 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ /
#Բնակարան #արցախցի
Կառավարությունը հաստատել է Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը եւ Հայաստանի առանձին բնակավայրերի ցանկերը:

Կառավարության նիստին աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը նշել է, որ ծրագիրն ունի երեք բաղադրիչ.

«Առաջինը՝ բնակարանի կամ անհատական բնակելի տան ձեռքբերումն է՝ հավաստագրի տրամադրման միջոցով: Երկրորդը՝ անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի տրամադրումը, եւ երրորդը՝ գործող հիփոթեքային վարկի մարման աջակցությունը: Հավաստագրերն ունեն տարբեր արժեքներ ընտանիքի մեկ անդամի հաշվով եւ տարբեր բնակավայրերում: Առաջինը՝ 5 մլն դրամ 242 քաղաքային եւ գյուղական բնակավայրում իրացնելու դեպքում կտրամադրվի: Երկրորդը՝ 4 մլն դրամ 148 քաղաքային եւ գյուղական բնակավայրում իրացնելու դեպքում: 3 մլն դրամ՝ մնացած բոլոր բնակավայրերում, բացի Երեւանի 1-ին եւ 2-րդ գոտիներից, եւ 2 մլն դրամ, եթե արդեն ունի հիփոթեք, կրկին բացառությամբ Երեւանի առաջին եւ երկրորդ գոտում գտնվող գույքից»:

Ծրագրի հիմնական պայմաններից է՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո Արցախից բռնի տեղահանված ընտանիքը համարվում է շահառու, եթե ընտանիքի բոլոր անդամները, այդ թվում՝ անչափահասները, ունեն կամ ստացել են ՀՀ քաղաքացիություն:

«Ձեռք բերվող տան բնակմակերեսը չպետք է լինի պակաս 12 քմ-ից ընտանիքի մեկ անդամի հաշվով, ձեռք բերվող տան արժեքը չի կարող գերազանցել 55 մլն դրամը: Ծրագրի ֆինանսավորումն իրականացնելու ենք գործընկեր բանկերի կողմից, սակայն ծրագրի իրականացման ընթացքում աջակցության գումարի եւ դրա տոկոսագումարները վճարելու է ՀՀ կառավարությունը: Եթե հավաստագրի իրացման արդյունքում գումար է մնում՝ դրական մնացորդ, ապա մենք առաջարկելու ենք եւ հնարավորություն ենք ստեղծելու, որպեսզի կարողանան այդ դրական մնացորդն ուղղել այս երեք ուղղությամբ՝ գյուղնշանակության հողամասի գնում մինչեւ 5 մլն դրամ, հնարավորություն կտանք, եթե ձեռք բերված անշարժ գույքը ունենա վերանորոգման կարիք, վերանորոգել մինչեւ 4 մլն դրամի սահմանում, ինչպես նաեւ կահույքի եւ կենցաղային տեխնիկայի գնման հնարավորություն մինչեւ 2 մլն դրամի սահմանում:

Շահառու չեն լինի այն ընտանիքները, որոնց անդամներից առնվազն մեկը 19.09.2023 թվականին կամ դիմելու օրվա դրությամբ ՀՀ-ում ունի սեփականության իրավունքով բնակարան կամ բնակելի տուն:

Եթե շահառուն չունի անհատական բնակելի տուն կառուցելու նշանակությամբ հողատարածք, ապա մենք հնարավորություն ենք տալիս այս աջակցության գումարից մինչեւ 3 մլն դրամ ուղղել հողատարածքի ձեռքբերմանը, որի մակերեսը չպետք է լինի նվազ, քան 400 քմ-ը»:

Նշվել է, որ ծրագրից բխող կարգը կհաստատվի մինչեւ հունիսի 15-ը, ընդ որում՝ կարգը հաստատվելու պահից կգործի տան ձեռքբերման աջակցության բաղադրիչը, հունիսի 15-ից՝ անհատական բնակելի տան կառուցման բաղադրիչը, եւ օգոստոսի 1-ից՝ գործող հիփոթեքային վարկի մարման բաղադրիչը: Ծրագիրը կիրականացվի 3 փուլով. առաջին փուլում կընդգրկվեն 3 եւ ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, տան կառուցման դեպքում՝ 2 անչափահաս ունեցող ընտանիքները, տարբեր խոցելի խմբեր ունեցող ընտանիքները, գործող հիփոթեք ունեցող ընտանիքները կամ ցանկացած այլ կազմի ընտանիք, որը կհամարվի վարկունակ եւ աջակցության առնվազն 50% լրացուցիչ վարկ կստանան բանկից:

2-րդ փուլում կընդգրկվեն 2 անչափահասով ընտանիքները, տան կառուցման դեպքում՝ 1 անչափահասով ընտանիքները. մեկնարկը՝ ոչ ուշ, քան 2026 թ. հունվարի 1-ը, 3-րդ փուլում կընդգրկվեն ցանկացած կազմով ընտանիքներ, մեկնարկը՝ 2027 թ. հունվարի 1-ը:
Դիտում՝ 2042
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW