«Նատֆուդ» ՓԲԸ-ի, Սեւծովյան Առեւտրի եւ զարգացման բանկի եւ «Նիվա Ինվեստ» ՍՊԸ-ի միջեւ կնքվել է նոր բաժնետիրական պայմանագիր: Ըստ այդ պայմանագրի, «Նատֆուդ» ՓԲԸ-ի վերակազմավորման շրջանակում նոր բաժնետեր «Նիվա Ինվեստ» ՍՊԸ-ն ձեռք է բերել «Նատֆուդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 52%-ը: Ստորագրված նոր պայմանագիրը միտված է խթանելու «Նատֆուդ» ընկերության գործունեությունն ու զարգացումը:«Նատֆուդ» ընկերությունից հայտնել են, որ Երեւանում ստորագրման արարողությանը ներկա են եղել Սեւծովյան Առեւտրի եւ զարգացման բանկի ռիսկերի գծով փոխնախագահ Դրագոշ-Պոլ Ունգուրենին, «Նիվա Ինվեստ» ՍՊԸ տնօրեն Ժորժիկ Մուրադյանն ու «Նատֆուդ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Արմեն Պետրոսյանը: Դրագոշ-Պոլ Ուգուրեանին նշել է, որ Սեւծովյան Առեւտրի եւ զարգացման բանկը «Նատֆուդ» ընկերությանը տրամադրում է շարունակական աջակցություն՝ հույս հայտնելով, որ «Նատֆուդ» ՓԲԸ-ի աշխատանքը խթանելու համար նոր բաժնետերը կբերի իր տեխնիկական գիտելիքները, նոր գաղափարները, փորձն ու շուկայական հմտությունները:Ժորժիկ Մուրադյանն ու Արմեն Պետրոսյանը նշել են, որ նոր բաժնետեր «Նիվա Ինվեստ»-ն արդեն ներգրավված է «Նատֆուդ» ՓԲԸ կառավարման գործում.««Նիվա Ինվեստ»-ն ունի «Նատֆուդ»-ի գործունեության բարելավման հավակնոտ ծրագրեր, որոնց իրագործման համար «Նատֆուդ»-ը պատրաստ է քրտնաջան աշխատել ու համագործակցել գործընկերների հետ»: Նշվում է, որ Հայաստանում մսամթերքի արտադրությամբ զբաղվող խոշորագույն ընկերություններից «Նատֆուդ» ՓԲԸ-ը ու Սեւծովյան Առեւտրի եւ զարգացման բանկը, որը գործում է Սեւծովյան տարածաշրջանի 11 երկրում, ունեն երկարաժամկետ գործընկերություն: Սեւծովյան Առեւտրի եւ զարգացման բանկը, հանդիսանալով «Նատֆուդ»-ի բաժնետեր, վերջինիս տրամադրել է երկարաժամկետ ապահովված վարկ: Բանկի կողմից «Նատֆուդ» ՓԲԸ-ին 2009 թ-ին տրամադրված վարկի վերակառուցումից հետո այն կրճատվել է մինչեւ €5 մլն, իսկ մարման ժամկետը երկարացվել է մինչեւ 2034 թվական: Tweet Դիտում՝ 4113