Սեդվի քեմփինգ՝ անտառում ծվարած վրանային գոտի

04.07.2019 | 09:26 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Սեդվի #Լոռի #Սեւակ Ոսկանյան
Մարդը որքան մեծանում, այնքան շատ է ուզում վերադառնալ իր արմատներին։ Հենց այսպես՝ արմատների կանչով ու բնության հանդեպ մեծ սիրով էլ 45-ամյա տնտեսագետ-իրավաբան Սեւակ Ոսկանյանը վրանային հանգստի գոտի է հիմնել Լոռու մարզի Սեդվիի ձոր կոչվող վայրում (Կաճաճկուտ, Աքորի եւ Հագվի բնակավայրերի հարեւանությամբ)։

Անտառի մեջ ծվարած վրանային գոտին քաղաքի աղմուկից կտրվելու եւ բնությանը մոտ լինելու հիանալի վայր է։ Banks.am-ի թղթակիցն այցելել է Սեդվիի ձոր եւ ծանոթացել Camping City Sedvi-ի ընձեռած բոլոր հնարավորություններին:

Դեպի Լալվար սար

«Զբոսաշրջիկները Կաճաճկուտ գյուղ գալիս են հիմնականում Լալվար սար բարձրանալու նպատակով։ Գյուղում ասում են, որ ավելի շատ նրանք հետաքրքրված են տեղի անտառներով ու լեռներով։ Ու քանի որ այս հատվածում չկա որեւէ տեղ, ուր հնարավոր կլինի կանգ առնել, օթեւանել ու գիշերել, որոշեցինք վրաններ դնել ու բնության այս անկրկնելի հատվածում հանգիստ ապահովել եկվորների համար, ինչո՞ւ չէ, նաեւ Լոռիի այս հատվածը ճանաչելի դարձնել»,- պատմում է Camping City Sedvi-ի հիմնադիր Սեւակ Ոսկանյանը։

Սեւակ Ոսկանյանը

Այստեղ են գտնվում նաեւ Սեդվիի միջնադարյան ամրոցը (13-14-րդ դդ․) ու Սուրբ նշան եկեղեցին։ Եկեղեցու տարածքն իր հերթին անտառով շրջապատված գողտրիկ հանգստավայր է, որտեղ նաեւ տաղավարներ կան։   


Ինչպե՞ս գնալ

«Վրանային գոտի կարելի է հասնել նաեւ մեքենաներով։ Ու թեեւ ճանապարհը   գրունտային է, ցանկացած մեքենա կարող է այն հաղթահարել»,- ասում է Սեւակն ու հավելում, որ զբոսաշրջային գործակալությունների հետ պայմանավորվածություն ձեռք բերելիս կառաջարկեն զբոսաշրջիկների տեղափոխումն Ալավերդիից Սեդվի, իհարկե՝ ցանկության դեպքում։


Բացի այդ, Camping City Sedvi-ն ի սկզբանե ստեղծվել է քայլարշավորդների համար, այսինքն նրանց, ովքեր մեկ կամ մի քանի օր բնության մեջ են գտնվում։  


Սեդվի քեմփինգում շուրջ 10 վրան է տեղադրված։ Պահեստային վրաններ էլ ունեն ու կարող են միաժամանակ ընդունել մինչեւ 30 մարդու։ Վրաններում կան անհրաժեշտ բոլոր պարագաները՝ ներքնակներ, բարձեր, քնապարկեր, արեւային էներգիայով լիցքավորվող լուսատուներ։ Հանգստավայրում նաեւ սանհանգույց կա։


Քնելուց բացի, նախաճաշելու եւ ընդհանրապես օրվա ընթացքում սնվելու հնարավորություն եւս առկա է։ Տարածքում մի քանի կրակարան է տեղադրված, երկու մեծ տաղավար կա, շուտով նաեւ 3-րդը կկառուցվի։


Ի՞նչ ուտել

«Մենք կունենանք գյուղի էկոլոգիապես մաքուր, թարմ մթերք՝ կաթ, մածուն, ձու, մեղր, կարագ, կառաջարկենք անվճար նախաճաշ։ Միաժամանակ, յուրաքանչյուրին մեկ լիտր բնական աղբյուրի ջուր կտրվի։ Կարող են ամեն բան իրենց ձեռքով պատրաստել։ Նպատակ ունենք հետագայում այստեղ ճագարներ ու հավեր բուծել՝ մշտապես թարմ միս, ձու ունենալու համար»,- առաջարկվող ծառայություններն է ներկայացնում Սեւակը։
 
Ի դեպ, ցանկացողները Սեդվի քեմփինգ կարող են այցելել սեփական վրաններով. տարածքը մեծ է, կարելի է նաեւ առանձնանալ ընդհանուր վրանային գոտուց։ Իսկ Սեդվի գետակի (Դեբեդի վտակ) առկայությունը ձկնորսություն անելու լավ հնարավորություն է։


Բնության սիրահարները կարող են նաեւ ձիարշավի ու քայլարշավի մասնակցել։ Ուղղությունները տարբեր են՝ դեպի Լալվար սար, այցելություն ամառային արոտավայրեր՝ «յայլաներ», ապա Սուրբ նշան ու Բգավորի եկեղեցիներ, Սեդվիի ամրոց, նաեւ՝ տարածքում գտնվող այլ հուշակոթողներ։ Կան քայլարշավային ավելի երկար երթուղիներ դեպի Հաղպատ, Սանահին, Օձուն եւ Արդվի։


Իսկ էքստրիմի սիրահարներին Camping City Sedvi-ն առաջարկում է լեռնային շրջագայություններ՝ «ՈՒԱԶ» մակնիշի մեքենաներով (ամենագնացներով)։ Ծառայությունների գները տարբեր են՝ տարածքի առանձնահատկություններով (լեռներ, անտառներ) ու հանգստացողի նախասիրություններով պայմանավորված։ Ձիով զբոսանքի կես ժամվա արժեքը 1000 դրամից է սկսում, իսկ ձիարշավի համար հարկավոր է 10 000-15 000 դրամ ունենալ։ Մեքենայով շրջագայությունը նույնպես 10 000-15 000 դրամ արժե:


Քայլարշավի մեկնող խմբի համար գումարը 15 000-20 000 դրամ են սահմանել։ Իսկ վրանում մեկ անձը մեկ գիշեր մնալու համար վճարում է 5000, սեփական վրանով քեմփինգի տարածքում գտնվելու դեպքում՝ 2000-3000 դրամ։   


Ժամանց

«Մեզ մոտ եկողների հանգիստն ու ժամանցը լիարժեք կազմակերպելու համար գիշերը խարույկ կվառենք, որի շուրջ կզրուցեն, կերգեն, կուրախանան։ Փորձել ենք էնպես անել, որ մարդը չտարանջատվի բնությունից, զգա իրեն որպես բնության մի մասնիկ։ Դա է նաեւ պատճառը, որ շինություններ չենք սարքել այստեղ։ Հետո, երբ մեր ուզած արդյունքին հասնենք ու հասկանանք այցելուի պահանջները, հնարավոր է՝ քոթեջներ էլ կառուցենք։ Այս պահին էլ առաջարկելու շատ բան կա, բայց պետք է առաջին հերթին հաշվի առնենք այցելուի նախասիրությունները»,- ասում է Սեւակն ու ավելացնում, որ դեռ անավարտ որոշ աշխատանքներ կան՝ պետք է պտղատու ծառերի քանակն ավելացնել։ Ի դեպ, այս տարածքը տեղացիների համար հայտնի է նաեւ «Սեդվիի այգիներ» անվամբ։


Տարածքում տեղեկատվական ցուցանակներ դնելու, նաեւ՝ համացանցի տարբեր տիրույթներում հասանելի լինելու անհրաժեշտություն կա։ Այս առումով աշխատանքներ են տարվում։ Ներկայում Camping City Sedvi-ի մասին ինֆորմացիա կարելի է ստանալ Ֆեյսբուքից, իսկ տարածքը գտնելու հարցում կօգնի Գուգլի քարտեզը:

«Խանգարող որեւէ բան չկա։ Ցանկացած գործ սկսելու համար պետք է նպատակ դնել ու աշխատել՝ դրան հասնելու համար: Իսկ ամենակարեւորը՝ չընկճվել առաջին իսկ անհաջողությունից»,- ամփոփում է Սեւակ Ոսկանյանը:

Տաթեւիկ Ճուղուրյան (Ալավերդի)
Լուսանկարները՝  Արմեն Հովսեփյանի
Դիտում՝ 8565
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai