Տաթեւիկը Գերմանիայից եկել է՝ փոխելու Դեբեդի կյանքը

22.02.2019 | 09:35 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Տաթեւիկ Աղաբաբյան #Դեբեդ լայֆ
Լոռիի Դեբեդ գյուղի կենտրոնում անավարտ մի շինություն կա: Ձմռան կարճատեւ դադարից հետո շինարարական աշխատանքներն այստեղ վերսկսվել են:

Երկու տարի առաջ, երբ դրվել են շինության հիմքերը, գյուղացիներից շատերը վստահ են եղել, որ դա կա՛մ շքեղ առանձնատուն է լինելու, կա՛մ սուպերմարկետ: Իրականում, սակայն, այն փոքր բիզնես է դառնալու, որի շուրջ ստեղծվելու են միայն կարեւոր արժեքներ:

Banks.am-ի թղթակիցն այցելել է Դեբեդ, զրուցել նախագծի հեղինակ, դիզայներ Տաթեւիկ Աղաբաբյանի հետ, որը որոշել է փոխել իր ու դեբեդցիների կյանքը:

Գնալով երազանքների հետեւից

Ծնունդով՝ երեւանցի, կրթությամբ՝ մաթեմատիկոս, մասնագիտությամբ՝ դիզայներ: Երեւանի պետական համալսարանն ու հայաստանյան որեւէ այլ բուհ Տաթեւիկին դիզայներ դառնալու լիարժեք հնարավորություն չեն տվել, որը նրա երազած մասնագիտությունն էր:

Հնարավորություններ եղել են Ռուսաստանում, բայց այդ հեռանկարը, ինչպես Տաթեւիկն է պատմում, անընդունելի է եղել ծնողների համար: Իր համար էլ անընդունելի ու անհասկանալի էր, որ համալսարանն ավարտած երիտասարդ մասնագետը կայանալու եւ գումար վաստակելու հնարավորություն չուներ: Այդ պատճառով էլ ոգեւորությամբ է ընդունել ծանոթներից մեկի՝ Գերմանիայում սովորելու առաջարկը:

Տաթեւիկ Աղաբաբյանը

«Ոգեւորությունը մեծ էր, իսկապես զարգացման ուղի էի տեսնում: Բայց դժվարություններն էլ քիչ չէին. նախ պետք է լեզու սովորեի: Դա հաղթահարելուց հետո 2005-ին ընդունվեցի Մայնցի համալսարանի դիզայնի ֆակուլտետ: Հինգ տարի ուսանելուց հետո արդեն աշխատանքի անցա Ֆրանկֆուրտի հեղինակավոր «Սի Սի Ջի» դիզայներական ընկերությունում:

Ինձ համար այդ տարիները շատ կարեւոր են եղել. լավագույն կրթություններից մեկն եմ ստացել, լավ ընկերությունում եմ աշխատել, ձեւավորվել որպես մասնագետ, գնահատված եղել: Ինձ Գերմանիան այս առումով մեծ ուժ ու ազատություն է տվել, ինչն այն տարիներին Հայաստանում չկար»,- պատմում է Տաթեւիկ Աղաբաբյանը:

Փնտրելով ելք

Վերելքը հրապուրիչ էր, վերելքի ուղին՝ չափազանց դժվար: Գալիս է մի պահ, երբ Տաթեւիկը հոգեւոր ու մարդկային զարգացման առումով փակուղու առջեւ է կանգնում:

Շինաշխատանքները համակարգող Արայիկը եւ Տաթեւիկը

«Արդեն գումարն էլ էական չէր, ես լավ էի վաստակում: Անորոշ ու գերհոգնած վիճակում էի: Հարկավոր էր ելք գտնել: Ու հասկացա, որ եթե կար մեկը, որը պետք է դուրս բերեր ինձ այդ ճգնաժամից, ես էի: Որոշեցի հանգստանալ, ճամփորդել: Շուրջերկրյա ճանապարհորդության 6-ամսյա մի ծրագիր կար, որին էլ դիմեցի»:

Էմոցիոնալ շոկ Լոռիում

Մեքսիկա, Գվատեմալա, Պերու, Բոլիվիա, Չիլի, Արգենտինա, Ավստրալիա, Կամբոջա, Ճապոնիա, Նեպալ, Հնդկաստան: Ճանապարհորդության քարտեզի վերջին կետը Հայաստանն էր, որովհետեւ, ինչպես Տաթեւիկն է նշում, շուրջերկրյա ճանապարհորդությունն առանց Հայաստանի լիակատար չէր լինի: Իսկ Հայաստանն էլ նրա համար չբացահայտված անկյուն էր: Հարկավոր էր լրացնել այդ բացթողումը: Լոռիում մի քանի օրով հանգիստն անցկացնելու հրավերը Տաթեւիկի կյանքում շատ բան փոխեց:


«Լոռին այդքան գեղեցիկ իմ աչքում երբեք չէր եղել: Դրական առումով՝ էմոցիոնալ շոկ էի ապրում, որ Հայաստանում նման կանաչ կետ կար: Դեբեդում ինձ արտակարգ լավ էի զգում ու մտածեցի՝ ինչքան լավ կլիներ, եթե հնարավորություն ունենայի վերադառնալ այստեղ: Այդ ժամանակ էր, որ սկսեցի մտքերս հավաքել, փորձել հասկանալ, թե ինչ եմ ուզում: Մի բան հստակ էր արդեն՝ էմոցիոնալ կապը իմ արմատների ու Հայաստանի հետ հաստատվեց հենց Լոռիում»,- անկեղծանում է Տաթեւիկը:

Ֆիզիկապես՝ Գերմանիայում, մտովի՝ Հայաստանում

2016 թվական, վերադարձ՝ Ֆրանկֆուրտ: Աշխատավայրում ամեն ինչ օտար էր դարձել: Տաթեւիկը ֆիզիկապես Գերմանիայում էր, հոգով ու մտքով՝ Հայաստանում:

Պատմում է, որ իրեն հանգիստ չէր տալիս Հայաստանում ինչ-որ բան ձեռնարկելու, ռեսուրսներ տրամադրելու, օգտակար լինելու միտքը: Շուրջ 15 տարի Գերմանիայում բնակվելուց հետո ուզում էր նոր ճանապարհ գտնել: Ու այդ ճանապարհը նրան վերադարձնում է հայրենիք:


«Դեբեդ լայֆ»-ի ծնունդը

2016-ին Տաթեւիկը Դեբեդ գյուղում տուն է գնում, ապա սկսում զբաղվել վերակառուցման աշխատանքներով: Ստեղծվում է «Դեբեդ լայֆ» նախագիծը, որը յուրօրինակ միջավայր է դառնալու այցելուների համար:

Այստեղ կլինեն բոլոր հարմարությունները՝ աշխատանքն ու հանգիստը համատեղելու համար: Գեղեցիկ այգի, բացօթյա խոհանոց, հարմարավետ սենյակներ՝ հանդիպումներ ու քննարկումներ անցկացնելու համար, ինչպես նաեւ բնության հետ ներդաշնակ լինելու հնարավորություն:


Կհյուրընկալեն մինչեւ 8-հոգանոց խմբերի:

««Դեբեդ լայֆ» նախագծի կայքը պատրաստել եմ՝ առաջնահերթ երկու նպատակ ունենալով: Նախ ուզում եմ՝ մարդիկ իմանան, որ նման բան կա: Ակնկալում ենք, որ աշխատանքները հոկտեմբերին ավարտած կլինենք ու հենց աշնանն էլ կկարողանանք հյուրեր ընդունել:


Կայքի միջոցով նաեւ դրամահավաք եմ կազմակերպում: Մարդիկ իրենց հանգանակությունով մասնակցում են շինարարությանը, այնուհետ գալիս են հանգստանալու՝ զեղչով»,- պատմում է Տաթեւիկը:   

Ծառայությունները

Ծառայությունների գնային համակարգը մանրամասն ներկայացված է www.debed.life կայքում: Առաջարկվող փաթեթները տարբեր են, գները՝ $20-ից մինչեւ $1000:

Ծառայությունները ներառում են կեցություն, սնունդ, տուրեր Լոռիում եւ Հայաստանի տարածքում, քայլարշավ, ռաֆթինգ եւ այլն:


Նախագիծը ներկայացված է Ֆեյսբուքում ու Ինստագրամում:

«Ես ցանկանում եմ ոչ միայն դրսից եկողին ցույց տալ, որ Հայաստանը գրավիչ է, այլեւ հենց գյուղերում ապրող մարդկանց ներշնչել մի պարզ ճշմարտություն՝ մենք ենք կերտում մեր կյանքը: Մենք սովոր ենք, որ լավ բիզնեսը միշտ առեւտուրն է: Իսկ ես կարծում եմ, որ առեւտուրն ամենաանհրապույր բիզնեսն է: Իրականում բիզնեսն ու հնարավորությունները պետք է փնտրել այնտեղ, որտեղ դու ինչ-որ բան ես ստեղծում»,- ասում է «Դեբեդ լայֆ»-ի հեղինակը:


Ու քանի դեռ Տաթեւիկը Գերմանիայից վերջնականապես Հայաստան վերադառնալու գործերով է զբաղված, Դեբեդում շարունակվում են շինարարական աշխատանքները:

Շինարարությունում տեղացիներն են աշխատում, դրսից մասնագետներ ներգրավելու կարիք դեռեւս չկա: Տաթեւիկը պատմում է, որ տղաներին հավասար աշխատել է շինարարությունում, ինչը դեբեդցիներին շատ է զարմացրել:


«Նրանց կողքին ապրելով՝ պետք է իրենցից մեկը լինես». այսպես է մտածում Տաթեւիկն ու փորձում ինտեգրվել գյուղի առօրյային: Ազատ ժամանակ ունենալու դեպքում վերցնում է ֆոտոխցիկը, շրջում գյուղում, լուսանկարներ անում:

Ասում է՝ սուրճի են հրավիրում, զրուցում, ծանոթանում, ինքն էլ սիրով է պատմում իր ու իր անելիքների մասին:

Սեփական լուման ներդնելու մասին

«Միշտ պետք է հույսդ քեզ վրա դնես: Ստեղծես, փոխես ինչ-որ բան: Պետությունը պարտավոր է ոչ թե աշխատատեղ, այլ առողջ, խաղաղ միջավայր ստեղծել, որտեղ կկարողանաս ընդլայնել պոտենցիալդ: Պետությունը պետք է ստեղծի տնտեսական միջավայր, իսկ մենք պարտավոր ենք մեր կարողությունների սահմաններում մեր լուման ներդնել»,- ամփոփում է Տաթեւիկը:   

Տաթեւիկ Ճուղուրյան (Ալավերդի)
Լուսանկարները՝ հեղինակի եւ անձնական արխիվից
Դիտում՝ 10358
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW