Հայաստանյան լրատվամիջոցները «Հայկական ռեստորանների միության» (ՀՌՄ) մասին սկսեցին ակտիվ խոսել 2019 թվականի հունվարից, երբ միությունը բողոքով հանդես եկավ Հարկային օրենսգրքում շրջանառության հարկի փոփոխությունների (ռեստորանների հարկային բեռն ավելանում էր 2%-ով) դեմ։ Կարելի է ասել, դա դարձավ շարժառիթ, որպեսզի հայաստանյան ռեստորատորները համախմբվեն, իրենց ձայնը լսելի դարձնեն, նպաստեն այնպիսի մի հարթակի ստեղծմանը, որն այսուհետ կներկայացնի իրենց շահերը: Մարտի 23-ին կայացավ ՀՌՄ հիմնադիր ժողովը, որից հետո զրուցեցինք «Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանի հետ:- «Հայկական ռեստորանների միության» ստեղծումը անհրաժեշտությո՞ւն էր դարձել:- Իրականում այս միության ստեղծման անհրաժեշտությունը մենք ինքներս տեսանք ու զգացինք։ Այս համաժողովն էլ արդյունքն է։Անկեղծ ասած, ես կարեւորում եմ ոչ միայն միության ստեղծման գաղափարը, այլեւ այն, որ մենք միասին կարողացանք լուծել մեր ոլորտի զարգացումը խաթարող լուրջ խնդիրը, կարողացանք տեր կանգնել մեր շահերին ու ապացուցել, որ այս ոլորտի զարգացումն ապահովողը մենք ենք։ - Որո՞նք են «Հայկական ռեստորանների միության» հիմնական գործառույթները եւ նպատակները։ - Այսօր ռեստորանային ոլորտը Հայաստանում ամենադինամիկ զարգացող եզակի ոլորտներից է։ Հատկապես վերջին 5 տարիների ընթացքում այն կտրուկ ու թռիչքաձեւ զարգացում ապրեց՝ նոր առաջարկներ, կոնցեպցիաներ, գեղեցիկ գաղափարներ, յուրօրինակ մտքեր։ Սակայն այսօր մենք դեռ շատ ու շատ անելիքներ ունենք. կան ոլորտային հիմնախնդիրներ, որոնք հրատապ են եւ համապարփակ լուծելու դեպքում կարճ ժամանակահատվածում կունենանք տպավորիչ արդյունքներ: Դավիթ Երեմյանը Լուսանկարը՝ ՀՌՄ Նախ եւ առաջ, մեր թիվ մեկ նպատակն է պետական կառույցների հետ արդյունավետ համագործակցության հաստատումը։ Համագործակցություն ասելով՝ նկատի ունեմ ամենալայն ու արդյունավետ ձեւաչափը։ Մենք ոչ միայն գործատուներ եւ հարկ վճարողներ ենք, այլ շատ ավելի լուրջ դերակատարում ունենք պետության զարգացման գործում. մենք գործընկերներ ենք։ Մեր ոլորտը կարող է նպաստել տնտեսության մի շարք այլ ոլորտների զարգացմանը՝ խթանելով, օրինակ, տուրիզմի աճը: Հետաքրքիր ռեստորանային նախագծերը, գաղափարներն ու մտքերն առավել գրավիչ են դարձնում մեր երկիրը զբոսաշրջիկների համար։ Մենք մեր ռեստորաններում առաջնահերթությունը տալով տեղական գինուն, բացելով գինետներ՝ այդ գեղեցիկ բուտիկ-ռեստորանները, զարկ տվեցինք գինեգործության զարգացմանը, նպաստելով գինու մշակույթի տարածմանը։ Նպաստեցինք նաեւ արտադրության տարբեր ճյուղերի զարգացմանը՝ շինարարություն, կահույքագործություն, դիզայն, մարքեթինգ եւ այլն: Առանձնահատուկ նշեմ, մենք կարող ենք խթանել նաեւ գյուղատնտեսության զարգացումը: Եթե մեր ռեստորաններից յուրաքանչյուրն աշխատի որեւէ գյուղական համայնքի հետ, մենք կունենանք բացարձակ այլ գյուղատնտեսական պատկեր։ 02.10.2017 | 09:33 «Երեմյան Փրոջեքթս»-ն ու Ավան համայնքը գտել են հաջողության բանաձեւը Մեր միության նպատակներից է բարձրացնել խոհարարի եւ մատուցողի մասնագիտությունների հեղինակությունը, կոտրել ձեւավորված կարծրատիպերը։ Մատուցողներն այսօր ընկալվում են զուտ որպես «տանող-բերողներ», բայց նրանք ռեստորանում մթնոլորտ ստեղծողներն են, տրամադրություն եւ ջերմություն պարգեւողները։ Խոհարարները միայն «եփող-թափող» չեն, այլ ուտեստ ստեղծողներ, արարողներ են։ Խոհարարությունն արվեստ է, որը ստեղծագործ միտք ու գիտելիք է պահանջում։ Մասնագիտական որակյալ կրթության կարեւորումը եւ պատշաճ պրակտիկայի կազմակերպումը կնպաստի դրան։ Ողջունելի է, որ ռեստորատորներից շատերը նախաձեռնել ու իրականացնում են կրթական նախագծեր՝ դպրոցներ, ստուդիաներ են բացում, վերապատրաստումներ իրականացնում: Այս հարցում ակտիվ համագործակցությունը նույնպես կնպաստի այդ մասնագիտությունների հեղինակության բարձրացմանը եւ հասարակությունում դրանց հանդեպ դրական վերաբերմունքին։ 15.03.2019 | 09:56 Պահանջվում է շեֆ-խոհարար Ասեմ նաեւ, որ մեր երկրում սպասարկման ոլորտի բարեփոխման խնդիր կա։ Այսօր Հայաստանը զբոսաշրջության զարգացման լուրջ ներուժ ունի: Եվ կարծում եմ, որ անհրաժեշտ է որդեգրել հետեւյալ մոտեցումը. Հայաստանում ոչ մի տեղ՝ ո՛չ Երեւանում, ո՛չ մարզերում, ոչ մի այցելու ռեստորաններից դժգոհ չպետք է հեռանա, պարտադիր պետք է ստանա պատշաճ սպասարկում: Եթե հյուրը դժգոհ է հեռանում մեր ռեստորանից, նա դժգոհ է հեռանում մեր երկրից, իսկ մենք չունենք դրա իրավունքը։- Ի՞նչ դեր է ունենալու միությունը գաստրոնոմիկ զբոսաշրջության զարգացման գործում:- Մեր առջեւ այսօր լրջագույն մարտահրավեր է դրված՝ դառնալ առաջինը տարածաշրջանում, որպեսզի մեր տարածաշրջանի այլ երկրներ այցելած տուրիստը չվրիպի Հայաստան գալուց, ավելին՝ գա հենց մեր երկիր, նույնիսկ էլ ավելին՝ նորից ու նորից վերադառնա Հայաստան, այսպես ասած՝ համը բերանում մնա։ Իսկ դա շատ տարբեր հանգամանքներից է կախված։ Օրինակ՝ խնդիր է, որ հետաքրքիր ռեստորան-սրճարաններն ու լավ հյուրանոցները մեծամասամբ կենտրոնացված են Երեւանում։ Անհրաժեշտ է մարզերում էլ զարգացնել յուրահատուկ առաջարկները՝ կոնցեպտուալ, համեղ խոհանոցով ու բարձրակարգ սպասարկմամբ կետերը, որպեսզի զբոսաշրջիկները գան ու հետո վերադառնալով իրենց երկիր՝ վստահ լինեն, որ շատ բաներ դեռ ունեն տեսնելու ու համտեսելու եւ պլանավորեն նորից Հայաստանն այցելել։ 27.11.2017 | 09:26 Դավիթ Երեմյան՝ մեկ կրպակից մինչեւ հայտնի ռեստորանային ցանց Մեր բոլորիս համար գաստրոնոմիկ զբոսաշրջությունը գերակա ուղղությունն է: Շատ երկրներ են հայտնի իրենց ազգային խոհանոցով, որտեղ ռեստորանային բիզնեսը դիտարկվում է որպես տնտեսության զարգացման կարեւորագույն ուղղություններից մեկը: Մեր խոհանոցը ոչնչով չի զիջում ո՛չ ֆրանսիական, ո՛չ իտալական, ո՛չ չինական, ո՛չ վրացական խոհանոցներին: Անգամ առավելություն ունենք: Բայց դրա մասին քչերը գիտեն։ Մեր գլխավոր նպատակներից է հայկական խոհանոցն ու հյուրընկալությունը ճանաչելի դարձնել ամբողջ աշխարհում, դրանք որպես բրենդ ներկայացնել: Մասնակցելով դրսում մեր ոլորտին վերաբերող տարաբնույթ միջոցառումների՝ մրցույթների, փառատոնների, ցուցահանդեսների, մենք հնարավորություն ենք ստանում ներկայացնելու մեր ազգային խոհանոցն ու մեր խոհարարների վարպետությունը։ Մեր միությունը պետք է խրախուսի նման գործունեությունը եւ հնարավորինս աջակցի մասնակիցներին։ Իհարկե, խնդիրների ցանկը կարելի է երկար շարունակել։ Բայց դրանք պետք է դառնան նպատակներ, հանձնարարականներ մեր միության համար։ Եվ մենք դրանք աստիճանաբար լուծելով՝ կհասնենք հաջողության։ Tweet Դիտում՝ 11481