«Հայկական ռեստորանների միությունը» մեկնարկեց

25.03.2019 | 09:52 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀՌՄ
Մարտի 23-ին տեղի է ունեցել «Հայկական ռեստորանների միության» (ՀՌՄ) հիմնադիր ժողովը, որին ներկա են եղել ՀՀ պետական կառույցների, տեղական ինքնակառավարման մարմինների եւ ռեստորանային ոլորտի ներկայացուցիչներ։

ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը վարչապետի անունից ողջունել է Միության հիմնադիր ժողովի մասնակիցներին՝ նշելով, որ «ռեստորանային գործը մեր տնտեսության ամենակարեւոր ճյուղերից մեկն է, քանի որ նպաստում է զբոսաշրջության զարգացմանը»։

Արսեն Գասպարյանը

«Վարչապետի աշխատակազմը դեռ անցած տարվանից նախաձեռնել է մասնավոր հատվածի հետ երկխոսություն, եւ մենք պատրաստ ենք ձեզ հետ քննարկել բոլոր խնդիրներն ու միասին փորձել լուծումներ տալ, որ այս ոլորտը զարգանա»,- ասել է Արսեն Գասպարյանը։

Երեւանի փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանը քաղաքապետի անունից ողջունել է ներկաներին եւ հավաստիացրել, որ բիզնեսը գտնվում է հավասար պայմաններում, արտոնյալներ չկան։

Սերգեյ Հարությունյանը

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանն էլ նախաձեռնությունը պետություն-մասնավոր հատված համագործակցության հիանալի հարթակ է համարել: Նա նշել է, որ համագործակցությունը կարող է խթան հանդիսանալ գյուղատնտեսության ինտեսիվ զարգացման համար:


Գործունեության նպատակները

«Դարգեթ» ռեստորանի համահիմնադիր Հովհաննես Դուրգարյանը ՀՌՄ հիմնադիր ժողովի մասնակիցներին հիշեցրել է, որ ռեստորանային ոլորտի ներկայացուցիչները միավորվել են նախորդ տարի Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունից հետո, որը ռեստորանների հարկային բեռը շեշտակի բարձրացրել է:

Հովհաննես Դուրգարյանը

«Օրինակն իսկապես տպավորիչ էր, ունեցանք երկար բանակցություններ, քննարկումներ, բանավեճեր ու հակադիր կարծիքներ, եւ, ի պատիվ բանավեճի մասնակիցների, բոլոր կողմերի՝ ոլորտի ներկայացուցիչներ, սպառողներ, պետության ներկայացուցիչներ, եկանք խելամիտ կոմպրոմիսի, որն այս պահին արտացոլված է հարկային օրենսգրքում, հուսով եմ՝ շուտով կունենանք գործողության մեջ, երբ ԱԺ-ն ընդունի», - ասել է Հովհաննես Դուրգարյանը:

«Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը խոսել է կարեւոր ու հրատապ խնդիրների մասին, որոնք պետք է նպատակներ դառնան Միության համար։ Դրանք են՝ պետական կառույցների հետ ճիշտ աշխատանքը, սպասարկողների ու խոհարարների իմիջի բարձրացումը, սպասարկման ոլորտի բարեփոխումը, տեղական արտադրողների եւ գյուղական համայնքների հետ համագործակցությունը, հայկական խոհանոցն արտերկրում պատշաճ ներկայացնելը եւ այլն:

Դավիթ Երեմյանը

MBG Hospitality-ի օպերացիոն տնօրեն Աշոտ Բարսեղյանը ՀՌՄ հիմնադիր ժողովի ժամանակ ասել է, որ Միությունը ներկայացնելու է ինչպես իր անդամների, այնպես էլ ոլորտի մյուս ներկայացուցիչների շահերը, քննարկելու է ոլորտի հնարավորություններն ու մարտահրավերները։

Աշոտ Բարսեղյանը

Banks.am-ի հետ զրույցում անդրադառնալով Միության անելիքներին՝ «Ասադոր», «ԹայՎայն Ռեփաբլիք», «Վայն Ռեփաբլիք» ռեստորանների համահիմնադիր Արսեն Հովհաննիսյանն ասել է, որ խնդիրներ կան մի շարք օրենքների, օրինակ՝ բացօթյա սրճարաններին, ծխնելույզներին, աղմուկի աստիճանին վերաբերող:

«Կան օրենքներ, որոնք հնացել են, քանի որ գործում ենք այլ իրականության մեջ, որտեղ օրենքի գերակայություն է: Հաճախ այն օրենքները, որոնք նախկինում չէին կիրառվում, այժմ սկսում են խոչընդոտ դառնալ։ Կարիք է առաջանում համագործակցել պետական մարմինների հետ, համապատասխանեցնել այդ օրենքները մեր իրականության հետ», - նկատել է նա:

Արսեն Հովհաննիսյանը

Արսեն Հովհաննիսյանն ասել է, որ Միության անդամները պրոֆեսիոնալներ են ոչ միայն իրենց գործում, այլեւ PR-ի, մարքեթինգի, մենեջմենթի ոլորտներում, ինչը հնարավորություն է տալիս օգտագործել այս ռեսուրսն ի շահ պետության։

Համեղ խոհանոցը՝ տուրիզմի զարգացման միջոց

«Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանն ասել է, որ գեղեցիկ ռեստորաններն ու համեղ խոհանոցը նաեւ նպաստում են տուրիզմի զարգացմանը։ «Հաճախորդը չպետք է դժգոհ հեռանա մեր ռեստորաններից։ Հատկապես, երբ քաղաքի հյուրը դժգոհ է հեռանում, նշանակում է, որ նա դժգոհ է գնում մեր քաղաքից, երկրից։ Պետք է տարածաշրջանում առաջատար լինել, որ զբոսաշրջիկն առաջինը գա Հայաստան, հետո այցելի մյուս երկրներ», - շեշտել է նա:

Դավիթ Երեմյանը

Դավիթ Երեմյանը նաեւ ասել է, որ այսօր շատ բան կենտրոնացած է Երեւանում, պետք է հետաքրքիր ռեստորաններն ու հյուրանոցները զարգացնել նաեւ Երեւանից դուրս։

«Կճուճ», «Լոշ» , «Թավա» ռեստորանների հիմնադիր Վարդա Ավետիսյանն արդեն երեք տարի է, ինչ գործունեություն է ծավալում Հայաստանի «ամենաերիտասարդ» ու «ամենաբազմազգ» քաղաքում՝ Դիլիջանում։ Ռեստորանի այցելուները հիմնականում քաղաքի հյուրերն են։ «Երբ Դիլիջանում բացվեց «Կճուճ» ռեստորանը, շատերը կարծում էին, որ մարզերում ռեստորանների անհրաժեշտություն չկա, բայց գործի հաջողությունը հակառակն ապացուցեց», - ասել է Միության անդամը։

Վարդա Ավետիսյանը

Անդրադառնալով ՀՌՄ ստեղծմանը՝ Վարդա Ավետիսյանն ասել է. «Ինձ համար մեծ պատիվ է Միության անդամ լինելը: Նաեւ ուզում եմ վարակել այստեղ գտնվող ստեղծագործ մարդկանց, որ նրանք եւս ուզենան գալ ու զարգացնել մեր մարզերը»։

Անի Խչոյան
Լուսանկարները՝ ՀՌՄ
Դիտում՝ 8324
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW