Լեռնանիստը՝ ձմեռային տուրիզմի նոր բրենդ

28.02.2019 | 10:00 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Լեռնանիստ #Հովհաննես Մարգարյան #տուրիզմ
Լեռնանիստը հավակնում է դառնալ Ծաղկաձորի հիմնական մրցակիցը եւ ոչ միայն. համայնքապետարանից «զգուշացնում են», որ տարածաշրջանի մյուս տուրիստական գոտիները եւս պետք է պատրաստ լինեն թեժ մրցակցությանը։

Banks.am-ը պարզել է Լեռնանիստում զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրերի մանրամասները:

Երկու տարի՝ առանց ճանաչման

2017-ին Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղում կառուցվել էր 350 մետր երկարությամբ ճոպանուղի եւ դահուկավազքի սահուղի, սակայն այն մասին, որ այս տարածքը հավակնում է դառնալ ձմեռային տուրիզմի կենտրոն, պարզ դարձավ միայն 2019-ին՝ 2 տարի անց։


Լեռնանիստի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Հովհաննես Մարգարյանը կարծում է, որ նախորդ 2 տարիների ընթացքում համայնքի մասին լսելի չի եղել գովազդի բացակայության պատճառով:  

Այս տարի սակայն, տեղացիների խոսքով, «գյուղը վերածնունդ է ապրում»: Աշխատանքները համակարգում է մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, որի «շնորհիվ համայնքը վերջապես ստանում է սպասված ճանաչումը»։

2 ամիս՝ 2000 այցելու

Զբոսաշրջությունը զարգացնելու նպատակով համագործակցում են ճանապարհորդող բլոգերների հետ, թիմում ներգրավում երիտասարդ կադրերի, հաշվի առնում նրանց հետաքրքրություններն ու թարմ գաղափարները։

Այս ձմեռ մոտ 2000 այցելու արդեն ականատես է եղել այն տարածքին, որտեղ 0,5-1 մետր բարձրությամբ ձյուն է տեղում եւ որտեղ նոյեմբերից մինչեւ մարտ բնակիչներն իսկական ձմեռ են վայելում:


Ճանապարհների հետ կապված որեւէ խնդիր չի լինում. համայնքապետարանում հավաստիացնում են՝ օնլայն կարգով հետեւում են, ճանապարհների փակվելու դեպքում գործի են դնում համապատասխան մեքենաները։

Հայկական Ski jump park՝ Վրաստանի փոխարեն

Լեռնանիստում լեռներն արեւին հակառակ են, այսինքն՝ լեռնադահուկային սպորտը զարգացնելու համար սա կարող է լինել լավագույն միջավայրը: Ձմեռային սպորտաձեւի մասնագետների այցից հետո գաղափարը քննարկվում է համայնքապետարանի կողմից, եւ արդեն իսկ մեկնարկել են սպորտի զարգացմանն ուղղված առաջին քայլերը։

Նախկինում ձնե տրամպլիններով ցատկելու համար շատերը նախընտրում էին մեկնել Վրաստան: Լեռնանիստում, սակայն, այս տարի կառուցվել է Ski jump park (ցատկելու համար փոքրիկ տրամպլիններ), որից օգտվելը, ի դեպ, անվճար է։


5 ամիս ձմեռող Լեռնանիստում, մոտավոր հաշվարկով, բնակվում է 3100 մարդ, իսկ ձմեռային այս գոտի հասնելու համար մայրաքաղաք Երեւանից պետք է ընդամենը 45 կմ ճանապարհ անցնել։

Խոստումներից՝ ի գործ

Համայնքապետարանում վստահ են՝ Լեռնանիստը դարձնելու են ձմեռային տուրիզմի կենտրոն, միաժամանակ՝ զարգացնելու են արշավախմբային, վրանային, լեռնագնացային, մշակութային, էքստրեմալ, գաստրո տուրիզմի տեսակները։


Տարվա մյուս եղանակների համար էլ որոշել են զիփլայն կառուցել, ճոպանուղին երկարացնել, հնարավորության դեպքում՝ նորը կառուցել, նոր ճանապարհներ հարթեցնել՝ մոտոտուրերի համար։

Այս բոլոր գաղափարները կյանքի կոչելու համար մեկ տասնյակից ավելի հայ ներդրողներ են հայտնվել, ընդհանուր առմամբ, 20 մլն դրամ է հատկացվել: Ակնկալում են նաեւ համագործակցություններ եւ ներդրումներ Սփյուռքից։


Արդեն կա 5 տուն, որտեղ կարելի է գիշերել էկոտուրիզմի զարգացմանը ծանոթանալու համար, բնակիչներն անգամ գիշերակաց են տրամադրում։

Ու մինչ ներդրողների գումարները կհասնեն իրենց նպատակակետին, տեղացիները բազալտե աթոռ ու սեղան են պատրաստում, որ երթիկով քարանձավը դարձնեն սուրճ խմելու եւ հայկական մշակույթին ծանոթանալու միջավայր։

Շուշանիկ Ասատրյան
Դիտում՝ 16003
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai