Աշխատանք գտնելու եւ առաջարկելու առաջին պետական հարթակի՝ https://e-work.am/-ի պաշտոնական շնորհանդեսը կայացել է այսօր։Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հայտնել են, որ հարթակի նպատակն է կամուրջ ստեղծել գործատուի եւ աշխատանք փնտրողի միջեւ, մեկտեղել Հայաստանում առկա թափուր աշխատատեղերն ու խթանել պետություն-գործատու-աշխատանք փնտրող կապը։ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ասել է, որ հարթակը թվային տիրույթում նոր հնարավորություններ է առաջարկում աշխատանք փնտրողներին եւ գործատուներին. «Կցանկանամ՝ e-work.am-ը դառնա այն իրական գործող հարթակը, որը քաղաքացիներին աշխատանք գտնելու հնարավորություն կտա, ինչին էլ ուղղված են մեր շարունակական ջանքերը»: «Նորք» տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Անահիտ Պարզյանը նշել է, որ զբաղված լինելն ինքնանպատակ չէ.«Աշխատանքը պետք է լինի հաճելի, իսկ ստեղծած արժեքը՝ անհատի, պետության, աշխարհի համար։ Հենց այս գաղափարով ենք ստեղծել հարթակը եւ հուսով ենք՝ այն հնարավորություն կտա, որ այս գաղափարները լիարժեք իրականանան։ Շարունակելու ենք աշխատել հարթակը էլ ավելի ֆունկցիոնալ եւ կիրառական դարձնելու ուղղությամբ»: «Գրանցվելով հարթակում՝ անհատները կունենան սեփական էջ, որտեղ կտեղադրեն իրենց աշխատանքային փորձառության վերաբերյալ տեղեկատվություն, կկարողանան ստանալ աշխատանքի առաջարկներ եւ կունենան հնարավորություն ներգրավվելու զբաղվածության ծրագրերում։ Իսկ կազմակերպության ղեկավարները կկարողանան պետական միասնական հարթակում ստեղծել իրենց կազմակերպության պրոֆիլը եւ անվճար տեղադրել կազմակերպությունում առկա թափուր հաստիքների հայտարարությունները եւ գտնել համապատասխանող աշխատողներին»,- ասված է հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 2728