Վերջերս Երեւանում բացվեց «Ուրբան Լոջիստիք Սերվիսիս» բազմաֆունկցիոնալ լոգիստիկ կենտրոնը: Այն Կովկասում A դասի ժամանակակից ամենամեծ պահեստային համալիրն ունեցող ու Հայաստանում 3PL ձեւաչափով գործող առաջին եւ միակ լոգիստիկ օպերատորն է:Լոգիստիկ կենտրոնն առաջարկում է ծառայությունների ամբողջական համակարգ` պահեստային տարածքի տրամադրում, ապրանքի պահպանում, բեռնում եւ բեռնաթափում, փոխադրման եւ առաքման ռեգիստրի կառավարում, փաթեթավորում եւ մակնշում, մաքսային ձեւակերպում, ապրանքի առաքում հաճախորդի կողմից նշված վայր եւ այլն: Banks.am-ը նորաբաց կենտրոնի մասին զրուցել է «Ուրբան Լոջիստիք Սերվիսիս» ՓԲԸ-ի հիմնադիր տնօրեն Վահե Պետրոսյանի հետ: - Պրն Պետրոսյան, լոգիստիկ համալիրի բացմանը հատուկ նշվում էր, որ «Ուրբան Լոջիստիք Սերվիսիս» ընկերության ծառայությունները մատուցվելու են 3PL ձեւաչափով: Ի՞նչ է իրենից ներկայացնում այդ ձեւաչափը:-3PL-ը, որ բացվում է որպես Third Party Logistics, համաշխարհային լոգիստիկայում համեմատաբար նոր հասկացություն է: Այն արտահայտում է 3-րդ կողմի լոգիստիկայի օպերատորի գաղափարը, այլ կերպ ասած՝ պահեստային լոգիստիկայի ու դիստրիբյուցիայի ամբողջական աութսորսինգ: Դա նշանակում է, որ սուբյեկտները, որոնք ունեն պահեստային տնտեսություն, կարող են հրաժարվել այդ տնտեսության սեփական կառավարումից եւ իրենց լոգիստիկ ու պահեստային գործընթացները պատվիրել մեր ընկերությանը:Պահեստային տնտեսության կառավարման հանձնումը 3PL օպերատորին բազմաթիվ առավելություններ ունի: Նախ՝ թույլ է տալիս ընկերություններին ֆինանսական խնայողություններ ունենալ՝ ուղղելով դրանք արտադրական կամ այլ պրոցեսների զարգացմանը: Բացի այդ, հնարավորություն է ընձեռում ստանալ պահեստային պրոցեսների պրոֆեսիոնալ կառավարում եւ արդյունավետ կերպով վերահսկել պահեստային մնացորդների հաշվառումը:Նման համագործակցության պարագայում ULS ընկերությունը նրանց համար հզոր գործընկեր է հանդիսանում, որը պատասխանատվություն է կրում ապրանքի ցանկացած վնասման, պակասորդի եւ այլ հնարավոր խնդիրների համար: Այլ կերպ ասած, լոգիստիկ պրոցեսների աութսորսինգի առավելություններն են՝ ֆինանսական մատչելիությունը, պրոցեսների կառավարման պրոֆեսիոնալությունն ու անվտանգությունը: - Խոսենք մի փոքր ձեզ մոտ պահպանվող բեռների ապահովագրության մասին:- Բեռների ապահովագրությունը մեր առավելության ընդամենը մի մասն է կազմում: Բնականաբար, նման կառույցների շնորհիվ փոքր սուբյեկտները, որոնց համար բեռների ապահովագրությունը շատ թանկ է ստացվում, հնարավորություն են ստանում խնայել իրենց ֆինանսական միջոցները, քանի որ մեր կողմից առաջարկվող սակագներում այդ վճարները, ի թիվս բազմաթիվ այլ ծախսերի, արդեն ներառված են:Սակայն, հարկ է նշել, որ բեռների ապահովությունը ձեւավորվում է առաջին հերթին որակյալ պահեստային ենթակառուցվածքների շնորհիվ: «Ուրբան Լոջիստիք Սերվիսիս» ընկերության պահեստային կենտրոնը համալրված է բարձր անվտանգություն ապահովող համակարգերով՝ սկսած մուտքի եւ ելքի վերահսկումից, վերջացրած ցանկացած տիպի ապրանքատեսականու անվտանգ պահպանման համար անհրաժեշտ ջերմաստիճանային ռեժիմներով: Այս բոլոր հանգամանքներն են, որ ամբողջական անվտանգություն են ձեւավորում:- Ներկայացրեք, խնդրեմ, համագործակցության հիմնական ուղղությունները՝ թե՛ տեղական, թե՛ արտասահմանյան ընկերությունների հետ:- Այս պահին շուրջ 100 ընկերության հետ ենք համագործակցում, որոնց կեսը միջազգային խոշոր կազմակերպություններ են: Աշխատում ենք ինչպես ներմուծողների, այնպես էլ տեղական արտադրողների հետ: Գործընկերներն ըստ ոլորտների տարբեր են՝ սննդամթերքի արտադրողներից, շինարարական ընկերություններից ու բանկերից մինչեւ արտերկիր մեկնած ֆիզիկական անձիք, որոնք մեզ մոտ պահպանման են հանձնում պահեստավորման ենթակա իրենց սեփականությունը:Համագործակցության տարբեր ուղղություններ ունենք: Մեր պահեստային համալիրում կարելի է պահել ցանկացած ապրանք՝ մուրաբաներից եւ պանրից մինչեւ դաշնամուր, ավտոմեքենայի յուղեր եւ անգամ՝ տարբեր ընկերությունների փաստաթղթային արխիվներ: Յուրաքանչյուր ապրանքային խմբի համար առկա են դրան հատուկ պահեստավորման պայմաններ ու սառնարանային ռեժիմներ: Այս պահին սառնարանային հզորությունները համարյա ամբողջությամբ արդեն զբաղված են մթերքով:Մեր պահեստային համալիրը նաեւ օժանդակ կառույցներ ունի, մասնավորապես՝ գրասենյակային տարածքներ, որտեղ մեծ հոսքեր ունեցող ընկերությունները նախընտրում են վարձակալած գրասենյակ ու աշխատակից ունենալ՝ տեղում պահեստային գործընթացին ակտիվ մասնակցելու, ինչպես նաեւ՝ ցանկության դեպքում իրենց գրասենյակում ShowRoom-ի միջոցով ապրանքատեսականի ներկայացնելու համար: Մեր գործընկերները կարող են մեզ պատվիրակել անգամ հաշվապահական հաշվառման ծառայությունը: Ստացվում է, որ մեզ հետ համագործակցող ընկերություններին մնում է մտածել միայն իրենց հիմնական գործունեության ու շուկայում առաջխաղացման մասին՝ մեզ հանձնելով կողմնակի բոլոր հոգսերը:- Ինչպիսի՞ն են Ձեր սպասումները տարանցիկ բեռների սպասարկման առումով: Ի՞նչ դեր է կատարում պահեստային համալիրն այս հարցում:-Շուտով նախատեսում ենք հենց պահեստային համալիրի տարածքում մաքսային գոտի ու բանկի մասնաճյուղ ունենալ, ինչը թույլ կտա ընկերություններին մեզ մոտ մաքսազերծել իրենց բեռները: Սա մեծ հնարավորություն է հատկապես Հայաստան մտնող ընկերությունների համար, որոնք ծանոթ չեն հայկական շուկային: Այդպես վերջինս դառնում է նրանց համար ավելի թափանցիկ եւ ճանաչելի, երկրի վարկանիշը բարձրանում է, ինչն էլ խթանում է նրանց կողմից ներդրումների ավելացումը: Հաշվի առնելով ԵՏՄ անդամակցությունը, Իրանի հետ սահմանն ու մեր լոգիստիկ կենտրոնի առկայությունը՝ Մերձավոր Արեւելքից դեպի Ռուսաստան հոսքերի համար Հայաստանով անցնելը շատ ավելի նպաստավոր է դառնում՝ բարձրացնելով մեր երկրի տարանցիկ նշանակությունը:- Մեր նախորդ հարցազրույցում Դուք հույս էիք հայտնում, որ համալիրի ծառայություններից շատ կօգտվեն նաեւ հայաստանյան ՓՄՁ-ները: Իսկ ունե՞ք հատուկ մոտեցում սահմանամերձ գյուղերի գործարարների համար: -Մեր ծառայությունները հատկապես արդյունավետ են ՓՄՁ-ների համար: Ընդհանրապես, ցանկացած բիզնես սուբյեկտի համար՝ անկախ նրա հզորությունից, պահեստային ծախսը հաստատուն է: Այն ներառում է պահեստային տարածքի վարձատրություն, անձնակազմի ու անվտանգության համակարգի համար պահանջվող ծախսեր եւ այլն: Եվ այդ հաստատուն պահեստային ծախսը շատ մեծ է հատկապես ՓՄՁ-ների համար, առավել եւս, երբ հաշվի է առնվում սեզոնայնության հանգամանքը:Մենք այնպիսի պայմաններ ենք ստեղծել, որ նախեւառաջ, սուբյեկտը վճարում է ոչ թե պահեստի, այլ պահպանվող բեռի համար: Այսպիսով, սեզոնային տատանումների ժամանակ հաստատուն ծախսի բեռը դուրս է գալիս՝ դառնալով փոփոխական, ինչը շատ կարեւոր է բիզնեսի համար: Արդյունքում մեզ մոտ բեռները պահպանման հանձնելը անհամեմատ ավելի էժան է ստացվում:Մեր պահեստային համալիրը մեծ հնարավորություններ է ընձեռում հատկապես արտահանող ՓՄՁ-ների համար՝ դուրս գալու արտերկրյա շուկաներ, քանի որ հետզհետե դառնում է հավաքական բեռների կենտրոնացման վայր: Մեզ մոտ մեծ քանակությամբ սուբյեկտներ իրենց ոչ մեծ բեռները կարող են արտահանել ընդհանուր ձեւավորված կոնտեյներների միջոցով, ինչը թույլ է տալիս նրանց տնտեսել ճանապարհածախսի վրա: Ինչ վերաբերում է սահմանամերձ գյուղերի գործարարներին, ապա այդ խմբին պատկանող մարդիկ դեռ մեզ չեն դիմել: Սակայն եթե որոշեն օգտվել մեր ծառայություններից, հատուկ մոտեցում անպայման կլինի: -Հայաստանում նման մասշտաբի մրցակից չունեք: Դա խանգարո՞ւմ է, թե՞ օգնում: - Լինելով «պիոներ» այս ոլորտում՝ ունենք թե առավելություններ, թե դժվարություններ: Որպես առավելություն կարելի է նշել այն, որ արտերկրում նմանատիպ ծառայություններին ծանոթ սուբյեկտներին ու միջազգային ընկերություններին հարկ չկա բացատրելու, թե ինչ ենք մենք առաջարկում, քանի որ հասկանալով մեր ծառայությունների որակը, անմիջապես պատրաստակամություն են հայտնում մեզ հետ համագործակցելու:Սակայն առաջինը լինելը նաեւ մեծ դժվարությունների հետ է կապված: Շատ սուբյեկտներ չեն կարողանում անմիջապես կողմնորոշվել մեր բիզնեսի առավելությունների վերաբերյալ եւ համեմատում են մեր ծառայություններն ու առաջարկը իրենց սովորական պահեստի վարձավճարի հետ: Ստիպված ենք լինում մանրամասն բացատրել, թե ֆինանսական ու ժամանակի հետ կապված որքան հավելյալ ծախսեր են նրանք անում պահեստի վարձակալության ու կողմնակի ծառայությունների համար (այդ թվում՝ անձնակազմի ու հաշվառման, անվտանգության, ջեռուցման, ապահովագրության, ապրանքի վնասի ու կորստի ծախսեր եւ այլն): Այս ամենը հաշվի առնելով՝ մեր ծառայությունից օգտվելն անհամեմատ ավելի մատչելի ու անվտանգ է ստացվում, քանի որ մեզ մոտ պահառության հանձնված ապրանքի ապահովության համար մենք լիովին պատասխանատվություն ենք կրում:Քանի որ միջավայրը ձեւավորված չէ, եւ մենք միակն ենք, մի փոքր բարդ է մարդկանց գիտակցությանը հասցնել, թե ինչ ենք մենք առաջարկում: Եթե լիներ ձեւավորված շուկա եւ մրցակիցներ, նրանց համար ավելի հեշտ կլիներ համեմատել ու հասկանալ մեր ծառայության առավելությունները: Այսպես մենք մեզ վրա բեռ ենք վերցնում տվյալ շուկայի պոպուլյարիզացիայի, տվյալ ոլորտում ներդրումների խթանման, ոլորտում ստանդարտների ներդրման ու պահպանման առումով: Եվ քանի որ առաջինն ենք անցնում այս ճանապարհը, այն ձեւավորում ու պատրաստում ենք նաեւ հետագա ներդրողների համար:Ընդհանրապես, որակյալ ու ժամանակակից լոգիստիկ ենթակառուցվածքների առկայությունը մեծ կարեւորություն ունի երկրի տնտեսական զարգացման համար: Ըստ էության, լոգիստիկան՝ պահեստավորումը, բեռնափոխադրումները, երկաթգծերը, ճանապարհներն ու մնացած անհրաժեշտ բաղադրիչները, երկրի տնտեսական օրգանիզմի արյունատար անոթներն են, որոնց միջոցով ապրանքային հոսքերը հասնում են երկրի տարբեր մասեր: Այդ շրջանառության շնորհիվ երկիրը մեծանում է ու առողջանում: Որքան զարգացած են այդ արյունատար անոթները, այնքան ընդհանուր համակարգն ավելի դիմացկուն է արտաքին մարտահրավերների հանդեպ ու արդյունավետ գործող: - «Ուրբան Լոջիստիք Սերվիսիս»-ը ներկայացվում է որպես «մեծամասշտաբ ներդրումային նախագիծ»: Ի՞նչ ծավալների մասին է խոսքը: -Ինչպես ցանկացած բիզնեսի դեպքում, մեզ մոտ եւս այդ տեղեկատվությունն առեւտրային գաղտնիք է: Սակայն համեմատության համար կարող եմ ասել, որ եթե նմանատիպ հզորության համալիր փորձենք կառուցել, օրինակ, Վրաստանում, ապա 1 պալետատեղի համար ծախսը կկազմի միջինը $1200: Այս պահին մեր լոգիստիկ համալիրի հզորությունը կազմում է մոտ 35 հազ. պալետատեղ, որն առաջիկայում պլանավորվում է հասցնել 55 հազ-ի: Նշեմ նաեւ, որ նման կարգի հզորությունները ենթադրում են մինչեւ 400-500 աշխատատեղ: Առաջին տարում նախատեսում ենք աշխատակիցների թիվը հասցնել 100-ի, ինչը հետագայում աստիճանաբար կավելանա՝ բիզնեսի զարգացմանը զուգահեռ: Վահե Պետրոսյանի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը Tweet Դիտում՝ 14626