Արտահանման ապահովագրություն. արտաքին ռիսկերին դիմակայելու նոր գործիք

03.04.2015 | 10:44 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /

Վերջերս Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունը (ՀԱԱԳ) հայտարարեց ապահովագրական ծառայությունների մատուցման մեկնարկի մասին:

Նորաստեղծ կառույցի հիմնական գործառույթների եւ հայ արտահանողներին առաջարկվող հնարավորությունների շուրջ Banks.am-ը զրուցել է «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ի գործադիր տնօրեն Տաթեւիկ Մուրադյանի եւ տնօրինության անդամ, ֆինանսական տնօրեն Վազգեն Աբգարյանի հետ:

 - Ինչո՞վ էր պայմանավորված ՀԱԱԳ-ի ստեղծման անհրաժեշտությունը, եւ ի՞նչ ռիսկերի կառավարմանն է ուղղված արտահանման ապահովագրությունը:

Տ.Մ. - Միջազգային առեւտրում մրցակցային լինելու համար հաճախ անհրաժեշտ է, որ գնորդն ունենա արտահանված ապրանքի դիմաց հետաձգված վճարման հնարավորություն: Դա թույլ  կտա ավելացնել վաճառքի ծավալները, ինչպես նաեւ ձեռք բերել առեւտրային նոր գործընկերներ:

Սակայն նման դեպքերում հնարավոր է, որ հետաձգված վճարման ժամկետի ավարտին գնորդը չկարողանա կատարել վճարումը՝ հատկապես հաշվի առնելով արտահանման մեր հիմնական շուկաներում վերջերս տիրող անկայուն վիճակը: Բացի այդ, կանխավճար կամ արտահանված ապրանքների դիմաց անմիջապես վճարում չստանալու դեպքում՝ արտահանողի մոտ առաջանում է հետաձգված վճարման ժամկետի ընթացքում իր շրջանառու միջոցները ֆինանսավորելու խնդիր: Հենց նման դեպքերում էլ օգնության է գալիս արտահանման ապահովագրությունը, որը տալիս է այս խնդիրները լուծելու հնարավորություն: Մեր գործակալության հիմնական գործառույթը ՀՀ ռեզիդենտ արտահանող ընկերությունների կողմից օտարերկրյա գնորդին մատակարարված ապրանքների եւ/կամ մատուցված ծառայությունների դիմաց ստացվելիք գումարների կարճաժամկետ ապահովագրությունն է առեւտրային եւ քաղաքական ռիսկերից:

- Մասնավորապես, ո՞ր դեպքերում են առաջանում Ձեր կողմից առանձնացված ռիսկերը:

Տ.Մ. - Առեւտրային ռիսկերը կարող են առաջանալ օտարերկրյա գնորդի  սնանկության (անվճարունակության) կամ նրա կողմից առանց որեւէ իրավական հիմքի վճարում չկատարելու ձեւով:

Քաղաքական ռիսկեր են համարվում այն դեպքերը, երբ օտարերկրյա գնորդն ի վիճակի չէ վճարումներ կատարել իր երկրում տեղի ունեցող որոշ իրադարձությունների արդյունքում (առեւտրի սահմանափակում, վճարումների փոխանցման կամ փոխանակման անհնարինություն, պատերազմ, հեղափոխություն, բնական աղետներ եւ այլն):

- Արտաքին առեւտրի ոլորտում հայ գործարարները մինչ այդ էլ հնարավորություն են ունեցել օգտվելու ռիսկերը կառավարելու որոշ գործիքներից: Այս առումով, ինչո՞վ է առանձնանում արտահանման ապահովագրությունը:

Վ.Ա. - Այո, միջազգային առեւտրի ֆինանսավորման բնագավառում կան տարբեր գործիքներ, որոնցից առավել տարածված են բանկային երաշխիքը, փաստաթղթային ակրեդիտիվը եւ միջազգային ֆակտորինգը: Սակայն նշված գործիքների ձեռքբերումն ունի որոշակի բարդություններ, քանի որ իրականացվում է անմիջապես գնորդների կողմից կամ պահանջում է վերջիններիս ներգրավվածությունը:

Հայաստանյան ՓՄՁ-ները, պայմանավորված արտահանման գործարքների ոչ մեծ ծավալներով, հաճախ չեն ունենում գնորդների հետ համապատասխան բանակցային հնարավորություններ ու լծակներ եւ ստիպված են կրել բաց հաշվով վճարման ռիսկերը կամ հրաժարվել արտահանման նման գործարքներից:

Իսկ արտահանման ապահովագրությունը ձեռք է բերվում անմիջապես արտահանողի կողմից Հայաստանում, չի պահանջում գնորդի մասնակցությունը գործընթացում, ինչը հնարավորություն է տալիս զսպել չվճարման ռիսկերը հնարավորինս պարզ ընթացակարգով եւ առավել մատչելի պայմաններով:

- Այնուամենայնիվ, ո՞րն է այս դեպքում ապահովագրության եւ երաշխիքի հիմնական տարբերությունը:

Վ.Ա. - Ի տարբերություն երաշխիքի, որը, ըստ էության, առանց նախապայմանների փոխհատուցման պարտավորություն է, ապահովագրությունն ունի բացառություններ եւ պայմաններ: Դրանք դրույթներ են, որոնց համաձայն արտահանողն իր հերթին պետք է գործի բարեխղճորեն, որպեսզի վերջինիս անբարեխիղճ գործողությունները չհանգեցնեն գնորդի չվճարմանը: Մասնավորապես, կա նախապայման, ըստ որի՝ ապահովագրությունն ուժի մեջ է մտնում միայն արտահանողի` մատակարարման պայմանագրով սահմանած պարտականությունների պատշաճ կատարումից հետո:

Նշեմ նաեւ, որ ինչպես ցանկացած ապահովագրության տեսակի դեպքում, արտահանողը պետք է պատրաստ լինի նաեւ կրել ռիսկի որոշ մասը, ինչը լրացուցիչ երաշխիք է, որ նա կատարելու է բոլոր հնարավոր գործողությունները ապահովագրական պատահարի հավանականության նվազեցման համար: Այդ մասնակցությունը միջինում կազմում է գործարքի 10-20%-ը: Չհատուցվող գումարի չափն արտահանողին տրամադրվում է նախքան պայմանագրի կնքումը, այսինքն` վերջինս տեղեկացված է ռիսկի իր մասնաբաժնի մասին առաքում իրականացնելուց առաջ։

- Ինչո՞վ էր պայմանավորված այն հանգամանքը, որ արտահանման ապահովագրության առաջարկով հանդես եկավ պետության կողմից հիմնադրված կառույցը, այլ ոչ թե մասնավոր ապահովագրական ընկերությունները:

Տ.Մ. - Նախ նշեմ, որ ՀԱԱԳ-ը հիմնադրվել է ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության շրջանակում՝ որպես արտահանման խթանման գործիք`առաջին հերթին ՓՄՁ-ների համար: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ արտահանման ապահովագրական ծառայությունների շուկայի կայացման եւ պահանջարկի ձեւավորման գործընթացն առաջնորդում են պետական ապահովագրական գործակալությունները, իսկ շուկայի ընդլայնմանը զուգահեռ՝ նման ծառայություններ սկսում են առաջարկվել նաեւ մասնավոր ընկերությունների կողմից:

Այսօր հայաստանյան ապահովագրական ընկերությունները չեն տրամադրում այս ծառայությունը, առաջին հերթին դրա հետ կապված բարձր ռիսկերի պատճառով, որոնք հնարավոր է զսպել եւ դիվերսիֆիկացնել միայն կայացած շուկայում, որտեղ ծառայությունից օգտվում են մեծ քանակով հաճախորդներ: Բացի այդ, այս ծառայությունը մատուցող մասնագետները պետք է ունենան խորացված գիտելիքներ եւ հմտություններ:

Ավելացնեմ, որ պետական արտահանման ապահովագրական գործակալություններ  գործում են աշխարհի զարգացած եւ զարգացող մի շարք երկրներում, նաեւ ԵՏՄ անդամ երկրներում:

- ԿԲ-ի կողմից գրանցում եւ լիցենզիա ստանալուց ի վեր անցել է ավելի քան 1 տարի: Այն ժամանակ նշվում էր, որ ՀԱԱԳ-ը լիարժեքորեն կսկսի ծառայություններ մատուցել անհրաժեշտ նախապատրաստական փուլն ավարտելուց հետո: Ինչպե՞ս է օգտագործվել այդ ժամանակաշրջանը:

Տ.Մ. - Ուսումնասիրել ենք միջազգային փորձը՝ ներգրավելով փորձագետներ եւ անդամակցելով միջազգային միությունների, մշակել ենք ռիսկերի վերլուծության եւ կառավարման համակարգեր, վերապատրաստել ենք անձնակազմը:

Կնքել ենք պայմանագրեր վարկային տեղեկատվություն տրամադրող բյուրոների հետ, հստակեցրել ենք ապահովագրական հատուցումների հավաքագրում իրականացնող կոլեկտորային ընկերությունների ցանկը, որոնց միջոցով անհրաժեշտության դեպքում կիրականցվեն դեբիտորական պարտքերի հավաքագրումները, քննարկումներ ենք անցկացրել արտահանողների, տարբեր միությունների եւ առեւտրային բանկերի հետ: Արդյունքում` ձեւավորել ենք համապատասխան հիմքերը արդյունավետ կերպով շուկային համապատասխան ծառայություններ մատուցելու համար:

Կցանկանայի նաեւ տեղեկացնել, որ ՀԱԱԳ-ն անդամացում է արտահանման ապահովագրական գործակալությունների Բեռնի Միության Պրահայի ակումբին, որը բավական արդյունավետ հարթակ է փորձի փոխանակման եւ համագործակցության համար:

- Մենք արդեն առիթ ունեցել ենք ներկայացնել արտահանման ապահովագրության հիմնական պայմանները: Իսկ որո՞նք են այն դեպքերը, երբ արտահանողին կմերժվի ապահովագրության ծառայության տրամադրումը:

Վ.Ա. - Այստեղ պետք է հաշվի առնել, որ յուրաքանչյուր հայտի դեպքում պարտադիր նախատեսված է գնորդ ընկերության ֆինանսական վիճակի, բիզնեսի կառուցվածքի, գործունեության ոլորտի եւ արտահանման գործարքի վերլուծություն։ Վերլուծության համար անհրաժեշտ տվյալները տրամադրում է արտահանողը։ Տվյալների բացակայության դեպքում ՀԱԱԳ-ը փորձում է ձեռք բերել դրանք մասնագիտացած վարկային տեղեկատվության բյուրոներից։

Վերլուծության հիման վրա ապահովագրության տրամադրումը կարող է մերժվել նորաստեղծ, վճարումների բացասական պատմություն, պարտավորությունների կատարման հետ կապված էական դատական գործեր, ինչպես նաեւ ֆինանսական ոչ բավարար տվյալներ ունեցող գնորդների դեպքում: Մերժման յուրաքանչյուր դեպքի համար արտահանողին ներկայացվում է հիմնավորում:

- Գլոբալ տնտեսական մարտահրավերների պայմաններում հատկապես կարեւորվում է արտահանողներին առավել բարենպաստ պայմանների եւ հավելյալ հնարավորությունների տրամադրման հարցը: Նախատեսո՞ւմ եք արդյոք քայլեր իրականացնել այս ուղղությամբ:

Տ.Մ. - Այո, նշեմ, որ բանակցում ենք մի շարք առեւտրային բանկերի եւ «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ-ի հետ, որոնք պատրաստակամություն են հայտնել, արտահանման ապահովագրական պայմանագրի առկայության դեպքում, արտոնյալ պայմաններով ֆինանսավորել արտահանման գործարքը:

Այժմ քննարկում ենք վարկի հաստատման պարզեցված ընթացակարգի, տոկոսադրույքների նվազեցման, ապահովության հավելյալ միջոցների պահանջների մեղմացման հնարավորությունները:

Գործընկեր բանկերի հետ աշխատում ենք մի քանի պիլոտային ծրագրերի վրա, ընթացակարգերի վերջնական ներդնումից եւ փորձարկումից հետո առաջիկայում հանդես կգանք համատեղ ծրագրերով:

- Արդյոք արդեն կա՞ն գործող պայմանագրեր մեր արտահանողների հետ:

Վ.Ա. - Այո, արդեն ունենք գործող պայմանագրեր, ինչպես նաեւ մի շարք արտահանողների հետ շարունակում ենք աշխատել իրենց արտահանման գործարքներն ապահովագրելու ուղղությամբ։

Տաթեւիկ Մուրադյանի եւ Վազգեն Աբգարյանի հետ զրուցել է Խորեն Օրմանյանը

Դիտում՝ 29616
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai