«Ֆինքա» ունիվերսալ վարկային կազմակերպությունն ապրիլի 27-ին կտեղաբաշխի իր անվանական արժեկտրոնային պարտատոմսերի երկրորդ՝ դրամային տրանշը: Այս մասին տեղեկացրել է ընկերության ֆինանսական տնօրեն Անուշ Պետրոսյանը:«Մեր պարտատոմսերը կարող են ձեռք բերվել ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձանց կողմից, որոնք հնարավորություն կտան ներդրողներին ստանալ բավականին գրավիչ՝ 12,75% եկամուտ՝ քիչ ռիսկային գործոնով: Շարունակելով աջակցել փոքր եւ միջին բիզնեսներին՝ «Ֆինքա» ՈՒՎԿ-ն թողարկում է դրամային պարտատոմսեր, որոնց տեղաբաշխման արդյունքում գոյացած միջոցներն ուղղվելու են կազմակերպության վարկային գործունեության ընդլայնմանը»,- նշել է Անուշ Պետրոսյանը: Նա հիշեցրել է, որ «Ֆինքա»-ի պարտատոմսերի նախորդ թողարկումը փետրվարի 22-ին ամբողջությամբ տեղաբաշխվել է $4 մլն անվանական արժեքով եւ 7,5% տարեկան եկամտաբերությամբ, որոնց դիմաց ներգրավվել է $4 003 869,33: Որպես պարտատոմսերի տեղաբաշխող կրկին հանդես է գալու Արարատբանկը, եւ այս անգամ տեղաբաշխումն իրականացվելու է երաշխավորված ձեւով: Պարտատոմսերը հետագայում ցուցակվելու են ֆոնդային բորսայում, որոնց մարքեթ մեյքեր է հանդիսանալու Արարատբանկը:Պարտատոմսերի թողարկման ազդագիրը եւ թողարկման վերջնական պայմանները հրապարակված են «Ֆինքա» ՈՒՎԿ-ի եւ Արարատբանկի կայքերում: Tweet Դիտում՝ 5859