Հոկտեմբերի 20-ից «Zara»-ի հայ գնորդները կարող են հայտնի ապրանքանիշի թարմ տեսականին ձեռք բերել հենց Երեւանում: Ապրանքանիշին վերաբերող մի շարք հարցերի շուրջ Մեդիամաքս-ը զրուցել է Յասին Սիբարիի հետ, որը «Zara»-ի եւ «Inditex» ընկերության գործադիր տնօրենն է Սաուդյան Արաբիայում, Կենտրոնական Ասիայում եւ Կովկասում: -Ինչպե՞ս որոշվեց, որ «Zara» ապրանքանիշը այսուհետ հասանելի կլինի նաեւ երեւանյան սպառողին:- «Zara»-ն «Inditex» ընկերության ներկայացրած ապրանքանիշերից մեկն է, որոնց թվում են նաեւ «Bershka»-ն, «Massimo Dutti»-ն, «Stradivarius»-ը, «Oysho»-ն եւ հայտնի այլ բրենդեր: Հայերն աշխարհասփյուռ են, ու մենք գիտենք, որ նրանցից շատերը հանդիսանում են մեր ապրանքանիշի երկրպագուները, այս բրենդի հագուստը մեծ պահանջարկ է վայելում, այնպես որ մեզ համար առաջնային խնդիրներից մեկն էր մասնաճյուղ բացել հենց Երեւանում: Վստահ ենք, որ մեծ հաջողություն կունենանք ու կգոհացնենք մեր հայ սպառողին: Նախատեսում ենք առաջիկա երեք տարվա ընթացքում եւս երեք մասնաճյուղ բացել այստեղ: Նշեմ, որ մասնաճյուղեր ունենք նաեւ Թբիլիսիում եւ Բաքվում: -Որո՞նք են այս ապրանքանիշի առանձնահատկությունները:-Նախ՝ մեր ներկայացրած հագուստը թանկ չէ եւ հասանելի է տարբեր խավերի համար: Դիզայնն ու որակը գնահատված են: Մեր հավաքածուները ստեղծվում են ամենանորաձեւ թրենդների հիման վրա: Ամենակարեւոր առանձնահատկություններից մեկը խանութների տեսականին մեկ կամ երկու շաբաթը մեկ թարմացնելն է: Այս ավանդույթը կպահպանենք նաեւ երեւանյան մասնաճյուղում: Հաջորդ առանձնահատկությունն էլ այն է, որ մեր տեսականին նախատեսված է ողջ ընտանիքի՝ կանանց, տղամարդկանց եւ երեխաների համար: Հաջողության ու այս ոլորտում բարձր մակարդակի ենք հասել վերոհիշյալ նախապայմանների շնորհիվ: -Ի՞նչ կասեք զեղչերի համակարգի վերաբերյալ:-Մեր խանութներում զեղչերի համակարգը շատ ճկուն է եւ համապատասխանում է համաշխարհային ստանդարտներին: Բոլոր քաղաքներում գտնվող խանութները վերահսկվում են գլխավոր գրասենյակի կողմից, այնպես որ ամենուր զեղչերը եւս նույնն են լինելու: -Ո՞րն է նման հաջողության գաղտնիքը:-Յուրաքանչյուր մասնագետ այս ոլորտում աշխատաոճի սեփական յուրահատկություններն ունի, բայց իրականում ոչ մի գաղտնիք էլ չկա: Մեր ապրանքանիշը հզոր լոգիստիկ համակարգ ունի: Մշակել ենք մեր աշխատաոճն ու միշտ առաջ ենք շարժվում: Գնային առումով բավական մատչելի եւ հաճախակի նորացվող տեսականի, որը նախատեսված է բոլորի համար, ինչպես նաեւ զեղչերի ճկուն համակարգ. սրանք են գաղտնիքները:-Առաջի՞ն անգամ եք Երեւանում:- Սա արդեն չորրորդ այցս է: Տեղական շուկան ուշադիր ուսումնասիրել եմ նախորդ տարվա հոկտեմբերին. ընտրվեց մասնաճյուղի վայրը, մոտ մեկ տարի տեւեցին նախապատրաստական աշխատանքներն ու այսօր արդեն այստեղ ենք՝ այլ առաքելություն իրականացնելու: Հայաստանյան շուկան «կուսական» է մեզ համար: Այսուհետ ավելի հաճախ եմ լինելու Երեւանում: Շատ եմ սիրում երեւանցիներին: Հայերն ընկերասեր եւ հյուրընկալ են: Այստեղ հետաքրքիր առանձնահատկություններ եմ նկատել, որ այլ քաղաքներում չկան: Սիրում եմ հայկական երաժշտությունը, նաեւ խոհանոցն ու մշակույթը:-Իսկ ինչպե՞ս կգնահատեք հայկական նորաձեւությունը:-Երբ քայլում եմ փողոցով, նկատում եմ, որ աղջիկները շատ լավ են հագնված, շպարված: Մի փոքր տոնական տեսք ունեն, բայց դա գովելի փաստ է: Այստեղ ցերեկը կարելի է հանդիպել բարձրակրունկ կոշիկներով կանանց, իսկ Եվրոպայում նման բան չկա, այնտեղ հարմարության ջատագովներն են բնակվում: Հայերի համար կապ չունի` զբոսնում են, համալսարան շտապում, թե` աշխատանքի, յուրաքանչյուրը մեծ ուշադրություն է դարձնում արտաքինին: Հայ աղջիկները կոկետուհիներ են: Այս պարագայում ճիշտ կամ սխալ չկա, քաղաքում ձեւավորված ճաշակի ու մշակույթի հարց է:-Ի՞նչ տեսականի սպասենք երեւանյան նորաբաց «Zara»-ում:-Երկու հիմնական հավաքածու ունենք՝ նախատեսված գարուն-ամառ եւ աշուն-ձմեռ սեզոնների համար, վերջինը կներկայացնենք Երեւանում, որը ներառում է ամենանորաձեւ ու թրենդային հագուստները: Այս տարի վերադարձել է 90-ական թվականների` ենթամշակութային նորաձեւությունը: Համաշխարհային շուկայում այս հավաքածուները մեծ հաջողություն են ունեցել: -Ի՞նչ խորհուրդ կամ մաղթանք ունեք այս ապրանքանիշի հայ սպառողներին:-Նախ՝ համեցեք մեզ մոտ: Շնորհավորում եմ մեզ ու ձեզ, գիտեմ, որ հայերը սիրում են մեզ, մենք էլ ուրախ ենք լինել այստեղ: Նորաձեւությունը բոլորի համար է, յուրաքանչյուրն արժանի է նորաձեւ ու գեղեցիկ հագուստ կրել` անկախ գրպանում եղած գումարի չափից: Ամեն անգամ, երբ նոր մասնաճյուղ ենք բացում, փորձում ենք մեր լուման ներդնել տվյալ քաղաքի նորաձեւության կայացման հարցում: Վերջապես «Zara»-ի նորաձեւությունը կժամանի Երեւան:Յասին Սիբարիի հետ զրուցել է Լենա Գեւորգյանը: Tweet Դիտում՝ 5672