«Նուշիկյան ասոցիացիայի» համահիմնադիր Գարեգին Նուշիկյանի հարցազրույցը Banks.am պորտալին- Պ-ն Նուշիկյան, եկեք ընդունենք, որ մեր իրականության մեջ քաղաքականությունն ու խոշոր բիզնեսը փողկապակցված են եւ ակնկալում են փոխադարձ օգուտներ: Օգուտներ են ակնկալում նաեւ երկու ոլորտների «սպառողները»`շարքային քաղաքացիները: Որքանո՞վ են արդարանում նրանց սպասումները վերը նշված «տանդեմից»:- Քաղաքականությունն ու խոշոր բիզնեսը միշտ էլ համագործակցության եզրեր գտնում են ամբողջ աշխարհում: Քաղաքական բազմաթիվ խնդիրներ լուծվում են խոշոր բիզնեսի աջակցությամբ, եւ դա, կարծում եմ, բնական է, քանի որ երկրում գործող բոլոր անհատների վերջնական նպատակը պետք է լինի պետության եւ հասարակության համար դրական գործունեություն ծավալելն ու երկրի բնակչության ապրելակերպը բարելավելը: Խոշոր բիզնեսը ենթադրում է շատ աշխատատեղեր, ինչն էլ նպաստում է գործազրկության նվազմանը, ուստի պետք չէ խոշոր բիզնեսը դիտարկել որպես վատ երեւույթ: Պետք է միայն հավասար պայմաններ ստեղծել գործարար միջավայրում գործող բոլոր անհատների համար: Պետք է հնարավորինս քայլեր ձեռնարկել միջին խավի ձեւավորման համար, իսկ դա հնարավոր է անել միջին ու փոքր բիզնեսի համար նպաստավոր պայմաններ ստեղծելով, ներդրումային քաղաքականության զարգացմամբ, հարկային եւ մաքսային ոլորտներում հնարավոր բարեփոխումներ անելով:- Բիզնեսի եւ պետության, բիզնեսի եւ քաղաքականության սերտաճման թեման այսօր ամենաքննարկվողներից է Հայաստանում: Կարծում եմ, Դուք չեք հերքի, որ այդ խնդիրն իսկապես առկա է եւ բացասաբար է ազդում երկրի զարգացման վրա, դանդաղեցնում է բարեփոխումների ընթացքը: Ինչպե՞ս եք տեսնում այդ խնդրի լուծումը:- Կարծում եմ, որ բարեփոխումները պետք է առաջին հերթին ուղղված լինեն հասարակության լայն շերտերին, ուստի այս պարագայում պետք է օրենսդրական այնպիսի փոփոխություններ անել, որոնք օգտակար են ոչ թե հասարակության մի խմբին, այլ ավելի լայն հնարավորություններ են ստեղծում հասարակության լայն շերտերի համար: Յուրաքանչյուր մարդ` կլինի գործարար, թե այլ մասնագիտության տեր, պետք է գիտակցի, որ երկրի ընդհանուր վիճակից է կախված նաեւ իր բարեկեցությունը: Չի կարող երկիրը գտնվել տնտեսապես թույլ վիճակում, եւ դա օգտակար լինի առանձին գործարարի համար, քանի որ ինչքան ավելանում են բնակչության եկամուտները, բարելավվում է ապրելակերպը, այնքան շահում է թե պետությունը, թե հասարակությունը, եւ թե առանձին գործարարներն ու արտադրող ընկերությունները: - Դուք հայտնի գործարար եք, Ձեր բիզնեսը երկար տարիների պատմություն ունի եւ զարգացել է` անկախ երկրում ընթացող քաղաքական գործընթացներից: Այս առումով ինչ-որ տեղ անսպասելի էր Ձեր որոշումը`մտնել քաղաքականության մեջ: Որո՞նք են այդ որոշման իրական ու հիմնական դրդապատճառները: - Առաջին հերթին, այն խնդիրներն են, որոնց լուծմանը պատրաստ եմ ավելի ակտիվ մասնակցել: Երկար տարիներ աշխատելով գործարար ոլորտում, ինչպես նաեւ լինելով Գործարարների եւ արդյունաբերողների միության նախագահության անդամ, բազմիցս առնչվել եմ մեր երկրում տնտեսության զարգացմանը խոչընդոտող խնդիրներին, ուստի որոշեցի իմ տարիների ընթացքում ձեռք բերված փորձն ու գիտելիքները ծառայեցնել այդ խնդիրների լուծմանը եւ նպաստել իմ երկրի զարգացմանը: Օրենսդիր գործունեությունն ինձ ավելի լայն հնարավորություններ կտա այդ առումով:- Այսօր Հայաստանի տնտեսական օրենսդրության մեջ կա՞ն այնպիսի բացթողումներ, որոնք ակնհայտորեն խանգարում են բիզնեսին: Եթե կան, խնդրում եմ թվարկեք մի քանիսը եւ ասեք, թե ինչպե՞ս եք փորձելու լուծել դրանք, եթե պատգամավոր դառնաք:- Այսօր մենք բացթողումներ ունենք մաքսային եւ հարկային օրենքներում: Պետք է կարողանանք հարկային այնպիսի քաղաքականություն վարել, որը նպաստավոր պայմաններ կստեղծի փոքր ու միջին բիզնեսի գործունեության եւ զարգացման համար, պետք է վերանայել մաքսային մարմինների կողմից հսկիչ գների կիրառման քաղաքականությունը: Շատ կարեւոր է խթանել օտարերկրյա ներդրումային քաղաքականությունը, պետք է կարողանանք ֆինանսական հնարավորինս կայուն պայմաններ ստեղծել, որպեսզի մարդիկ ավելի վստահ լինեն եւ ներդնեն իրենց գումարները մեր երկրի տարբեր ոլորտներում` ինչպես բիզնեսի, այնպես էլ արդյունաբերության մեջ: Օրենսդիր մարմնից հասնում է ժողովրդի համար գործունեության նպաստավոր պայմաններ ստեղծելը, եւ դա պետք է արվի, քանի որ մեր ժողովուրդն աշխատասեր է, ուստի մենք պետք է կարողանանք հնարավորություն տալ ժողովրդին աշխատելու, իր կենսակերպի պայմանները բարելավելու, ինչի արդյունքում զգալիորեն կնվազի նաեւ արտագաղթը: Բացթողումներ եւ խնդիրներ շատ կան, ուստի պետք է ուսումնասիրել դրանք, լուծման հնարավոր տարբերակներից ամենաարդյունավետն ընտրել եւ գործել ի օգուտ մեր երկրի եւ ժողովրդի: - Գործարար թեկնածուն, անկախ ամեն ինչից, ունի առնվազն մեկ առավելություն` ընտրապայքարի վրա ծախսվող գումարն է: Որքանո՞վ շռայլ են Ձեր ներդրումները նախընտրական գործընթացում: - Օրենքը սահմանել է գումարի չափ, որից ավելին թեկնածուն չի կարող ծախսել նախընտրական քարոզարշավն իրականացնելիս, ուստի հետեւում եմ օրենքի պահանջներին: Նախընտրական գործընթացում ավելի շատ կարեւորում եմ թեկնածուի եւ ընտրողների հանդիպումները, քանի որ վերջին հաշվով պատգամավորն ԱԺ-ում ներկայացնում է իրեն ընտրած մարդկանց խնդիրները եւ առաջարկում դրանց լուծման տարբերակները, բարձրացնում է իր ընտրատարածքի բնակիչներին հուզող հարցերը եւ փորձում է լուծել դրանք, ուստի շատ կարեւոր է, որ նախընտրական շրջանում թեկնածուն տեղյակ լինի իր ընտրատարածքում բնակվող անձանց խնդիրներից, իսկ ընտրվելուց հետո էլ մշտապես կապի մեջ լինի ընտրողների հետ: - Գործարար պատգամավորների ԱԺ-ի նիստերին մասնակցության վիճակագրությունը վկայում է, որ նրանք օրենսդրական աշխատանքը դիտարկում են որպես «հոբի», իսկ հիմնական աշխատանքը, ինչպես նախկինում, մնում է բիզնեսը: Այս լույսի ներքո դժվար է հավատալ, որ Դուք, ինչպես եւ այլ գործարար թեկնածուներ, պատգամավոր դառնալով, իսկապես չեք զբաղվելու ձեր բիզնեսով:- Դեռեւս 2007թ.-ին լուսահոգի Անդրանիկ Մարգարյանի կողմից առաջարկություն ստացա մտնել ԱԺ համամասնական ցուցակով: Այն ժամանակ չհամաձայնեցի, քանի որ բավարար ժամանակ չէի կարող տրամադրել օրենսդիր գործունեությանը, ուստի միշտ ել գիտակցել եմ այն պատասխանատվությունը, որը ստանձնում է պատգամավորը թե ինքն իր առջեւ, թե իրեն քվե տված մարդկանց առջեւ: Ինչ վերաբերում է բիզնեսին, ապա ԱԺ պատգամավոր ընտրվելու դեպքում եղբայրս է զբաղվելու մեր կազմակերպության գործերով: Եղբայրս էլ մասնագիտությամբ տնտեսագետ է, մենք միասին ենք հիմնադրել «Նուշիկյան ասոցիացիան», եւ նա հանդիսանում է մեր կազմակերպության փոխնախագահը: - Ինչպե՞ս է ընդունվեց առաջադրվելու Ձեր որոշումը ձեր ընկերության աշխատակիցների, մասնավորապես, մենեջերական կազմի կողմից: - Թերեւս մի փոքր տխրությամբ, քանի որ ես միշտ փորձել եմ ստեղծել փոխադարձ վստահության եւ հարգանքի մթնոլորտ, հնարավորություն եմ տվել աշխատակիցներին դրսեւորել իրենց ունակությունները, գնահատել եմ նոր գաղափարներ կրող եւ նպատակասլաց աշխատակիցներին, աջակցել եմ նրանց: Արդեն ասացի, որ ընտրվելու դեպքում ինձ փոխարինելու է եղբայրս, ուստի հանգիստ եմ, քանի որ նա էլ է կողմ աշխատանքային քաղաքակիրթ մթնոլորտին եւ հարաբերություններին: Tweet Դիտում՝ 3846