Հայաստանը ֆինանսական համակարգում սպառողների պաշտպանության ոլորտում զգալի ձեռքբերումներ է արձանագրել: Ֆինանսական համակարգում սպառողների շահերի պաշտպանության ուղղությամբ Հայաստանի Կենտրոնական բանկի (ԿԲ) կատարած աշխատանքները արժանացել է սեպտեմբերին Մեքսիկայում տեղի ունեցած Ֆինանսական ներթափանցման միության (AFI) «Գլոբալ քաղաքականության ֆորումի» մասնակիցների բարձր գնահատականին, որոնք կարեւորել են Հայաստանի փորձի կիրառումն այլ երկրներում: Ֆորումի արդյունքներով Հայաստանի ԿԲ-ն ստանձնել է «Ֆինանսական համակարգում սպառողների պաշտպանության գծով միջազգային ստանդարտների ներդաշնակեցման» աշխատանքային խմբի ղեկավարումը: Աշխատանքային խմբում կատարվելիք աշխատանքների եւ ֆինանսական համակարգում սպառողների պաշտպանության ներկա իրավիճակի եւ զարգացումների մասին Մեդիամաքս-ի եւ Banks.am-ի հետ հարցազրույցում պատմել են ՀՀ ԿԲ սպառողների շահերի պաշտպանության եւ շուկայի վարվելակերպի բաժնի պետ Արմենուհի Մկրտչյանը եւ ԿԲ ֆինանսական համակարգի կարգավորման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը: - ՀՀ ԿԲ-ն անդամակցում է AFI-ին այս տարվանից, սակայն գրեթե անմիջապես ստանձնել է «Ֆինանսական համակարգում սպառողների պաշտպանության գծով միջազգային ստանդարտների ներդաշնակեցման» աշխատանքային խմբի ղեկավարումը: Ինչպե՞ս է դա ստացվել:Արմենուհի Մկրտչյան. - Սպառողների շահերի պաշտպանությունը եւ շուկայական վարվելակերպի կարգավորումն աշխարհում համեմատաբար նոր երեւույթ է, հատկապես, զարգացող երկրների մեծ մասում եւ այս տեսանկյունից Հայաստանը բավականին առաջատար դիրքերում է: Գործունեությունն այս ուղղությամբ սկսվել է մեզ մոտ 2007թ-ից, եւ մենք արդեն ձեռք ենք բերել բավականին հարուստ փորձ. ընդունվել են սպառողական վարկերի եւ ավանդների մասին օրենքներ, որոնք ուղղված են սպառողների շահերի պաշտպանությանը, ունենք ֆինանսական հաշտարարի ինստիտուտ, որը միակն է իր բնույթով ԱՊՀ-ում եւ ընդհանրապես զարգացող երկրներում, քանի որ այն համապարփակ կերպով ծածկում է ողջ ֆինանսական համակարգը եւ ստանձնում է անկախ եւ անվճար դատավորի դեր: Անդրանիկ Գրիգորյան. – Ավելին, նույնիսկ զարգացած երկրներում հաճախ չկան ֆինանսական շուկայում սպառողների պաշտպանության այնպիսի տարրեր, որոնք կան Հայաստանում: Շատերն են զարմանում, որ Հայաստանը, լինելով զարգացող երկիր, արդեն ունի ֆինանսական հաշտարարի ինստիտուտ եւ սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող առանձին ստորաբաժանում ԿԲ-ում: Այսօր ինչպես ԱՊՀ-ում, այնպես էլ նույնիսկ որոշ եվրոպական երկրներում փորձում են հասկանալ, ինչպես է այս ամենը ներդրվել Հայաստանում եւ հաջողությամբ գործում: - Ինչո՞վ է հիմնականում տարբերվում զարգացող եւ զարգացած երկրներում ֆինանսական համակարգի սպառողների պաշտպանությունը: Տարբերությունը միայն զարգացած երկրներում ֆինանսական գործիքների բազմազանությա՞ն մեջ է, թե՞ կան այլ հանգամանքներ:Արմենուհի Մկրտչյան. - Զարգացած երկրներն ունեն այս ոլորտում հարուստ փորձ, եւ բնակչությունը գրեթե ամբողջությամբ ներգրավված է ֆինանսական ծառայությունների ոլորտում: Զարգացող երկրներում, այդ թվում Հայաստանում, պատկերն այլ է: Անդրանիկ Գրիգորյան. – Զարգացած երկրներում մրցակցության երկար ավանդույթները բերել են նրան, որ ծառայությունները ֆինանսական ոլորտում ավելի են ուղղված դեպի սպառողը: Զարգացող երկրների համար ֆինանսական ծառայություններից օգտվելու մշակույթի ձեւավորման վրա երկար ժամանակ ծախսելը եւ սպասելը, մինչեւ տեղի ունենա սերնդափոխություն, շատ թանկ է նստելու, այդ իսկ պատճառով էլ արհեստականորեն ձեւավորվում են հատուկ կառույցներ, որոնք սպառողների համար պետք է ստեղծեն ընդհանուր դաշտ շահերի պաշտպանության ոլորտում: - Հայաստանի ֆինանսական համակարգում սպառողների պաշտպանության կոնկրետ ո՞ր բաղադրիչներն են արժանացել AFI-ի ֆորումի մասնակիցների բարձր գնահատականին:Արմենուհի Մկրտչյան. – Սպառողների շահերի պաշտպանությունը բաղկացած է 3 հիմնական բաղադրիչներից. - ֆինանսական կազմակերպությունների կարգավորում, որպեսզի նրանք ավելի թափանցիկ գործեն եւ ազնվորեն վարվեն սպառողների հետ;- սպառողների իրազեկում եւ նրանց վարքագծի փոփոխություն, որպեսզի նրանք իրազեկ եւ հակված լինեն օգտվելու ֆինանսական համակարգից;- Վերոհիշյալ երկու կողմերի հարաբերությունների կարգավորում: Մենք արձանագրել ենք հաջողություն բոլոր երեք բաղադրիչների գծով. կարգավորման տեսանկյունից ունենք օրենսդրական եւ ենթաօրենսդրական դաշտ, որը բավականին առաջադեմ է, ունենք դրա կիրառման, վերահսկման եւ խնդիրների արծարծման արժեքավոր փորձ: Սպառողների մասով մենք ունենք հարուստ փորձ ֆինանսական կրթման ոլորտում, գիտենք, ինչպես հասցնել այս գիտելիքները ուսուցիչներին, աշակերտներին, ուսանողներին եւ ֆինանսական համակարգի հաճախորդներին: Ֆինանսական համակարգի եւ հանրության փոխհարաբերությունները կարգավորող կառույցների տեսանկյունից ֆինանսական հաշտարարի ինստիտուտն ամենաէականն է, քանի որ այն ապահովում է այն դատական ֆունկցիան, որը մեր երկրում, որպես այդպիսին, այդ մասով գուցե անարդյունավետ է: ԿԲ գործարկել է նաեւ www.abcfinance.am միասնական ֆինանսական պորտալը, որտեղ սպառողները կստանան իրենց հետաքրքրող հարցերը: Ե՛ւ ԿԲ-ում, ե՛ւ ֆինանսական հաշտարարի գրասենյակում գործում են թեժ գծեր: Եթե զարգացած երկրներում ֆինանսական ոլորտի հաճախորդների պաշտպանության հիմնական խնդիրը կայանում է տեղեկացման մեջ, ապա զարգացող երկրներում կա երկրորդ խնդիրը՝ վարքագծի փոփոխությունը, ինչը բավականին ծանր գործընթաց է: Անդրանիկ Գրիգորյան. – AFI-ին արձանագրել է Հայաստանի ձեռքբերումներն այս բոլոր ոլորտներում եւ առաջարկվել է, որպեսզի Հայաստանի ԿԲ-ն ստանձնի «Ֆինանսական համակարգում սպառողների պաշտպանության գծով միջազգային ստանդարտների ներդաշնակեցման» աշխատանքային խմբի ղեկավարումը, որը պետք է զբաղվի այս ոլորտում համաշխարհային ստանդարտների մշակմամբ, ընդհանուր սկզբունքների ստեղծմամբ, որոնցով պետք է առաջնորդվեն բոլոր երկրները՝ թե՛ զարգացած, թե՛ զարգացող:- Ի՞նչ օրինակներով եւ մոդելներով է առաջնորդվում Հայաստանը ֆինանսական համակարգում սպառողների պաշտպանության ամրապնդման գործում: Անդրանիկ Գրիգորյան. – Մենք առաջնորդվում ենք եվրադիրեկտիվներով, բայց ոչ թե ուղղակի արտատպում ենք դրանք, այլ տեղայնացնում, ստեղծում մեր ունիկալ դաշտը, ինչը, կարծես թե, հաջողվում է: - Ֆինանսական ներթափանցման խորացմանը զուգընթաց ի՞նչ ուղղությամբ է շարժվելու սպառողների պաշտպանությունը: Խոսքը, մասնավորապես, կենսաթոշակային բարեփոխումների մասին է: Արմենուհի Մկրտչյան. – Պաշտպանությունը շարժվելու է մի քանի ուղղություններով: Իրազեկումը կենսաթոշակային նոր համակարգի ներդրման շրջանում, անշուշտ, մեծ տեղ է զբաղեցնելու մեր աշխատանքում: Դրա հետ մեկտեղ մենք դեռեւս չենք կարող պարծենալ, որ մեր բնակչությունը 100%-ով իրազեկ է ֆինանսական ծառայությունների մասին եւ նրանց վարքագիծը փոխված է եւ պետք է շարունակենք աշխատել այս ուղղությամբ: Tweet Դիտում՝ 3997