Թրամփը, բիթքոյնը եւ դոլարի ապագան
14.03.2025 | 23:00
Գլխավոր էջ /
Նորություններ /
Հոդվածներ /

Լուսանկարը՝ REUTERS


Քարլա Նորլյոֆ
2025 թվականի մարտի 6-ի գործադիր հրամանով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստեղծեց «թվային ոսկու» բիթքոյն պահուստ, որը կապիտալիզացվելու է դաշնային իրավապահների կողմից առգրավված բիթքոյնների հաշվին: Բիթքոյնի առաջարկը սահմանափակված է 21 միլիոնով, ուստի վարչակազմը ցանկանում է, որ Միացյալ Նահանգներն առաջինը դառնա նոր պահեստի հիմնական սեփականատերը: Բայց քանի որ քիչ հավանական է, որ միայն բռնագրավված բիթքոյնները ապահովեն ցանկալի մասշտաբը, ԱՄՆ-ը կարող է նաեւ գնել դրանք բաց շուկայում:
ԱՄՆ-ն միայնակ չէ: Ամբողջ աշխարհում կառավարությունները սկսել են դիտարկել բիթքոյնը որպես պահուստային ակտիվ: Բրազիլիայում կոնգրեսական Էրոս Բիոնդինին առաջարկել է Կենտրոնական բանկին կուտակել այնքան բիթքոյններ, որ դրանք կազմեն երկրի պահուստների 5%-ը: Բութանը դարձել է աշխարհի ամենախոշոր բիթքոյն սեփականատերերից մեկը․ նրա Gelephu Mindfulness City-ն պահում է կրիպտոարժույթը որպես ռազմավարական պահուստ: Էլ Սալվադորի նախագահ Նայիբ Բուկելեն շարունակում է գնել բիթքոյններ որպես ռազմավարական պահուստ, Հոնկոնգի օրենսդիրները առաջարկել են ավելացնել բիթքոյնը քաղաք-պետության պաշտոնական պահուստներին: Լուրեր են պտտվում, որ Չինաստանը ծածուկ բիթքոյնի պահուստ է ստեղծում: Վերջերս շվեյցարական հասարակական նախաձեռնությունը պահանջել է Շվեյցարիայի Ազգային բանկից (SNB) ներառել բիթքոյնը իր պահուստներում, թեեւ SNB-ի նախագահ Մարտին Շլեգելը մերժում է այդ գաղափարը՝ վկայակոչելով կրիպտոարժույթի անկայունության, իրացվելիության ու անվտանգության հետ կապված խնդիրները:
Պահուստների դիվերսիֆիկացման ճամբարին միանալու ԱՄՆ կառավարության որոշումը լուրջ կասկածներ է հարուցում իր իսկ արժույթի հեգեմոնիայի ապագայի վերաբերյալ: Եթե ավելի շատ երկրներ կամ հաստատություններ որոշեն դոլարի փոխարեն բիթքոյն կուտակել, դոլարային պահուստների համաշխարհային պահանջարկը ժամանակի ընթացքում կկրճատվի: Մրցակցող արժեքի օրինականացումը կարող է սասանել վստահությունը դոլարի նկատմամբ՝ քայքայելով Ամերիկայի կարգավիճակը, որպես համաշխարհային պահուստային արժույթի երկրի, եւ դրանից բխող առավելությունները: Առանց դոլարի նկատմամբ մեծ միջազգային պահանջարկի, ԱՄՆ-ն, ի վերջո, կարող է կորցնել ցածր տոկոսադրույքներով փող տպելու եւ պարտք վերցնելու իր «ծայրահեղ արտոնությունը»: Բիթքոյնին աջակցելու եւ դոլարի գերակայությունը պաշտպանելու համար, հետեւաբար, նուրբ հավասարակշռություն է պետք:
Բիթքոյնի քաղաքականությանը զուգահեռ՝ Թրամփի վարչակազմը հիմնովին վերափոխում է նաեւ ԱՄՆ առեւտրային քաղաքականությունը։ ԱՄՆ-ն 25% մաքսատուրքեր է սահմանել կանադական եւ մեքսիկական ապրանքների վրա, բարձրացրել չինական ապրանքների մաքսատուրքերը (ԱՄՆ-ի ընդհանուր միջին մաքսատուրքը հասցնելով 39%-ի) եւ սպառնացել նմանատիպ միջոցներ ձեռնարկել եվրոպական գյուղատնտեսության դեմ։ Այս քայլերն արդեն իսկ շուկայում խառնաշփոթ են առաջացրել, որը սրվել է կրկնվող ձգձգումներով եւ փոփոխություններով, եւ ստիպել հակաքայլեր ձեռնարկել:
Քանի որ Կանադան եւ Մեքսիկան մեծապես կախված են ԱՄՆ-ի հետ առեւտրից, մաքսատուրքերը նվազեցնում են նրանց արտահանումը եւ դոլարի ներհոսքը՝ թուլացնելով նրանց արժույթները: Ի հակադրություն՝ Չինաստանի դիվերսիֆիկացված արտահանման բազան եւ վերահսկվող արժութային ռեժիմը թույլ են տալիս մեղմել ԱՄՆ մաքսատուրքերի ազդեցությունը եւ աջակցել յուանին: Ավելին, ԱՄՆ-ն մեծապես կախված է Չինաստանից ստացվող միջանկյալ ապրանքներից, այդ պատճառով մաքսատուրքերը կհանգեցնեն ԱՄՆ արտադրության ծախսերի աճին, կբարձրացնեն սպառողական գներն ու գնաճը եւ պակաս գրավիչ կդարձնեն դոլարը:
Ի լրումն ամերիկյան ապրանքների եւ դրանք գնելու համար դոլարի պահանջարկի կրճատմանը, Թրամփի քաղաքականությունը անկանխատեսելիություն է ստեղծել եւ նվազեցրել վստահությունը ԱՄՆ շուկաների հանդեպ: Նրա սպառնալիքներն արդեն իսկ դրդում են Եվրամիությանը մտածել արժույթի ավելի մեծ դիվերսիֆիկացման մասին եւ այլընտրանքային շուկաներ փնտրել: Ավելի քիչ ներդրողներ են որոշում դոլարով արտահայտված ակտիվներ պահել, ուստի դոլարը սկսել է թուլանալ:
Կարո՞ղ է արդյոք ԱՄՆ-ն ընդունել բիթքոյնը որպես ռազմավարական պահուստ եւ նման առեւտրային քաղաքականություն վարել՝ չվտանգելով դոլարի համաշխարհային վարկանիշը: Երկրները սովորաբար բացի դոլարից ունեն մի քանի պահուստային ակտիվներ՝ եվրո, իեն, ֆունտ սթերլինգ կամ ոսկի: Սակայն բիթքոյնի եզակի, ապակենտրոնացված կառուցվածքը եւ սահմանափակ քանակը առանձնացնում են այն ավանդական պահուստային միջոցներից: Պաշտոնապես ընդունելով այն՝ ԱՄՆ-ը կարող է ակամա արագացնել աշխարհում դոլարային պահուստներից հրաժարվելը:
Թրամփն ու նրա թիմը կարծես հույս են դրել, որ այլ ուժեր կներգրավվեն՝ ԱՄՆ տնտեսությունից օտարերկրացիների չափազանց մեծ կախվածության պատճառով: Ենթադրվում է, որ օտարերկրյա արտադրողները կհամաձանվեն ավելի ցածր գների՝ մրցունակ մնալու համար, կամ օտարերկրյա արժույթները կարժեզրկվեն՝ փոխհատուցելու ԱՄՆ մաքսատուրքերի ազդեցությունը, եւ բեռը կընկնի օտարերկրացի, այլ ոչ ամերիկացի սպառողների եւ արտադրողների վրա:
Այդպիսին է այսպես կոչված «Մար-ա-Լագոյի համաձայնագրի» հիմքում ընկած մտածողությունը. Թրամփի վարչակազմի ռազմավարությունն է օգտագործել պատժիչ մաքսատուրքեր՝ դոլարը թուլացնելու, ԱՄՆ-ի փոխառությունների ծախսերը նվազեցնելու եւ արտադրությունը խթանելու համար, եւ միեւնույն ժամանակ պահպանել դոլարի համաշխարհային գերակայությունը: Ի տարբերություն Պլազայի համաձայնագրի կամ Լուվրի համաձայնագրի, երբ խոշոր տնտեսությունները համաձայնեցին համակարգել փոխարժեքները, ԱՄՆ-ը ստիպում է իր հիմնական առեւտրային գործընկերներին եւ օտարերկրյա կենտրոնական բանկերին թուլացնել իրենց արժույթները դոլարի համեմատ՝ նպաստելով ԱՄՆ տնտեսական շահերին: Սակայն եթե այս տնտեսական գործընկերները հրաժարվեն համագործակցել, ծրագիրը չի աշխատի, եւ համաձայնագրի բոլոր նպատակները կխափանվեն:
Այս ռազմավարության մեծ մասը բխում է Թրամփի Տնտեսական խորհրդատուների խորհրդի նախագահ Սթիվեն Միրանի 2024-ի նոյեմբերի փաստաթղթից, որն առաջարկել էր, որ ԱՄՆ-ն մաքսատուրքեր սահմանի չափված ձեւով, որպեսզի եկամուտներ ունենա ներմուծման մաքսատուրքերից՝ առանց սպառողների համար չափազանց բարձր գների: ԱՄՆ կառավարությունը մաքսատուրքեր կսահմանի ներմուծումների վրա այն երկրներից, որոնք զգալի օգուտ են քաղում ԱՄՆ դոլարի պահուստային կարգավիճակից, եւ կստանա տնտեսական շահույթների որոշ մասը, որը ենթադրաբար արտահոսում է դեպի արտասահմանյան տնտեսություններ: ԱՄՆ-ում գնաճից խուսափելու համար Միրանը նախատեսում է արժույթի տարատեսակ փոխհատուցող քայլեր: Դիվանագիտական եւ ֆինանսական գործիքները համակցելով՝ օտարերկրյա կենտրոնական բանկերին կարելի է համոզել իջեցնել տոկոսադրույքները կամ օգտագործել արտարժույթի սվոփներ՝ ԱՄՆ-ի գնաճը զսպելու համար:
Այդպիսին կլինի ԱՄՆ շուկա մուտք գործելու գինը, որը Թրամփը համարում է արտոնություն, որը պետք է վաստակել: Վարչակազմը կբարձրացնի չհամագործակցող երկրների մաքսատուրքերը՝ ստիպելով նրանց ստանձնել դոլարի կառուցվածքային ծախսերի մի մասը, կամ ավելի սերտորեն համապատասխանել ԱՄՆ անվտանգության եւ տնտեսական նպատակներին: Արդյունքը կլինի չափանիշների հիման վրա մաքսատուրքերի «աստիճանական սանդղակը»: Մանրակրկիտ չափորոշված մաքսատուրքերը եւ փոխարժեքի կառավարումը, ըստ Միրանի, կուժեղացնի դոլարի համաշխարհային դերը եւ կմեծացնի կառավարության եկամուտը:
Գեղեցիկ միտք է։ Բայց Մար-ա-Լագոյի համաձայնագիրը, որն ուղեկցվում է բիթքոյնը ընդունելով, հեշտությամբ կարող է հակառակ արդյունք տալ: Ի վերջո, այլընտրանքային պահուստային ակտիվի հաստատումը դառնում է դոլարի գերակայության մարտահրավեր: Թրամփի առեւտրային պատերազմները ենթադրում են, որ ԱՄՆ գործընկերները կենթարկվեն: Բայց եթե նրանք սկսեն հեռանալ ԱՄՆ շուկայից, փնտրեն այլընտրանքային շուկա կամ անվտանգության դաշինքներ, ընդունեն բիթքոյնը կամ այլ արժույթները պահուստների լայնածավալ դիվերսիֆիկացման համար, իրավիճակն անկանխատեսելի կդառնա:
Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի
Copyright: Project Syndicate, 2024.
www.project-syndicate.org
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: