Հունվարի 24-ին տեղի է ունեցել «Ամունդի-Ակբա»-ի երկրորդ տնտեսական համաժողովը, որի նպատակն էր համախմբել մտքի առաջնորդներին, ոլորտի փորձագետներին եւ նորարարներին՝ ուսումնասիրելու եւ վերլուծելու ժամանակի մարտահրավերները, միտումներն ու տնտեսական միջավայր ձեւավորող տարբեր թեմաներ։ Banks.am-ը ներկայացնում է համաժողովի առավել ուշագրավ հատվածները։ Հետազոտությունների հարթակ եւ այլ նպատակներԺան Մազեջյան, Ամունդի-Ակբա Ասեթ ՄենեջմենթՄեկ տարի առաջ «Ամունդի-Ակբա»-ի առաջին տնտեսական համաժողովը մեծ հաջողություն գրանցեց եւ որոշեցինք այն դարձնել ամենամյա։ Մեկ տարի առաջ ներկայացրեցինք այն նորարար նախագծերը, որ իրականացրել է «Ամունդի-Ակբա»-ն վերջին 10 տարիների ընթացքում: ՎԶԵԲ-ի հետ համաձայնագիր ենք կնքել, որպեսզի կարողանանք իրականացնել միջարժութային ռեպո գործարքներ։ Սա հնարավորություն է տալու մեր հաճախորդների խնայողությունների շնորհիվ ֆինանսավորել Հայաստանի տնտեսության զարգացումը, հայկական բանկերի եւ ձեռնարկությունների ֆինանսավորումը տեղական արժույթով՝ առանց փոխարժեքի ռիսկը նրանց վրա ծանրացնելու։ 2024-ին շարունակելու ենք այս նորարար գործունեությունը՝ մեծածավալ դոլարների գործարքներ իրականացնելով։ Ցանկանում ենք, որ Հայաստանում յուրաքանչյուր ուսանող հեշտությամբ կարողանա ուսումնասիրել ֆինանսական ոլորտը եւ յուրաքանչյուր գործիչ ֆինանսական ոլորտում կարողանա մասնակցել տնտեսական ժամանակակից քննարկումներին։ 2024 թվականի սեպտեմբերին «Ամունդի-Ակբա»-ն ստեղծելու է հետազոտությունների հարթակ՝ Amundi-AcbaAcademy-ն, որտեղ լինելու են բազմաթիվ հրատարակություններ, հայերեն թարգմանված հոդվածներ եւ այդ ամենից ուսանողներն օգտվելու են անվճար։ «Ամունդի-Ակբա»-ն պետք է կարողանա Հայաստանում իրականացնել հիմնական նպատակներ՝ միտված դեպի ապագա: Այս շարքում ոչ միայն ֆինանսական ոլորտն է, այլեւ կլիմայական փոփոխությունները։ Պետք է կարողանանք ապագայում մեր ապրելակերպը հարմարեցնել այն բոլոր հանգամանքներին, որոնք կապված են կլիմայական փոփոխությունների հետ։ Այսօր ես դիմելու եմ տարբեր բարձրակարգ փորձագետների, որպեսզի նրանք օգնեն մեզ հասկանալ, թե ինչպես կարող է արհեստական բանականությունը մեզ սատար կանգնել կանաչ ներդրումներ անելիս։ «Ամունդի-Ակբա»-ն՝ որպես առաջատար ընկերություն, պետք է ոչ միայն հավատարիմ մնա իր պարտավորություններին, այլեւ դուրս գա դրանց սահմաններից, Հայաստան բերի լավագույն պրակտիկան, որը վերաբերում է ֆինանսական վերլուծությանը, վերահսկմանը, կառավարմանը եւ հավուր պատշաճի արդիականացնի ֆինանսական ոլորտը։ Մակրոտնտեսությունից մինչեւ շուկաներՀրայր Ասլանյան, CFA, Ph.D, Ամունդի-Ակբա Ասեթ ՄենեջմենթԶարգացող երկրներում 2023 թվականին կենտրոնական բանկերի դրամավարկային պայմանների թուլացումն էական նպաստել է ֆինանսական շուկաների վերականգնմանը եւ կայուն եկամտաբերության ձեւավորմանը։ Զարգացող երկրներում ունենք բաժնետոմսերի 10% աճ։ Պարտքային շուկան դրական է արձագանքել գնաճի նվազմանը եւ կենտրոնական բանկերի դրամավարկային պայմանների մեղմացմանը՝ զարգացող երկրներում ունենք 10-13% աճ թե ազգային արժույթով, թե արտարժույթով պարտատոմսերի դեպքում։ Հայաստանը եւս անմաս չի մնացել այս զարգացումներից՝ գնաճի նվազման եւ ԿԲ կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցման շնորհիվ։ Թե կանխիկ, թե երկարաժամկետ պարտատոմսերի հատվածում 2023թ․ արդյունքներով ունեցել ենք բավականին լավ՝ 12% եւ 18% եկամտաբերություն։ՀՀ ազգային արժույթը 2022թ. էական արժեւորումից հետո 2023-ին ունեցավ որոշակի արժեզրկում՝ 4%-ի սահմաններում՝ թե եվրոյի, թե ԱՄՆ դոլարի նկատմամբ։ Եթե ամփոփենք 2023 թվականը կենսաթոշակային ֆոնդերի կատարողականով, ապա մեր ֆոնդերի ակտիվները՝ ներդրված լինելով ֆինանսական շուկաներում, օգտվեցին երկնիշ աճի հնարավորություններից եւ 2023թ․ արդյունքներով արձանագրեցին 12-15% աճ՝ չնայած մեր զգուշավոր ներդրումային քաղաքականությանը ամբողջ տարվա ընթացքում։Ֆրեդերիկ Պասկալ, Ամունդի Ասեթ ՄենեջմենթԱկնկալում ենք, որ 2024 եւ 2025 թվականներին զարգացած շուկաների գնաճը կդանդաղի, բայց ոչ բավարար չափով։ Գնաճը կպահպանվի թիրախներից բարձր եւ հնարավոր է, որ կենտրոնական բանկերը հետաձգեն տոկոսադրույքների իջեցումները՝ թողնելով դա առաջին կիսամյակի ավարտից հետո։ Զարգացող շուկաներում նույն իրավիճակը չէ, գնաճն արդեն իսկ դանդաղելու ճանապարհին է եւ միանշանակ է, որ զարգացող երկրների ԿԲ-ները սկսել են ավելի մեղմել քաղաքականությունը։ Մակրոտնտեսական քաղաքականության զարգացումները ՀՀ-ումԱրմեն Նուրբեկյան, ՀՀ Կենտրոնական բանկՀայաստանում 2023 թվականին ունեցել ենք բարձր տնտեսական աճ եւ ցածր գնաճ։ Տնտեսական աճի հիմնական շարժիչ ուժը եղել են ծառայություններն ու շինարարությունը։ Ծառայությունների ոլորտում 2023թ․արդյունքներով սպասում ենք մոտ 11,8% աճ, շինարարությունում՝ 17,2%։ Արդյունքում` 2023 թվականի համար սպասում ենք 8,3% տնտեսական աճ։ Ծառայությունների ոլորտում ամենանշանակալին այն է, որ ունենք առեւտրի էական աճ։ Վարկավորման տեսանկյունից կարեւոր է, որ հիփոթեքային վարկերը հասել են սպառողական վարկերի ծավալին՝ առաջին անգամ է, որ ունենք համարժեք պորտֆելներ։ ՀՀ աշխատուժի շուկայում աշխատավարձերի էական աճ ունենք՝ շուրջ 10%, 2023 թվականին եւս աճը պահպանվել է։ Գնաճի նվազման տեսանկյունից ամենակարեւոր փոփոխություններից մեկը Հնդկաստանից մեծ քանակությամբ աշխատողների ներհոսքն է՝ նրանց թիվը մոտավորապես 16 հազար է։ Սա աշխատավարձերը նվազեցնելու միտում է ունենալու՝ ունենալու ենք ավելի ցածր աշխատավարձերով մեծ քանակությամբ աշխատուժի ներհոսք։ ԿԲ համար գնաճային սպասումների ռիսկերն էապես նվազել են, միջավայրը փոխվել է եւ դրա համար տեւական ժամանակ է, ինչ տոկոսադրույքները նվազեցնում ենք՝ այսօր տոկոսադրույքը 9,25% է։ Տոկոսադրույքները որոշելիս ուշադրություն ենք դարձնելու աշխատավարձին վերաբերող հարցերին, որպեսզի համոզված լինենք, որ գնաճային սպասումներ չկան: Միաժամանակ ուշադիր ենք լինելու կառուցվածքային փոփոխություններին։ 2025 թվականի վերջին ունենալու ենք գնաճ, որը մոտ կլինի 4%-ի մակարդակին, որը մեր թիրախն է։ Արհեստական բանականությունն (ԱԲ) ու կայուն ֆինանսներըՄարի Բրիեր, Ամունդի ներդրումային ինստիտուտի ներդրողների գրագիտության եւ ակադեմիական համագործակցության բաժնի ղեկավար Այսօր ընկերությունները, ներդրողներն առավել հաճախ են փորձում մշակել եւ իրականացնել կայուն ռազմավարություն։ Դա անելու համար պետք է մշակել մեծ ծավալի տվյալներ։ Ինչպե՞ս կարող է արհեստական բանականությունն (ԱԲ) օգնել ներդրումային որոշումների կայացմանը։ Տասնամյակներ շարունակ այս հարցում կողմնորոշիչ էին ավանդական՝ ESG (Environmental, social, and corporate governance) վարկանիշները։ Այսօր, սակայն, կա գիտակցում, որ այս վարկանշավորումը բացեր ունի։ Այս կամ այն ընկերությունը կարող է հիանալի վարկանիշ ստանալ վարկանշավորման մեկ գործակալության կողմից, իսկ այլ գործակալության դեպքում վարկանիշը ցածր լինի։ Պատճառը մեկն է՝ վարկանշավորման յուրաքանչյուր գործակալություն կատարում է սուբյեկտիվ ընտրություն՝ հիմնվելով տարբեր քանակի տեղեկատվության վրա եւ կիրառելով առանձին, սեփական մոտեցումներ։ Այս դեպքում ԱԲ-ն կարող է միավորել եղած ամբողջ տեղեկատվությունն ընկերությունների վերաբերյալ։Բացի այդ, ԱԲ-ն տվյալներ է հավաքագրում իրական ժամանակում եւ օգտվում նաեւ այլընտրանքային աղբյուրներից՝ ձայնային տեղեկատվություն, տեքստ կամ լուսանկար։ Այն կիրառում է նաեւ տարատեսակ տեխնիկաներ։ Հատկապես տվյալների մեծ ծավալի դեպքում մեծ դերակատարում ունի մեքենայական ուսուցումը։ Մյուս կարեւոր ոլորտը, որում ԱԲ-ն կարող է օգտակար լինել, ընկերությունների վերաբերյալ հակասությունների վերլուծությունն է։ Արհեստական բանականության գործիքների միջոցով ֆինանսական շուկայի մասնակիցները կարող են ստանալ ու վերլուծել մեծ քանակի տեղեկատվություն, ինչը հնարավորություն է տալիս կանխատեսելի դարձնել ընկերության արդյունքները, շուկայում եղած միտումներն ու հնարավոր ռիսկերը։ Միեւնույն ժամանակ, ԱԲ-ը կիրառումն իր հետ բերում է նաեւ մարտահրավերներ։ Նախեւառաջ, այն կարող է «սեւ արկղ» լինել ընկերությունների համար, որոնք տրամադրում են տվյալներ։ Բացի այդ, կան խնդիրներ ԱԲ-ի տրամադրած տվյալների որակի հետ կապված։ Օրինակ՝ չկա աշխարհագրական ամբողջական ծածկույթ, բացակայում են պատմական տվյալները։ Այսպիսով, ԱԲ-ն լավ գործիք է, բայց այն պետք է զգուշորեն կիրառել։Արհեստական բանականությունը՝ ֆինանսական ոլորտի «երկու բեւեռի միջեւ»Արամ Փախչանյան, «Այբ» կրթական հիմնադրամի համահիմնադիրԱրհեստական բանականությունն արդեն կիրառվում է գրեթե բոլոր ոլորտներում։ Պարբերաբար տեսնում ենք անհավասարակշռություն՝ ԱԲ-ից եղած ակնկալիքների եւ այս գործիքի տված հնարավորությունների միջեւ։ Սկզբում շատ թերահավատ էինք, առանձնապես ոչինչ չէինք ակնկալում, բայց եկավ ChatGPT-ին ու հիմա բոլորը քննարկում են, որ շուտով մարդուն կփոխարինի ԱԲ-ն։ Միեւնույն ժամանակ, արդեն կա գիտակցում, որ ԱԲ-ի ազդեցությունը շատ մեծ է լինելու ու հենց ֆինանսական ոլորտում լինելու են հետաքրքիր հետեւանքներ։ Այս ոլորտը բեւեռացված է՝ մի ծայրում կա հստակ կարգավորում, կառավարում եւ կոնսերվատիզմ, մյուսում՝ գումար վաստակելու ցանկություն եւ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառում։ Գարեգին Գեւորգյան, ՀՀ Կենտրոնական բանկԿենտրոնական բանկի հիմնական գործառույթը գների կայունության ապահովումն է եւ մեր բոլոր որոշումները պայմանավորված են այս լիազորություններով։ Միեւնույն ժամանակ, երբ նայում ենք ոլորտին, տեսնում ենք՝ ինչպես է տեխնոլոգիան վերաձեւավորում տնտեսությունը։ Այս առումով ԿԲ-ն նախաձեռնողական քայլեր չի ձեռնարկում եւ սա միայն Հայաստանին չէ բնորոշ, այլ հատուկ է ամբողջ աշխարհի կարգավորիչ մարմիններին։ Կենտրոնական բանկն այս առումով պահպանողական է եւ հետեւում է տեղի ունեցող գործընթացներին։ Միեւնույն ժամանակ, այն խրախուսում է բանկերին ու այլ ֆինանսական ինստիտուտներին փորձարկել նոր տեխնոլոգիաները։ Կենտրոնական բանկը պետք է պատրաստ լինի նաեւ ԱԲ-ի բերած մարտահրավերներին։ Այսօր շատ խարդախություններ իրականացվում են հենց նման տեխնոլոգիաների միջոցով։ Պետք է ձեւավորենք համակարգեր եւ լինենք տեղեկացված, այդ թվում՝ կիբեռհանցագործություններին դիմակայելու համար։ Արմէն Խրլոբեան, Covenant Venture Capital-ի գործադիր տնօրենԵթե դիտարկում ենք Արհեստական բանականության առաջացրած հիմնական մարտահրավերները, օրինակ՝ տվյալների անվտանգությունը կամ աշխատուժին փոխարինելու վտանգը, կարող է մի քանի տեսակետ լինել։ Այո՛, տվյալների անվտանգության տեսանկյունից ԱԲ-ն կարող է հավաքագրել ու վերլուծել, օրինակ, որեւէ երկրի էներգետիկ անվտանգությանը վերաբերող տեղեկատվություն։ Ի՞նչ է Uber-ը կամ Airbnb-ն: Մինչեւ այս հարթակների ակտիվ կիրառումը, սոցիալական նորմալ վարքագիծն ասում էր՝ մի՛ նստիր անծանոթի մեքենան եւ մի՛ մտիր անծանոթի տուն։ Հիմա տեխնոլոգիաների կիրառմամբ մենք հանգիստ անում ենք երկուսն էլ։ Այս դեպքում անվտանգային ռիսկն այն է, որ եթե որեւէ մեկը հասանելիություն ստանա Uber-ի կամ այլ առցանց ծառայության տվյալներին, կարող է միավորել դրանք եւ պատկերացում կազմել ձեր ամբողջ կյանքի, առօրյայի, բոլոր տեղաշարժերի մասին։ Անդրադառնալով տարբեր ոլորտներում աշխատակիցներին ԱԲ-ով փոխարինելու ռիսկին՝ եւս կարող ենք այլ տեսանկյունից նայել։ Օրինակ՝ մարդը ցանկանում է ուսումնասիրել Մարսը, բայց այնտեղ բավականին վտանգավոր եւ բարդ աշխատանքային պայմաններ են։ Այս դեպքում մենք կարող ենք Մարս ոչ թե մարդ ուղարկել, այլ՝ մեքենա, որը կկատարի անհրաժեշտ հետազոտություններն ու կհավաքագրի տեղեկատվություն։ Քաղաքականությունն ու տնտեսությունըՖրեդերիկ Անսել, Աշխարհաքաղաքական գիտությունների դոկտորԿովկասի եւ, մասնավորապես Հայաստանի աշխարհագրական դիրքը, ծայրաստիճան առանձնահատուկ է։ Սա կարեւոր է թե՛ ռազմական, թե՛ տեղանքի ընկալման, թե՛ ինքդ քեզ ներկայացնելու տեսանկյունից։ Այս աշխարհում չկա մարդկային կոլեկտիվ, որը չունի ներկայացուցչություն։ Այս պարագայում դուք բոլորդ հայկական կոլեկտիվի ներկայացուցիչ եք։ Ընդ որում, մենք չենք սահմանափակվում միայն պաշտոնապես ճանաչված հանրապետությամբ, որովհետեւ հայությունը նաեւ սփյուռքն է։ Բայց ինչպե՞ս ենք ներկայացնում մեզ։ Այդ ներկայացման մեջ կա՞ նաեւ Արցախը, թե՞ կորցրել ենք այն ինչպես ռազմական, այնպես էլ՝ քաղաքական առումով։ Ուզում եմ ասել, որ ո՛չ հայերի, ո՛չ ադրբեջանցիների, ո՛չ թուրքերի, ո՛չ պաղեստինցիների կամ իսրայելցիների մոտ չկա մարդկային կոլեկտիվ՝ առանց ինքնության ներկայացման։ Սա նպաստում է, որ հասկանանք՝ ինչպիսի նպատակներ ունենք մենք ու մեր հակառակորդները։ Պատերազմը նոր բան չէ։ Պետք է ընդունենք սա։ Այսօր աշխարհում կան բազմաթիվ ճգնաժամեր ու անորոշությունն օրեցօր մեծանում է։ Դրա հանդեպ առավել զգայուն է հատկապես տնտեսական ոլորտը, որովհետեւ այս տատանումների ուղիղ կրողն է։ Մարտին Գալստյան, ՀՀ Կենտրոնական բանկի նախագահԱնորոշությունների պայմաններում՝ ի՞նչ պետք է անի Կենտրոնական բանկը։ Կան բաներ, որ անել պարտավոր է, բայց ամեն ինչ չէ, որ կարող է։ Կենտրոնական բանկի գործառույթներից մեկը ֆինանսական կայունության ապահովումն է, մյուսը՝ դրամավարկային քաղաքականությունը եւ գնաճի դեմ պայքարը, հաջորդը՝ մակրոտնտեսական կայունության ապահովումը։ Կենտրոնական բանկերն ապագան իմացող, կանխատեսումներ անող կառույցներ չեն։ Սովորաբար նույնիսկ պրոֆեսիոնալ լսարանն ակնկալում է, որ ԿԲ-ն կտա բազային սցենարի մոտեցում՝ հաշվի առնելով բոլոր աշխարհաքաղաքական զարգացումները։ Դա հնարավոր չէ։ Մենք իրականացնում ենք սցենարների կառուցում, որոնք հիմնված են ապագայի կանխատեսման վրա եւ անդրադառնում են ռիսկերի կառավարմանը։ Ըստ էության, հայտնում ենք հանրությանը՝ ինչ ու ինչպես է մտածում Կենտրոնական բանկի խորհուրդը։ Ռելոկացիան ու դրա ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա Մարտին ԳալստյանՌուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից մարդկանց ներհոսքը ՀՀ իսկապես դրական ազդեցություն է ունեցել որոշ ոլորտների վրա։ Ի՞նչ կլինի, եթե մի օր նրանք որոշեն հեռանալ։ Այս սցենարին պետք է պատրաստ լինել եւ ունենալ իրավիճակին արձագանքելու գործիքակազմ։ Ռելոկացիան, շուկաները, կապիտալիզմը զուտ բառեր չեն։ Դրանք հասկացություններ են, որոնք օգնում են մարդկանց ունենալ կանխատեսված ապագա։ Ժողովրդավար հասարակություններում կարելի է հիմնվել «խաղի կանոնների» վրա եւ հույս ունենալ, որ դրանք չեն փոխվի։ Մարդիկ գալիս են Հայաստան եւ իմանում են, որ այստեղ պաշտպանված են իրենց իրավունքներն ու սեփականությունը։ Նման ինստիտուցիոնալ զարգացումները շատ կարեւոր են։ Մյուս կարեւոր հանգամանքը մակրոտնտեսական կայունությունն է։ Կարծում եմ՝ հիմա տեսնում ենք, որ վերջին տարիների շարունակական ճգնաժամի պայմաններում մեր իրականացրած քայլերն արժեք ունեն։ Մարդիկ, որոնք արտերկրից են ու փորձում են հասկանալ՝ ինչ երկիր է Հայաստանը, տեսնում են պատշաճ կառավարում, ինստիտուցիոնալ պայմաններ։ Սա նրանց տալիս է վստահություն, որպեսզի իրենց ներդրումները դիտարկեն երկարաժամկետ հեռանկարում։ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը Մարտին Գալստյան Չենք կարող իմանալ Ադրբեջանի հետ համաձայնագրի համատեքստը կամ դրա մանրամասները, բայց ընդհանուր առմամբ, կարծում եմ՝ ցանկացած քայլ, որը նպաստում է արդար, տեւական խաղաղությանը, դրական է։ Սա կարող է հանգեցնել ամբողջ տարածաշրջանի համար ռիսկերի նվազեցմանը, ինչն, ամենայն հավանականությամբ, կնշանակի ներդրումների ներհոսք։ Լուսանկարը՝ «Ամունդի-Ակբա» Արդար եւ տեւական խաղաղություն. այս դեպքում միայն կարող ենք մտածել տրանսպորտային ուղիների, դեպի ծով ելքի ու սահմանների բացման մասին։ Եթե տարածաշրջանում լինի այսպիսի խաղաղություն, ինստիտուցիոնալ ներդրողների կողմից դրա նկատմամբ վերաբերմունքը կարող է փոխվել։ Հայ-թուրքական սահմանի բացման հնարավորությունըՖրեդերիկ ԱնսելԿարծում եմ՝ Թուրքիան կգնա Հայաստանի հետ սահմանը բացելու քայլին։ Եթե կնքվի հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը, Անկարան իր ամենաազգայնական բնակչությանը կհամոզի՝ «սահմանը բացենք, միեւնույն է՝ Հայաստանը թույլ է»։ Իրականում Թուրքիան կանի դա, որովհետեւ ֆինանսապես խրախուսվում է Եվրամիության կողմից։ Կարեւոր է, որ Հայաստանին եւս սա կարող է օգուտ բերել եւ նպաստել տնտեսական զարգացմանը։ Սահմանը պետք է բացել, բայց սրտում եւ մտքում միշտ պահել քեզ, քո կոլեկտիվը ներկայացնելու ձեւը, որի մասին արդեն խոսեցի։ Հիշել՝ ինչն է պատմականորեն ու առհասարակ արդար Հայաստանի տեսանկյունից։ Մեկ ճակատամարտում պարտվելով՝ հնարավոր է հետագայում հաղթել պատերազմը։ Մարտին Գալստյան Ինձ համար Թուրքիայի սահմանը բացելու այլընտրանքը Թուրքիայի սահմանը փակ պահելը չէ։ Եթե իրատես ենք ու չենք առաջնորդվում միայն հույզերով, հասկանում ենք՝ սահմանը փակ պահելն իրատեսական չէ։ Պետք է մշակել հնարավոր սցենարներ, բայց որեւէ մեկը չի կարող կանխատեսել՝ ինչ է լինելու հայ-թուրքական սահմանը բացելուց հետո։ Լինելո՞ւ է թուրքական ապրանքների ներհոսք՝ միգուցե, լինելո՞ւ է ներդրումների տեսքով թուրքական կապիտալի մուտք Հայաստան՝ միգուցե։ Ես, որպես Կենտրոնական բանկի ղեկավար, եւ ԿԲ-ն առհասարակ, իրադարձությունների նման զարգացմանը պատրա՞ստ ենք՝ միանշանակ։ Չկա իրավիճակ, որին պատրաստ չենք։ Հայաստանում կարողանալու ենք պահել գների եւ ֆինանսական կայունությունը։Իրավիճակներից պետք չէ վախենալ, պետք է զարգացնել կարողություններ։ Նույնն է, թե մարդը վախենա դուրս գալ տնից ու այդպես բաց թողնի ամբողջ կյանքը։ Հարեւանների հետ բաց հարաբերություններ ունենալը դրական է։ Միեւնույն ժամանակ, պետք է մտածենք «խաղից» մեր շահը քաղելու մասին։ Պղնձից ու նավթից բացի՝ նաեւ գաղափարներ Մարտին Գալստյան Պետք է փոխենք մեր մոտեցումն ու մտածելակերպը։ Միջազգային գործընկերների նկատմամբ «մուրացկանի» մոտեցումը հեռու չի կարող տանել։ Պետք է ունենալ մի բան, որ կարող ես առաջարկել աշխարհին, ընդ որում՝ ոչ միայն նյութական։ Դժբախտաբար կամ բարեբախտաբար, Հայաստանը նավթ չունի։ Այս պարագայում կարող ենք առաջարկել գաղափարներ։ Եթե հիշենք՝ ինչպես «Ամունդին» եկավ Հայաստան, կտեսնենք, որ հիմքում աշխարհում լավագույն կենսաթոշակային համակարգը ստեղծելու գաղափարն էր։ Այնպես որ, նյութական մտածողությունից զատ՝ պղինձ, կիսահաղորդիչներ եւ այլն, պետք է մտածել գաղափարների մասին։ Անի Խչոյան, Յանա Շախրամանյան Tweet Դիտում՝ 2647