Մարդն ու գործը՝ Banks.am-ի 2022 թվականի նյութերում

30.12.2022 | 13:09 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Banks.am #2022թ. #ամփոփում
Ամփոփելով տարին՝ առանձնացրել ենք մեր կայքի այն հեղինակային նյութերը, որոնք, մեր կարծիքով, եղանակ են ստեղծել Հայաստանի բիզնես միջավայրում՝ անկախ դրանց չափից եւ ոլորտային ուղղություններից:

Ցավոք, անցնող տարին եւս շատ բարդ էր ու անորոշություններով լի, ինչը չէր կարող չանդրադառնալ այդ թվում ՝ բիզնես միջավայրի վրա: Բայց եւ այնպես, մեր առանձնացրած նյութերի հերոսներն ապացուցում են, որ միակ ճանապարհն առաջ շարժվելն է, նոր նպատակներ դնելն ու դրանք իրագործելը՝ յուրաքանչյուրն իր բնագավառում եւ հնարավորությունների սահմանում:   

Մերն ուրիշ է

- Տարվա սկզբին տեղեկատվություն տարածվեց, որ Կանադայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ եւ աջակցությամբ հայկական արտադրության Mankan խաղալիքները մուտք են գործել կանադական շուկա եւ հասանելի են Reptilia ընկերության ցանցում: Մենք որոշեցինք մանրամասներ պարզել եւ զրուցեցինք «Մանկան»-ի տնօրեն Վարուժան Գյուրջյանի եւ Reptilia Inc. ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Բրայան Չայլդի հետ:

«Բիզնես-որոշումները կայացվում են՝ ելնելով հաճախորդների բավարարվածության աստիճանից: Այս պահին մենք տեսնում ենք, որ հայկական արտադրանքի վաճառքի ծավալները շատ նշանակալի աճ են գրանցել՝ չինական ապրանքների հետ համեմատ»,- նշել էր Բրայան Չայլդը՝ մեկնաբանելով համագործակցության հետագա հեռանկարները:



- Գաղափարը կյանքի կոչվեց մեկ ամսում եւ 150 000 դրամ ներդրմամբ: PayuSAC ապրանքանիշն առաջարկում է հայկական արտադրության կաշվե պայուսակներ, էկո տոպրակներ ու նոթատետրեր՝ հայերեն թռչնատառերով։ Դրանք նկարվում են ձեռքով եւ տեղական արտադրության ջրակայուն ներկերով։ Մենք ուսումնասիրեցինք ապրանքանիշն ու զրուցեցինք դրա հիմնադիր Նվարդ Խաչատրյանի հետ։

«Մտածում էի նորություն ստեղծելու մասին, ուզում էի այնպիսի տարբերվող մի արտադրանք, որ դեռ ոչ մեկ չի առաջարկում։ Գլխումս ծնվեց թռչնատառերով պայուսակներ ստեղծելու գաղափարը։ Երբ այդ մասին պատմեցի ամուսնուս, նա սկսեց ինձ ոգեւորել ու անընդհատ կրկնել՝ անպայման զբաղվիր դրանով»,- պատմել է Նվարդն՝ ընդգծելով, որ օտարեկրացիներին գրավում է հայկական տառի գեղեցկությունը, գույները եւ այն, որ այդ ամենը ձեռքով է ստեղծվում:



- NOX home textile-ի հիմնադիրները երկու նպատակ ունեին՝ վերականգնել տեքստիլի հայկական արտադրության երբեմնի ճանաչումը եւ ստեղծել միջազգային լավագույն բրենդների հետ որակով մրցող ապրանքատեսակներ։

Բիզնես ստեղծելու գաղափարը ծնվել էր Քրիստինա Հովակիմյանի մտքում համավարակի օրերին։ Գաղափարով կիսվել էր Արեւիկի եւ Սոնայի հետ։ 5 րոպեում էր կայացվել համատեղ բիզնես հիմնելու որոշումը։ Քրիստինան պատմում է, որ հենց սկզբից են նշաձող սահմանել՝ որակը լավագույնը պետք է լինի, ապրանքները որակով չպետք է զիջեն միջազգային բրենդների նույն ապրանքատեսակներին։ 135 ապրանքատեսակ առաջարկող NOX home textile-ը մշակել է ցածր գնային քաղաքականություն, ներկայանում է 150 խանութում, որից 130-ը՝ մայրաքաղաքում։


 
- Հուշանվերների կրպակներին ու շարժական տաղավարներին եկել են փոխարինելու ինքնաշխատ սարքերը։ Պակասել է մարդկային գործոնի կարեւորությունը, բայց առավել հետաքրքիր ու նորարարական է դարձել հուշանվեր ունենալու պրոցեսը։

Դու սարքին տալիս ես 1000 դրամ, իսկ այն քեզ՝ հուշամեդալ պատմամշակութային կոթողի պատկերով։ Այս գաղափարի տեղայնացման հեղինակը Նազար Առաքելյանն է, ով ղեկավարում է Armenian Coins ընկերությունը համահիմնադիր եւ կոմերցիոն տնօրեն Արեգ Առաքելյանի հետ միասին։ Ընկերության ինքնաշխատ սարքերն ամբողջովին հայրենական արտադրության են, դրանք նախագծվում, մոդելավորվում, կոդավորվում եւ գործարկվում են Հայաստանում՝ մեր հայրենակիցների կողմից։



- Տավուշի մարզի Իջեւան քաղաքի «Կամար» հյուրանոցն ավելի քան 30 տարվա պատմություն ունի: 90-ականներին հիմնվելով որպես փոքրիկ ընտանեկան հյուրատուն՝ այսօր այն հյուրերին բազմաթիվ ծառայություններ է առաջարկում ինչպես հանգստի, այնպես էլ՝ աշխատանքի համար:

2021թ.-ից դրանց ավելացել է եւս մեկը՝ մոպեդների ու հեծանիվների վարձույթը: Այնպես որ, եթե մեքենայով չեք եկել Իջեւան կամ հոգնել եք մեքենա վարելուց, կարող եք մոպեդ կամ հեծանիվ վարձել եւ ուսումնասիրել քաղաքի ու տավուշյան բնության հետաքրքիր վայրերը: «Եթե մարզում աճում է բիզնեսը, շատանում են հյուրանոցներն ու հյուրատները, հետեւաբար քաղաքում շարժն էլ ավելանում է, հյուրերն օգտվում են տեղում եղած խանութներից, այլ ծառայություններից»,- պատմել է «Կամար» հյուրանոցի սեփականատեր Փառանձեմ Նազինյանը:



Թիմը, բիզնես կրթությունն ու նեթվորքը

- «Երբ նոր էի միանում թիմին, ընդամենը մի քանի հոգի էինք, այսօր արդեն ունենք 350-ից ավելի աշխատակից։ Եվ այս 15 տարվա ամենամեծ ձեռքբերումս միանշանակ թիմն է, մարդիկ, որոնց հետ անցել ենք դժվարություններով, մարտահրավերներով ու հաջողություններով ճանապարհ, մարդիկ, որոնք ոչ միայն գործընկեր, այլեւ ընկեր ու հարազատ են»,- նշել է Արամ Ազատյանը, ով այս տարի թողել է Telcell ընկերության ղեկավարի պաշտոնը։

«Telcell-ի գլխավոր տնօրենի պաշտոնը թողնելը չի նշանակում, որ ես ընդմիշտ բաժանվում եմ իմ սիրելի թիմից։ Շատերի հետ մենք արդեն հարազատ ընկերներ ենք եւ անկախ աշխատանքային հարաբերություններից՝ դա միշտ այդպես մնալու է»,- ասել է նա։



- «Մենք շատ փորձությունների միջով անցանք՝ կորոնավիրուս, պատերազմ, տարբեր խնդիրներ, ու բոլոր դեպքերում ընկերությունը փորձեց բեռը կրել իր վրա` հոգ տանելով աշխատակիցների մասին։  «Գալաքսիում» հարգանք կա յուրաքանչյուր աշխատակցի նկատմամբ՝ բոլոր օղակներում։ Սա մարդկանց համայնք է, որտեղ աշխատանքը գնահատվում է ու աշխատանքը արժանապատիվ է»,- նշել է «Գալաքսի» խմբի կազմում հանդես եկող «Մեգա Ֆուդ» ընկերության մարդկային ռեսուրսների ղեկավարը Լիանա Խորենյանը:

Մասնագիտությամբ լեզվաբանն այս պաշտոնում հայտնվել է ընկերության հիմնադիրներից Արամ Խաչատրյանի հրավերով` տեղափոխվելով HSBC բանկից։ «Բանկում մարդկային ռեսուրսների ղեկավարի դերն այնքան մեծ էր, որ սիրահարվեցի այդ մասնագիտությանը»,- նշել է Լիանան։ Նրա խոսքով՝ մարդկանց տեսակը միշտ զգում է եւ գրեթե երբեք չի սխալվում նրանց ընտրելիս. «Ինձ համար շատ հետաքրքիր է բացահայտելը, որ որեւէ աշխատատեղի համար դիմած մասնագետը շատ լավ արդյունք կարող է ցույց տալ բոլորովին այլ հաստիքում»։



- Grant Thornton Armenia-ի մարքեթինգի եւ բիզնեսի զարգացման ղեկավար Անի Հակոբյանի կարծիքով՝ հատկապես կորպորատիվ աշխարհում նեթվորքի դերը շատ մեծ է՝ ում ես ճանաչում, ում հետ կկարողանաս ինչ-որ հարցեր առաջ տանել, ինչ համագործակցությունների կարող ես հասնել: «Այսօր աշխարհն այնքան արագ է զարգանում, որ յուրաքանչյուր ընկերության համար մրցակցային մնալու կարեւոր գործոններից է այլ ընկերությունների հետ գործընկերային կապերի հաստատումը»,- նշում է նա:

Համաեվրոպական Executive MBA ծրագիրը հայաստանյան դիմորդներին հնարավորություն է տալիս Երեւանում ստանալ բարձրակարգ միջազգային բիզնես կրթություն անգլիական Յորքի եւ ֆրանսիական Ստրասբուրգի համալսարաններից՝ առանց աշխատանքը ընդհատելու եւ ուսման համար այլ երկիր մեկնելու: «Executive MBA-ի ուսանողներով հաճախ ենք շփվում, ընկերացել ենք բոլորի հետ: Նրանք բոլորն էլ տարբեր ոլորտների ընկերությունների ղեկավար պաշտոններ զբաղեցնող մարդիկ են: Եթե աշխատանքի բերումով անհրաժեշտություն լինի ինչ-որ տեղեկատվություն փնտրել ծրագրի մասնակից երկրներից, օրինակ, Բուլղարիայում, վստահ եմ, որ կկարողանամ դիմել նաեւ MBA համայնքի Բուլղարիայի ուսանող ընկերներիս»,- նշել է Անին:



Հավելյալ արժեքը եւ հավակնոտ ծրագրերը

- «Գրանթ Թորնթոն Հայաստան» աուդիտորական եւ խորհրդատվական ընկերությունն այս տարի նշեց հիմնադրման 25-ամյակը: Սկսելով 5-6 աշխատակցից ու մատուցելով հիմնականում աուդիտորական ծառայություններ՝ այսօր ընկերությունը միավորում է մոտ 200 միջազգային ու տեղացի փորձառու մասնագետի՝ բազմաթիվ ոլորտներից:

«Սիրում եմ աշխատանքս, քանի որ այն շատ դինամիկ է, հետաքրքիր ու դրա շնորհիվ շփվում եմ շատ խելացի մարդկանց հետ: Փաստացի՝ մենք գիտելիք ենք վաճառում: Հաճախորդների հետ աշխատանքը նույնպես շատ յուրօրինակ է: Մեզ համար շատ կարեւոր է տեսնել՝ ինչպես են հաճախորդները, հետեւելով մեր խորհուրդներին, բիզնեսում առաջընթաց գրանցում: Միշտ ասում եմ՝ մենք ոչ թե ժամ ենք վաճառում, այլ ստեղծում ենք հավելյալ արժեք»,- նշել է «Գրանթ Թորնթոն Քնսալթինգ» ՓԲԸ տնօրեն Գուրգեն Հակոբյանը:



- Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) նախաձեռնությամբ Հայաստանում ստեղծվել է ներդրումային քրաուդֆանդինգի առաջին հարթակը՝ ԱՌՖԻ-ն (ARFI - Armenia Financed)։ Հարթակում ներդրումներ հնարավոր կլինի իրականացնել 2023 թվականի սկզբին։

Վերջին շրջանում աշխարհում լայն ճանաչում է ստացել ներդրումային քրաուդֆանդինգը, որն այլընտրանքային ֆինանսավորման արդյունավետ միջոց է համարվում սկսնակ բիզնեսի եւ ստարտափների համար: Հայաստանում այս հարթակի հնարավորությունների եւ խնդիրների մասին զրուցել ենք ԱՆԻՖ-ի մարկետինգային ռազմավարության գծով փոխնախագահ Ալեքսեյ Վերետենովի եւ ԱՌՖԻ հարթակի ղեկավար Էդգար Էվոյանի հետ:



- Team Telecom Armenia-ն նախատեսում է ընկերությունը բացել բոլորի համար: «Ցանկանում ենք ստեղծել Հայաստանում առաջին IPO (Initial Public Offering) տելեկոմը, որպեսզի ցանկացած մարդ կարողանա դառնալ ընկերության բաժնետեր ու իրեն թիմի մասնիկ զգա»,- հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

Նրա համոզմամբ՝ սա շատ կարեւոր է նաեւ մշակույթի ձեւավորման առումով: «Մարդիկ կսկսեն հասկանալ, որ անկախ գումարի չափից, կարող են այն ներդնել նման ընկերություններում, դառնալ բաժնետեր, ոչ թե գումարը ուղղակի պահել այս կամ այն բանկում՝ ավանդի տեսքով: Ի վերջո, այդ ավանդները, բանկի միջնորդությամբ, մտնում են ընկերություններ: Ամբողջ աշխարհը պարզեցնում է այս մշակույթը, որպեսզի ներդրողի ու ընկերության միջեւ կապը ուղիղ՝ առանց միջնորդների տեղի ունենա»,- ասել է ընկերության ղեկավարը՝ հավելելով, որ շուտով հասանելի կլինի Team Telecom Armenia-ի վճարահաշվարկային Team Pay ծառայությունը:



- Տղամարդկանց հագուստի, կոշիկի եւ աքսեսուարների HENDERSON նորաձեւության տունն իր նոր ռազմավարության շրջանակում դուրս է գալիս միջազգային շուկա: «Հայաստանից սկսելու որոշումը, անշուշտ, պայմանավորված է ցանկությամբ կիրառելու մեր տեխնոլոգիաներն ու գիտելիքներն այն երկրում, որտեղ մենք ծնվել ենք»,- նշել է ընկերության հիմնադիր եւ նախագահ Ռուբեն Հարությունյանը:



Նա հավաստիացրել է՝ «բոլոր այն հնարավորությունները, որոնք ստեղծել ենք Ռուսաստանում կորպորատիվ հաճախորդների համար, հարմարեցվելու են Հայաստանի համար, եւ այստեղ մենք բավականին մեծ շուկա ենք տեսնում»։

Banks.am
Դիտում՝ 45499
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW