Executive MBA-ի ուսանողները Յորքի համալսարանի ու պրակտիկ կրթության մասին

24.09.2022 | 08:07 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Համաեվրոպական Executive MBA ծրագիրը հայաստանյան դիմորդներին հնարավորություն է տալիս Երեւանում ստանալ բարձրակարգ միջազգային բիզնես կրթություն անգլիական Յորքի եւ ֆրանսիական Ստրասբուրգի համալսարաններից՝ առանց աշխատանքը ընդհատելու եւ ուսման համար այլ երկիր մեկնելու:

Executive MBA-ի հայ ուսանողները Banks.am-ին պատմել են ուսումնական գործընթացի առանձնահատկությունների մասին եւ կիսվել Յորքի համալսարանում անցկացրած ուսումնական շաբաթի տպավորություններով:

Ինչու Executive MBA-ը

Անի Հակոբյան. Ես փնտրում էի այնպիսի միջազգային կրթական ծրագիր, որը հնարավոր կլիներ համատեղել աշխատանքային զբաղվածության եւ ընտանեկան կյանքի հետ:

Անի Հակոբյանը


Համաեվրոպական Executive MBA-ը այն կատարյալ համադրությունն էր, որը հնարավորություն տվեց ստանալու բարձրորակ կրթություն՝ համատեղելով այն ընդհանուր զբաղվածության հետ: Այն նախատեսված է հենց ղեկավար պաշտոններ զբաղեցնող մարդկանց համար:

Անի Հակոբյանն առաջին մասնագիտությամբ լեզվաբան է, իսկ հետո վերամասնագիտացել է մարքեթինգի ոլորտում: Այժմ Grant Thornton Armenia-ի մարքեթինգի եւ բիզնեսի զարգացման ղեկավարն է:

Արմինե Մելքումյան. Ղեկավար պաշտոնում աշխատանքային գործունեությանս համար ավելի ամուր կրթական հենք ձեռք բերելու նպատակով որոշեցի դիմել Executive MBA ծրագրին, քանի որ այն առաջարկում է ճկուն ժամանակացույց ու շատ հարմար է աշխատանքով ծանրաբեռնված մարդկանց համար:

Արմինե Մելքոնյանը


Բացի այդ, ավարտական երկու դիպլոմները՝ Յորքի եւ Ստրասբուրգի համալսարանների, մեծ հնարավորություն են ընձեռում նաեւ արտերկրում:

Արմինե Մելքումյանը աշխատում է «Էվոկաբանկում»՝ որպես վարչության աշխատակազմի ղեկավար: Մասնագիտությամբ տուր մենեջեր է:

Անի Ավագյան. Աշխատանքի բերումով մշտապես փորձել եմ մշակույթի ոլորտ բերել բիզնեսի բաղադրիչը, որպեսզի մշակութային կառույցները եւս ավելի ինքնաբավ դառնան: Բիզնես ոլորտում իմ գիտելիքները լրացնելու համար դիմեցի Executive MBA ծրագրին: Այս կրթությունը շատ կարեւոր է իմ մասնագիտական աճի ճանապարհին, որովհետեւ շփվում եմ համաշխարհային մակարդակի բարձրակարգ մասնագետների հետ:

Անի Ավագյանը


Այն վստահություն է տալիս ու օգնում սեփական փորձով ու ինքնակրթությամբ ձեռք բերված գիտելիքը դասավորել ճիշտ դարակներում:

Անի Ավագյանը FAST հիմնադրամի համագործակցության ու ֆոնդհայթայթման բաժնի ղեկավարն է, ինչպես նաեւ Հայկական ժառանգության հիմնադրամի հիմնադիր, գործադիր տնօրենը:

Գոհար Աբրահամյան. Դեռ երիտասարդ ուսանողական ժամանակներից միշտ ցանկացել եմ արտերկրում կրթություն ստանալ: Աշխատելուն զուգընթաց մշտապես փորձել եմ լրացնել գիտելիքս արտասահմանյան գրականության ընթերցանությամբ:

Գոհար Աբրահամյանը


Հետո հասկացա, որ իմ ամբողջ գիտելիքն ու փորձն ուզում եմ ամփոփ տեսքի բերել ու դրա համար ընտրեցի Համաեվրոպական Executive MBA ծրագիրը: Կարծում եմ, որ որոշումս ճիշտ էր, բոլոր սպասումներս արդարացել են:

Գոհար Աբրահամյանը տնտեսագետ տեսաբան է: Այժմ աշխատում է Deloitte Germany աուդիտորական ընկերությունում:

Ուսումնական գործընթացի մասին

Անի Հակոբյան. Փորձի հետ հասկանում ես, որ ընկերության գործունեության կարեւոր ոլորտներ լիարժեք չես պատկերացնում, քանի որ դրանք կարող են շատ տարբեր լինել քո մասնագիտացումից: Համաեվրոպական Executive MBA-ը հնարավորություն է տալիս պատկերացում կազմել ընկերության համար առանցքային բոլոր ոլորտների մասին՝ անկախ քո մասնագիտացումից:

Գոհար Աբրահամյան. Ամեն ամսվա մեկ շաբաթվա 3 օրն անցնում ենք մեկ առարկա, որից հետո առարկայի շրջանակում մի թեմա ենք ընտրում ու գիտական աշխատանք գրում: Այդ 3 օրերի ընթացքում շատ խիտ ծրագրով ենք անցնում, հետո ուսանողն ինքը պետք է իր համար բացի այդ խտությունը՝ նորից ու նորից կարդալով այնքան, մինչեւ գիտելիքը կդառնա իրենը:

Արմինե Մելքումյան. 3 օրում անցնել առարկա, որը նախկինում քեզ անծանոթ էր, բավականին բարդ է: Չնայած դրան, դասախոսները միշտ պատրաստակամ են օգնելու, նորից պարզաբանելու, ցանկացած պահի կարելի է նրանց նամակ գրել: Նրանք առավելագույնս օգնում են, որ յուրաքանչյուր ուսանող լավագույն ձեւով ընկալի թեման:



Անի Հակոբյան. Ես, որպես մարքեթինգի մասնագետ, մեծ հետաքրքրությամբ լսել եմ ֆինանսների հատվածը, որովհետեւ իմ ամենամեծ բացը այդ հատվածում էի տեսնում: Երբ ղեկավար ես ու գիտելիք ունես բոլոր ոլորտների վերաբերյալ, հեշտությամբ ես հասկանում կոլեգաներիդ ու աշխատակիցներիդ:

Կրթության առանձնահատկությունները

Արմինե Մելքումյան. Ծրագրի ամենահետաքրքիր առավելություններից մեկը արտերկրից լավագույն դասախոսների հետ շփումն է: Նրանց մտածելակերպը շատ տարբերվում է Հայաստանում ապրող մարդկանց մտածելակերպից: Բացի զուտ դասախոս լինելուց, նրանք հանդիսանում են նաեւ միջազգային ընկերությունների փորձառու աշխատակիցներ, ուստի նրանց հետ շփման փորձը օգնում է պատկերացում կազմել այն մասին, թե ինչպես են մարդիկ մտածում համաշխարհային բիզնեսում:

Անի Հակոբյան. Բոլորովին այլ է 18 տարեկանում ստացած բարձրագույն կրթությունը ի համեմատ նրա, ինչ կարող ես սովորել 30-ն անց տարիքում, երբ հնարավորություն ունես համադրելու քո աշխատանքային փորձը: Բացի այդ, եվրոպական կրթական մոդելի առավելություններից է այն, որ այստեղ հնարավորություն են տալիս ուսանողին ունենալու հասանելիություն ամբողջական նյութին, սակայն թե ինչ խորությամբ է պետք ուսումնասիրել, արդեն թողնում են ուսանողի ինքնուրույնությանը: Նաեւ կրթական նյութերի հասանելիությունն այնպիսի ծավալներ ունի, որի մասին իմ առաջին ուսանողության տարիներին մենք միայն երազել կարող էինք:



Անի Ավագյան. Այստեղ դասախոսն ուղղորդող խորհրդատու է, իսկ դասերն ինտերակտիվ են ու անցնում են պրակտիկ վարժանքներով: Յուրաքանչյուր առարկայի մի թեմայի շուրջ հետազոտությամբ դիտարկում ենք տարբեր իրավիճակներ ու առաջարկություններ ներկայացնում: Պրակտիկ փորձի ներգրավվածությունը կրթական գործընթացում այն շատ հետաքրքիր է դարձնում:

Տպավորությունները Յորքի համալսարանից

Անի Հակոբյան. Յորքը շատ հարուստ պատմություն ունի, Անգլիայի յուրահատուկ անկյուններից մեկն է, իսկ համալսարանը շատ կարեւոր դեր ունի քաղաքի կյանքում:

Կրթական ծրագրի շրջանակում ուսումնական շաբաթով Յորքի համալսարանում էինք, որտեղ անցանք կորպորատիվ ֆինանսներ առարկան: Բոլորիս շատ տպավորեց անտառում սփռված կամպուսը, որտեղ կրթությունն իրականացվում է բնության գրկում: Զգացողություն կար, որ այնտեղի բոլոր ուսանողները միայն մեկ նպատակ ունեին՝ կրթվել, գիտելիք ստանալ, եւ դա ներազդում էր ընդհանուր մթնոլորտի վրա:

Գոհար Աբրահամյան. Ուսանողներն ապրում ու սովորում են նույն միջավայրում, ինչի շնորհիվ որեւէ պահ չեն կտրվում կրթական մթնոլորտից, իրենց մտքերն ամբողջապես կենտրոնացած են ուսման, հետազոտությունների իրականացման ու համագործակցությունների ուղղությամբ:

Լսարանները տեխնոլոգիապես հագեցած են, ինչի շնորհիվ շատ հստակ լսում էինք դասախոսությունը, տեսնում ամեն ինչ եւ կարող էինք ցանկացած պահի պարզաբանում խնդրել չհասկացած հատվածի վերաբերյալ:

Յորքի համալսարանում մեր ուսումնական շաբաթից հետո շրջապատումս բոլորին ասում եմ, որ կարելի է երեխաների համար որոշ թանկարժեք խաղալիքներ չգնել, բայց գումար խնայել ու նրանց անպայման ուղարկել արտերկրում կրթություն ստանալու: Յորքի համալսարանը միանգամայն այլ աշխարհ էր: Ցավոք, հայկական ու եվրոպական կրթության ճեղքվածքն արդեն իսկ շատ մեծ է, եւ ավելի կխորանա, եթե այս պահից սկսած Հայաստանում լուրջ քայլեր չձեռնարկվեն:

Անի Ավագյան. Ուսումնական շաբաթի կարեւոր առանձնահատկություններից մեկն այն է, որ հանդիպում ենք նույն ծրագրի այլ երկրների ուսանողների հետ, միասին մասնակցում դասախոսությունների, իսկ դասերից հետո միասին ժամանակ անցկացնում՝ ձեռք բերելով միջազգային կապեր:

Ինձ եւ կուրսընկերներիս շատ տպավորել էր բարձրագույն կրթության հանդեպ վերաբերմունքը: Այն ինքնանպատակ չէ, այլ պատրաստում է այսօրվա մարտահրավերներին համապատասխան մրցունակ մասնագետների եւ ապահովում է արդիական կրթությամբ՝ սկսած տեխնիկապես հագեցված լսարաններից մինչեւ դասախոսական կազմի բարձր մակարդակ:

Միջավայրը ներդաշնակ էր նաեւ բնության տեսանկյունից. ամբողջ տարածքում հանդիպում ես փոքրիկ լճակների, որտեղ բադիկներն են լողում, կողքիդ էլ անտառն է, որտեղ նապաստակներ ու եղնիկներ կան: Այդ հարմոնիկ միջավայրում ուսանողն ապահովված է կրթության համար ամենակարեւոր պայմաններով:

Արմինե Մելքումյան. Մինչ Յորքի համալսարան այցելելը որոշակիորեն ուսումնասիրել էի այն, տարբեր տեսանյութեր դիտել, սակայն իրական միջավայրը շատ ավելի տպավորիչ էր, կարծես ֆիլմերից լիներ:

Համալսարանի ամբողջ անձնակազմը շատ հյուրընկալ էր: Բացի ուսումնական այդ շաբաթի հիմնական առարկայից նաեւ մեկ այլ դասընթացի մասնակցեցինք բանակցությունների հմտությունների վերաբերյալ: Դա բոլորովին այլ փորձ էր մեզ համար, եւ համալսարանի մեծ առավելություններից մեկը հենց դա է՝ այստեղ ստանում ենք ոչ միայն զուտ մասնագիտական գիտելիքներ, այլեւ համապատասխան հմտություններ՝ գործընկերների հետ գրագետ շփվելու համար:



Գոհար Աբրահամյան. Բանակցությունների արվեստի դասընթացը շատ հետաքրքիր էր կազմակերպված: Տեսությունը բացատրելուց հետո դասախոսը մեզ բաժանեց խմբերի ու ներկայացրեց ուսումնասիրության դեպքեր, որոնց հիման վրա սկսեցինք խմբերով բանակցություններ վարել՝ ստանձնելով տվյալ դեպքի ընկերության ներկայացուցիչների դերը: Վարժության ընթացքում դասախոսը հետեւում էր մեզ, իսկ հետո դիտողություններ արեց՝ պարզաբանելով, թե ինչի վրա էր պետք ուշադրություն դարձնել, ինչ էր պետք ասել եւ ինչ պետք չէր:

Սեպտեմբերի վերջում ուսումնական շաբաթով կլինենք Ստրասբուրգի համալսարանում, իսկ մյուս տարի կայցելենք Հունաստանի Սալոնիկ քաղաքում գտնվող CITY College:

Համաշխարհային նեթվորքի կարեւորությունը

Անի Հակոբյան. Հատկապես կորպորատիվ աշխարհում նեթվորքի դերը շատ մեծ է՝ ում ես ճանաչում, ում հետ կկարողանաս ինչ-որ հարցեր առաջ տանել, ինչ համագործակցությունների կարող ես հասնել: Այսօր աշխարհն այնքան արագ է զարգանում, որ յուրաքանչյուր ընկերության համար մրցակցային մնալու կարեւոր գործոններից է այլ ընկերությունների հետ գործընկերային կապերի հաստատումը:

Executive MBA-ի ուսանողներով հաճախ ենք շփվում, ընկերացել ենք բոլորի հետ: Նրանք բոլորն էլ տարբեր ոլորտների ընկերությունների ղեկավար պաշտոններ զբաղեցնող մարդիկ են: Եթե աշխատանքի բերումով անհրաժեշտություն լինի ինչ-որ տեղեկատվություն փնտրել ծրագրի մասնակից երկրներից, օրինակ, Բուլղարիայում, վստահ եմ, որ կկարողանամ դիմել նաեւ MBA համայնքի Բուլղարիայի ուսանող ընկերներիս:

Գոհար Աբրահամյան. Կրթական գործընթացում ձեռք բերած ծանոթություններն օգնում են, որ հետագայում գործդ շատ ավելի արագ կարողանաս առաջ տանել: Հեշտ ես գտնում ճիշտ մարդկանց ու ավելի արագ կազմակերպում աշխատանքը: Համալսարանի նախաձեռնած միջոցառումների ժամանակ նորից հանդիպում ենք, փորձով փոխանակվում, կիսվում մեր խնդիրներով ու խորհուրդներ ստանում: Այլ կերպ ասած՝ համալսարանը մեզ տվել է մեծ ու արդյունավետ նեթվորք՝ որակյալ մարդկանցով, որոնց հետ մշտապես սովորում ես ու նրանցով ոգեշնչվում:

Ու՞մ համար է այս ծրագիրը

Գոհար Աբրահամյան. Այս ծրագիրը հրաշալի հնարավորություն է այն մարդկանց համար, որոնք կառավարման ոլորտում են աշխատում, կամ ցանկանում են իրենք ընկերություն նախաձեռնել: Մենք յուրաքանչյուր ոլորտից սովորում ենք ամենահիմնականը, օրինակ, հաշվապահությունից սովորում ենք, թե դու որպես ղեկավար հաշվետվության ո՞ր թվերին պետք է ուշադրություն դարձնես, կամ այլ ընկերություն ձեռք բերելիս դրա ֆինանսական փաստաթղթերի ո՞ր կետերին պետք է ուշադիր լինես:

Անի Հակոբյան. Ծրագրին դիմել ցանկացողներին խորհուրդ կտամ հաշվի առնել, որ այս կրթությունը ժամանակի ներդրում է պահանջելու՝ որակյալ արդյունքների հասնելու համար, ուստի ուսանողները պետք է դրան պատրաստ լինեն:

Անի Ավագյան. Իմ բոլոր սերնդակիցներին խորհուրդ կտամ դիմել այս ծրագրին, որովհետեւ այն գիտելիքները թարմացնելու բացառիկ հնարավորություն է: Կուզեի, մասնավորապես, դիմել մշակութային ժառանգության պահպանության ոլորտի իմ գործընկերներին. երբ կարդում ենք «բիզնես ադմինիստրացիա», մտածում ենք, թե դա հեռու է մեր ոլորտից: Կյանքը տանում է մեզ այն ուղղությամբ, որ մշակութային հաստատությունները եւս ժամանակի ընթացքում սկսում են ինքնաֆինանսավորվել, ուստի շատ կարեւոր է, որ Executive MBA-ի տրամադրած պրակտիկ գործիքակազմն ու փորձն ունեցող մարդիկ լինեն այս ոլորտում՝ օգնելով մշակութային հաստատություններին դառնալ արդիական, համահունչ ժամանակակից մարտահրավերներին:

Արմինե Մելքումյան. Շատերը, հասնելով հաջողության ինչ-որ մակարդակի, իրենց համար հարմարավետության գոտի են ստեղծում ու ձգտում են այնտեղ մնալ: Այս պարագայում մեծ նշանակություն ունի շրջապատդ: Երբ աշխատում ես խելացի ու հաջողակ մարդկանց հետ, տեսնում, որ նրանք անդադար սովորում են, ձգտում նոր կրթության, ինքդ էլ մոտիվացվում ես: Լավ կրթություն ստանալու համար պետք է ճիշտ համալսարան ընտրել: Հայաստանում առաջարկվող լավագույն ծրագրերից մեկը, վստահաբար, Յորքի եւ Ստրասբուրգի համալսարանների համաեվրոպական MBA Executive-ն է:

Ներկայում ընթանում է Համաեվրոպական Executive MBA ծրագրին փաստաթղթերի ներկայացման վերջին՝ երրորդ փուլը: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել համալսարանի հայաստանյան գրասենյակ՝ 093 909 349 հեռախոսահամարով:

Գայանե Ենոքյան
Դիտում՝ 36752
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW