Արամ Ազատյան. Telcell-ում 15 տարվա ամենամեծ ձեռքբերումս թիմն է

12.10.2022 | 18:06 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /
#Արամ Ազատյան #Telcell
Արամ Ազատյանը 15 տարի շարունակ եղել է Հայաստանում վճարումների ընդունման ամենախոշոր համակարգը ներկայացնող Telcell ընկերության գլխավոր տնօրենը։ Մեկուկես տասնամյակ անց նա թողնում է ընկերության ղեկավարի պաշտոնը։

Արամ Ազատյանի հետ զրուցել ենք 15 տարվա ձեռքբերումների, հաջողությունների եւ ընկերության անցած ճանապարհի մասին։

Telcell-ին միացել եմ 2007 թվականին, երբ ընկերությունը նոր-նոր էր ձեւավորվում։ Մեկ տարի վաճառքի մենեջեր աշխատելուց հետո նշանակվեցի տնօրեն։ Իմ կարիերան սկիզբ է առել հենց Telcell-ից։ Իմ կյանքի մեկ երրորդից էլ ավելին Telcell-ն է եղել, ընկերությունն իմ անցած ուղին է, ճանապարհն ու կարեւորագույն նվաճումներից մեկը։

Telcell-ի գործունեությունը սկսելիս մեր առջեւ լուրջ, հավակնոտ նպատակներ էինք դրել։ Իհարկե, գիտեինք՝ հեշտ ճանապարհ չի սպասվում, բայց ուժեղ էր գիտակցումն ու կամքը, որ պետք է շարունակենք հավատալ մեր գաղափարին ու նպատակին։ Ինձ համար մեծ պատիվ ու պատասխանատվություն էր, որ ընկերության զարգացումը հենց ինձ էր վստահվել։

Վստահությունն ի սկզբանե եղել է Telcell-ի հիմնարար սկզբունքներից մեկը, ու հենց դրա շնորհիվ ենք մենք կարողացել հաջողել շատ ու շատ դեպքերում։ 15 տարին բավական մեծ ճանապարհ է։ Այն առաքելությունն ու ռազմավարությունը, որ ունեինք այս ժամանակահատվածի համար, կարող եմ ամբողջությամբ կատարված համարել։ Կարծում եմ՝ իմ առջեւ դրված խնդիրները հաջողվել է իրագործել այս տարիների ընթացքում, մենք կարողացել ենք ձեւավորել առաջատար ընկերություն, էնտուզիաստ, նվիրյալ, համարձակ ու առաջադեմ մարդկանց թիմ, որը կարող է շարունակել է՛լ ավելի զարգացնել Telell-ը։ Այսօր էլ մեծ ու հավակնոտ նպատակներ կան, եւ Telcell-ը հաստատակամ ընթանում է դրանց ուղղությամբ։

Ֆինտեխ ոլորտը բավական մեծ է՝ անսպառ նոր հնարավորություններով, եւ կարծում եմ՝ որոշակի դադարից հետո կգնամ նոր մարտահրավերների ետեւից։ Վստահ եմ, որ այդ ճանապարհին իմ սիրելի Telcell-ի հետ համագործակցելու առիթներ եւս կլինեն։

Երբ նոր էի միանում թիմին, ընդամենը մի քանի հոգի էինք, այսօր արդեն ունենք 350-ից ավելի աշխատակից։ Եվ այս 15 տարվա ամենամեծ ձեռքբերումս միանշանակ թիմն է, մարդիկ, որոնց հետ անցել ենք դժվարություններով, մարտահրավերներով ու հաջողություններով ճանապարհ, մարդիկ, որոնք ոչ միայն գործընկեր, այլեւ ընկեր ու հարազատ են։

Telcell-ի գլխավոր տնօրենի պաշտոնը թողնելը չի նշանակում, որ ես ընդմիշտ բաժանվում եմ իմ սիրելի թիմից։ Շատերի հետ մենք արդեն հարազատ ընկերներ ենք եւ անկախ աշխատանքային հարաբերություններից՝ դա միշտ այդպես մնալու է։

Telcell-ի զարգացման երեք հնգամյակները. առաջինը՝ կայացման փուլ

Ընկերությունը համաչափ զարգացման ճանապարհ է անցել։ Նոր ձեւավորման տարիներին Telcell-ն առաջիններից էր, որ շուկա մուտք գործեց վճարային տերմինալներով ու սկիզբ դրեց անկանխիկ վճարումների մշակույթին։ Իհարկե՝ սկզբում դժվարություններ ունեինք. վստահություն չկար, երկար ժամանակ մարդկանց ներկայացնում էինք, կրթում, բացատրում առավելություններն ու կարեւորությունը։

2012-ին կնքեցինք ժամանակի չափանիշներով խոշոր գործարքներից մեկը, երբ «Մեգա Պանտերան» իր վճարային տերմինալները տեղափոխեց մեկ միասնական ծրագրային հարթակ՝ Telcell պրոցեսինգային բազայի վրա:

Երկրորդ հնգամյակը՝ ընդլայնման փուլ

Այս փուլում ընդհանուր տերմինալային շուկան ավելի զանգվածային դարձավ՝ եւ՛ քանակական, եւ՛ տարածական առումով։ Մեր ցանցը սկսեց զարգանալ ոչ միայն Երեւանում, այլեւ Հայաստանի տարբեր քաղաքներում ու գյուղերում, Արցախում։

Ընդլայնվեց նաեւ վճարումների ընդունման շրջանակը. բջջային կապի օպերատորներից զատ, մեզ միացան բանկերը, սոցիալական ցանցերը, առեւտրային տարբեր կազմակերպություններ։ Հաճախորդներն էլ արդեն սկսեցին հասկանալ, որ տերմինալները վճարումների ամենահարմար, հերթերից խուսափելու եւ ժամանակ խնայելու ամենալավ տարբերակն են։ Կարելի է ասել՝ արդեն զարգանում էր ընդհանուր ֆինտեխ ոլորտը։

Շուկան է՛լ ավելի հետաքրքրացավ, երբ նոր մրցակիցներ հայտնվեցին։ Հենց այդ ընթացքում մենք Telcell-ի 10-ամյակը մեծ շուքով նշեցինք եւ T10 միջոցառումների շրջանակներում ներկայացրինք Telcell Wallet-ը՝ մեր էլեկտրոնային դրամապանակը։ Իհարկե՝ այդ ժամանակ նշմարվում էին այլ ընկերություններ, որ էլեկտրոնային դրամապանակներ էին առաջարկում, բայց դրանք այն դասական ու վերջնական տեսքով չէին, ինչպիսին այսօր են։ Հենց այդ առողջ մրցակցային պայմաններն էլ նպաստեցին, որ ընդհանուր շուկան շատ արագ ու համաչափ զարգանա։

Ինովացիոն փուլ. Telcell-ի երրորդ հնգամյակը

Թիմն արդեն բավական մեծացել էր, եւ ընկերության՝ ստարտափային տրամաբանությամբ կառավարումն այլեւս արդյունավետ չէր։ Ընկերությունը զարգանում էր կորպորատիվ կառավարման եւ բարդ կառուցվածքային առումով, ծրագրային տարբեր ուղղություններով, եւ անհրաժեշտ էր առավելագույնս արդյունավետ համակարգել, համադրել ու կառավարել բոլոր վեկտորները։

Իհարկե՝ շարունակում էր զարգանալ նաեւ մեր տերմինալային ցանցը, բայց երրորդ հնգամյակում մենք մեր ռազմավարությունն ու ներուժը նաեւ ուղղեցինք թվայնացմանը եւ Telcell-ի՝ որպես թվային հարթակ կատարելագործմանը։

Telcell-ը Հայաստանի ֆինտեխ ոլորտին տվել է ժամանակակից եւ արագ լուծումներ, եղել է վճարային թվային համակարգերի զարգացման խթան, ինչու չէ՝ նաեւ ձեւավորել է մրցակցային շուկա, քանի որ թե՛ բանկերը եւ թե՛ բջջային կապի օպերատորները ինչ-որ պահից իրենց թվային պրոդուկտները սկսել են մշակել վճարային հավելվածների նույն տրամաբանությամբ։

15 տարվա գործունեության արդյունքները

Telcell-ն իր 15-ամյա հոբելյանը դիմավորում է վճարումների ազգային օպերատորի դիրքավորմամբ: Այսօր ընկերության ավելի քան 4500 տերմինալների ցանցը սպասարկում է Հայաստանի ողջ տարածքն ու Արցախը: Telcell Wallet-ի շուրջ 700 000 նույնականացված  օգտատերերին ընկերությունը մատուցում է ավելի քան 450 ծառայություններ, այդ թվում՝ ֆինանսական պրոդուկտների լայն բազմազանությամբ:

Ընկերության տարեկան շրջանառությունը գերազանցում է 700 միլիարդ դրամը: 2022թ. առաջին կիսամյակի տվյալներով՝ Հայաստանի 1000 խոշոր հարկ վճարողների շարքում «Թել-Սելը» զբաղեցնում է 72-րդ հորիզոնականը:

Որպես ղեկավարի՝ ամենամեծ մարտահրավերը

Կարծում եմ՝ ոչ միայն մեր, այլեւ ցանկացած կազմակերպության համար ամենամեծ ու կարեւոր ակտիվը մարդիկ են, թիմը, որտեղ պրոֆեսիոնալներ են, բայցեւ՝ միմյանցից շատ տարբեր անհատներ։ Բոլորին մեկ գաղափարի շուրջ համախմբելը, ընկերության արժեքներին ու սկզբունքներին համապատասխան միջավայր ձեւավորելը, բոլորի էներգիան նույն նպատակին ուղղելը յուրաքանչյուր ղեկավարի համար մարտահրավեր է։ Կարծում եմ՝ ինձ հաջողվել է դա հաղթահարել։

Telcell-ին մաղթում եմ միայն հաղթանակներ, ռազմավարության հաջող իրագործում, ընդլայնում եւ առաջատարի դիրքերի ամրապնդում։ Ես հաճախ եմ սիրում կրկնել՝ «15 տարի՝ եւ ամեն ինչ դեռ նոր է սկսվում»։
Դիտում՝ 53666
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW