Հայաստանի դեսպանի ջանքերով Mankan-ի եւ Reptilia-ի միջեւ կնքված «դաշինքը»

05.03.2022 | 08:22 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Mankan,Reptilia
Փետրվարի 14-ին տեղեկություն տարածվեց, որ Կանադայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ եւ աջակցությամբ հայկական արտադրության Mankan խաղալիքները մուտք են գործել կանադական շուկա եւ հասանելի են Reptilia ընկերության ցանցում:

Banks.am-ը որոշեց մանրամասներ պարզել եւ զրուցեց «Մանկան» ՍՊԸ տնօրեն Վարուժան Գյուրջյանի եւ Reptilia Inc. ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Բրայան Չայլդի հետ:

1996 թվականին հիմնադրված Reptilia-ն վաճառում է փափուկ խաղալիքներ, որոնք հիմնականում ներմուծվում էին Չինաստանից կանադական մեծածախ ընկերությունների կողմից: Բրայան Չայլդն ասում է, որ տարիների ընթացքում մատակարարումների շղթան, որակը եւ գները փոփոխվում էին, իսկ երբ 2020 թվականին սկսվեց կորոնավիրուսի համավարակը, մատակարարումներն անկանոն դարձան եւ Reptilia-ի խանութները հաճախ ապրանքի պակասորդ էին ունենում:



Ընկերությունը սկսեց այլընտրանքային տարբերակներ փնտրել եւ որոշակի ուսումնասիրություններից հետո պարզեց, որ Հայաստանում ոչ միայն գերազանց որակի խաղալիքներ արտադրողներ կան, այլեւ Հայաստանը Չինաստանից մոտ է Կանադային, ինչը թույլ կտա էապես կրճատել ներկրման ժամկետները:

Այս տեղեկատվությամբ «զինված»՝ Բրայան Չայլդը կապ է հաստատում Կանադայում Հայաստանի դեսպան Անահիտ Հարությունյանի հետ, որն էլ առաջարկում է օգնել կապ հաստատել «Մանկանի» հետ: Բրայանը պատմում է, որ 2020 թվականի օգոստոսին Հայաստան գալով՝ Անահիտ Հարությունյանն այցելեց «Մանկան» եւ պայմանավորվեց, որ ընկերությունը Կանադա փորձնական խմբաքանակ կուղարկի:

«Մանկանի» կողմից պատրաստված խաղալիքները


«Այդ խմբաքանակը ուսումնասիրելու եւ դրա գերազանց որակը գնահատելուց հետո որոշեցինք նախնական 10 000 միավոր խաղալիքի պատվեր ձեւակերպել», - պատմում է Բրայան Չայլդը:

«Մանկանի» տնօրեն Վարուժան Գյուրջյանը նշում է, որ նախկինում Կանադայի հետ երբեք չէին աշխատել եւ առաջարկն իսկապես լավ անակնկալ էր։

«Մանկանի» կողմից պատրաստված խաղալիքները


«Մեզ գտել էին Կանադայում Հայաստանի դեսպան Անահիտ Հարությունյանի շնորհիվ։ Նա էր ստեղծել առիթ՝ ճանաչելու մեզ։ Հետո գտել էր բիզնես գործընկերների ու մեզ ծանոթացրել էր նրանց հետ։ Հենց դեսպանն էր առաջնորդում այս գործակցության ամբողջ ընթացքը։ Ամբողջ ընթացքում մենք հենց նրա միջոցով էինք շփվում պատվիրատուների հետ։ Ահռելի գործ է արել դեսպանը», - պատմում է Վարուժանը:

 «Մանկանի» տնօրենն ասում է, որ ապրանքը Կանադա արտահանելն այդքան էլ հեշտ չէ, հատկապես այն պայմաններում, երբ համավարակի հետեւանքով աշխարհը լոգիստիկ քաոսի մեջ է: Իսկ Բրայան Չայլդը կրկնում է, որ ի տարբերություն Չինաստանի, Հայաստանից ապրանքների ստացումն ավելի կարճ եւ կանխատեսելի է:



Արդյոք «Մանկանի» արտադրական հզորությունները բավարա՞ր են Reptilia-ի պահանջարկը բավարարելու համար: Բրայան Չայլդի պատասխանը միանշանակ է.

«Այս պահին՝ այո: Անգամ իրենց ամենազբաղված ժամանակաշրջանում «Մանկանը» 10 000 միավորը պատրաստեց մոտ 6 շաբաթում՝ շատ բարձր որակով եւ գերազանց դիզայնով»:



Վարուժան Գյուրջյանն էլ պատմում է, որ կանադական պատվերը համընկավ Ամանորին նախորդող շրջանի հետ, երբ շատ էին տեղական պատվերները:

«Բայց կարողացանք գլուխ հանել։ Ուժերի գերլարմամբ ենք աշխատել այդ շրջանում, բայց ամեն ինչ արվել է տեղը տեղին», - ասում է նա:

Տեսականին ընտրել եւ պատվիրել է կանադական կողմը: Վարուժան Գյուրջյանը պատմում է, որ Reptilia-ին են պատկանում սողունների կենդանաբանական այգիներ, որոնց կից խանութներ կան, որտեղ էլ իրացվում է արտադրանքը։



Իսկ համագործակցության հետագա հեռանկարների մասին հարցին Բրայան Չայլդն այսպես է արձագանքում.

«Բիզնես-որոշումները կայացվում են՝ ելնելով հաճախորդների բավարարվածության աստիճանից: Այս պահին մենք տեսնում ենք, որ հայկական արտադրանքի վաճառքի ծավալները շատ նշանակալի աճ են գրանցել՝ չինական ապրանքների հետ համեմատ»:

Արա Թադեւոսյան
Լուսին Մկրտչյան
Դիտում՝ 47717
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW