Ռուբեն Հարությունյան. «HENDERSON-ի նպատակն է դառնալ տղամարդկանց հագուստի հայկական շուկայի առաջատարը»

11.10.2022 | 22:00 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /
#HENDERSON
Հոկտեմբերին HENDERSON նորաձեւության տունը մուտք է գործում հայկական շուկա: Բացման նախօրեին Banks.am-ը զրուցել է ընկերության հիմնադիր եւ նախագահ Ռուբեն Հարությունյանի հետ։

- Հայաստանը կլինի Ռուսաստանից հետո առաջին երկիրը, որտեղ կբացվեն HENDERSON խանութները։ Պարզ է, որ կարեւոր դեր է խաղացել այն, որ դուք հայ եք եւ ծնվել եք Հայաստանում, բայց կարծում եմ, որ կային նաեւ այլ պատճառներ։

- Նախ նկատեմ, որ HENDERSON-ը առաջին անգամ չէ մուտք գործում հայկական շուկա։ Նախկինում, 90-ականների կեսերից, մենք հանդես էինք գալիս որպես HENDERSON-ի դիստրիբյուտոր եւ առաջարկում էինք լեհական LPP ընկերության տեսականին: Հավաքածուն շատ նեղ էր՝ միայն վերնաշապիկներ ու ներքնազգեստ։ Այդ տարիներին դիստրիբյուտորական ընկերություններ ունեինք եւ՛ Ռուսաստանում, եւ՛ Հայաստանում։

2003 թվականին մենք գնեցինք HENDERSON ապրանքանիշը եւ ստեղծեցինք սեփական դիզայն-բյուրոն՝ սկսելով կառուցել ուղղահայաց ինտեգրված հոլդինգ: Այն ժամանակ մեր նպատակն էր ստեղծել տղամարդկանց նորաձեւության առաջատար ապրանքանիշ ռուսական շուկայում։ Մոտ 20 տարվա ընթացքում մենք դարձանք տղամարդկանց հագուստի խոշորագույն դաշնային ռիթեյլեր եւ այսօր առաջարկում ենք ժամանակակից հագուստ տղամարդկանց համար ավելի քան 150 խանութներում՝ Կալինինգրադից մինչեւ Վլադիվոստոկ, Մուրմանսկից մինչեւ Գրոզնի: HENDERSON-ը այն սակավաթիվ բրենդերից է, որը գործում է affordable luxury (մատչելի շքեղություն) սեգմենտում:

Կարեւոր է ընդգծել, որ ցանցում մեծ թվով խանութների առկայությունը մեզ թույլ է տալիս անմիջականորեն աշխատել 15 երկրների առաջատար գործարանների հետ եւ ապահովել մրցունակ գնային առաջարկ։ Մեր գները Հայաստանում եւ Ռուսաստանում նույնն են լինելու, ինչը մեծ առավելություն է հայ գնորդների համար։



Հիմա մեր նոր ռազմավարության շրջանակներում դուրս ենք գալիս միջազգային շուկա։ Հայաստանից սկսելու որոշումը, անշուշտ, պայմանավորված է ցանկությամբ կիրառելու մեր տեխնոլոգիաներն ու գիտելիքներն այն երկրում, որտեղ մենք ծնվել ենք։ Միաժամանակ կարելի է խոսել էմոցիոնալ եւ ռացիոնալ մոտեցումների համադրության մասին։ Հիմնական շուկայի սահմաններից դուրս գալու դեպքում պետք է կարգավորվեն մայր եւ դուստր ընկերությունների միջեւ հարաբերությունների կառուցման գործընթացները: Այս առումով Հայաստանը մեզ համար շատ հարմար շուկա է, քանի որ Եվրասիական տնտեսական միության անդամ է, ինչը ենթադրում է հարմարավետ մաքսային եւ այլ կարգավորումներ։ Բացի այդ, մենք դիտարկում ենք Հայաստանը որպես «հարթակ»՝ այլ երկրների շուկաներ դուրս գալու համար։

- Ինչպիսի՞ն է լինելու HENDERSON-ի ներկայությունը Հայաստանում։

- Մենք պետք է ներկայացված լինենք բոլոր առանցքային առեւտրի կենտրոններում։ Բացի դրանից, ֆլագման սրահ կբացվի Երեւանի կենտրոնում՝ Սայաթ-Նովա 8 հասցեում։



Այսօր մեր խանութի ստանդարտ տարածքը 400-500 քառակուսի մետր է, եւ չորս կամ հինգ խանութ բացելով՝ կկարողանանք ծածկել ամբողջ Երեւանը։ Այս տարվա հոկտեմբերին խանութ կբացենք RIO առեւտրի կենտրոնում, իսկ նոյեմբերի սկզբին՝ ֆլագման սրահը։ 2023-2024 թվականներին նախատեսում ենք բացել մնացած սրահները Երեւանում եւ Գյումրիում։

- HENDERSON առցանց խանութը հասանելի կլինի՞ Հայաստանում:

- Այսօր Ռուսաստանում HENDERSON այցելում է տարեկան 18 միլիոն մարդ՝ խանութների ցանցը եւ առցանց խանութը: Մոտ 65 տոկոսը օգտվում է ֆիզիկական խանութներից, 35-ը՝ առցանց խանութից: Մեր բրենդի առանցքային հատկանիշներից մեկը բազմալիքությունն է: Այն, ինչ տեսնում եք սրահում, կարող է կազմել առցանց խանութում առկա տեսականու 20-30 տոկոսը: Առցանց խանութում կարող եք պատվեր ձեւակերպել եւ ստանալ այն մի քանի օրվա ընթացքում։

Այսօր մեր սրահներում շրջանառության մոտավորապես 15 տոկոսն ապահովում է այն, որ հաճախորդներն ինքնուրույն կամ վաճառող խորհրդատուների օգնությամբ պատվերներ են կատարում առցանց խանութում։
 
Հայաստանում մեր հաճախորդները նույնպես կկարողանան օգտվել HENDERSON.AM առցանց խանութից։ Կարծում եմ, որ լայն տեսականին եւ մատչելի գները թույլ կտան հայ տղամարդկանց գտնել հարմար ապրանքներ։ Մեր նպատակն է դառնալ տղամարդկանց հագուստի հայկական շուկայի առաջատարը։

Հայաստանում հիմա բազմաթիվ մարդիկ կան, ովքեր հավատարիմ են HENDERSON ապրանքանիշին։ Վերջերս Երեւանում տեղի ունեցավ հայ-ռուսական բիզնես ֆորում, որից հետո ինձ մոտեցավ ռուսական խոշոր ձեռնարկության տնօրեն եւ շնորհակալություն հայտնեց հայկական շուկա մուտք գործելու որոշման համար։ Պարզվում է, որ նա արդեն երկու տարի աշխատում է Հայաստանում, սակայն զգեստապահարանը թարմացնելու եւ համալրելու համար ստիպված էր մեկնել Դոնի Ռոստով, որտեղ կա HENDERSON խանութ։



Ամենահամեստ գնահատականներով՝ վերջերս Հայաստան է տեղափոխվել 50-ից 70 հազար ռուսաստանցի, որոնցից շատերը մեր վաղեմի հաճախորդներն են եւ անհամբեր սպասում են մեր խանութների բացմանը:

- Հայաստանում մատուցելու՞ եք հագուստը ըստ կազմվածքի շտկելու եւ անհատական կարի ծառայությունները։

- Այո, քանի որ HENDERSON-ի առաքելության առանցքային դրույթներից մեկն այն է, որ մարդիկ ժամանակ չվատնեն մտածելով, թե որտեղից հագուստ գնել, այլ օգտագործեն այն նոր ձեռքբերումների կամ մտերիմների հետ շփման համար:

Պատահում է, որ մարդիկ հարմար հագուստ են գտնում, սակայն այն կատարյալ չի «նստում»։ Նման դեպքերում մենք անվճար հարմարեցնում ենք այն կոնկրետ մարդու  համար՝ դա տեւում է մեկ օրից մինչեւ մեկ շաբաթ։ Այս ծառայությունը հասանելի կլինի ինչպես մեր ֆլագման սրահում, այնպես էլ RIO առեւտրի կենտրոնում:



Ինչ վերաբերում է HENDERSON Su Misura-ի անհատական կարի ծառայությանը, ապա Սայաթ-Նովա 8 հասցեում գտնվող ֆլագման սրահում հաճախորդները հնարավորություն կունենան կարել կոստյում կամ վերնաշապիկ՝ ըստ անհատական չափերի։ Այս գնորդների համար հասանելի կլինեն գործվածքներ իտալական առաջատար գործարաններից (Reda, Vitale Barberis Canonico, Drago, Albini, Thomas Mason եւ այլն):

- Դուք նաեւ կորպորատիվ ոճի ստեղծման ծառայություններ եք մատուցում, ավելի քան 10 տարի հանդիսանում եք Ռուսաստանի հոկեյի ֆեդերացիայի նորաձեւության պաշտոնական գործընկեր։ Հայաստանում նման ծառայություններ մատուցելու ծրագրեր ունե՞ք։

- Այո, մենք պատրաստ ենք համագործակցելու այն ընկերությունների ու կազմակերպությունների հետ, որոնց աշխատակիցները պետք է որոշակի դրես-կոդ պահպանեն կամ համապատասխանեն կորպորատիվ ոճի։

Քանի որ դուք նշեցիք սպորտը, կարող եմ ասել, որ այս թեման արդեն քննարկել ենք միջազգային ասպարեզում հանդես եկող «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատիրոջ հետ։ Ակումբի ղեկավարությանը խոստացել ենք հայկական շուկա մուտք գործելուն պես նրանց նորաձեւության գործընկերը դառնալ։

Բոլոր այն հնարավորությունները, որոնք ստեղծել ենք Ռուսաստանում կորպորատիվ հաճախորդների համար, հարմարեցվելու են Հայաստանի համար, եւ այստեղ մենք բավականին մեծ շուկա են տեսնում։

Ռուբեն Հարությունյանի հետ զրուցել է Արա Թադեւոսյանը
Դիտում՝ 67353
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW