ZERO-ի խելացի ավտոմատացումը, $12 մլն ներդրումը եւ վստահությունը

14.03.2022 | 14:11 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#ZERO #Գեւորգ Կարապետյան #ստարտափ
Արհեստական բանականության միջոցով աշխատանքի արդյունավետության բարձրացման եւ ավտոմատացման լուծումներ առաջարկող ZERO ընկերությունը վերջերս $12 մլն ներդրում է ստացել, որը կօգնի զարգացնել ընկերությունը, մեծացնել աշխատակիցների թիվը, իսկ առաջարկվող լուծումները հասանելի դարձնել ավելի մեծ թվով մարդկանց համար։

ZERO ընկերության համահիմնադիր Գեւորգ Կարապետյանը Banks.am-ի հետ զրույցում պատմել է ընկերության մշակած լուծումների, ինչպես նաեւ նոր ներգրաված ներդրման մասին։

Աշխարհն ավելի լավը դարձնելու գաղափարը

ZERO-ն ստարտափ ընկերություն է, որը հիմնադրվել է 2015 թվականին՝ ԱՄՆ-ում եւ ներկայում մասնաճյուղեր ունի Հայաստանում ու Կանադայում: Ընկերության ստեղծման հիմքում բավական հավակնոտ գաղափար է ընկած՝ աշխարհն ավելի լավը դարձնել, որը պետք է ազդի միլիոնավոր մարդկանց վրա եւ նրանց կյանքն ավելի լավը դարձնի։

Մեր պրոդուկտը արհեստական բանականության հիման վրա գործընթացների ավտոմատացման լուծում է առաջարկում մասնագիտական ծառայությունների ոլորտում գործող իրավաբանական, հաշվապահական, ֆինանսական եւ այլ ընկերությունների համար։  



Այսինքն՝ մեր առաջարկած լուծումները կարող են օգտագործել նշված ոլորտների այն աշխատակիցները, որոնք իրենց մասնագիտական գործունեության ընթացքում բավական ժամանակ խլող եւ կրկնվող ադմինիստրատիվ գործողություններ, դասակարգման աշխատանքներ են կատարում: Դրանց ավտոմատացումը աշխատակիցներին հնարավորություն է տալիս իրենց աշխատանքային ժամանակում օրական 1 ժամ խնայել:

Եթե հաշվի առնենք, որ աշխարհում 1 մլրդ մասնագիտական ծառայության աշխատող կա, որոնք կրկնվող ադմինիստրատիվ գործողությունների փոխարեն կարող են օգտագործելով մեր պրոդուկտը, ապա մեկ օրվա մեջ կխնայվի ընդհանուր 1 մլրդ ժամ:

Աշխատանքն իրավաբանական ընկերությունների հետ

ZERO-ն իր գործունեության ընթացքում մեծամասամբ աշխատել է իրավաբանական ընկերությունների հետ: Այս պահին հաճախորդներ ունենք աշխարհի 100 լավագույն խոշոր ընկերություններից:

Ի սկզբանե թիրախավորեցինք այս ոլորտը, քանի որ հասկացանք՝ այն շատ լավ տեղ է, որտեղ կարող ենք սկսել եւ զարգացնել մեր տեխնոլոգիան, աշխատել լավ ֆիլտրած տվյալների հետ:
Այս ոլորտը բարդ եւ հետաքրքիր է նաեւ այն առումով, որ մասնագետներն աշխատանքային օրվա ընթացքում շատ են առնչություն ունենում փաստաթղթերի դասակարգման հետ:

Գեւորգ Կարապետյանը


Օրինակ՝ իրավաբանական ոլորտում փաստաթղթերի դասակարգման գործընթացը կատարվում է այսպես՝ առաջարկվող ալգորիթմը հասկանում է, թե փաստաթուղթն ինչ տիպի է եւ ավտոմատ ավելացվում է համապատասխան տեղում, ինչը նախկինում արվել է մեխանիկական գործողության միջոցով: Այսինքն՝ մեր պրոդուկտը կարողանում է փաստաթղթերը, գործողությունները դասակարգել ըստ տիպերի:

Մեր հաջորդ քայլն այն է լինելու, որ կարողանանք դասակարգման ալգորիթմերն ավելի մեծ կիրառություն ունենան տարբեր ծրագրերի մեջ:

Թիրախում կլինեն այլ ընկերություններ

Իրավաբանական ոլորտում մեր պրոդուկտն առաջարկելը շատ ճիշտ որոշում էր, քանի որ դրա կիրառությունից որոշ ժամանակ հետո հասանք ալգորիթմների կիրառման ճշգրտության այնպիսի մակարդակի, որ թույլ կտար հարակից այլ՝ ֆինանսական, հաշվապահական ոլորտների հետ աշխատել, որտեղ տվյալները մի քիչ ավելի «քաոտիկ» են եւ պակաս դասակարգված:
Ցավոք, Հայաստանից դեռ հաճախորդներ չունենք, հիմնական պատճառն այն է, որ Հայաստանում իրավաբանական ոլորտի ընկերությունները այդքան էլ մեծ չեն։ Բայց երբ ավելի ամրապնդվենք ֆինանսական ոլորտում, շատ ուրախ կլինենք Հայաստանից էլ հաճախորդներ ունենալ:

Ներդրումների համար գրավիչ լինելու բանաձեւը

Ցանկացած ստարտափի, առաջին հերթին, անհրաժեշտ է արագ աճել, ինչի համար մի քանի փուլ են անցնում: Առաջինում ստարտափերը գաղափարից ստեղծում են պրոդուկտ, երկրորդում՝ այդ պրոդուկտը տանում են շուկա, որտեղ էլ պարզ է դառնում՝ թե այն մաքսիմալ ինչքան կարելի է օգտագործել: Երբ նկատելի է դառնում, որ պրոդուկտը սկսում են օգտագործել, գնել, հետո գալիս է երրորդ՝ պրոդուկտի զանգվածային հասանելիության փուլը, իսկ դրա համար պետք են ֆինանսական միջոցներ՝ թիմում լավագույն մասնագետների քանակը մեծացնելու համար:



Այս արագ աճի համար էլ ստարտափ ընկերությունները ներգրավում են ֆինանսավորում, որոնք սովորաբար վերցնում են վենչուրային ընկերություններից:

Ընդհանրապես ներդրում ստանալու գործընթացը ստարտափ ընկերությունների համար կախված է այն բանից, թե ինչ փուլում է ստարտափը գտնվում: Երբ ընկերությունը նոր է սկսում իր գործունեությունը եւ ոչ ոք իր մասին չգիտի, բնականաբար ընկերությունն է դիմում ներդրում ստանալու համար, ինչը երկար եւ ծանր գործընթաց է: Կարող ես դիմել հարյուրավոր ֆոնդերի, որոնցից մեկը կամ երկուսը ցանկանան ներդրում անել: Տարիներ առաջ ZERO-ն արդեն անցել է այդ շղթայով: Բայց հետո, երբ ունենում ես հաճախորդներ, շուկայում նկատելի է լինում քո պրոդուկտի կիրառումը, արդեն ընկերությունն է լինում ներդրողների ուշադրության կենտրոնում, եւ իրենք են շահագրգռված լինում ներդրում անելու հարցում:

$12 ներդրումը եւ վստահությունը

Մարտի 1-ին ZERO-ն ստացավ իր ամենախոշոր՝ $12 մլն A սերիայի ներդրումը ամերիկյան վենչուրային ընկերություններից: Այսպիսի ցանկացած ներդրում խոսում է ստարտափի նկատմամբ վստահության եւ այն հավատի մասին, որ տվյալ ընկերությունը մի օր կհասնի միլիարդ դոլար արժողության, կունենա ազդեցություն եւ հասանելիություն մեծ զանգվածներին:
Այդ գումարն առաջին հերթին ուղղված է լինելու մեր աճին, թիմը մեծացնելուն, ինչպես նաեւ մեր հաճախորդների թիրախավորման շրջանակը լայնացնելուն, այսինքն` իրավաբանական ոլորտի 100-ից ավելի հաճախորդներից բացի՝ պետք է սկսենք աշխատել ֆինանսական եւ հաշվապահական ոլորտների հետ: Նշեմ, որ վերջին տարվա ընթացքում մեր թիմը 30 հոգուց դարձել է 80:



ZERO-ն այս տարիների ընթացքում արդեն հասել է այն կարգավիճակին, որ շուկայում ներդրող ընկերություններին տեսանելի է թե՛ պրոդուկտի կիրառությունը, թե՛ դրանից օգտվող հաճախորդների թիվը: Այս փուլում արդեն ավելի շատ ներդրողներ էին հետաքրքրված մեզնով եւ նույնիսկ շռայլություն ունեինք ընտրելու նրանց:

Ներդրողներին ընտրելը եւս շատ կարեւոր է մեզ համար, քանի որ նրանք ոչ միայն գումար են տալիս, այլեւ դառնում են ընկերության բանիմաց, փորձառու գործընկերը, ով գիտի, այսպես ասած, «հաջողության բանաձեւերը», կարող է խորհուրդներ տալ, ուղղորդել, որ ստարտափն ավելի արագ եւ ճիշտ հասնի իր նպատակներին:

Արփի Ջիլավյան
Լուսանկարները Մեդիամաքսի եւ ZERO-ի արխիվի
Դիտում՝ 14177
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW