«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, Հայ գործարարների ասոցիացիայի (ՀԳԱ) նախագահ Սամվել Կարապետյանն ասել է, որ Հայաստանի դուրս գալը ԵԱՏՄ-ից եւ վերակողմնորոշումը դեպի Եվրոպական միություն կարող են լուրջ տնտեսական հետեւանքներ ունենալ երկրի համար: Ելույթ ունենալով Մոսկվայում ՀԳԱ կողմից կազմակերպված բիզնես ֆորումին, Սամվել Կարապետյանը կարևորել ԵԱՏՄ հետագա ամրապնդումը: «Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը առանցքային դեր ունի հանրապետության տնտեսության կայունության և զարգացման գործում։ 2024 թվականի ընթացքում Հայաստանի՝ ԵԱՏՄ երկրների հետ առեւտրաշրջանառությունը մեծացել է՝ հասնելով 12,7 մլրդ ԱՄՆ դոլարի։ Միեւնույն ժամանակահատվածում ԵՄ-ի հետ կրճատվել է 14%-ով եւ կազմել 2 մլրդ դոլար»,- նշել է Սամվել Կարապետյանը։Նրա կարծիքով այս թվերը հստակ ցույց են տալիս, որ ԵԱՏՄ-ն ապահովում է Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության հիմնական բաժինը և հանդիսանում է նրա հիմնական առևտրային գործընկերն ու երկրի տնտեսական կայունության հիմքը։ Հայ գործարարների ասոցիացիայի նախագահն ընդգծել է, որ Ռուսաստանը երկրի էներգետիկ անվտանգության երաշխավորն է: «Այսօր Ռուսաստանը Հայաստանի տնտեսության համար էներգառեսուրսների առանցքային մատակարարն է։ Գազն ու նավթամթերքը մատակարարվում են կայուն և կայացած խողովակներով՝ Հայաստանի համար ձեռնտու պայմաններով։ Եթե Հայաստանը դուրս գա Եվրասիական տնտեսական միությունից, ապա գների և մատակարարումների կարգավորման միասնական մեխանիզմները կդադարեն գործել, ինչը նշանակում է, որ կբարձրանան գազի, նավթամթերքի և էլեկտրաէներգիայի գները: Այսինքն՝ Հայաստանի ողջ տնտեսությունը կարող է լուրջ հարվածի ենթարկվել, որը կարող է հանգեցնել տնտեսության առանձին հատվածների կաթվածահարմանը և երկրի տնտեսական համակարգի կայունության խաթարմանը։ Կարևոր է հասկանալ, որ էներգետիկ անվտանգությունը միայն տնտեսական հարց չէ, այլ ռազմավարական գործոն, որից կախված է երկրի ապագան։ Ցանկացած քայլ, որը կարող է վտանգի տակ դնել անվտանգությունը, պետք է մանրակրկիտ հաշվի առնվի՝ ելնելով ոչ թե կարճաժամկետ քաղաքական հաշվարկներից, այլ իրական ազգային շահերից», - ասել է նա:«ԵՄ-ի հետ համագործակցությունը հնարավոր է և անհրաժեշտ, սակայն ոչ ԵԱՏՄ-ում կորուստների գնով։ Մենք կարող ենք և պետք է գործող համաձայնագրերի շրջանակներում շարունակենք խորացնել ԵՄ-ի հետ համագործակցությունը, սակայն առանց վտանգի տակ դնելու մեր ռազմավարական շահերը և տնտեսական կայունությունը։ Հայաստանի ապագան և բարգավաճումը ուղղակիորեն կախված են իրական տնտեսական ցուցանիշների վրա հիմնված` հավասարակշռված և մտածված որոշումներից։ Համոզված եմ, որ Հայաստանի զարգացման ուղին պետք է ընտրենք ոչ թե հույզերի ու գեղեցիկ խոստումների, այլ թվերի ու փաստերի հիման վրա։ Մենք մեզ չենք կարող թույլ տալ եւս տասնամյակներ զբաղվել փորձարկումներով: Մեր ընտրությունը պետք է լինի հավասարակշռված, ճշգրիտ և առանց սխալների` այնպիսին, որն արդեն այսօր կտա իր արդյունքը և կդնի երկրի ապագայի ամուր հիմքերը», - եզրափակել է Սամվել Կարապետյանը: Tweet Դիտում՝ 3201