Արարատի մարզի Վեդիի N1 եւ Լուսառատի միջնակարգ դպրոցներն արտադրում են բնական ու էկոլոգիապես մաքուր չրեր` մանկավարժների եւ աշակերտների ծնողների ջանքերով։ Բացի պտուղ-բանջարեղենի չրանոցները, դպրոցներն ունեն նաեւ ջերմոցներ, որոնք «ցուցադրական» են եւ նպաստում են, որ երեխաները մոտիկից ծանոթանան ագրոբիզնեսի այս ոլորտին, վարմանը, գիտելիքներ ստանան, երիտասարդ տարիքից ուղղորդվեն դեպի գյուղատնտեսական մասնագիտություններ։ Ջերմոցներն ու չրանոցները հիմնվել են «Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրներում պարենային անվտանգության եւ սնուցման վերաբերյալ կարողությունների հզորացում» ծրագրով, որն իրականացնում է ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը։ Ծրագիրը փոխկապակցված է «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի հետ եւ նպատակը աշակերտների սնուցման բարելավումն ու սննդակարգի բազմազանության ապահովումն է, ինչպես նաեւ՝ դպրոցներին ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու եւ վաճառքի միջոցով լրացուցիչ գումարներ հայթայթելու հնարավորություն տալը։ Յուրաքանչյուր դպրոց ինքն է որոշում՝ ինչպես վարել բիզնեսն ու ամեն տնօրեն իր ռազմավարությունն ունի։ Վեդիի դպրոցը, օրինակ, մրգերը գնում է համայնքից եւ այլ ֆերմերներից, իսկ Լուսառատի դպրոցն ունի իր այգին։Երեք տոննա լոլիկ՝ դպրոցական ջերմոցիցԱրարատի մարզի Վեդի քաղաքի Գագիկ Մարգարյանի անվան համար 1 հիմնական դպրոց այցի պահին չրանոցում աշխատանքը եռում էր, մանկավարժներն ու ծնողները լցնում, կշռում, փաթեթավորում, ապա տուփերի մեջ էին տեղավորում չրերը։ Աշխատանքներին հետեւում ու պարբերաբար մասնակցում էր դպրոցի տնօրեն Ալվարդ Պապոյանը, ով մրգային չրեր եւ չիպսեր պատրաստելու երկար տարիների փորձ ունի։ Ասում են՝ նրա արքայանարնջի բնական չիպսը մեծ համբավ է վայելում, որը տնօրենը պատրաստում է տանը՝ ամուսնու սարքած չրանոցով։ Ալվարդ Պապոյանը Մեդիամաքսին պատմել է, որ դեռ 2013 թվականին դպրոցն ընդգրկվել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի մեջ, հիմնվել է բարեկարգված ճաշարան եւ 1-4-րդ դասարանի մոտ 350 աշակերտ այդ ժամանակ օգտվել է «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրից։ Ալվարդ Պապոյանը «ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչները հաճախ էին այցելում մեր դպրոց, գոհ էին արդյունքներից եւ 2016 թվականին ՀՀ երեք մարզի դպրոցների տնօրեններին, այդ թվում՝ ինձ, իրենց խոհարարների հետ ՌԴ Տամբով քաղաքում փորձի փոխանակման հրավիրեցին։ Դպրոցներ այցերի ժամանակ ինձ հրապուրեց այն գաղափարը, որ այնտեղ կային ջերմոցներ եւ դրանք առատ բերք ունեին։ Մտածեցի, որ մեր դպրոցը եւս կարող է ունենալ ջերմոց եւ ճաշարանին մթերք մատակարարել։ Դիմեցի ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրին, ինչպես նաեւ՝ ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությանը։ 2018 թվականին դպրոցում հիմնվեց 198 քմ մակերեսով ջերմատուն»,- պատմել է Ալվարդ Պապոյանը։ Տնօրենը նշել է, որ ջերմոցը բավականին ծավալուն աշխատանք է պահանջում կրթության ոլորտի ներկայացուցիչներից, բայց դժվարությունները հաղթահարվել են աջակցության շնորհիվ։«Շուտով ունեցանք փորձնական, բայց առատ բերք՝ մոտ երեք տոննա լոլիկ: Հունիս ամիսն էր, ճաշարանը չէր գործում, ուստի բերքը որպես սնունդ չէր կարող ծառայել։ Բացի այդ, պետք էր մտածել մեր ծախսերը հոգալու մասին։ Չկար մեխանիզմ, որով կարող էինք «թափանցիկ» վաճառք կազմակերպել։ Ստեղծեցինք հանձնաժողով, որում ընդգրկված էին ծնողներ, դպրոցի աշխատակիցներ, կազմակերպեցինք բերքի վաճառքն ու գումարը փոխանցվեց արտաբյուջե։ Դա մեզ շատ ոգեւորեց, որից հետո որոշեցինք մշակել վարունգ»,- ասել է դպրոցի տնօրենը։ 2021թ. ուսումնական տարվա սկզբից ջերմատունը դպրոցի ճաշարանին մատակարարում է թարմ եւ էկոլոգիապես մաքուր բանջարեղեն։ 100 կգ չիր՝ առաջին տարումՎեդիի N1 դպրոցի տնօրենը պատմել է նաեւ, որ ջերմատան արդյունքները տեսնելուց հետո առաջարկ է եղել դպրոցում հիմնել նաեւ չրանոց։ «Դպրոցն այս տարի արդեն արտադրել է 100 կգ մրգային չիր եւ վաճառքից գոյացած փոքր եկամուտը փոխանցվել է դպրոցի բյուջե։ Չրանոցում առայժմ աշխատում ենք բոլորս՝ ինչպես աշխատանքային ժամերի ավարտից հետո, այնպես էլ՝ հանգստյան օրերին: Ալվարդ Պապոյանը Եթե հաջորդ տարի աշխատանքների ծավալը մեծանա, կունենանք պայմանագրային աշխատողներ։ Մեր նպատակը «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրին աջակցելն է՝ երեխաների ինչպես թարմ, էկոլոգիապես մաքուր բանջարեղենով, այնպես էլ՝ չրերով ապահովելու համար»,- ասել է Ալվարդ Պապոյանը։ Հեռանկարային քայլերՄԱԿ-ի Պարենի գրասենյակի ագրոբիզնեսի զարգացման ծրագրերի փորձագետ, չրագործության ինտերվենցիայի զարգացման պատասխանատու Աննա Հովհաննիսյանը պատմել է, որ ծրագիրը մեկնարկել է նախորդ տարի, աշխատանքներն էլ համընկել են կորոնավիրուսի համավարակի բարձր տեմպերի եւ պատերազմի հետ։ «Դժվար էր պրոցեսը զարգացնել, բայց կարողացանք այնպես անել, որ այս տարի երկու դպրոցում չրանոց բացվեց։ Այդ ժամանակահատվածում փորձարկվեցին անձնակազմերի արտադրական հմտությունները, նրանք սովորեցին պատրաստել որակյալ չրեր։ Կային արտադրանքներ, որոնց փորձարկման ժամանակ խնդիրներ եղան եւ կենտրոնացան մրգի չորացման վրա։ Այժմ արտադրում են խնձորի, սալորի եւ դեղձի չրեր, իսկ մյուս տարի կավելանան նաեւ այլ մրգերի տեսակներ»,- ասել է նա։ Աննա Հովհաննիսյանը Աննա Հովհաննիսյանը նշել է, որ դպրոցները չրերի արտադրությամբ միայն սեփական սպառման համար չէ, նպատակ կա նաեւ արտադրանքը շուկա դուրս բերել, իսկ վաճառքից ստացված շահույթն օգտագործել դպրոցական սնունդը բարելավելու համար։ Կլինի կապիտալ, թե սննդային ներդրում՝ կախված է դպրոցի կարիքներից։ Արարատի մարզի Վեդիի եւ Լուսառատի դպրոցներում այս տարի սովորել են նաեւ վաճառքի տեխնիկաներ, ապրանքը սոցիալական հարթակներում ներկայացնելու հմտություններ։ Լուսառատի դպրոցի չրանոցի արտադրանքը սոցիալական ցանցերում ներկայացնելու են հենց երեխաները, քանի որ մեծերը հասկացել են, որ նրանք ավելի ճիշտ են կարողանում ընտրել լուսանկարները, գրառումների բովանդակությունը։ Աննա Հովհաննիսյանը «Մեր մոտեցումն այն է, որ երեխաները ոչ թե պետք է աշխատեն, այլ սովորեն, տեսնեն ու լինեն սպառողը, իսկ դպրոցը պետք է ունենա բիզնես՝ սեփական կարիքները հոգալու համար։ Երկու դպրոցի արտադրամասն էլ ունեն տարեկան մինչեւ 5 տոննա չրի արտադրության հնարավորություն։ Կատարյալ կլինի, եթե 2022 թվականին դպրոցները կարողանան ունենալ այդ չափով պատվեր։ Շենքային պայմանները թույլ են տալիս, գույքն ավելացնելու հաշվին, եռապատկել այդ թիվը»,- ասել է Աննա Հովհաննիսյանը։ Զարուհի Բեգլարյանը ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության ազգային ծրագրերի ղեկավար Զարուհի Բեգլարյանն ասել է, որ ծրագիրն այս տարի ավարտվում է, այժմ լրացուցիչ ֆոնդհայթայթման փուլում են, որպեսզի ընդլայնվի եւ նոր դպրոցներ, տարածքներ ընդգրկվեն ծրագրում։ «Ծրագիրը պիլոտային է։ Իրականացման ընթացքում փորձել ենք գնահատել ռիսկերն ու հնարավորությունները, արդյունավետությունը՝ ընդլայնված ծավալով նոր փուլ մտնելու համար։ Պատրաստել ենք նաեւ այլ բիզնես փաթեթներ, որպեսզի չֆիքսվենք միայն չրանոցի կամ ջերմական գաղափարի վրա: Ավելի բազմազան է լինելու փաթեթը, եւ կախված գումարի չափից՝ ավելի կոնկրետ կխոսենք, թե քանի դպրոց կկարողանա ներգրավվել երկրորդ փուլում»,- ասել է նա։ Անի ԽչոյանԼուսանկարները՝ Էլեն Գասպարյանի Tweet Դիտում՝ 18059