ՖՀՄՍ 9 եւ ակնկալվող պարտքային կորուստների հաշվարկը COVID-19-ի պայմաններում

21.04.2020 | 16:04 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Գրանթ Թորնթոն #Ազատ Մանուկյան #ՖՀՄՍ 9
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Գրանթ Թորնթոն Հայաստան» ընկերության ավագ մենեջեր Ազատ Մանուկյանի՝ «ՖՀՄՍ 9 եւ ակնկալվող պարտքային կորուստների հաշվարկը կորոնավիրուսային COVID-19 համավարակի պայմաններում» հոդվածը, որը հրապարակվում է Banks.am կայքում բացառիկ իրավունքով:

Նախաբան

Վարկային արձակուրդներ, մորատորիումներ, արտոնյալ ժամականահատվածներ, վարկերի մարումների հետ կապված խնդիրներ, ապագայի նկատմամբ անորոշություն. ինչպե՞ս հաշվարկել ֆինանսական գործիքների, հատկապես վարկերի գծով ակնկալվող պարտքային կորուստները COVID-19 կորոնավիրի համավարակի պայմաններում եւ ինչպե՞ս են վերոնշյալ գործոններն ազդում ակնկալվող պարտքային կորուստների եւ դրա հաշվարկման համար կիրառվող մեթոդաբանությունների վրա:

Վերջերս ընդունված եւ ներդրված ՖՀՄՍ 9-ը՝ ֆինանսական գործիքների ճանաչման, գնահատման եւ արժեզրկման հաշվարկի վերաբերյալ, մշակված լինելով 2008թ. ֆինանսական հետճգնաժամային միջավայրում, պետք է տնտեսական անորոշության այս ժամանակահատվածում ապացուցի իր «պիտանելիությունը»:

ՖՀՄՍ 9-ը մեծամասամբ հիմնված է սուբյեկտիվ դատողության վրա եւ նախատեսում է բազմաթիվ ենթադրությունների կիրառում: Այն չինախատեսում ակնկալվող պարտքային կորուստների հաշվարկման ստանդարտ կամ ճշգրիտ ուղեցույց ու չափանիշ, ո՛չ էլ սահմանում է ամբողջ ժամկետի ընթացքում ակնկալվող կորուստների հաշվարկի հստակ մոտեցումն ու ապագայամետ սցենարների կիրառումը:

Այսպիսով, բանկերը հնարավոր է ստիպված լինեն վերանայել իրենց կողմից կիրառված ենթադրությունները, դատողություններն ու մեթոդաբանությունները կամ առնվազն զերծ մնան դրանք մեխանիկորեն կիրառելուց, քանի որ վերջիններսկարող են արդիական չլինել առկա իրավիճակում:

Այս համատեքստում առաջ են գալիս որոշհարցեր, մասնավորապես.

- Ինչպե՞ս գնահատել պարտքային ռիսկի նշանակալի աճը ֆինանսական դժվարին այս պայմաններում, որոնց այժմ բախվում են անհատներն ու ձեռնարկությունները,

- Ինչպե՞ս գնահատել վարկային արձակուրդներն ու մորատորիումները,

- Ինչպե՞ս կիրառել ապագայամետ տեղեկատվությունը, եթե ապագան անորոշ է,

- Ի՞նչ վարվել, եթե վարկառուն ստանում է պետական աջակցություն: Արդյո՞ք պետք է այն հաշվի առնել:

Սույն հոդվածում Գրանթ Թորնթոն Հայաստանը ներկայացնում է այս հարցի վերաբերյալ իր մոտեցումները, որոնք համահունչ են Եվրոպական բանկային մարմնի (European Banking Authorities) ուղեցույցի, Եվրոպական արժեթղթերի եւ շուկաների մարմնի (European Securities and Markets Authority) հայտարարության եւ Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների խորհրդի (International Accounting Standards Board) հայտարարության հետ:

Պարտքային ռիսկի նշանակալի աճ

Համաձայն ՖՀՄՍ 9-ի՝ յուրաքանչյուր հաշվետու ամսաթվի դրությամբ անհրաժեշտ է գնահատել՝ արդյոք տեղի է ունեցել ֆինանսական գործիքի պարտքային ռիսկի նշանակալի աճ՝ սկզբնականճանաչումից ի վեր: Այս պահանջն ու լավագույն փորձը ենթադրում են, որ պարտքային ռիսկի նշանակալի աճը պետք է գնահատվի մի շարք քանակական եւ որակական ցուցանիշներով, ինչպես նաեւ ներառի ֆինանսական գործիքիակնկալվող ամբողջ ժամկետի ընթացքում պարտազանցման դեպքի տեղի ունենալու ռիսկի փոփոխությունները:

Բազմաթիվ բանկեր կիրառում են ՖՀՄՍ 9-ի այնհերքելի ենթադրությունը, համաձայն որի 30-օրյա ժամկետանց պայմանագրային վճարումը հիմք է պարտքային ռիսկի նշանակալի աճի: Այնուամենայնիվ, COVID-19-ի առաջացրած անորոշ իրավիճակում, ինչը ֆինանսական դժվարություններ է ստեղծում բազմաթիվ անձանց, տնային տնտեսությունների եւ ձեռնարկությունների համար, պետական աջակցությունն ու ֆինանսական կազմակերպությունների զիջողական քայլերը կարող են հիմք հանդիսանալ այս ենթադրության վերանայման համար: Ահա թե ինչու բազմաթիվ բանկեր եւ վարկային կազմակերպություններ պետք է հաշվի առնեն այս հանգամանքը եւ համապատասխանաբար բացահայտեն իրենց դատողությունները:

Վճարման արձակուրդներ եւ մորատորիումներ

COVID-19-ի շրջանակում իրականացված միջոցառումները, որոնք թույլատրում, պահանջում կամ խրախուսում են վճարումների կասեցում կամ հետաձգում, չպետք է ինքնաբերաբարընկալվեն որպես պարտքային ռիսկի նշանակալի աճի նշան: Հետեւաբար, այս իրավիճակում կիրառվող մորատորիումները չպետք է ինքնին դիտարկվեն որպես պարտքային ռիսկի նշանակալի աճի մեխանիկորեն կիրառվող ցուցանիշ: Պարտքային ռիսկի նշանակալի աճի գնահատման շրջանակներում անհրաժեշտ է վերլուծել եւ հաշվի առնել այն տնտեսական պայմանները եւ իրավիճակը, որոնց ներքո ձեռնարկվում են վերը նշված միջոցառումները եւ իրականացվում է գնահատումը:

Վճարման հետաձգումներ

Պարտքային ռիսկի նշանակալի աճի գնահատման համար ֆինանսական կազմակերպությունները դիտարկում են վարկառուի ֆինանսական դրությունը՝ վերլուծելու համար վճարման հավանականությունը: Երբեմն ֆինանսական կազմակերպությունները ստիպված են վերանայել վճարման ժամանակացույցը կամ վարկի պայմանները, որպեսզի վարկառուները հնարավորություն ունենան կատարելու իրենց պարտավորությունները:

Ընդհանուր առմամբ, համաձայն մի շարք կարգավորող մարմինների (Եվրոպական բանկային մարմին, Բազելյան կոմիտե, տեղական կարգավորող մարմիններ) վերակառուցված վարկերի ուղեցույցի ու չվճարման հավանականության չափանիշների՝ բանկերը պետք է դասակարգեն ֆինանսական ակտիվները որպես վերանայված, եթե սկզբնական վարկային պայմանագրի պայմանները փոփոխվում են, քանի որ վարկառուն ունի կամ կարող է ունենալ ֆինանսական դժվարություններ իր պարտավորությունը կատարելիս:

Սակայն, այժմ ականատեսն ենք մի իրավիճակի, երբ բանկերը սեփական նախեձեռնությամբ կամ հետեւելով կառավարությունների հորդորներին՝ հրապարակայնորեն կամ մասնավոր կարգով մորատորիումներ ու արտոնյալ ժամականահատվածներ են տրամադրում վարկերի բազմաթիվ տեսակներիհամար կամ մեծ թվով հաճախորդներին՝ որպես աջակցություն COVID-19 համավարակիտնտեսական եւ ֆինանսական բացասական հետեւանքներին հակազդելու համար: Ենթադրվում է, որ այս միջոցառումները հատուկ մի վարկառուի համար չեն արվում, այլ համընդհանուր բնույթ են կրում, եւ, հետեւաբար, բանկերն ու վարկային կազմակերպությունները չպետք է մեխանիկորեն կիրառեն վերակառուցման չափանիշները եւ դասակարգեն ֆինանսական ակտիվները որպես վերանայված: Միաժամանակ, սա չի նշանակում, որ ֆինանսական կազմակերպությունները կարող են խուսափել՝ գնահատելու այն ֆինանսական գործիքների վարկային որակը, որոնց նկատմամբ կիրառվում են օժանդակող միջոցառումները:

Բիզնես վարկերի ֆինանսական կովենանտների խախտումներ

Ելնելով ֆինանսական դժվարություններից՝ բազմաթիվ բիզնես հաճախորդներ, հնարավոր է, խախտեն որոշակի ֆինանսական կովենանտներ: Այս համատեքստում բանկերն ու վարկային կազմակերպությունները պետք է գնահատեն արդյոք ֆինանսական կովենանտի խախտումը վարկառուի հատուկ խնդիրների պատճառով է, թե անմիջականորեն պայմանավորված է համաճարակով: Վերջինիս դեպքում բանկերը պետք է դիտարկեն այդ խախտումը չհաշվառելու հնարավորությունը: Ինչպես անհատական վարկերի դեպքում, պայմանագրի ֆինանսական կովենանտներիխախտումը եւս չպետք է մեխանիկորեն հանգեցնի պարտքային ռիսկի նշանակալի աճի, փոխարենը պետք է վերլուծվեն պատճառները եւ յուրաքանչյուր դեպք պետք է առանձին գնահատվի:

Ապագայամետ տեղեկատվություն եւ մակրոտնտեսական սցենարներ

Ապագայամետ տեղեկատվության եւ մակրոտնտեսական սցենարների կիրառությունը ՖՀՄՍ 9-ի ներդրման հիմնական խնդիրներից էին: Իհարկե, դյուրին չէ գնահատել ապագայի ազդեցությունը եւ ավելի դժվար է, երբ անորոշությունը բարձր է, իսկ տնտեսական անկումը՝ շատ հավանական: Դժվար է նաեւ ողջամիտ եւ հիմնավորվող կերպով ներառել COVID-19-ի առանձնահատուկ հետեւանքներն ու կառավարության աջակցման միջոցառումները: Այնուամենայնիվ, փոփոխվող տնտեսական պայմանները պետք է արտացոլվեն բանկերի եւ վարկային կազմակերպությունների կողմից կիրառվող մակրոտնտեսական սցենարներում: Լավագույն փորձը ենթադրում է մշակել եւ կիրառել մի շարք սցենարներ՝ ներառյալ անկման սցենարները, եւ համապատասխան կշիռներ դրանց տալ: Եթե COVID-19-ի հետեւանքները հնարավոր չէ արտացոլել մոդելներում, ապա կարիք կլինի նախատեսել հետմոդելային շտկումներ: Յուրաքանչյուր պահի որեւէ նոր բան կարող է տեղի ունենալ, հետեւաբարբանկերը պետք է շարունակեն ուսումնասիրել միջավայրը եւ տնտեսական իրավիճակը` փոփոխությունները ի հայտ գալուն պես հաշվի առնելու համար:

Վարկերի ապահովման միջոցների շուկայական արժեքը

Բոլոր վերը նշված գործոնները, որոնք ազդում են պարտքային ռիսկի նշանակալի աճիգնահատման վրա, ինչպես նաեւ ապագայամետ տեղեկատվության կիրառումն էական նշանակություն ունեն դեֆոլտի հավանականության գնահատման համար: Սակայն, բացի վերջինից, բանկերը եւ վարկային կազմակերպությունները պետք է ուշադիր լինեն վնասի գծով կորստի (loss given default) գնահատման հարցում, որը ակնկալվող պարտքային ռիսկի մյուս բաղադրիչն է: Փաստացի, վնասի գծով կորստի վրա կարող է ազդել վարկի ապահովության միջոցի շուկայական գնի փոփոխությունը՝ պայմանավորված համաճարակային իրավիճակով: Շատ դեպքերում որպես գրավի առարկա ապահովության միջոց են դիտարկվում անշարժ գույքն ու արժեթղթերը: Մենք արդեն ականատես եղել ենք կորպորատիվ արժեթղթերի շուկայական գնի անկման, իսկ անշարժ գույքի շուկայի արձագանքը դեռ առջեւում է: Չնայած, բազմաթիվ տնտեսություններում անշարժ գույքի արժեքը դեռեւս ոչ մի ազդեցություն չի կրել, բայց տնտեսական ծանր վիճակում մարդիկ հակված են հետաձգել կամ չեղարկել անշարժ գույքի գնման իրենց որոշումները, որոնք առաջին հերթին կազդեն պահանջարկի վրա եւ որպես հետեւանք նաեւ շուկայական արժեքի վրա:

Ի՞նչ պետք է հաշվի առնեն բանկերն ու վարկային կազմակերպությունները

Թվարկված բոլոր խորհուրդները,թե ինչպես վարվել վերոնշյալ գործոնների հետCOVID-19 համավարակի պայմաններում, ենթադրում ենբանկերի ու վարկային կազմակերպությունների կողմից հետեւյալ գործողությունների դիտարկումը.

- Վերանայել կիրառվող մեթոդաբանություններն ու դրանց հիմքում ընկած ենթադրությունները՝ ակնկալվող պարտքային ռիսկի հաշվարկման համար մշակված մոդելների հետ միասին,

- Մեխանիկորեն եւ ավտոմատ կերպով չկիրառել պարտքային ռիսկի նշանակալի աճի չափանիշները: Սա նշանակում է, որ անհրաժեշտ է իրականացնել լրացուցիչ վերլուծություն եւ մոդելավորման փոփոխություններ,

- Հաշվի առնել ներկայիս իրավիճակը եւ ապագա կանխատեսվող տնտեսական անկումը` ակնկալվող պարտքային ռիսկի վրա տնտեսական ազդեցության սցենարներում:

Իհարկե, բարձր անորոշության պայմաններում, դա բավականին դժվար հանձնարարություն է: Շատ դեպքերում դեֆոլտի հավանականության հաշվարկը հիմնված է պատմական տվյալների վերլուծության վրա, որոնք դեռ չեն ներառում ապագա հնարավոր տնտեսական ցնցումները,

- Հետեւել իրավիճակին եւ անհրաժեշտության դեպքում փոփոխել մոդելները՝ իրականացնելով եւ ներառելով սթրես թեստավորում եւ սցենարների վերլուծություն, եթե դրանք նախկինում չեն իրականացվել:
Դիտում՝ 8197
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW