GPartners իրավաբանական գրասենյակը Banks.am-ին է տրամադրել ընկերության հիմնադիր տնօրեն Սարգիս Գրիգորյանի եւ իրավախորհրդատու Սուսաննա Ամիրխանյանի հեղինակած հոդվածը: Արտահայտված մտքերը պատկանում են հեղինակներին եւ կարող են չհամընկնել Banks.am-ի տեսակետներին:Արդյո՞ք արտակարգ դրությունն ու կորոնավիրուսի տարածումը էականորեն ազդեցություն են ունեցել ՀՀ-ում օտարերկրյա ներդրումների վրա: 2020թ. մարտի 16-ին Հայաստանի Հանրապետության կառավարությունը թիվ 298-Ն որոշմամբ երկրում հայտարարեց արտակարգ դրություն: Պետական մարմիններն, ի թիվս այլնի, լիազորություններ ստացան՝ անձանց մեկուսացման եւ ինքնամեկուսացնման կանոնները խստորեն վերահսկելու:Այդ ընթացքում կառավարությունը մշակեց բիզնեսին եւ քաղաքացիներին աջակցություն ցուցաբերելու խոշոր փաթեթներ՝ պետական օժանդակության տեսքով՝ վարակի պատճառած անբարենպաստ տնտեսական ազդեցությունը մեղմելու համար: Այնուամենայնիվ, վարակի հետեւանքով՝ տեղաշարժման եւ տնտեսական գործունեության որոշակի սահմանափակումներն իրենց հերթին զերծ չմնացին տնտեսվարողների գործունեությունը վատթարացնելուց՝ չնայած պետական օժանդակության: Վարակի հետեւանքով ձեռնարկված միջոցառումներն անմասն չեն իրենց ազդեցությունը թողնելու նաեւ օտարերկրյա ներդրողների եւ նրանց ներդրումների վրա: Ինչպես բոլոր վարակակիր երկրներում, այնպես էլ Հայաստանում վարակի հետեւանքով սահմանափակվել են օտարերկրյա կազմակերպությունների որոշ իրավունքներ: Միջազգային ներդրումային իրավունքի լույսի ներքո տեղի են ունեցել անկանխատեսելի իրավական փոփոխություններ: Այլ կերպ՝ օտարերկրյա ներդրողները հարաբերականորեն ավելի շատ վնասներ են կրում այս ընթացքում համեմատած տեղական բիզնեսների հետ՝ հաշվի առնելով օտարերկրացիների համար սահման մուտք գործելու ժամանակավոր արգելքները եւ այլ սահմանափակումները:Այսպիսի հանգամանքներում հարկ ենք համարում անդրադառնալ այն հարցին, թե ինչ պաշտպանության մեխանիզմներ, դիրքորոշումներ կան պետության համար, երբ օտարերկրյա ներդրողները ներդրումային իրավունքի շրջանակում փոխհատուցում պահանջեն պետությունից:Հնարավոր ինչպիսի՞ պաշտպանության մեխանիզմներ կան ներդրողների եւ նրանց ներդրումների համար:Հայաստանի Հանրապետությունը 43 երկրների հետ ստորագրել է «Ներդրումների խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության մասին» երկկողմ համաձայնագրեր (այսուհետ՝ «Ներդրումային համաձայնագրեր»), (ինչպես օրինակ՝ ՀՀ կառավարության եւ Իտալիայի Հանրապետության կառավարության միջեւ ներդրումների խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության համաձայնագիրը), որոնցով նախատեսվում են ներդրումների պաշտպանության մի շարք երաշխիքներ, ներդրումների իրականացման մի շարք սկզբունքներ: Հարկ է նշել նաեւ, որ ներդրումների պաշտպանության մեխանիզմներ առկա են նաեւ Եվրոպական տնտեսական միության հետ ՀՀ ունեցած պայմանագրում, որի 25-րդ գլուխն ամբողջությամբ նվիրված է ներդրումների իրականացման հիմնական սկզբունքներին:Ինչպիսի՞ հնարավոր հայցեր կարող են ներկայացվել ներդրողների կողմից միջազգային ներդրումային արբիտրաժում:Արբիտրաժային տրիբունալներում, կախված պետության կողմից ձեռնարկված միջոցառումների բնույթից, ներդրողները հնարավոր է ներկայացնեն իրենց պայմանագրային իրավունքների պաշտպանությանն ուղղված հայցեր, այդ թվում՝ պաշտպանելու իրենց՝- ուղղակի կամ անուղղակի բռնագրավման դեպքում փոխհատուցման իրավունքը,- արդար եւ հավասար վերաբերմունքի իրավունքը,- ոչ պակաս բարենպաստ ռեժիմի իրավունքը՝ ի համեմատ տեղական կամ այլ երկրների ներդրումների, - ամբողջական պաշտպանության եւ անվտանգության իրավունքը:Հարկ է նշել, որ նման պաշտպանության մեխանիզմներ արձանագրված են նաեւ «Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ օրենքում, մասնավորապես՝ օրենքի 2-րդ բաժինն ամբողջությամբ նվիրված է օտարերկրյա ներդրումներին տրվող պետական երաշխիքներին:Այսպիսով՝ Ներդրումային համաձայնագրերով ՀՀ-ն ստանձնել է պարտավորություն՝ արդար եւ հավասար վերաբերմունք ցուցաբերելու օտարերկրյա ներդրումներին՝ իր տարածքում տվյալ պետության քաղաքացիների կամ ընկերությունների ներդրումներին կամ հասույթներին տրամադրելու ոչ պակաս բարենպաստ ռեժիմ, քան այն ռեժիմն է, որը տրամադրում է իր սեփական քաղաքացիների եւ ընկերությունների ներդրումներին կամ հասույթներին, կամ ցանկացած երրորդ պետության քաղաքացիների, կամ ընկերությունների ներդրումներին, կամ հասույթներին: Պետությունը նման սկզբունքը խախտելու դեպքում պետք է ապացուցի, որ ձեռնարկված միջոցառումներն անհրաժեշտ են, բավարար եւ համաչափ են՝ հետապնդած օրինաչափ նպատակին հասնելու համար: 01.04.2020 | 19:50 Սարգիս Գրիգորյան. Կառավարությունն ունի արտաքին պարտքը վերակազմակերպելու հնարավորություն Ավելին՝ ՀՀ-ն իր տարածքում այլ պետության քաղաքացիների կամ ընկերությունների ներդրումներին կամ հասույթներին պետք է տրամադրի ոչ պակաս բարենպաստ ռեժիմ, քան այն ռեժիմն է, որը տրամադրում է իր սեփական քաղաքացիների եւ ընկերությունների ներդրումներին կամ հասույթներին, կամ ցանկացած երրորդ պետության քաղաքացիների, կամ ընկերությունների ներդրումներին կամ հասույթներին: ՀՀ-ի ներդրումային պայմանագրերով սահմանվում է, որ ներդրումները չպետք է բռնագրավվեն կամ ազգայնացվեն ուղղակի կամ անուղղակի ճանապարհով («բռնագրավում»), այնպիսի միջոցառումների իրականացմամբ, որոնք հավասարազոր են բռնագրավմանը կամ ազգայնացմանը, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք կատարվում են ի շահ հասարակության, անխտրական ձեւով, պատշաճ փոխհատուցմամբ եւ օրենքով սահմանված ընթացակարգերով:«Ամբողջական պաշտպանություն եւ անվտանգություն» սկզբունքը հիմնականում երաշխավորում է օտարերկրյա ներդրումների ֆիզիկական պաշտպանությունը, այսինքն՝ ապահովում է վերջիններիս ֆիզիկական անձեռնմխելիությունն արտաքին գործոններից, անհարկի միջամտություններից, ուժի կիրառումից:Այս պարագայում ինչպիսի՞ հնարավոր պաշտպանության մեխանիզմներ կան պետության համար ներդրումային արբիտրաժում:Օտարերկրյա ներդրողի կողմից համապատասխան հայցեր ներկայացվելու դեպքում պետությունն այս դեպքում կարող է ունենալ ամուր, հիմնավորված դիրքորոշում: Պետության գործողությունները պայմանավորված են եղել համաշխարհային պանդեմիայով եւ իրականացվել են հանրային առողջությունը պաշտպանելու նպատակով: Միջազգային ներդրումային իրավունքի շրջանակներում պետությունը ունի կարգավորման իրավունք (police powers), որը կարող է իրականացնել հանրային շահի պաշտպանության նպատակով՝ բացառելով ոչ անհրաժեշտ, ոչ համաչափ եւ/կամ խտրական մեթոդների կիրառումը: Կարգավորման իրավունքը պետք է իրացվի բարեխղճորեն եւ պատշաճ կանոնակարգերով՝ առանց խախտելու ներդրումային համաձայնագրերով ստանձնած պարտավորությունները:ՀՀ Ներդրումային համաձայնագրերը մեծամասամբ պարունակում են դրույթներ, որոնք թույլատրում են պետություններին` կիրառելու միջոցներ, որոնք անհրաժեշտ են հասարակական կարգի, հանրային առողջության պահպանման, միջազգային խաղաղության կամ անվտանգության պահպանման կամ վերականգնման առնչությամբ իր պարտավորությունների իրականացման, կամ իր անվտանգության էական շահերի պաշտպանության համար:Այն դեպքում, երբ որոշ համաձայնագրերում վերոնշյալ դրույթը բացակայում է, ապա գործում են միջազգային սովորութային իրավունքի կարգավորումները, որոնք հիմնականում ամրագրված են «Պետությունների պատասխանատվությունը միջազգային հակաիրավական արարքների համար» բանաձեւում: Տվյալ փաստաթղթում միջազգային իրավական պատասխանատվությունից ազատող հանգամանքներ են` համաձայնությունը, հակազդման միջոցները, անհաղթահարելի ուժը եւ չկանխատեսված իրադարձությունը, աղետը, անհրաժեշտությունը (այս սկզբունքը առավել ակնհայտորեն արտացոլված եւ ներկայացված է Արգենտինայի դեմ գործերում՝ ֆինանսական ճգնաժամով պայմանավորված), ինքնապաշտպանությունը: Այս մեխանիզմները կարող են կիրառվել վարակով պայմանավորված միջոցառումները արդարացնելու համար, ինչն էլ իր հերթին կբացառի պետության միջազգային իրավական պատասխանատվությունը:Արդյո՞ք տվյալ համաճարակային իրավիճակը կարելի է որակել որպես ֆորս մաժորային իրավիճակ:Հարկ է նշել, որ միջազգային իրավունքում ֆորս մաժոր է համարվում անհաղթահարելի ուժը կամ անկանխատեսելի այնպիսի հանգամանքը, որը պարտավորություն ունեցող պետության վերահսկողության շրջանակից դուրս է, եւ որը օբյեկտիվորեն անհնարին է դարձնում պետության միջազգային պարտավորության կատարումը, եւ այն սովորաբար կապված է արտակարգ դրության հայտարարման իրավիճակներին: Ֆորս մաժորի գլխավոր առանձնահատկություններից է արտակարգ եւ անկանխատեսելի լինելը: Տվյալ պարագայում՝ համաճարակն արտակարգ եւ անկանխատեսելի երեւույթ է, որը վտանգում է հանրային առողջությունը:Գործնականում հանդիպե՞լ են նմանատիպ արբիտրաժային գործեր:Հանրային առողջապահությամբ պայմանավորված՝ պետության կարգավորման իրավունքն իր արդարացումն է գտել մի շարք արբիտրաժային գործերում: Օրինակ՝ Ֆիլիպ Մորիսն ընդդեմ Ուրուգվայի (Philip Moris v. Uruguay) գործում գնահատման էր դրվել՝ արդյոք տոբակոյի նկատմամբ սահմանափակումները հանգեցնումն էին բռնագրավման: Արբիտրաժային տրիբունալը արձանագրել էր, որ տվյալ պարագայում պետությունը գործել է բարեխղճորեն, հանրային շահով պայմանավորված, մասնավորապես՝ հանրային առողջապահության նկատառումներից ելնելով, որի պարագայում բացառվում է պետության կողմից ներդրողին փոխհատուցում, անգամ եթե պետության գործողությունները տնտեսական վնաս են հասցրել ներդրողին:Բիշոֆի գործով (Bischoff case) տրիբունալը արձանագրել է, որ վարակիչ հիվանդության էպիդեմիայի ընթացքում պետության կարգավորման իրավունքի իրավաչափ իրացման դեպքում վերջինս ազատվում է որեւէ պատասխանատվությունից:Վեճերի լուծման ի՞նչ մեխանիզմներ կան ՀՀ ներդրումային համաձայնագրերում:ՀՀ Ներդրումային համաձայնագրերը նախատեսում են վեճերի լուծում բանակցությունների միջոցով կամ գործի հանձնում Պայմանավորվող կողմի իրավասու դատարանին, որի տարածքում կատարվել է ներդրումը, կամ 1965թ. մարտի 18-ին Վաշինգտոնում ստորագրման համար բացված` պետությունների եւ մյուս պետությունների քաղաքացիների միջեւ Ներդրումային վեճերի լուծման մասին Կոնվենցիայով նախատեսված Ներդրումների հետ կապված վեճերի լուծման Միջազգային կենտրոնին (ICSID), կամ եթե կողմերը վեճի հետ կապված այլ համաձայնության չեն գալիս, հատուկ արբիտրաժային (ad hoc) դատարանի միջոցով, որը ստեղծվում է Միավորված ազգերի կազմակերպության Միջազգային առեւտրային իրավունքի հանձնաժողովի (UNCITRAL) արբիտրաժային կանոնների համաձայն:Նախքան վերոնշյալ արբիտրաժային տրիբունալներին դիմելը, պետք է առանձնակի ուշադրություն դարձնել բանակցային փուլին, ինչպես նաեւ հայցային վաղեմության ժամկետներին:Ի վերջո` ի՞նչ կառաջարկեք օտարերկրյա ներդրողներին՝ իրենց բիզնեսը վերակառուցելու համար:Այս դեպքում խոսքը գնում է կորպորատիվ վերակառուցման մասին: Հարկ է նշել, որ օտարերկրյա ներդրողը կարող է վերակառուցել իր բիզնեսը՝ ՀՀ օրենսդրությամբ եւ ներդրումային համաձայնագրերով չարգելված մեխանիզմներով, ինչպես օրինակ՝ բաժնեմասերի առուվաճառք, պահանջի իրավունքի փոխանցում, պարտքի փոխանցում եւ այլն: Tweet Դիտում՝ 5070