GPartners իրավաբանական գրասենյակի հիմնադիր տնօրեն Սարգիս Գրիգորյանը Banks.am-ին է տրամադրել իր հոդվածը: Արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Banks.am-ի տեսակետներին:2020 թվականի մարտի 25-ին Համաշխարհային բանկի խումբը եւ Արժույթի միջազգային հիմնադրամը ներկայացրել են հայտարարություն Մեծ 20-յակին՝ հորդորելով միջազգային պարտատերերին՝ Արժույթի միջազգային ասոցիացիայի անդամ երկրների դիմումների հիման վրա վերջիններիս արտաքին պարտքի վճարումները կասեցնել: Նպատակը՝ թեթեւացնել մի շարք երկրների ֆինանսական վիճակը, որը ստեղծվել է կորոնվիրուսային ճգնաժամի հետեւանքով եւ ժամանակ տրամադրել այդ երկրներին գնահատել ստեղծված իրավիճակը՝ ֆինանսական ճգնաժամը հաղթարահելու համար օպտիմալ լուծումներ գտնելու համար։Հարկ է նշել, որ Համաշխարհային բանկը եւ Արժույթի միջազգային հիմնադրամը առաջարկել են առանձնացնել այն երկրներին, որոնք ունեն անկայուն արտաքին պարտքի բեռ, եւ զարգացնել հնարավոր մեխանիզմներ թե՛ ֆինանսական, թե՛ պարտավորական բեռը թեթեւացնելու նպատակով: Այդպիսի առաջարկների փաթեթը քննարկվելու է այդ միջազգային կազմակերպությունների կողմից 2020 թվականի ապրիլի 16-17-ին տեղի ունենալիք գագաթաժողովում:Կարծում եմ՝ ներկայումս Հայաստանի կառավարությունը կարիք ունի առավել արդյունավետ կերպով արձագանքելու Covid-19-ի տնտեսական հետեւանքներին, ինչը կպահանջի ոչ միայն ակտիվ եւ թիրախավորված արտակարգ իրավիճակային կարգավորումներ, այլեւ վերականգնողական քաղաքականության որդեգրում եւ ինստիտուցիոնալ բարեփոխումներ՝ կառուցելու ամուր, կայուն եւ հավասարակշռված տնտեսություն։Այս նպատակին հասնելու համար Հայաստանը կարող է ակտիվորեն ներգրավվել Համաշխարհային բանկի խմբի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից իրականացվող բազմակողմ բանակցություններին՝ կասեցնելու արտաքին պարտքի վճարումները (մորատորիում): Հայաստանը միջազգային համայնքին կարող է առաջարկել հստակ մեխանիզմներ՝ սառեցնելու ֆինանսական պարտավորությունների կատարումը՝ մինչեւ ճգնաժամի հետեւանքների գնահատումը եւ դրանց վերացումը:Ավելին՝ այժմ Հայաստանն իր արտաքին պետական պարտքը վերակազմակերպելու եզակի հնարավորություն ունի՝ կորոնավիրուսային մարտահրավերները հաղթահարելու նպատակով: Արտաքին պարտքերի վերակառուցման ներկայիս միջազգային համակարգը ավելի երկարատեւ է, անորոշ եւ անկանխատեսելի: Մինչդեռ, այս դեպքում Հայաստանը կարող է բացահայտել եւ առաջարկել նոր մեխանիզմներ՝ հաղորդ դառնալով միջազգային համայնքի կողմից համաճարակի վնասները մեղմելուն եւ վերացնելուն ուղղված քայլերին:Պետք է նշել, որ միջազգային իրավունքի համաձայն, յուրաքանչյուր պետություն ունի իրավունք իր հայեցողությամբ մշակելու եւ իրականացնելու մակրոտնտեսական քաղաքականությունը, ներառյալ վերակառուցելու իր արտաքին պարտքը (ՄԱԿ-ի Պետական պարտքի վերակառուցման գործընթացների հիմնական սկզբունքները (A/69/L.84)։ Պետությունների այդ իրավունքը նաեւ հաստատվել է Միջազգային արդարադատության միջազգաին դատարանի նախադեպային իրավունքում (SS ‘Lotus’ (France/Turkey) [1927] PCIJ Series A No. 10, 18 and 19): Համաճարակի պատճառով սոցիալական, բժշկական եւ տնտեսական խնդիրներ ունեցող երկրները մեծապես ողջունել են Համաշխարհային բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի նախաձեռնությունը: Այնուամենայնիվ, նախքան այդպիսի նախաձեռնությամբ հանդես գալը, անհրաժեշտ է մանրակրկիտ ուսումնասիրել, թե ինչպիսի ազդեցություն կունենա պետության կողմից նման քայլ անելը վերջինիս պայմանագրային այլ իրավահարաբերությունների վրա: Որոշ միջազգային ֆինանսական պայմանագրեր հնարավոր է պարունակեն պայմանագրային այնպիսի դրույթներ, որոնց լույսի ներքո պետության կողմից նման նախաձեռությունը կդիտվի որպես պայմանագրի էական խախտում, որն իր հերթին կառաջացնի այլ անցանկալի եւ անբարենպաստ հետեւանքներ:Վերջում, ուզում եմ նշել, որ մեր ընկերությունը գրություն է ուղարկել Կառավարությանը՝ հայտնելով իր պատրաստակամությունը օժանդակելու Հայաստանի արտաքին պարտքի սառեցման եւ վերակազմակերպման հարցում։ Tweet Դիտում՝ 5095