Առաջին ձեռքից. 2019-ը գինեգործության համար

27.12.2019 | 11:30 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Զարուհի Մուրադյան #գինի
2019-ի ավարտին Banks.am-ն ամփոփում է Հայաստանի տնտեսության այն ոլորտները, որոնք տարվա ընթացքում ունեցել են ակնհայտ ձեռքբերումներ:

Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը Banks.am-ի հետ զրույցում ներկայացնում է անցնող տարվա հաջողություններն ու առաջիկա անելիքները գինեգործության ոլորտում:

Հաղթանակների տարի

2019-ը Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության համար կարեւորագույն եւ արգասաբեր տարի էր՝ լի մարտահրավերներով եւ հաղթանակներով։ Մեզ հաջողել է իրականացնել տարեկան ռազմավարությամբ սահմանված բոլոր ծրագրերն ու նախագծերը, որոնք միտված էին ոլորտի անխափան եւ շարունակական զարգացմանը։


Տարվա ընթացքում հայկական գինիները ներկայացրել ենք գինու միջազգային լավագույն ցուցահանդեսներին, հաջողել ենք մուտք գործել նոր շուկաներ եւ ճանաչելի դարձնել հայկական գինիները միջազգային հարթակներում։


Հիմնադրամն աշխատել եւ ծրագրեր է իրականացրել 3 կարեւորագույն ուղղություններով՝ խաղողագործության եւ գինեգործության զարգացում, հայկական գինիների ճանաչելիության բարձրացում եւ գինու զբոսաշրջության խթանում։

Կարեւոր ծրագրեր

Վայոց Ձորի մարզում հողերի մոնիտորինգ. Վայոց ձորի մարզում խաղողի գինեմետ սորտերի այգետարածքներն ընդլայնելու նպատակով վերհանել եւ ուսումնասիրել ենք շուրջ 7000 հա հողատարածք, որից առանձնացվել է խաղողի այգիների հիմնման համար ներուժ ունեցող 500 հա հողատարածք։

Սրանք խաղողի բարձրարժեք գինեմետ սորտերի տնկման համար պիտանի անտառատնտեսություններին պատկանող, սակայն անտառային ծածկույթից զուրկ հողատարածքներ են, որոնց քարտեզներն եւ անձնագրերն այժմ մշակվում են՝ հաշվի առնելով դրանց խաղողագործական եւ գինեգործական ներուժը։


Աշխարհագրական նշումով գինիների համակարգի ներդրման եւ դրա լիիրավ կիրարկման ծրագիր. աշխարհագրական նշումի կիրառումը գինեգործության մեջ կնպաստի գիտելիքների ու հմտությունների պահպանմանն ու սերնդեսերունդ փոխանցմանը՝ օգնելով պաշտպանել տեղական ժառանգությունը: Այն նոր ազդակ կհանդիսանա տնտեսության առաջխաղացման, արտահանման ներուժի ընդլայնման, գյուղական համայնքների կայուն զարգացման եւ զբոսաշրջության խթանման համար։


Այդ նպատակով հիմնադրամի հրավերով Հայաստան էր այցելել ֆրանսիացի փորձագետների խումբ, որի կազմում էին մասնագետներ Ֆրանսիայի գյուղատնտեսության եւ սննդի նախարարությունից, Ֆրանսիայի Ծագման եւ որակի ազգային ինստիտուտից, ինչպես նաեւ աշխարհագրական նշման մասնագետ։


Այցի շրջանակում Վայոց ձորի տարածաշրջանում ուսումնասիրվել են խաղողի այգիները, այդ տարածաշրջանում արտադրված գինիների որակական հատկանիշները եւ մշակվել է աշխարհագրական տեղանունով գինիների համակարգի ներդրման ուղեցույցը։

Տեխնիկական, մասնագիտական աջակցություն ՀՀ խաղողա-գինեգործական շրջաններում գինեգործությամբ զբաղվող տնային տնտեսություններին. ՄԱԶԾ-ի «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրի «Գաստրո Բակ» նախագծի շրջանակում մրցութային կարգով ընտրված թվով 16 տնայնագործ-գինեգործի տրամադրվել է մասնագիտական կարողությունների զարգացմանն ուղղված խորհրդատվություններ եւ 3 մլն դրամի չափով դրամաշնորհ՝ արտադրական պայմանների բարեկարգման, գինու մառանի եւ համտեսի սրահի շինարարական աշխատանքների իրականացման նպատակով։


Գինեգործ փորձագետի անմիջական վերահսկողությամբ ծրագրի շահառուների մոտ կազմակերպվել են 2019-ի գինեգործական սեզոնի աշխատանքները, որոնց շնորհիվ մասնակիցների կողմից արտադրվել է շուրջ 16 000 լ 20 նորանուն բարձրորակ գինի:

Ճանաչելիության բարձրացում

Հայկական գինիների ճանաչելիության բարձրացման նպատակով նախաձեռնել եւ իրականացրել ենք մի շարք միջոցառումներ՝

- Մասնակցություն միջազգային 9 հեղինակավոր ցուցահանդեսի (6 երկիր, 30 հայկական գինեգործական ընկերություն),

- Հայկական գինիների համտեսներ, շնորհանդեսներ եւ վարպետության դասեր (13 երկիր, 35 համտես, 30 հայկական գինեգործական ընկերություն),

- Միջազգային մրցույթներում հայկական գինիների նվաճած մրցանակներ (54 ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալ, 15 գինեգործական ընկերություն)

- Միջազգային բարձր վարկանշային լրատվամիջոցների անդրադարձ հայկական գինիներին (20 հոդված, 8 երկիր)

- Հայկական գինիների կատալոգի ստեղծում (35 հայկական գինեգործական ընկերություն, 260 տեսակի գինի):


2019-ի ձեռքբերումներ

Անցնող տարվա կարեւորագույն ձեռքբերում եմ համարում նաեւ www.vitis.am Հայաստանի խաղողի գենետիկական ռեսուրսների վերաբերյալ համապարփակ տեղեկատվություն պարունակող առաջին գիտական կայքի ստեղծումը եւ հայկական խաղողի սորտերի գենետիկական եւ ամպելոգրաֆիական անձնագրավորումն ու գինեգործական ներուժի ուսումնասիրությունը։


Այս ծրագրի միջոցով հայկական խաղողի սորտերի հայտնաբերման եւ պահպանման նպատակով՝ մեր հիմնադրամի, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի, Գերմանիայի Խաղողի սելեկցիայի ինստիտուտի հետ համատեղ Հայաստանում իրականացվել է եվրոպական ստանդարտներին համապատասխան ՀՀ խաղողի ազգային կոլեկցիոն այգու գենոտիպավորում։

Մասնավորապես, կատարվել է խաղողի հայկական սորտերի 420 նմուշի գենոֆոնդի մանրակրկիտ ուսումնասիրություն, որոնցից 170-ին կցվել է անձնագրավորված ամփոփ բնութագիր։


Բացի այդ, նոր նմուշների հավաքագրման նպատակով հիմնադրամն իրականացրել է գիտարշավախմբի այցելություններ դեպի ՀՀ հիմնական խաղողագործական տարածաշրջաններ՝ Արարատ, Արմավիր, Տավուշ, Վայոց Ձոր, Սյունիք: Ծրագրի շնորհիվ համալրել ենք Հայաստանի ազգային խաղողի կոլեկցիոն այգին 160 նմուշով։

Նաեւ հաջողել ենք իրականացնել 2 մեծ նախագիծ՝ «Ոսկեհատ» գինու փառատոնը եւ Գինու զբոսավարների վերապատրաստման ծրագիրը, որոնք ուղղված են զարգացնելու թեմատիկ զբոսաշրջության այս տեսակը Հայաստանում։  


Առաջնային՝ 2020-ի համար

Վերոնշյալ ծրագրերի մի մասը ակտիվ փուլում է, ուստի գալիք տարվա առաջնահերթություններից է զարգացնել դրանք եւ հասցնել բարեհաջող ավարտի:

Գալիք տարվա ծրագրերը ներառում են նաեւ նախագծեր՝ ուղղված արտահանման ծավալների եւ աշխարհագրության ընդլայնմանը։


2020-ին մեզ համար առաջնային է «Հայաստանի գինիներ» բրենդի ստեղծումը, որի ներքո հանդես են գալու լավագույն գինիները՝ դառնալով մեր երկրի այցեքարտը միջազգային ասպարեզում։ Մենք ջանք չենք խնայելու, որ Հայաստանն իր ուրույն տեղն ունենա գինու քարտեզի վրա:

Պատրաստեց Գայանե Ենոքյանը

Առաջին ձեռքից. 2019-ը ավիացիայի համար
Առաջին ձեռքից. 2019-ը ՊԵԿ-ի համար
Առաջին ձեռքից. 2019-ը զբոսաշրջության համար
Դիտում՝ 7709
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW