Նոյեմբերի 20-ից 22-ը, Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի (ՀԽԳՀ) նախաձեռնությամբ, հայկական գինիները մասնակցել են Լեհաստանի Կրակով քաղաքում կազմակերպված ENOEXPO 2019 գինու միջազգային 17-րդ ցուցահանդեսին։ Էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ENOEXPO-ն Լեհաստանում գինու արդյունաբերության ոլորտի մասնագիտական միջոցառում է, որին ՀԽԳՀ-ն միասնական տաղավարով ներկայացրել է հայկական գինեգործական 15 ընկերությունների գինին եւ կոնյակը։Յուրաքանչյուր տարի ENOEXPO-ն իր հարկի տակ է հավաքում մոտ 150 արտադրողների այնպիսի երկրներից, ինչպիսիք են՝ Բուլղարիան, Չեխիան, Գերմանիան, Վրաստանը, Հունգարիան, Ֆրանսիան, Իտալիան, Կոսովոն, Պորտուգալիան, Սլովակիան, Սլովենիան, Իսպանիան, Ուկրաինան եւ այլն: Ցուցահանդեսը տարեկան ունենում է 14 000 այցելու՝ գինու բնագավառի մասնագետներ եւ գնորդներ։Նոյեմբերի 21–ին եւ 23-ին, Կրակովի «Krakow Slow Wines» գինու սրահում տեղի է ունեցել հայկական գինիների համտես-սեմինար՝ Կրակովի գինու ներմուծմամբ եւ վաճառքով զբաղվող ընկերությունների, դիստրիբյուտորների, գինու ոլորտի մասնագետների եւ լրագրողների համար, որն անցկացվել է Լեհաստանի «Վինիսֆերա» մասնագիտական ամսագրի գլխավոր խմբագիր, գինու թեմայով մասնագիտացված լրագրող եւ փորձագետ Մարիուշ Կապչինսկիի կողմից։«Լեհաստանի գինու շուկան՝ շարունակական աճի ցուցանիշներով, հայկական գինիների արտահանման համար թիրախային է, որտեղ սպառվող գինիների 90%-ը կազմում են ներմուծվող գինիները։ Լեհաստանի գինու շուկան դեռեւս հագեցած չէ, թեեւ գինու իրացման ծավալների տարեցտարի գրանցվող աճը ենթադրում է, որ լեհական շուկան հայկական գինիների արտահանման համար կարող է լինել բարենպաստ»,- նշված է հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 2432