Զարնի-Պարնի՝ ժամանցի նոր գոտի Հաղպատում

27.05.2019 | 10:00 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Զարնի-Պարնի #Արմինե Թադեւոսյան #Հաղպատ
Ուղղությունը՝ Լոռի, Հաղպատ։ Տեսարժան վայրը՝ Զարնի-Պարնիի քարայր-ամրոցային համալիր։

Նախկինում անմատչելի միջնադարյան այս ամրոցը պատմաբանների կամ հուշարձանագետների համար վաղուց արդեն նոր ասելիք չէ, բայց Զարնի-Պարնին այսօր նորովի է ներկայանում. այցելուները կարող են ամրոցից բացվող հրաշք տեսարանը վայելել, գինի խմել, շախմատ խաղալ, նետաձգությամբ զբաղվել։

Պատմական ամրոցում Ռուբեն Մեսրոբյանը հիմք է դրել ինքնատիպ բիզնես նախաձեռնության, որի մանրամասները պարզել է Banks.am-ը:


Փրկելով անտեսված հուշարձանը

Դեռ երեք տարի առաջ Զարնի եւ Պարնի քարայր կացարաններ հասնելը գրեթե անհնարին էր. ճանապարհ չկար։ Ամրոցի տարածքը վերածվել էր մացառուտի, իսկ ներսը հողով ու գոմաղբով էր լցված։ Անմատչելիության պատճառով տասնամյակներ շարունակ անտեսված հուշարձանին հարկավոր էր նոր շունչ տալ։

«Մեկ կիլոմետր երկարությամբ ճանապարհ ենք կառուցվել, որպեսզի մարդիկ կարողանան հասնել թե՛ ոտքով, թե՛ մեքենայով։ Ճանապարհին նստարաններ ենք դրել, որ հնարավոր լինի նստել, հանգստանալ։ Իսկ բերդի ներսում անվտանգության նպատակով քարաթափում է արվել, հետո արդեն այստեղ աշխատել են սեյսմիկներ, վերականգնող ճարտարապետներ, ովքեր մի շարք նախագծեր են արել։ Արդյունքում ամրոցը բարեկարգվել, ամրակայվել ու ներկայանալի տեսք է ստացել»,- պատմում է Զարնի-Պարնիի քարայր-ամրոցային համալիրի տնօրեն Արմինե Թադեւոսյանը։

Արմինե Թադեւոսյանը

Մաքրման ու բարեկարգման դժվարին գործն ուղեկցվել է հետաքրքիր բացահայտումներով ու տարբեր գտածոների ուսումնասիրությամբ։ Բերդի ներսում հնձանի առկայությունը, օրինակ, վկայում է, որ այստեղ մարդիկ ապրել ու գինեգործությամբ են զբաղվել։ Հնագույն այս զբաղմունքը վերաիմաստավորելու նպատակով է Ռուբեն Մեսրոբյանը տարածքում խաղողի այգիներ հիմնել։ Իսկ լանջերից գտնված քարերով, որոնք ենթադրվում է, որ մատուռի մնացորդներ են եղել, փոքրիկ աղոթատեղի են կառուցել։


Թանգարան՝ երկնքի տակ

Զարնի-Պարնի հուշարձանը բաղկացած է «Զարնի էր», «Պարնի էր» եւ «Ծակ էր» քարանձավներից։ Ամրոցի ստորին մասում՝ «Զարնի էր» քարանձավում, բնությանը համահունչ պատմամշակութային միջավայր է ստեղծված։ Այստեղ կարելի է նստել, հանգստանալ, լսել բնության ձայները։

«Քարանձավի ներսում փոքրիկ ջրավազաններ ենք սարքել, որտեղ լցվում, հավաքվում են անդադար կաթացող ջրերը։ Այդ ջուրը նախ տարել ենք փորձաքննության։ Լաբորատորիայում զարմացել էին՝ տեսնելով, որ այն չափազանց մաքուր է։ Տեղաբնակները (Հաղպատի բնակիչները) պատմում են, որ այն որպես բուժիչ ջուր է հայտնի։ Հիմա քարից տարաներ ենք դրել, դրանց կողքին՝ բաժակներ, որպեսզի ցանկացողները կարողանան խմել»,- կատարված աշխատանքներն է ներկայացնում տնօրենը։


Քարանձավի ներսում նաեւ գետնափոր կրակատեղի կա, որի շուրջ կոճղեր են դրված՝ կրակի մոտ երեկոներ անցկացնել ցանկացողների համար։

Բայց ամենահետաքրքիրն ու դիտարժանն այստեղ Լոռիի կենցաղն ու մշակույթը ներկայացնող հազվագյուտ իրերն են՝ արոր, լուծ, զնդան, կամ, երկանք, կժեր, տաշտեր ու տնտեսության մեջ օգտագործված զանազան առարկաներ ու նաեւ՝ թրեր։

Ռուբեն Մեսրոբյանն այստեղ է տեղափոխել հին իրերի իր անձնական հավաքածուն, որը տարիների ընթացքում համալրել, հարստացրել է բացառապես տեղի կենցաղավարության նմուշներով։ Հավաքածուին ծանոթ հնէաբաններն ու պատմաբանները փաստել են, որ այստեղ գտնվող իրերից շատերը հազվագյուտ են իրենց հնությամբ։

Վճարովի է միայն «Զարնի էր» քարանձավի մուտքը՝ 1000 դրամ։ Տնօրենի խոսքով՝ այս գումարով հնարավոր կլինի հոգալ պահպանության ծախսերը։


Ամրոցի առավել բարձրադիր հատվածը «Պարնի էր»-ն է, որտեղ հասնելու համար աստիճաններ են կառուցվել։ Իսկ ներսում կրկին բարձրանալ է պետք՝ ամրոցի ամենաբարձր կետին հասնելու եւ բնության ու պատմական միջավայրի ներդաշնակությունը լիարժեք վայելելու համար։

Ուշագրավ է նաեւ ամրոցի 3-րդ մասը՝ «Ծակ էր» քարանձավը, որտեղ, համաձայն մի հիշատակության, 11-12-րդ դդ ճգնել է հայ մատենագիր Հովհաննես Իմաստասերը։ Այս ամրոցը ապահով վայր է եղել նաեւ Հաղպատավանքի գրքերի համար, որոնք այստեղ թաքցնելով՝ հնարավոր է եղել փրկել ոչնչացումից։

Ի՞նչ անել՝ տեսնել-հիանալուց բացի

Զարնի-Պարնիի քարայր-ամրոցային համալիրում նաեւ այցելուների հետաքրքիր ժամանցի մասին են մտածել։ Նետաձգության, արբալետից կրակելու, դարտս եւ շախմատ խաղալու, ինչպես նաեւ՝ ազգային խաղեր դիտելու հնարավորություն կա։

Նետաձգության, արբալետից կրակելու եւ շախմատ խաղալու համար հարկավոր է 1000-ական դրամ գումար ունենալ, իսկ դարտսի 15 րոպեի համար՝ 500։

Առաջիկայում նաեւ էքսկուրսավարի (գիդ) ծառայությունից օգտվելու հնարավորություն կլինի։


Քարայր-ամրոցային այս միջավայր այցելությունից բացի, կարելի է հետաքրքիր իրադարձություններն այստեղ նշանավորել՝ օգտվելով սրճարանից ու գինետնից։

«Ունենք թե՛ աշխարհում հայտնի եւ թե՛ տեղի խաղողի սորտերից պատրաստված գինիներ։ Մեր այգիների խաղողը նույնպես գինի կդառնա։ Իսկ ճաշացանկում հիմնականում ազգային ու գինու հետ համատեղելի ուտեստներ են»,- ներկայացնում է տնօրենը։


Բացօթյա պատշգամբ-դիտակետում նույնպես կրակարան ու նստատեղեր կան, որտեղ կարելի է նստել, վայելել ճոխ բնությունն ու գիշերել կրակի շուրջ։

«Զարնի-Պարնիի» այցելուները այստեղից ոչ միայն վառ տպավորություններ կտանեն, այլեւ թեմատիկ հուշանվերներ, որոնց պատրաստման մեջ օգտագործվում են նաեւ շրջակայքի քարերն ու բարեկարգման աշխատանքների ընթացքում գտնված հինավուրց կժերի կտորները։


«Ամեն բան մտածել ենք այնպես, որ բնությանն ու պատմությանը համահունչ լինի ու նաեւ ներդաշնակությունը չխախտենք»,- ամփոփում է Արմինե Թադեւոսյանը:

Ամրոցի անցյալի ու արդեն ներկա կարգավիճակի, մատուցվող ծառայությունների մասին ամբողջ տեղեկատվությունը Ֆեյսբուքից եւ Ինստագրամից բացի, շուտով հասանելի կլինի այլ հարթակներում։

Տաթեւիկ Ճուղուրյան (Ալավերդի)
Լուսանկարները՝ Վահե Աղամյանի եւ Զարնի-Պարնի համալիրի ֆեյսբուքյան էջից
Դիտում՝ 52050
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW