Ինչ կլիներ 2018-ին, թե չլինեին «կինն ու գինին»

26.12.2018 | 09:45 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Զարուհի Մուրադյան
Հայաստանը քայլ առ քայլ գնում է դեպի միջազգային ճանաչում՝ որպես գինեգործական երկիր։ Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը Banks.am-ի հետ զրույցում ամփոփում է անցնող 2018-ը եւ խոսում ապագա ծրագրերի մասին։

Ճանաչելիության բարձրացում

2018-ն աչքի ընկավ միջազգային տարբեր ցուցահանդեսներին եւ մրցույթներին Հայաստանի ակտիվ մասնակցությամբ:
 

Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի նախաձեռնել է նաեւ աշխարհագրական նշումով գինիների համակարգի ստեղծումը:


«Աշխարհագրական տեղանուններով գինիների համակարգը միջազգային ասպարեզում դասակարգման ընդունված ձեւ է եւ նպաստում է գինիների ճանաչելիության բարձրացմանը։ Ունենալով բնակլիմայական բարենպաստ պայմաններ, լավ խաղողի տեսակներ եւ բարձորակ գինիների արտադրություն՝ մենք կարիք ունենք ներդնելու այն՝ նպաստելու Հայաստանի ճանաչմանը՝ որպես գինեգործական երկիր»,- պատմում է հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը։

Համակարգը կներդրվի 2019-ին, որը պիլոտային տարբերակով կմեկնարկի Վայոց ձորի մարզում, այնուհետեւ՝ Արագածոտնում։


Կարեւոր քայլ էր նաեւ վերջին երկու տարիների ընթացքում իրականացված խաղողի հայկական սորտերի գենոֆոնդի մանրակրկիտ ուսումնասիրությունը, որի արդյունքները ամփոփված են www.vitis.am միասնական էլեկտրոնային տեղեկատվական բազայում:

Հայկական սորտերի ներկայացումն այս էլեկտրոնային բազայում թույլ կտա պաշտպանել եւ պահպանել դրանք։

«Օրինակ՝ «Արենիի» մի տեսակը գրանցված է որպես ադրբեջանական, որն անթույլատրելի է, եւ տեղի է ունեցել նախկինում նման հետազոտության բացակայության պատճառով»,- ընդգծում է նա։


Խաղողի այգիների կադաստրի համակարգի ստեղծում

2018-ին ավարտվել է Հայաստանում խաղողի այգիների կադաստրի համակարգի ստեղծման հայեցակարգի մշակումը եւ ներկայացվել ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը։

Ծրագիրը նախատեսում է հավաքագրել Հայաստանում խաղողագործության եւ գինեգործության շղթայի մեջ ներգրավված բոլոր շահառուների վերաբերյալ համապարփակ տեղեկատվություն:


«Այս տեղեկատվությունը մեզ հնարավորություն կտա, նախ եւ առաջ, հասկանալու խաղողի այգիների ներկայիս դրությունը՝ քանի հեկտար խաղողի այգի ունենք, որտեղ են դրանք տեղայնացված, ում են պատկանում, ինչ տեսակներ են աճում տվյալ այգում եւ այլն։ Հետագայում դա մեզ կօգնի կանխատեսել տարվա բերքատվությունը, հասկանալ՝ տվյալ տեսակից ինչ քանակի բերք է ակնկալվում»,- պատմում է Զարուհի Մուրադյանը։

Որակի բարելավում

«Եթե ցանկանում ես հանդես գալ որպես գինի արտադրող երկիր, շատ կարեւոր է լավորակ արտադրանքով ներկայանալը։ Մենք ունեցել ենք նման փորձ, երբ առաջին անգամ ներկայացվող հայկական գինին չի համապատասխանել ակնկալվող որակին։ Սա, իհարկե, հակառակ ազդեցությունն է ունենում»,- նկատում է Զարուհի Մուրադյանը։

Նրա խոսքով՝ տարբեր զարգացած երկրներում կան համի եւ որակի գնահատում իրականացնող անկախ հանձնաժողովներ, որոնք փորձաքննության են ենթարկում գինու յուրաքանչյուր խմբաքանակ՝ նախքան դրա շուկայում հայտնվելը՝ կառավարելով նաեւ գնային քաղաքականությունը։ Ցավոք, Հայաստանում առայժմ չկա նման անկախ մարմին, եւ հիմնադրամը չի կարող իրեն այդ դերը լիազորել։


Փորձելով նվազեցնել հայկական ցածրորակ գինիների՝ միջազգային շուկայում հայտնվելու հավանականությունը՝ իրականացվում են որակի բարձրացմանը միտված աշխատանքներ։ Դրանցից է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) «Մասնավոր հատվածի զարգացում եւ ՄԿՈՒ Հարավային Կովկասում» ծրագրի աջակցությամբ կազմակերպված գինեգործական ընկերություններին մասնագիտական խորհրդատվություններ տրամադրելու ծրագիրը: Նպատակը շահառուների մասնագիտական կարողությունների զարգացումն ու արտադրություններում տեխնոլոգիական ժամանակակից մոտեցումների ներդրումն է:


Հիմնադրամի առաջնահերթություններից է շարունակում մնալ հայկական գինիների բրենդի՝ Wines of Armenia-ի ստեղծումը, որի հովանոցի տակ կհավաքվեն բարձրորակ գինի արտադրողները։ Զարուհի Մուրադյանի խոսքով՝ ծրագրի իրականացումը եւս կախված է անկախ հանձնաժողովների եւ լաբորատորիաների հայեցակարգի մշակումից։

Արտադրության ծավալներ

Ըստ  ՀՀ Ազգային վիճակագրության ծառայության տվյալների՝ 2018թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին գինու արտադրության ծավալները նվազել են 6,6%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Այս հանգամանքը Զարուհի Մուրադյանը կապում է բնակլիմայական անբարենպաստ պայմանների՝ մասնավորապես ցրտահարությունների հետ։


Հետագայում նման խնդիրներից խուսափելու համար հիմնադրամը գալիք տարում կձեռնարկի խաղողագործական ներուժ ունեցող հողատարածքների ուսումնասիրության ծրագիրը։


«Պահպանելով հայկական կոնյակագործության ավանդույթները՝ փորձելու ենք ավելացնել գինեմետ խաղողի տեսակների այգիները։ Եթե փորձենք համեմատել, ապա խորհրդային տարիներին ունեցել ենք 32 000 հեկտար խաղողի այգի, իսկ այժմ՝ ընդամենը 15 800։ Պետք է փորձենք առնվազն կրկնապատկել այս թիվը, որովհետեւ իրապես ունենք լավորակ հումքի պակաս»,- պարզաբանում է Զարուհի Մուրադյանը։

Արտահանման ծավալներ եւ աշխարհագրություն

Հայկական գինիներն արդեն ներկայացված են ավելի քան 30 երկրում։ Իրացման հիմնական շուկաներն են Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Շվեյցարիան, Ուկրաինան, Վրաստանը, Չինաստանը եւ Ֆրանսիան:


2018-ին ցուցահանդեսների միջոցով հայկական գինիները ներկայացվել են Կանադայում եւ Ճապոնիայում։ Զարուհի Մուրադյանն ընդգծում է՝ 2019-ի առաջնահերթություններից կլինի նաեւ հայկական գինու արտահանման ծավալների ավելացումը դեպի այս երկու շուկաներ։

Թեեւ գինու արտահանման 2018-ի տարեկան արդյունքները դեռեւս ամփոփված չեն, սակայն հիմնադրամը նախորդ տարվա համեմատ կանխատեսում է մոտ 30% աճ։


«2017-ին Հայաստանից արտահանվել է 4,6 մլն լիտր գինի, իսկ 2018-ի առաջին 6 ամիսների ընթացքում՝ 3,9 մլն։ Հարցումներ ուղարկելով արտահանող ընկերություններին՝ պարզել ենք, որ մոտավոր տվյալներով մինչեւ դեկտեմբեր ամիսը եղել է եւս 1,5 մլն լիտր գինու արտահանում։ Այս թիվը կշարունակի աճել, քանի որ Ամանորին ընդառաջ՝ արտահանման ծավալները շարունակում են ընդլայնվել»,- պարզաբանում է Զարուհի Մուրադյանը։

ProWine China 2018-ի շրջանակում

Գինու ներքին սպառումը եւս աճել է՝ 2017-ի մեկ անձի հաշվով 1,2 լիտր ցուցանիշից դառնալով 2,5 լիտր՝ 2018-ի համար։
 

2019-ին հիմնադրամը խոստանում է շարունակել 2018-ին մեկնարկած ծրագրերը, ինչպես նաեւ հանդես գալ նոր նախաձեռնություններով՝ ուղղված գինու արտադրության, արտահանման ծավալների ավելացմանը, հայ գինեգործների կարողությունների եւ գինու տուրիզմի զարգացմանը։

Գայանե Ենոքյան
Դիտում՝ 10919
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW