Ոսկեհատի գինեգործության կենտրոնն ուսանողներին կտա պրակտիկ գիտելիքներ
13.12.2018 | 11:15 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարություն






Կենտրոնը բաղկացած է գինեգործարանից եւ «Ագրոբիզնեսի հետազոտությունների եւ կրթության միջազգային կենտրոն» (ICARE) հիմնադրամի «Ի-Վի-Էն» Գինու ակադեմիայի Միկրոգինեգործության ուսումնական կենտրոնից: Վերջինին տեխնիկական աջակցություն է տրամադրել Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (ԳՄՀԸ/GIZ):
Կենտրոններում ուսանողները հնարավորություն կունենան ստանալ պրակտիկ գիտելիքներ՝ ընդգրկվելով գինեգործական ամբողջ գործընթացի մեջ, իսկ դասախոսներն ու ոլորտի մասնագետները՝ զբաղվել հետազոտական աշխատանքներով:
ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը նշել է, որ այսօր հանրապետությունում առկա է խաղողագործության եւ գինեգործության զարգացման զգալի ներուժ:
«Միջազգային շուկայում մրցունակ, բարձրորակ գինիներով ներկայանալու համար հարկավոր է հիմնել գինեգործական ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմամբ խաղողի այգիներ: Կարեւոր է նաեւ ժամանակակից գիտելիքներով զինված բարձրակարգ մասնագետների առկայությունը։ Այդ խնդրի լուծմանը մեծապես կարող է նպաստել նորաստեղծ Ոսկեհատի գինեգործության ուսումնագիտական կենտրոնը: Համոզված եմ, որ Ոսկեհատի գինեգործության ուսումնագիտական կենտրոնը նշանակալից դեր կունենա ոլորտում նոր հաջողությունների գրանցման հարցում»,- ընդգծել է Գեղամ Գեւորգյանը:
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Վարդան Ուռուտյանն էլ նշել է, որ կենտրոնի բացումը կարեւոր ձեռքբերում է ոչ միայն Ագրարային համալսարանի ուսանողների, այլեւ գործատուների համար:
«Սրանով մենք ազդակ ենք ուղարկում գործատուներին, որ այլեւս Ագրարային համալսարանի գինեգործ շրջանավարտները տիրապետելու են իրենց ոլորտի բոլոր պրակտիկ եւ գործնական հմտություններին»,- նշել է նա:
ՀՀ Կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանն էլ նկատել է, որ հիմնական նպատակը գինեգործությունը զարգացնելն է եւ այս ճյուղի միջոցով Հայաստանը ճանաչելի դարձնելը:
ՀԱԱՀ Ոսկեհատի ուսումնագիտական կենտրոնի ղեկավար Արտակ Գաբրիելյանի տեղեկացմամբ՝ գործարանն այս տարի առաջին անգամ է շահագործվել եւ մթերվել է մոտ 30 տոննա խաղող:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: