Հայ բիզնես վարպետները, որ «հունցվում են» Շեֆիլդի Executive MBA ծրագրում

11.05.2018 | 11:34 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Շեֆիլդի Executive MBA
Աշխարհի լավագույն 100 համալսարանների ցանկում ներառված Շեֆիլդի համալսարանի Executive MBA ծրագիրը Հայաստանում արդեն երկրորդ տարին ընդունում է ուսանողների, որոնք ցանկանում են կատարելագործել անձնական եւ մասնագիտական առաջխաղացման համար անհրաժեշտ հմտությունները:

Շեֆիլդի Executive MBA ծրագրի երկու կուրսերի ուսանողները Մեդիամաքսին պատմել են իրենց ուսումնառության ընթացքի ու կրթության այս մոդելի առանձնահատկությունների մասին:

Ակնկալիքներ եւ արդյունք

«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Քրիստինա Ղալեչյան. «Սա այն լավագույն հնարավորությունն է, որ ստեղծվել է Հայաստանում, եւ շատ մասնագետներ կարողանում են առանց առօրյա աշխատանքից, ընտանիքից կտրվելու լրացուցիչ գիտելիքներ ստանալ, բարելավել իրենց մասնագիտական կարողությունները:

Քրիստինա Ղալեչյանը

Ժամանակակից բիզնես աշխարհում շատ խիստ անհրաժեշտություն է համահունչ քայլել այն մարտահրավերների հետ, որոնք առկա են ամբողջ աշխարհում: Հայաստանում կառավարման հմտությունների տեսանկյունից բացեր կան, ես դա իմ աշխատանքի ընթացքում էլ տեսնում էի: Փնտրում էի այդ բացերը լրացնելու հնարավորություն, եւ երբ դա ստեղծվեց, անմիջապես արձագանքեցի:


Այս ծրագրի ընթացքում կառավարման ոլորտում նոր հմտություններ եւ գիտելիքներ ենք ձեռք բերում: Համենայնդեպս ես, առաջին մասնագիտությամբ լինելով իրավաբան, այս դասընթացի ընթացքում կառավարման փորձի շատ բացեր լրացրեցի»:

Բիբլոս Բանկ Արմենիայի Ներքին դիտարկումների եւ համապատասխանության բաժնի պետ Թելման Գեւորգյան. «Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի Ֆինանսների բաժնում կրթությունս ավարտել էի 2007թ.: Անցած 10 տարիների ընթացքում մասնագիտական տարբեր սեմինարների եւ թրեյնինգների մասնակցել էի, բայց միշտ ցանկանում էի որեւէ հեղինակավոր բուհում լրացուցիչ կրթություն ստանալ: Իմանալով Շեֆիլդի համալսարանի Executive MBA ծրագրի մասին՝ հետաքրքրվեցի եւ պարզեցի, որ այն հնարավորություն է տալիս սովորել եւ բարձրացնել որակավորումը՝ աշխատանքին զուգահեռ:

Թելման Գեւորգյանը

Մեկ տարի է՝ սովորում եմ այստեղ, եւ ակնկալիքներս արդեն որոշ չափով արդարացել են: Բնական է, որ ակադեմիական այդ ողջ գիտելիքները միանգամից չի տալիս ծրագիրը, պետք է հիմք ունենաս, որի վրա գիտելիքների եւ հմտությունների մեծ պատ է դրվում ուսումնառության ընթացքում: Քննություններից բացի՝ նաեւ ուսումնասիրություն ենք անում, որը տալիս է գիտական գրականության հետ աշխատելու եւ սեփական գիտական աշխատությունը գրելու հմտություն»:

Երեւանի գլխավոր ակնաբույժ Արտաշես Զիլֆյան. «Ես վիրաբույժ եմ, որը տեղյակ չէր բիզնեսից, մարքեթինգից ու ֆինանսական այլ ծրագրերից։ Աշխատանքիս ընթացքում զգում էի այդ ամենի պակասը: Ընկերներս ծրագրի մասին շատ ոգեւորված էին պատմում: Շեֆիլդի համալսարանի դասընթացներին դիմելիս մեծ դեր է խաղում այն, որ կարելի է մասնագիտանալ՝ առօրյա գործին զուգահեռ»։


Հանրային հեռուստաընկերության մարքեթինգի ղեկավար Մարինա Ավետիսյան. «Շատ վաղուց ուզում էի MBA կրթություն ստանալ, հատկապես՝ անգլիական որեւէ բուհում, որը մեծ ճանաչելիություն ու վստահություն է վայելում: Երբ իմացա, որ Շեֆիլդի համալսարանի դասախոսները տարբեր երկրներից գալու են դասավանդելու Հայաստանում, միանգամից որոշեցի սովորել այս ծրագրում։ Բոլոր ակնկալիքներս գերազանցել են։ Ես լեզվաբանական կրթություն ունեմ, եւ այս մասնագիտացումը ստանալու ընթացքում կրթության որակից եւ ձեւից ավելի քան գոհ եմ»։


ALCON դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Աստղիկ Սարգսյան. «Երկար տարիներ աշխատել եմ որպես ակնաբույժ, դասախոսել եմ Բժշկական համալսարանում, որից հետո տեղափոխվել եմ բժշկական բիզնեսի ոլորտ։ 10 տարի լինելով բիզնեսում ու տիրապետելով առօրյա աշխատանքային հմտություններին՝ չունեի տեսական գիտելիք բիզնեսի կառավարման ու բժշկական ոլորտի կառավարման վերաբերյալ։ Երբ իմացա, որ ակնառու համալսարաններից մեկը կարող է անգլիական կրթություն ապահովել տանից չբացակայելու պայմաններում, դա ինձ շատ գրավեց։ Ակնկալում էի ստանալ խոր գիտելիքներ այն ոլորտի վերաբերյալ, որտեղ աշխատում եմ ավելի քան 10 տարի: Կցկտուր գիտելիքները, որ ունեի այս բնագավառում, համակարգվեցին եւ ստացան շատ լուրջ հիմք»։

Կրթական ծրագրի մեթոդն ու դասախոսական կազմը

Քրիստինա Ղալեչյան. «Ես կրթությունս ստացել եմ Հայաստանում, եւ այս կրթական մեթոդը, որով դասավանդում են ծրագրի ընթացքում, շատ բացառիկ է՝ իր առանձնահատկություններով: Սա կատարյալ տարբերակ է մասնագիտություն ունեցող եւ արդեն աշխատանքի պրոցեսում գտնվող ծանրաբեռնված մարդկանց համար, որոնք հավելյալ կրթություն ստանալու սահմանափակ հնարավորություններ ունեն: Դասերն անցկացվում են ուրբաթ, շաբաթ եւ կիրակի օրերին՝ ամիսը մեկ անգամ, այդ օրերի ինտենսիվ դասերից հետո ինքնուրույն աշխատանք է հանձնարարվում: Այդ հանձնարարությունները խորհուրդների եւ առաջարկությունների մի ամբողջ փաթեթ են, որով դասախոսը ցույց է տալիս՝ ինչպես զարգանալ եւ հմտանալ:

Դասախոսների, կրթական մեթոդների, հաղորդակցման ձեւի առումով սա ինձ համար նոր մշակույթ էր: Կարծում եմ, որ Հայաստանում պետք է որդեգրել այդ մեթոդը եւ այդպիսի դասախոսներ պատրաստել, որոնք մարդուն մոտիվացնում են գիտելիք ձեռք բերել եւ լայնախոհ լինել»:


Թելման Գեւորգյան. «Ուսուցման մեթոդները տարբերվում են մեր կրթական համակարգից, շատ հետաքրքիր է ուսումնասիրել մասնագիտությունը՝ արեւմտյան մոտեցմամբ: Անգլիական կրթական փորձն աշխարհի լավագույններից է, որն ինքնուրույն մտածելու եւ գործելու հնարավորություն է տալիս:

Ամենակարեւորը, որ դասախոսները մեզ ներշնչում եւ վստահություն են փոխանցում, որ մենք կարող ենք հաջողակ լինել, եւ չկան դռներ, որ հնարավոր չլինի բացել: Սա մի բան է, որ մեր կրթական համակարգում բացակայում է, բայց ուսանողների առաջընթացի համար մեծ նշանակություն է ունենում»:

Մարինա Ավետիսյան. «Դասախոսական կազմը շատ բարձրակարգ է, եւ դա երեւում է դասավանդման ոճից ու որակից։ Նրանք համագործակցում են ուսանողների հետ, ոչ թե ասում են՝ սա է ճիշտ, սա՝ սխալ։ Դու ինքդ ես գալիս եզրահանգման։ Դասախոսն ուսանողից վեր չի դասում իրեն, միայն թելադրողի դիրք չի գրավում:


Տեսական մասին զուգահեռ մեզ ցույց են տալիս, թե այն կիրառելուց հետո ինչ արդյունքներ են ստացվում։ Բացի այդ, տալիս են հանձնարարություններ, խմբային ներգրավումներ է լինում, դու աշխատում ես դասի ընթացքում քո կոլեգաների հետ, ստեղծում նոր հարաբերություններ եւ կապեր»:

Աստղիկ Սարգսյան. «Կրթական ծրագիրը բավական բարձ որակ ունի։ Հետաքրքիր մոտեցում կա, շեշտադրվում է թիմային աշխատանքը։

Դասախոսները, համեմատած մեր կրթական համակարգի հետ, նյութը տրամադրում են մատչելի լեզվով, հետաքրքիր ու ինտերակտիվ միջոցներով։ Թեեւ բժշկական կրթություն ունեմ, բայց նրանց օգնությամբ հեշտությամբ ընկալում էի ֆինանսական, տնտեսագիտական առարկաները»։

Ձեռք բերված կարեւոր հմտությունները

Մարինա Ավետիսյան. «Իրենց տեսությունները հիմնված են պրակտիկայի վրա։ Ուսումնասիրություններ են անցկացնում, որոնց արդյունքում թեորիան թարմացվում է: Կան հմտություններ, որ ստացել եմ ու կիրառում եմ աշխատանքում՝ ե՛ւ մարքեթինգի, ե՛ւ կադրային ոլորտում, ե՛ւ ընկերության կազմակերպչական առումով։ Բոլոր հարցերին նայում եմ այլ տեսանկյունից։

Մարինա Ավետիսյանը

Վերջին տարիներին զբաղվում եմ մարքեթինգով, այս ոլորտի գործիքները շատ արագ փոփոխվում են, եւ ծրագիրը մեզ սովորեցնում է նաեւ արագ յուրացնել դրանք»:

Թելման Գեւորգյան. «Ծրագրի արդյունքում հմտություններ եմ յուրացրել, որոնցից են ճիշտ ուղղությամբ եւ ավելի լայն մտածելը, ոչ թե նեղ, կոնկրետ դետալների, այլ ավելի մեծ գաղափարների վրա կենտրոնանալը, որոշումների ճիշտ կայացումը, աշխատանքի ճիշտ պլանավորումն ու կազմակերպումը եւ ավելի համարձակ լինելը»:


Արտաշես Զիլֆյան. «Այս ծրագիրը հնարավորություն տվեց կատարելագործվել ու հմտություններ ձեռք բերել, որոնք խիստ անհրաժեշտ են: Մենք ունենք տարբեր ուսանողներ, որոնք մասնագիտացած են այլ բնագավառներում, նրանց հետո զրույցներից հետո իմացա, որ որեւէ մեկը նման խորը գիտելիքներ չի ստացել իր բուհում։ Դրանք շատ արդիական են ու անհրաժեշտ»:

Արտաշես Զիլֆյանը

Քրիստինա Ղալեչյան. «Բացի հիմքային գիտելիքներից, ծրագիրը կարեւոր հմտություններ է սովորեցնում: Դրանք լուրջ, հիմնարար գիտելիքներ ու փորձ են պահանջում, հարկավոր է տիրապետել միտումներին, հեռանկարային մեխանիզմներին, որոնց ներդրումը Հայաստանում խիստ անհրաժեշտություն է թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածում»:

Մարի Թարյան

Հայաստանում գործող Շեֆիլդի համալսարանի Executive MBA ծրագրի մասին հավելյալ տեղեկությունների համար դիմեք Համալսարանի միջազգային ֆակուլտետի (CITY քոլեջ) տարածաշրջանային տնօրեն, ծրագրի ղեկավար Լիլիթ Շահզադեյանին. lshahzadeyan@citycollege.sheffield.eu, +30 693 710 4333 (Viber/Whatsup); +37495 522338:
Դիտում՝ 18433
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW