Քերրի Թոմաս Սալիվան. MBA ծրագրի հայ ուսանողները շատ լավ ներգրավված են

05.02.2018 | 09:30 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /
#Շեֆիլդի համալսարան #Քերրի Թոմաս Սալիվան
Շեֆիլդի համալսարանի MBA-ի ծրագրի կորպորատիվ ֆինանսական կառավարման ավագ դասախոս դոկտոր Քերրի Թոմաս Սալիվանի հարցազրույցը Banks.am-ին

- Դոկտոր Սալիվան, կիսվեք հայ ուսանողների վերաբերյալ ձեր տպավորություններով:

- Կարծում եմ՝ խումբը շատ լավ էր ներգրավվել դասերին եւ ցանկություն ուներ սովորելու: Մենք մի քանի հրաշալի ինտերակտիվ դասընթաց անցկացրինք, եւ առողջ քննարկումներ ծավալվեցին: Ինձ՝ որպես արտասահմանում մշտապես դասավանդող դասախոսի, շատ էր տպավորել հայ ուսանողների անգլերենի իմացությունը եւ համաշխարհային թրենդերին տիրապետումը:

- Ըստ ձեզ, հայ ուսանողները որեւէ կերպ տարբերվո՞ւմ են մյուս ուսանողներից, որոնց հետ առնչվել եք ձեր աշխատանքային գործունեության ընթացքում:

- Սուրճի ընդմիջման ժամանակ հայ ուսանողները պատմում էին ինձ հայկական մշակույթի առանձնահատկությունների մասին, որոնք արտացոլում են իրենց ծագման երկիրը, սակայն, հարկ է նշել, որ նրանք նման են այն բոլոր ուսանողներին, որոնք սովորում են մեր MBA-ի ծրագրով ամբողջ աշխարհում:

Նրանք ունեն գլոբալ աշխարհայացք եւ փորձում են գտնել իրենց երկրի տեղը ավելի լայն համաշխարհային սխեմայում, որտեղ սահմանները, հատկապես առեւտրի համար այլեւս խոչընդոտ չեն հանդիսանում: Ինչպես եւ միլենիալների/Y սերնդի ներկայացուցիչների մեծ մասի մոտ, նրանց աշխարհընկալումը համաշխարհային է:

- Որո՞նք են այն առանցքային մեսիջներն ու մտքերը, որոնք դուք փոխանցում եք ձեր ուսանողներին:
 
- Օրինակ այն, որ բիզնեսի ընդլայնումը ձեռնտու է բոլոր շահառուների համար: Այն բոլոր հմտությունները, որ նրանք սերտում են մեզ հետ MBA ծրագրի շրջանակում, դա թույլ են տալիս: Որպես ֆինանսական թիմի անդամ, ես բիզնեսում շեշտը դնում եմ առատ դրամական հոսքերի ապահովման եւ պարտավորությունների խելամիտ օգտագործման վրա:

- Երբեմն մարդիկ ասում են, որ Հայաստանի նման փոքր երկրները կարիք չունեն այդպիսի թվով MBA շրջանավարտների, քանի որ տնտեսության չափերը թույլ չեն տալիս «կլանել» նրանց: Ի՞նչ կարծիքի եք նման մոտեցման մասին:

- Թյուր կարծիք է, որ MBA ծրագիրը սովորում է ստանձնել հատուկ դեր որեւէ կորպորատիվ միավորման մեջ: Այն, ինչ MBA ծրագիրը յուրացնող մարդկանց մեծամասնությունը սովորում է, հանդիսանում է ռեֆլեկտիվ փորձ բիզնեսում: Խոսքը առաջ մղող նորարարության եւ տնտեսական ջանքերի շնորհիվ աճ գրանցելու մասին է:


Այս ծրագրի շատ շրջանավարտներ սկսում են նոր բիզնես կամ ընդլայնում եղածը: Ծրագրի նպատակն է սերմանել առաջընթաց խթանող վերաբերմունք: MBA շրջանավարտների հստակ քվոտա Հայաստանը չունի, սակայն նոր կադրերի մեծ պահանջարկ դեռեւս կա:

- Կխնդրեի ներկայացնել Հայաստան այցից եւ այստեղի աշխատանքից Ձեր ստացած ընդհանուր տպավորությունները: Որո՞նք են ձեր ամենազարմանալի «բացահայտումները» Հայաստանի մասին՝ դրական եւ բացասական (եթե այդպիսիք կան):

- Իմ այցը Հայաստան շատ հետաքրքիր փորձառություն էր, քանի որ երկիրը գտնվում է տարբեր մշակույթների խաչմերուկում: Տպավորել էին որոշ հետաքրքիր շինություններ (դրանք ինձ հետաքրքիր թվացին, քանի որ ժամանակին աշխատել եմ անշարժ գույքի ոլորտում), եւ ես նաեւ զարմացա, երբ տեսա այստեղ մեծ թվով համաշխարհային բրենդերի մանրածախ խանութներ:

Այդքան էլ լավ չեմ հասկանում, ինչու են ընդհանուր շուկայում այդքան տարածված փայտե շախմատի հավաքածուները: Ո՞վ է դրանք գնում:  

- Ձեր «Ֆինանսական մենեջմենթ» գիրքը հրատարակվել է երկու անգամ՝ 2006 եւ 2009 թվականներին: Այդ ընթացքում ֆինանսական աշխարհը փոփոխությունների է ենթարկվել: Մենք ականատես ենք լինում ֆինտեխի եւ կրիպտոարժույթների տարածմանը եւ այլն: Ֆինանսական մենեջմենթի ո՞ր կանոններն ու սկզբունքները կմնան անփոփոխ:

- Ուսանողները հաճախ են ինձ ծաղրում, երբ նրանց պարզ ճշմարտություններ եմ ասում: Այնուամենայնիվ, հարկ է հիշել, որ ամեն ինչի հիմքում կանխիկն է, եւ բիզնեսը կձախողվի, եթե վերջնական վերլուծության մեջ չլինի երկարաժամկետ շահույթ: Կարեւոր է նաեւ գների վերահսկողությունը՝ անկախ բիզնեսի տեսակից: Եթե դուք խելամիտ կերպով չեք պլանավորում ձեր ծախսերը, դրանք կարող են վերադառնալ եւ հետապնդել ձեզ: Եվ, ի վերջո, աճ ապահովող փոխառություններ ներդնելը կարող է շատ արդյունավետ լինել: Այնուամենայնիվ, դուք պետք է յուրացնեք MBA ծրագիրը, որպեսզի հասկանաք, թե ինչպես է պետք այս ամենը ճիշտ կատարել:
Դիտում՝ 37555
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW