Գործատու-աշխատող հարաբերություններում հաճախ են հանդիպում խնդրահարույց հարցեր, որոնց պատասխաններին միշտ չէ, որ կողմերը լիարժեք տիրապետում են: Banks.am-ը որոշել է դիմել «ԼեգալԼաբ» իրավաբանական ընկերությանը՝ խնդրելով պարզաբանել, թե ինչպես են օրենքով կարգավորվում աշխատանքային իրավահարաբերությունների տարբեր կետերը: Մասնավոր եւ պետական հատվածում աշխատանքային իրավահարաբերություններին վերաբերող հարցուպատասխանները կներկայացնենք երեք մասից բաղկացած շարքով, որի առաջին մասը՝ նվիրված աշխատողների իրավունքներին եւ վարձատրության մասնավոր դեպքերին, ներկայացնում է «ԼեգալԼաբ»-ի համահիմնադիր Նարեկ Աշուղաթոյանը: Հավելյալ աշխատաժամերի/օրերի վարձատրությունըԸնդհանրապես, աշխատանքային հարաբերությունները կարգավորող դրույթները սահմանվում են աշխատանքային պայմանագրերով: Սակայն, եթե Գործատուն եւ Աշխատողը չեն սահմանում արտաժամյա աշխատանքի եւ/կամ օրվա համար վարձատրության չափ եւ պայմաններ, ապա, օրենսդրության համաձայն՝ արտաժամյա աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար, ժամային դրույքաչափից բացի, վճարվում է հավելում՝ ժամային դրույքաչափի 50%-ից ոչ պակաս չափով: Օրինակ՝ 40-ժամյա աշխատանքային շաբաթի դեպքում ժամային նվազագույն դրույքաչափը 330 դրամ է, հետեւաբար՝ տվյալ պարագայում արտաժամյա աշխատանքի համար առնվազն պետք է վճարվի 330 դրամ՝ գումարած դրա կեսը՝ 165 դրամ: Աշխատողի իրավունքները՝ հիվանդության դեպքում Ժամանակավոր անաշխատունակ դարձած աշխատողների իրավունքն է պահպանել իրենց աշխատատեղը եւ պաշտոնը, եթե նրանք ժամանակավոր անաշխատունակության պատճառով աշխատանքի չեն ներկայացել ոչ ավելի, քան 120 օր անընդմեջ, կամ վերջին մեկ տարվա ընթացքում ոչ ավելի, քան 140 օր, եթե օրենքով եւ այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված չէ, որ որոշակի հիվանդությունների դեպքում աշխատատեղը եւ պաշտոնը պահպանվում են ավելի երկար ժամանակով: Սակայն, բոլոր դեպքերում աշխատողի անաշխատունակության փաստը հաստատելու համար հարկավոր է բժշկի եզրակացություն: Ժամանակավոր անաշխատունակներին տրվում է անաշխատունակության նպաստ։ Այն դեպքում, երբ դա աշխատակցի հիվանդության հետեւանք է, վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում վարձու աշխատողի նպաuտի չափը հաշվարկելու համար միջին ամսական աշխատավարձը բաժանվում է 25-ի եւ բազմապատկվում է ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի՝ երկրորդ աշխատանքային օրվանից սկսած՝ աշխատանքային օրերի թվով։ Հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում վարձու աշխատողի նպաuտի չափը հաշվարկելու համար միջին ամսական աշխատավարձը բաժանվում է 21-ի եւ բազմապատկվում ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի՝ երկրորդ աշխատանքային օրվանից սկսած աշխատանքային օրերի թվով։ ՏեղեկանքԱշխատանքային պայմանագրի կետերըԱշխատանքային պայմանագրում նշվում են`1) աշխատանքային պայմանագիրը կնքելու ամսաթիվը, վայրը,2) աշխատողի անունը, ազգանունը,3) կազմակերպության անվանումը կամ ֆիզիկական անձ գործատուի անունը, ազգանունը,4) կառուցվածքային ստորաբաժանումը (դրա առկայության դեպքում), օրինակ՝ վարչություն, բաժին,5) աշխատանքը սկսելու ամսաթիվը, ի դեպ, առաջին աշխատանքային օրը կարող է չհամընկնել պայմանագրի կնքման օրվա հետ,6) պաշտոնի անվանումը եւ (կամ) աշխատանքային գործառույթները,7) հիմնական աշխատավարձի չափը եւ (կամ) այն որոշելու ձեւը,8) աշխատողներին սահմանված կարգով տրվող հավելումները, հավելավճարները, լրավճարները եւ այլն. յուրաքնչյուր վճար ունի օրենքով նախատեսված առանձնահատկություններ եւ տրման հիմքեր:9) աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը (անհրաժեշտության դեպքում). սովորաբար տարբերակում ենք աշխատանքային պայմանագրի գործողության անորոշ եւ որոշակի ժամկետներ,10) փորձաշրջան սահմանելու դեպքում` փորձաշրջանի տեւողությունը եւ պայմանները,11) աշխատաժամանակի ռեժիմը, որը ներառում է աշխատաժամանակի նորմալ տեւողությունը (լրիվ դրույք=8 ժամ) կամ ոչ լրիվ աշխատաժամանակը (սա կարող է սահմանվել աշխատողի առողջական խնդիրների պատճառով, հղի կնոջ եւ մինչեւ մեկ տարեկան երեխա խնամող աշխատողի, հաշմանդամ աշխատողի պահանջով եւ այլն), կամ աշխատաժամանակի կրճատ տեւողությունը (14-18 տարեկան, վնասակար պայմաններում կամ գիշերային ժամերին աշխատողների համար) կամ աշխատաժամանակի գումարային հաշվարկը,12) ամենամյա արձակուրդի տեսակը (նվազագույն, լրացուցիչ, երկարացված) եւ տեւողությունը,13) պայմանագիրը ստորագրող անձի պաշտոնը, անունը, ազգանունը:Գործատուի եւ աշխատողի համաձայնությամբ, օրենսդրության շրջանակում, աշխատանքային պայմանագրում կարող են ներառվել նաեւ այլ պայմաններ: Հղիության եւ ծննդաբերության արձակուրդ Աշխատող կանանց տրամադրվում է հղիության եւ ծննդաբերության արձակուրդ` 1) 140 օր (70 օր` հղիության, 70 օր` ծննդաբերության),2) 155 օր (70 օր` հղիության, 85 օր` ծննդաբերության)՝ բարդ ծննդաբերության դեպքում,3) 180 օր (70 օր` հղիության, 110 օր` ծննդաբերության)՝ միաժամանակ մեկից ավելի երեխաներ ունենալու դեպքում:Հղիության եւ ծննդաբերության արձակուրդի ընթացքում աշխատող կնոջ վճարի հաշվարկման կարգը հետեւյալն է. վճարի չափի համար հիմք է ընդունվում վերջին 12 ամսվա ընթացքում աշխատողի միջին աշխատավարձի չափը։ Եթե աշխատողը 12 ամսից քիչ է աշխատել տվյալ Գործատուի մոտ, ապա նախորդ աշխատավայրում աշխատողի ստացված եկամուտը ներառվում է միջին աշխատավարձի հաշվարկման մեջ։ Եթե միջին աշխատվարձը գերազանցում է 1 091 265 ՀՀ դրամը, ապա այն բաժանվում է 30,4-ի (ամսվա մեջ օրերի միջինացված թվի) եւ բազմապատկվում է հղիության ու ծննդաբերության արձակուրդի պատճառով աշխատանքի չներկայանալու օրերի թվով՝ սկսված աշխատանքի չգնալու առաջին օրից։Այդ արձակուրդը հաշվարկվում է միասին եւ կնոջը տրամադրվում է միանգամից, ամբողջությամբ: Ժամանակից շուտ ծննդաբերելու դեպքում հղիության արձակուրդի չօգտագործված օրերը գումարվում են ծննդաբերության արձակուրդի օրերին:Փորձնակի (ստաժորի) վարձատրությունըՀՀ Աշխատանքային օրենսգրքի համաձայն՝ գործատուն իր միջոցների հաշվին իրավունք ունի կազմակերպությունում կամ այլ վայրում պայմանագրային հիմունքներով կազմակերպելու աշակերտների կամ աշխատանքի ընդունվող անձի մասնագիտական ուսուցում մինչեւ վեց ամիս տեւողությամբ՝ ուսուցման ընթացքում աշակերտին վճարելով կրթաթոշակ` առնվազն օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափով (55 000 ՀՀ դրամ): «Աշակերտ» ասելով այս պարագայում նկատի ունենք մասնագիտական ուսուցում ստացողներին, որը ներառում է աշակերտներին, ուսանողներին եւ մյուս փորձնակներին։Շարունակելի Tweet Դիտում՝ 21435