Վերջերս տեղի ունեցավ օֆշորային տվյալների խոշոր արտահոսք. Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը հրապարակեց Պանամական փաստաթղթերը (Panama Papers): Այս կապակցությամբ հայաստանյան իրականության մեջ կրկին սկսեց լայնորեն շրջանառվել «օֆշոր» հասկացությունը՝ հիմնականում ընկալվելով որպես բացասական երեւույթ:Banks.am-ը ԼեգալԼաբ իրավաբանական ընկերության համահիմնադիր Ստեփան Խզրթյանի օգնությամբ ներկայացնում է «օֆշորային գոտի» հասկացության իրական նշանակությունը` բացահայտելով դրա լուսավոր եւ մութ կողմերը:Ի՞նչ է օֆշորը«Օֆշոր» (offshore) հասկացությունը բառացի թարգմանությամբ նշանակում է ափից, սահմանից դուրս, այսինքն՝ արտասահման: Մինչդեռ գործարար շրջանակում այն ստացել է այլ նշանակություն: Օֆշորները, որոնք հաճախ անվանում են «հարկային դրախտներ», հատուկ տարածքներ են, որտեղ գրանցված ընկերություններն ազատված են հարկերից, իսկ նրանց մասին ցանկացած տեղեկատվություն պահվում է գաղտնի: Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությունը (OECD) սահմանել է որոշակի չափորոշիչներ, որոնց միջոցով կարելի է երկիրը կամ տարածքը բնորոշել որպես օֆշոր: Ըստ OECD-ի՝ օֆշորային տարածքների առաջին առանձնահատկությունը հարկերի բացակայությունն է կամ դրանց նոմինալ, խորհրդանշական չափը: Դրանք հատուկ տարածքներ են, որտեղ ընկերություններն ու դրանց սեփականատերերը կարող են խուսափել սեփական երկրներում գործող հարկային պարտավորություններից:Երկրորդ, օֆշորային գոտիներում տեղեկատվության ազատ ելումուտ տեղի չի ունենում: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է այն ինֆորմացիային, որը կհետաքրքրեր պետական մարմիններին՝ այս ընկերություններին պատշաճ հարկելու համար: Երրորդ բնորոշ հատկանիշը, որը բխում է նախորդից, օֆշորային ընկերությունների գործունեության թափանցիկության շատ ցածր մակարդակն է: Այսինքն՝ ընկերության իրական շահառուները, նրանց բանկային հաշիվների շարժը, գործունեության մանրամասները փակ են հանրության, պետական մարմինների եւ ցանկացած այլ կողմի համար:Չորրորդ, օֆշորում գրանցված ընկերություններից չի պահանջվում որեւէ իրական, բովանդակային գործունեություն ծավալել: Բավական է գրանցել ընկերությունն օֆշորում, որպեսզի կարողանաս օգտվել դրա բոլոր առավելություններից: Օֆշորային որոշ ընկերություններ բացվում են զուտ գումար կամ այլ ընկերությունների արժեթղթեր պահելու նպատակով: Ուշագրավ է, որ օֆշորի այս հատկանիշը վիճելի է եւ այլեւս չի ներառվում OECD-ի դասակարգման մեջ:Ո՞րն է օֆշորի գրավչությունըԻնչո՞ւ են օֆշորներն այդքան գրավիչ ընկերությունների համար. պատճառը շատ պարզ է եւ բխում է դրա առանձնահատկություններից: Այս տարածքներում ընկերություններն ու նրանց սեփականատերերը կարողանում են «փախչել» հարկերից: Բացի այդ, իրավաբանական անձանց գրանցումն այս գոտիներում կատարվում է շատ արագ եւ պարզեցված ընթացակարգերով: Հարկային եւ ֆինանսական բարդ հաշվետվությունները բացակայում են. դրանք ներկայացվում են հիմնականում տարին մեկ անգամ: Մյուս կողմից, ընկերության կառավարումն արտասահմանից բավական դյուրին է:Իսկ ամենակարեւորը, ընկերության իրական շահառուները եւ բանկային տվյալները պահվում են գաղտնի: Այսինքն, երեւում է գրանցված ընկերություն, բայց թե ինչ գործունեություն է այն ծավալում, ինչ բանկային հաշիվներ ունի եւ ովքեր են նրա հետեւում կանգնած, մնում է անհայտ:Այնուամենայնիվ, ժամանակ առ ժամանակ կարող է տեղի ունենալ օֆշորային տվյալների արտահոսք, ինչպես վերջերս եղավ Պանամական փաստաթղթերի դեպքում: Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի հրապարակած փաստաթղթերում ներկայացված էր ավելի քան 214 հազ. օֆշորային ընկերության եւ դրանցում ներգրավված անձանց տվյալներ:Ո՞րն է օֆշորային գոտու օգուտըԱրդեն բացահայտեցինք, թե ինչու է օֆշորային գոտին այդքան գրավիչ ընկերությունների համար: Առաջանում է օբյեկտիվ մի հարց. իսկ ի՞նչ օգուտ ունի այստեղ օֆշորային գոտին, ի՞նչ է այն շահում իր տրամադրած արտոնությունների դիմաց:Նախեւառաջ, օֆշորային ընկերությունների գրանցման համար գանձվում է ոչ մեծ տարեկան տուրք, որը, սակայն, ընկերությունների մեծ քանակի դեպքում վերածվում է կլորիկ գումարի: Այսինքն, այս գոտիները շահում են մեծ քանակությամբ ընկերություններ ներգրավելու հաշվին:Մյուս կողմից, օֆշորային գոտիները հիմնականում կղզիներ են, որոնք ունեն քիչ բնակչություն, առանձնացված տարածք եւ սակավ ռեսուրսներ: Սա ռազմավարական քայլ է երկրների կողմից՝ այս տարածքներ ներգրավելու լուրջ կապիտալ եւ նպաստելու դրանց ակտիվ զարգացմանը: Օֆշորային կղզիներից են Բելիզը, Բահամյան կղզիները, Վիրջինյան կղզիները եւ այլն:Բացի այդ, օֆշորներում խստորեն պահպանվում է բանկային գաղտնիքը, որի շնորհիվ շատ ներդրողներ նախընտրում են պահել իրենց միջոցներն օֆշորային գոտիներում ու ֆինանսական գործարքներ իրականացնում տեղական բանկերով եւ այդպիսով նպաստում այս տարածքներում բանկային համակարգի զարգացմանը:Մութ կողմեր Չնայած օֆշորային գոտիների՝ ի սկզբանե ունեցած «բարի» մտադրություններին, դրանք ունեն նաեւ որոշակի «մութ» կողմեր: Այս գոտիները կարող են օգտագործվել հանցավոր ճանապարհով ձեռք բերված փողերի օրինականացման՝ լվացման կամ նույն ահաբեկչության ֆինանսավորման նպատակով, քանի որ այստեղ ապահովվում է բանկային հաշիվների, ֆինանսական գործարքների եւ ընկերությունների շահառուների անանունությունն ու գաղտնիությունը:Սրանից ելնելով` օֆշորները պիտակվում են որպես «չհամագործակցող», քանի որ չեն մասնակցում հարկային եւ բանկային տեղեկատվության փոխանակմանը, որի արդյունքում, կարելի է ասել, առաջանում է չհսկվող «սեւ տնտեսություն»` միջազգային մակարդակով: Սա իր բացասական ազդեցությունն է ունենում թե՛ անվտանգության, թե՛ ֆինանսական եւ թե՛ քաղաքական կառավարման տեսանկյունից:Օֆշորները նաեւ մեծ վնաս են հասցնում զարգացած երկրներին, որոնց տեսանկյունից այս տարածքներն անարդար մրցակցություն են կիրառում՝ անարդարացիորեն «խլելով» այդ երկրներին պատկանող հարկային եկամուտները: Պետության հարկերը նրա ինքնիշխանության կարեւորագույն տարրերից են, եւ անարդար հարկային մրցակցության միջոցով օֆշորները մեծ հարված են հասցնում դրան: Ստացվում է, որ ընկերություններն ու նրանց սեփականատերերն օգտվում են այս զարգացած երկրների առաջարկած բարիքներից, սակայն փոխարենը ոչինչ չեն վճարում՝ աշխատելով օֆշորներում:Սիրանուշ Սիմոնյան Tweet Դիտում՝ 16489