«Վարկային միություն»` հանուն ՏՏ զարգացման

14.03.2016 | 10:10 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը 2008-ից հռչակվել է ՀՀ տնտեսության զարգացման առաջնահերթություններից մեկը: Այս տարիների ընթացքում ՀՀ կառավարությունն ու ոլորտի պատասխանատուները մի շարք հեռանկարային քայլեր են ձեռնարկել ՏՏ զարգացման ուղղությամբ, իսկ վերջին ամիսներին ակտիվորեն սկսել են շրջանառվել ոլորտի խթանման այնպիսի նորարարական գաղափարներ, ինչպիսիք են աշխատակիցների բաժնետիրացումը՝ բաժնետոմսերի փոխանցումների եւ օպցիոնների տրամադրման միջոցով, ՏՏ ոլորտի վարկային կազմակերպության (միության) հիմնումը, ինչպես նաեւ կենսաթոշակային ապահովագրության գումարների ուղղումը դեպի ոլորտ:

Banks.am-ը ԼեգալԼաբ իրավաբանական ընկերության համահիմնադիր Ստեփան Խզրթյանից փորձել է պարզել, թե ինչ են իրենցից ներկայացնում վերոնշյալ ծրագրերը, եւ որքանով է մեր շուկան պատրաստ դրանց ներդրմանը:

ՏՏ վարկային միավորում

«Վարկային միավորում» հասկացությունը, որն աշխարհում հայտնի է credit union անվամբ, իրենից ներկայացնում է կոոպերատիվ սկզբունքի հիման վրա ստեղծված մարմին, որի միջոցները հիմնականում գոյանում են անդամ-մասնակիցների անդամավճարներից եւ որը կոչված է սպասարկելու իր անդամներին՝ տարատեսակ ծառայություններ մատուցելու միջոցով:

Ընդ որում, միավորման անդամ-մասնակիցներն ընտրվում են ինչ-որ սկզբունքով, օրինակ, միեւնույն աշխարհագրական տարածքում բնակվող անձինք, միեւնույն ոլորտի մասնագետները, ինչ-որ ընկերությունների խմբի աշխատակիցները եւ այլն:

Տվյալ դեպքում, ՏՏ վարկային միավորումը կոչված է սպասարկելու հենց ՏՏ համայնքը` տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների ընկերությունների աշխատակիցներին: Ներդնելով փայավճարներ` նրանք դառնում են կոոպերատիվի անդամ եւ ստանում ցածր տոկոսներով վարկեր, ներդրումային խորհրդատվություն, ինչպես նաեւ մի շարք այլ բանկային ծառայություններ, այդ թվում՝ ընթացիկ կամ խնայողական հաշիվների բացում, ավանդների ընդունում եւ այլն:

Վարկային միավորումները, ընդհանուր առմամբ, մատուցում են չորս տեսակ ծառայություն` վարկերի տրամադրում, բանկային ավանդների ընդունում, ներդրումային ծառայություններ եւ ապահովագրություն, մինչդեռ ՀՀ օրենսդրությունն իր ներկայիս տեսքով թույլ է տալիս իրականացնել վերը նշվածներից միայն առաջինը: Այսինքն` այս ծրագրի լրիվ իրագործումը կպահանջի օրենսդրական փոփոխություններ:

Կա՞ արդյոք շուկայական պահանջարկ 

Վարկային միավորում ստեղծելու գաղափարը, որը գոյություն ուներ դեռեւս 2014-ից, սկսել է ակտիվորեն շրջանառվել վերջին ամիսներին: Ընդ որում, ՏՏ համայնքի ներկայացուցիչները սկսել են աշխատել իրենց մասնագիտական մասով, ԼեգալԼաբը` իրավաբանական մասով՝ համատեղ ուժերով մշակելու դրա գործունեության մեխանիզմը եւ, այնուհետեւ, ներդնելու ՀՀ տնտեսությունում:

Այս պահին ՀՀ շուկայում, անշուշտ, գոյություն ունի պահանջ, որը, չնայած իր սաղմնային վիճակին, կրում է աճի մեծ պոտենցյալ: Մարդիկ, որոնք ավտիվորեն մասնակցում են ոլորտին նվիրված ֆորումներին (նրանց թիվը հասնում էր 70-100-ի), ակնհայտորեն արտահայտում են այդ հետաքրքրությունը, ընդ որում՝ այն տարածման միտում ունի նաեւ ոլորտի մյուս ներկայացուցիչների շրջանում:

Միտքն ավելի առարկայական դարձնելու համար նշենք, որ ՏՏ համայնքի ներկայացուցիչների հաշվարկով՝ միայն այս ոլորտում ներգրավված է շուրջ 15 հազ. անձ (ընկերությունները` իրենց ղեկավար կազմով եւ աշխատակիցներով), որոնց միջին տարեկան աշխատավարձները միասին կազմում են շուրջ $550-միլիոնանոց լուրջ կապիտալ, որը ճիշտ ուղղորդելով` կարելի է հավելյալ նպաստել ՀՀ տնտեսության առաջնահերթություն հռչակված ՏՏ ոլորտի զարգացմանը:

Մոտ ժամանակներում նախատեսվում է լայնածավալ աշխատանքների իրականացում նշված ուղղությամբ, որի արդյուքում այս տարի նախատեսվում է գրանցել առաջին ռազմավարական հաջողությունները՝ եթե ոչ կազմավորված վարկային միության, ապա գոնե համապատասխան օրենսդրական փոփոխությունների տեսքով:

Աշխատակիցների բաժնետիրացում

Բաժնետոմսերի տրամադրումն ընկերության աշխատակիցներին համարվում է միջազգային պրակտիկայում կիրառվող հաջողված ծրագիր, որը նպաստում է աշխատակիցների նվիրվածության բարձրացմանն ու առողջ թիմի ձեւավորմանը:  

Այնուամենայնիվ, ՀՀ շուկայում այն դեռեւս լայնորեն չի կիրառվում, չնայած որ գոյություն ունեն անհրաժեշտ նախադրյալները:

ԼեգալԼաբ-ի չորսամյա գործունեության ընթացում աշխատակիցների բաժնետիրացում իրականացնելու նպատակով ընկերությանն են դիմել ՏՏ ոլորտի մի շարք ընկերություններ: Ուսումնասիրելով համապատասխան օրենսդրությունը՝ պարզվել է, որ դրա իրագործումն այս պահին բավականին խճճված է. կա օրենսդրական բաց: Այստեղից էլ ծագել է միտք` օրենսդրական դաշտում բարեփոխումների նախաձեռնությամբ հանդես գալու:

Բացի այդ, գործընթացը հնարավոր դարձնելու համար գոյություն ունեն անորոշություններ նաեւ հարկային դաշտում. պարզ չէ, թե ինչպես պետք է հարկվի բաժնետոմսի օպցիոնը` օպցիոնը տրամադրելու, թե հենց բաժնետոմսի փոխանցման պահին, քանի որ օպցիոնը, ըստ էության, հանդիսանում է բաժնետոմս տրամադրելու խոստում:

Այսպիսով, աշխատակիցների բաժնետիրացման փորձը Հայաստանում ներդնելու համար անհրաժեշտ է իրականացնել համալիր բարեփոխումներ:

Որպեսզի ՏՏ ընկերությունների հետաքրքրությունը չմնա «օդում», ԼեգալԼաբ-ը պարբերաբար հանդիպումներ է կազմակերպում համայնքի ներկայացուցիչների հետ, եւ վստահորեն փաստում է, որ առվազն 5-6 ընկերություն օրենսդրական բարեփոխումների իրականանալուն պես պատրաստ է գործնականում կիրառել այս ծրագիրը, իսկ նրանց հաջող փորձից արդեն կոգեշնչվեն ոլորտի մյուս ընկերությունները:

ՏՏ կենսաթոշակային հիմնադրամ

ԼեգալԼաբի մասնագետների հաշվարկներով՝ ՏՏ ոլորտում աշխատավարձի տեսքով տարեկան շրջանառվում է ավելի քան $550 մլն միջոց, որից մասհանված պարտադիր կուտակային կենսաթոշակի հատվածը կազմում է շուրջ $16,5 մլն: Բացի այդ, ՀՀ կառավարությունը պարտավորվում է կրկնապատկել այս միջոցները (ինչպես նախատեսված է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով), որի արդյունքում ստացվում է շուրջ $33-միլիոնանոց կապիտալ, որը ներդրումների տեսքով կարող է հետ վերադառնալ ՏՏ ոլորտ՝ նպաստելով դրա հետագա զարգացմանը:

Այս ծրագրի հիմնական գաղափարն այն  է, որ գոյացած $33 մլն կուտակային հատկացումները ոչ թե ներդրվեն արտասահմանում, այլ գործածվեն ՀՀ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման մեջ, ինչը կկանխի կամ, գոնե, կնվազեցնի «ուղեղների արտահոսքը» երկրից՝ նպաստելով հայկական մտքի, գաղափարի հիման վրա ստեղծված «պրոդուկտների» եւ հայկական բրենդի տարածմանն աշխարհում:

Սիրանուշ Սիմոնյան

Դիտում՝ 11042
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW