Բարեգործությունն ու բիզնեսը՝ մեկ վայրում

18.12.2015 | 11:40 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Այսօր աշխարհի շատ երկրներում բարեգործության ընդունված ձեւ են դարձել սրճարանները կամ ռեստորանները: Նման հաստատությունները, որպես կանոն, փորձում են նվազագույնի հասցնել սպասարկող անձնակազմի, տարածքը պահելու վրա կատարվող եւ այլ հավելյալ ծախսերը եւ իրենց եկամուտի մի մասն ուղղում են կարիքավորներին:

Նոյեմբերի 21-ին Երեւանում բացվեց առաջին բարեգործական սրճարանը՝ Avenue 37-ը: Ի՞նչ սկզբունքով է աշխատում այն, ո՞ւմ է ուղղվում շահույթը եւ որքանո՞վ կարող է սրճարանն արդարացնել իրեն՝ որպես բիզնես մոդել: Այս եւ մի շարք այլ հարցերի շուրջ զրուցել ենք սրճարանի տնօրեն Արամ Անտինյանի հետ:

Ամբողջ շահույթը՝ բարեգործության

Avenue 37-ի տնօրենի խոսքով՝ չնայած նրան, որ սրճարանը բարեգործական նախագիծ է, այնուամենայնիվ, լիարժեք բիզնես ծրագիր է:

Նախատեսվում է, որ սրճարանի ամբողջ շահույթն ուղղվելու է Երեւանի տարբեր համայնքներում հատուկ այդ նպատակի համար բացվող ճաշարաններին, որտեղ անապահով ընտանիքները կարող են անվճար սնվել:

Սրճարանում թեյավճարի սկզբունքը չի գործում, փոխարենը հաճախորդը կարող է որոշակի գումար հանգանակել:

Օրինակ, եթե հաշիվը կազմել է 2400 դրամ, սակայն հաճախորդը նախատեսում է վճարել 3000 դրամ, ապա 600 դրամը փոխանցվում է բարեգործական ճաշարանին, որտեղ 500 դրամով մեկ մարդ լիարժեք կարող է սնվել։ Հանգանակած գումարն ու հանգանակողի անունը կարելի է տեսնել սրճարանում տեղադրված հատուկ մեծ մոնիտորի վրա։

Կարիքավորների շրջանակը որոշվել է «Առաքելություն Հայաստան» հասարակական կազմակերպության օգնությամբ:

«Ընտրել ենք այն մարդկանց, որոնք իրենք իրենցով գումար աշխատելու որեւէ շանս չունեն»,- պատմում է Արամ Անտինյանը՝ ընդգծելով, որ կատարվել են նաեւ պարտադիր տնային այցելություններ:

Առաջին ճաշարանը բացվել է Ավանում, որտեղ 40 շահառու օրական մեկ անգամ սնվում է: Սրճարանի տնօրենը համոզված է՝ այդ թիվն ավելանալու է, իսկ ապագայում նման ճաշարաններ են բացվելու Երեւանի բոլոր վարչական շրջաններում:

Առանց կամավորների

Արտասահմանյան նմանատիպ բարեգործական հաստատություններում մեծապես ընդունված է կամավորներ ներգրավելու փորձը, ինչը թույլ է տալիս սպասարկող անձնակազմին աշխատավարձ չվճարելու հաշվին գումար տնտեսել:

Արամ Անտինյանը, սակայն, կարծում է, որ սկզբնական շրջանում սրճարանի աշխատանքում կամավորներ ներգրավելը սխալ է:

«Անընդհատ առաջարկներ են լինում կամավորների հետ կապված: Գուցե ինչ-որ պահի սկսենք ներգրավել, սակայն այս պահին լուրջ առաջարկ չկա, որ ես իմանամ որակը չի տուժի»,- ասում է Avenue37-ի տնօրենը:

Որակ՝ ամեն ինչում

Սրճարանը Երեւանի կենտրոնում է՝ ամենաբանուկ հատվածում՝ բազմաթիվ սրճարանների հարեւանությամբ:

Արամ Անտինյանն ասում է, որ իրենք շեշտը դրել են որակի վրա, ուստի իրենց սրճարանը թե՛ գտնվելու վայրով, թե՛ այլ չափանիշներով, չի զիջում մյուսներին:

«Ես ուզում էի, որ հաճախորդն այստեղ գիտակցված գա, հասկանա, որ ինքը չի տուժում, սա նորմալ սրճարան է, որը շատ դեպքերում՝ թե ինտերիերով, թե սպասարկման որակով, գերազանցում է շատ սրճարանների: Չէի ցանկանա, որ խղճահարությունից դրդված գան այստեղ»,- ասում է նա:

Մրցակցություն

Avenue 37-ում համոզված են, որ օրեցօր աճող սրճարանների մրցակցությանն իրենք կդիմադրեն, որովհետեւ իրենց սրճարանը, ի թիվս այլ առավելությունների, «բարության օջախ է»:

«Մրցակցություն, իհարկե, կա, բայց ես կարծում եմ, որ գաղափարը բոլորին գրավում է: Եթե գաղափարը ճիշտ տեղ հասցնենք, մարդիկ գալու են»,- ասում է Արամ Անտինյանը:

Առանց արտոնությունների, սակայն մեծ ակնկալիքներով

Արամ Անտինյանը հավաստիացնում է, որ որեւէ պետական աջակցություն՝ հարկային արտոնությունների տեսքով, իրենք չեն ստանում:

«Այս պահին հարկային արտոնություն չունենք, աշխատում ենք որպես սովորական բիզնես: Մատակարարների հետ որեւէ համաձայնագիր չունենք, որ մեզ ինչ-որ «սուպեր» զեղչեր անեն, որովհետեւ իրենք էլ դեռ չեն հասկանում՝ սա ինչ է»,- ասում է Avenue 37-ի տնօրենը՝ պարզաբանելով, որ «ոչ սուպեր» զեղչեր, այնուամենայնիվ, լինում են, ինչը, սակայն, կապ չունի սրճարանի բարեգործական բնույթի հետ:

Մեր զրուցակիցը նկատում է, որ բարդ է գաղափարի շուրջ մեծ թվով մարդկանց համախմբելը, քանի որ նման նախագիծ Հայաստանում առաջին անգամ է իրականացվում: Ներկայում բարեգործական սրճարանին աջակցող 3 ընկերություն կա, որոնք ամսվա կտրվածքով իրենց մեկ օրվա շահույթը տրամադրում են ճաշարանին:

«Կգա ժամանակ, որ մենք կաշխատենք միայն այն ընկերությունների հետ, որոնք զեղչեր կտրամադրեն: Ընկերությունները բաժանվելու են երկու տիպի. ընկերություններ, որոնք մեզ դիտարկում են որպես բարեգործական պրոյեկտ, որից մենք աշխատավարձ չունենք, ոչինչ չունենք, եւ ընկերություններ, ովքեր մեզ հետ չեն համագործակցում»,- նկատում է Արամ Անտինյանը՝ հույս հայտնելով, որ ժամանակի ընթացքում «ամեն ինչ իր տեղը կընկնի»:

Վիկտորյա Անդրեասյան

Դիտում՝ 8036
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW