ՀէՑ-ում պետք է անցկացվի հատուկ նշանակության աուդիտ

30.06.2015 | 10:19 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Օրերս հայտարարվեց, որ «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ընկերության դուստր ձեռնարկության` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի գործունեության վերաբերյալ, միջկառավարական հանձնաժողովի հովանու ներքո, նախատեսվում է աուդիտ իրականացնել:

ՀԷՑ-ում աուդիտի իրականացման գաղափարի, մեխանիզմի, հնարավոր ժամկետների եւ հետագա զարգացումների մասին Մեդիամաքսը զրուցել է «Գրանթ Թորնթոն» աուդիտորական ընկերության եւ «Պարադիգմա Արմենիա» խորհրդատվական եւ հետազոտական ընկերության ղեկավարների հետ:

«Գրանթ Թորնթոն» աուդիտորական ընկերության տնօրեն-բաժնետեր Գագիկ Գյուլբուդաղյանը Մեդիամաքսի հետ զրույցում նշել է, որ էլեկտրաէներգիայի սակագնի ավելացման հիմնավորվածության ստուգման գաղափարն ուշացած, բայց ողջունելի է:

«Երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն ՀՀ կառավարությանն ու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին սակագնի բարձրացման վերաբերյալ հայտ ներկայացրեց, պետք է կատարվեր  էլեկտրաէներգիայի սակագնի ավելացման հիմնավորվածության ստուգում, որից հետո միայն հանձնաժողովը կայացներ իր որոշումը»,- ասում է Գագիկ Գյուլբուդաղյանը եւ հավելում. «Մենք կարծում ենք, որ այս պարագայում պետք է իրականացվի հատուկ նշանակության աուդիտ, այն է՝ ընկերության ֆինանսական հաշվետվությունների առանձին տարրերի, հաշիվների կամ հոդվածների աուդիտ՝ համաձայն Աուդիտի միջազգային ստանդարտների: Բացի այդ, խորհրդատուների կողմից հարկավոր է նաեւ իրականացնել որոշ լրացուցիչ ուսումնասիրություններ»:  


Գագիկ Գյուլբուդաղյանը
Լուսանկարը՝ անձնական արխիվից

Մեր զրուցակիցը նշում է, որ մինչ այս՝ 2015-ին,  իրականացվել է ՀԷՑ-ի 2014 թ. տարեկան ֆինանսական հաշվետվությունների աուդիտ, որի համար ընկերությունը ստացել է ձեւափոխված (վերապահումով դրական) աուդիտորական եզրակացություն, սակայն նկատում է.

«Հասկանալու համար այն խնդիրներն ու դրանց լուծումը, որոնք ծագել են այս ոլորտում, անհրաժեշտ է իրականացնել ինչպես վերոնշյալ հատուկ նշանակության աուդիտը, այնպես էլ այլ ուսումնասիրություններ, դրանց համար կազմել ճշգրիտ եւ մանրամասն տեխնիկական առաջադրանք: Ամբողջական ֆինանսական հաշվետվությունների աուդիտը չի կարող տալ այդ հարցերի պատասխանները»:

Գագիկ Գյուլբուդաղյանի փոխանցմամբ, ներգրավված մասնագետների խումբը պետք է կատարի հետեւյալ քայլերը՝

- ընկերության (այս դեպքում՝ ՀԷՑ-ի-Մեդիամաքս) ֆինանսական հաշվետվությունների առանձին տարրերի, հաշիվների կամ հոդվածների աուդիտ, որն իր մեջ կարող է ներառել, օրինակ, ընկերության ծառայությունների ինքնարժեքի եւ այլ ծախսերի աուդիտ;

- վերջին տարիներին, սակագների բարձրացման հետ կապված, ընկերության  կողմից՝ իր բիզնես պլանում ներդրումների վերաբերյալ հանձն առած պարտավորությունների ու դրանց իրագործման աստիճանի վերաբերյալ ուսումնասիրություն;

- ՀԷՑ-ի ներկայացրած նոր ծրագրի ուսումնասիրություն եւ փորձաքննություն՝ դրա իրականացման իրատեսական լինելու մասին:

«Այս երեք քայլերից հետո հնարավոր է հստակ պատկերացնել սակագնի առաջարկված ավելացման հիմնավորված լինելը»,-ասում է մեր զրուցակիցն ու հավելում, որ, այնուամենայնիվ, կան մի շարք բաց հարցեր այն մասին, թե ո՞վ է պատվիրելու աուդիտն ու ուսումնասիրությունները, ի՞նչ կազմակերպություն է ընտրվելու ծառայությունների մատուցման համար, ի՞նչ խնդիրներ են դրվելու իրականացնողի առջեւ:

«Աուդիտորական/խորհրդատվական ընկերության առաջ պետք է դրվի հստակ տեխնիկական առաջադրանք, որը կներառի վերոնշյալ երեք կետերը: Նման աշխատանք իրականացնելու համար կպահանջվի նվազագույնը 4-5 ամիս: Այսօր խոսակցություններ են շրջանառվում այն մասին, որ ՀԷՑ-ը պետք է վաճառվի, ազգայնացվի կամ պայմանագրով տրվի մեկ այլ կազմակերպության: Եթե այս ճանապարհով են գնալու, ապա առաջանում է այլ ուղղությամբ առաջնորդվելու անհրաժեշտություն: Նախ` պետք է պարզել  ընտրած ճանապարհը, հետո որոշել  աուդիտի շրջանակներն ու խորությունը, որպեսզի  հետագայում կրկնակի աշխատանք չպահանջվի»,-ասում է Գագիկ Գյուլբուդաղյանը:

Հարցին, թե ի՞նչ է ակնկալվում հատուկ նշանակության աուդիտի արդյունքում ՝ մեր զրուցակիցը պատասխանում է հետեւյալը.

«Հատուկ նշանակության աուդիտի արդյունքում տրվում է եզրակացություն, որը կարող է բացահայտել, թե որքանո՞վ է ծառայությունների ինքնարժեքը ներառում ճիշտ ծախսային տարրեր, կամ արդյո՞ք բոլոր կատարված ծախսերն են նպատակային եւ այլն»:

Մեր զրուցակիցը նշում է, որ եթե այս աշխատանքներն իրականացվեն արտասահմանյան կազմակերպության կողմից, ապա այն հնարավոր է միայն տեղացի մասնագետների ներգրավմամբ եւ նկատում՝ «կատարվող աշխատանքը պետք է լինի թափանցիկ, հանրությունը պարբերաբար պետք է իրազեկվի գործընթացի մասին»:  

«Այս պարագայում շատ կարեւոր է գրագետ տեխնիկական առաջադրանք պատրաստելը. հստակեցված տեխնիկական առաջադրանքից է կախված այս նախաձեռնության հաջողությունը»,-եզրափակում է Գագիկ Գյուլբուդաղյանը:

«Պարադիգմա  Արմենիա» խորհրդատվական եւ հետազոտական ընկերության հիմնադիր-փորձագետ Ահարոն Չիլինգարյանը եւս կարծում է, որ ՀԷՑ-ում պետք է իրականացվի հատուկ նպատակային աուդիտ, որը պետք է ունենա հստակ ձեւավորված տեխնիկական առաջադրանք:


Ահարոն Չիլինգարյանը
Լուսանկարը՝ անձնական արխիվից

«Կողմերի համար պետք է պարզ լինի աուդիտի կառուցվածքն ու խորությունը: Նրանք պետք է իմանան, թե ի՞նչ է արդյունքում նախատեսվում՝ տեղեկանք, հաշվետվություն, թե՞ աուդիտորական եզրակացություն: Կարծես ավելի շատ խոսվում է ընկերության անարդյունավետ կառավարման մասին: Եթե կառավարման արդյունավետության գնահատական է պետք, ապա դա աուդիտի կանոններից տարբերվում է եւ ունի այլ չափանիշներ. կառավարման արդյունավետության գնահատումն իրականացվում է այլ համակարգով»,- ասում է Ահարոն Չիլինգարյանն ու կարեւորում հստակ ձեւավորված տեխնիկական առաջադրանքի առկայությունը:

Մեր զրուցակիցը դժվարանում է խոսել աուդիտի իրականացման ժամկետի մասին՝ նշելով, որ դա կախված է տեխնիկական առաջադրանքի բարդության աստիճանից: Ահարոն Չիլինգարյանը վաղ է համարում նաեւ աուդիտի արդյունքներից հետո սպասվելիք զարգացումների մասին խոսելը՝ առաջնային համարելով աուդիտի իրականացման համար հստակ հարցադրումներ ունենալը:

Սիրանուշ Եղիազարյան

Դիտում՝ 33006
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW