Սեպտեմբերի 12-ին Ֆրանսիայի Նիս քաղաքում տեղի է ունեցել Լազուրե ափի ֆրանս-հայկական տնտեսական պալատի բացման պաշտոնական արարողությունը: Պալատը փորձելու է Լազուրե ափում միավորել երկու երկրների բիզնես ոլորտի ներկայացուցիչներին, նպաստել Ֆրանսիայի եւ Հայաստանի գործարարների միջեւ կապերի հաստատմանը:Կառույցի այս եւ մի շարք այլ անելիքների շուրջ Banks.am-ը զրուցել է Լազուրե ափի ֆրանս-հայկական տնտեսական պալատի նախագահ Գառնիկ Մազմանյանի հետ: - Պարոն Մազմանյան, նկարագրեք, խնդրում եմ, ինչպիսի՞ն է Լազուրե ափի բիզնես միջավայրը եւ ի՞նչ հնարավորություններ այն կարող է ընձեռել հայ գործարարներին:- Լազուրե ափում արդյունաբերության ոլորտում դժվար է բիզնես գործունեություն ծավալել. դրանով շատ քչերն են զբաղվում, քանի որ այն համարվում է տուրիստական գոտի: Հիմնականում զարգացած են տուրիզմը, ինչպես նաեւ գործունեությունը անշարժ գույքի շուկայում: Նշեմ, որ Լազուրե ափը աշխարհի այն քիչ կենտրոններից է, որտեղ շինությունների յուրաքանչյուր քառակուսի մետրն ունի որոշակի արժեք, որը պահպանվում է անգամ ճգնաժամային պայմաններում: Այսպիսի ներդրումները հետաքրքիր են, բայց մրցակցությունը բավական մեծ է: - Ինչպե՞ս եւ ո՞ւմ մոտ առաջացավ հենց այդ շրջանում նման կառույց ստեղծելու գաղափարը: - Գաղափարը ծագել է մոտ մեկ տարի առաջ, բայց միայն վերջերս սկսեցինք ավելի ակտիվ զբաղվել նախապատրաստական աշխատանքներով: Մեզ աջակցում են բազմաթիվ հայեր թե Ֆրանսիայից եւ թե Հայաստանից: Սեպտեմբերի 12-ին կառույցի բացման արարողությանը ներկա էին շուրջ 140 հյուրեր, այդ թվում՝ Նիսի 4 փոխքաղաքապետերը, պաշտոնատար անձինք քաղաքային եւ շրջանային իշխանություններից, ինչպես նաեւ գործարարներ, ովքեր, ի դեպ, զբաղվածության պատճառով հազվադեպ են մասնակցում հայկական երեկոների: Արարողության ընթացքում ներկայացրինք Լազուրե ափի ֆրանս-հայկական տնտեսական պալատը եւ ապագա քայլերը: - Եվ որո՞նք են մոտ ապագայի կտրվածքով արդեն իսկ պլանավորված քայլերը:- Ակնկալում ենք, որ նոյեմբերի սկզբին Նիսի արդյունաբերական պալատում կկայանա մեր երկրորդ հավաքը: Հանդիպման ընթացքում կփորձենք ներկայացնել Հայաստանը եւ բացատրել, թե ինչով այն կարող է գրավել ֆրանսիացի գործարարներին: Նախատեսում ենք ֆրանսահայ եւ ֆրանսիացի գործարարներին ցույց տալ Հայաստանը տնտեսական ներդրումների եւ համագործակցության տեսանկյունից:Ինչ վերաբերում է մեր հետագա պլաններին, ապա դրանք հիմնականում ունեն երկու ուղղություն: Նախ եւ առաջ, նախատեսում ենք կապ ստեղծել երկու երկրների գործարարների միջեւ, ֆրանսիացիների մոտ հետաքրքրություն առաջացնել Հայաստանի նկատմամբ, իսկ հայաստանցի գործարարներին ներկայացնել Լազուրե ափում առկա հնարավորությունները: Ինչպես նաեւ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Լազուրե ափի ազգությամբ հայ եւ ֆրանսիացի գործարարներից շատերն իրար չեն ճանաչում, կփորձենք օգնել վերջիններիս համախմբվել եւ համագործակցել:Բացի այս երկու հիմնական ուղղություններից, փորձելու ենք աջակցել նաեւ այն հայ երիտասարդներին, ովքեր ցանկանում են իրենց սեփական բիզնեսը սկսել: Մեր կազմակերպության հետ համագործակցում են բիզնեսում մեծ փորձառություն ունեցող տարբեր անհատներ, ովքեր այդ երիտասարդներին կարող են լավ խորհուրդներ տալ:Նախատեսում ենք նաեւ մշակել հատուկ ցանկ, որտեղից հնարավոր կլինի տեղեկատվություն ստանալ Լազուրե ափում գործունեություն ծավալող տարբեր մարդկանց մասին: Օրինակ, եթե ինչ-որ մեկին հաշվապահ կամ փաստաբան է հարկավոր, վերջինս այդ ցանկից կկարողանա միանգամից գտնել իրեն անհրաժեշտ մասնագետին: Ֆրանսիացու հոգեբանության մեջ հայն այսօր նույնացվում է գործարարի հետ: Հայ գործարարը Ֆրանսիայում արդեն իսկ բրենդ է: Կան գիտակ գործարարներ, եւ մեր նպատակը նրանց հետ աշխատելն է, նրանց միավորելը: Բազմաթիվ հայազգի բիզնեսմեններ Ֆրանսիայում են ծնվել, երբեւէ չեն եղել Հայաստանում եւ չեն պատկերացնում առկա հնարավորությունները, հետեւաբար՝ մենք պետք է օգնենք նրանց հասկանալ, թե ինչպիսին է Հայաստանի ներդրումային դաշտը: Պլաններ ունենք հավանաբար հաջորդ տարի արդեն Հայաստանում հայ գործարարներին ներկայացնել Լազուրե ափի բիզնես մշակույթը եւ առկա հնարավորությունները: Ի դեպ, պաշտոնական նամակներ ենք ուղարկել ՀՀ էկոնոմիկայի եւ սփյուռքի նախարարություններ՝ ներկայացնելով մեր նորաստեղծ կազմակերպությունը: Հուսանք, շուտով արձագանքներ կլինեն:- Ի՞նչ տրամադրություններ են տիրում Ֆրանսիայում բնակվող հայազգի կայացած գործարարների շրջանում՝ կապված պատմական հայրենիքում ներդրումներ կատարելու հետ: - Չեմ ուզում շատ խորանալ աշխարհաքաղաքական հարցերի մեջ, բայց այսօրվա պայմաններում դա ավելի է դժվարացել, քան նախկինում էր: Տարածաշրջանի անորոշ եւ ոչ կայուն իրավիճակի պատճառով ներդրողը հաճախ ինքն իրեն հարց է տալիս, թե ինչքանո՞վ նման վայրում արված ներդրումն իրեն եկամուտ կբերի: Ինչ վերաբերում է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը, ապա իրատեսական եմ համարում եվրոպացի գործարարների կողմից ԵՏՄ-ի հարյուր միլիոնանոց շուկա մտնելուն ուղղված ճանապարհին Հայաստանը որպես կամուրջ օգտագործելու հեռանկարը: Ավելին, ֆրանսիացի կամ ֆրանսահայ գործարարի համար Հայաստանը կդիտարկեի նաեւ որպես կամուրջ դեպի արաբական երկրներ: Կարծում եմ, անկախ ամեն ինչից, Հայաստանում իսկապես ներդրումներ անել ցանկացող գործարարի համար ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը չի կարող պատնեշ հանդիսանալ: Գործարարը ցանկության դեպքում միշտ էլ կարող է ճանապարհ գտնել:Գառնիկ Մազմանյանի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը: Tweet Դիտում՝ 6023