«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ի հաղորդագրությունը բանկի գլխավոր գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանի մահվան կապակցությամբ: «Մարտի 22-ին 49 տարեկան հասակում հիվանդության պատճառով կյանքից անժամանակ հեռացավ «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲ ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանը:Ունենալով ֆինանսական ոլորտում հարուստ աշխատանքային փորձ` 1996թ.-ին Ստեփան Գիշյանը ստանձնել է «Հայգյուղփոխբանկ» կոոպերատիվ բանկի գործադիր տնօրենի պաշտոնը` ղեկավարելով բանկը հիմնադրման օրվանից: 2006թ.-ին «Հայգյուղփոխբանկ» կոոպերատիվ բանկը վերակազմավորվել է «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲ ընկերության, իսկ Ստեփան Գիշյանը շարունակել է զբաղեցնել գործադիր մարմնի ղեկավարի պաշտոնը: 2003թ.-ից Ստեփան Գիշյանը հանդիսանում էր նաեւ «ԱԳԲԱ Լիզինգ» ՎԿ ՓԲԸ խորհրդի նախագահը, իսկ 2006թ.-ից` «Հայաստանի Ալիանս Ֆրանսեզ» ՓԲ ընկերության նախագահը: Ստեփան Գիշյանը 2009թ.-ից հանդիսանում էր Հայաստանի Հանրապետության հանրային խորհրդի անդամ:2006-2007թթ. նախագահել է Հայաստանի բանկերի միությունը: Ստեփան Գիշյանը մեծ ներդրում է ունեցել Հայաստանում գյուղատնտեսության զարգացման եւ բանկային համակարգի կայացման գործում: Նրա ջանքերի շնորհիվ հայ-ֆրանսիական համագործակցությունը նոր որակ ստացավ:2001թ.-ին Ստեփան Գիշյանը Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից պարգեւատրվել է Անանիա Շիրակացու մեդալով, իսկ 2009թ.-ին Ֆրանսիայի Հանրապետության Նախագահի կողմից` «Վաստակի համար» ազգային շքանշանով:«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲ ընկերության ողջ անձնակազմը սգում է իր ղեկավարի կորուստը եւ կիսում հարազատների վիշտը: Ստեփան Գիշյանի գործն ու անունը միշտ վառ կմնա մտերիմների եւ գործընկերների հուշերում: Ստեփան Գիշյանի հոգեհանգիստի տեղի եւ ժամանակի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»: Tweet Դիտում՝ 9284