Հայտարարվել է $ 3 մլրդ արժեքով Հայաստան-Իրան երկաթուղային ծրագրերի մեկնարկի մասին

18.01.2013 | 14:03 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. «ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանն այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ հայտարարել է $ 3 մլրդ արժողությամբ
«Հայաստանի հարավային երկաթուղու» եւ «Հայաստանի հարավային արագընթաց ճանապարհի» ծրագրերի մեկնարկի մասին»:

Այս մասին ասվում է Rasia FZE ընկերության մամուլի հաղորդագրության մեջ:

Այսօր ստորագրվել է Հայաստանի hարավային երկաթուղու զարգացմանն ուղղված տարածաշրջանային համագործակցության մասին եռակողմ փոխըմբռնման հուշագիր «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲ ընկերության, ՀՀ Տրանսպորտի եւ
կապի նախարարության եւ «Ռասիա» ՖԶԷ ընկերության միջեւ:

Ակնկալվում է, որ Հայաստանի Հարավային երկաթուղին լինելու է 316 կմ երկարությամբ էլեկտրաէներգիայով գործող մեկուղանի երկաթուղի, որն ընթանալու է Գավառ քաղաքի մոտակայքից դեպի Հայաստանի հարավային սահմանը՝ Մեղրի քաղաքի մոտակայքում եւ միանալու է ՀՀ առկա կենտրոնական երկաթուղային համակարգին: Ակնկալվում է, որ Հայաստանի Հարավային արագընթաց Ճանապարհը լինելու է 110կմ երկարությամբ մայրուղի, որը ընթանալու է Սիսիան քաղաքից դեպի Հայաստանի հարավային սահմանը՝ Մեղրի քաղաքի մոտակայքում:

Երկու ծրագրերն էլ կազմելու են «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի մաս, որն առանցքային դեր է խաղալու տարածաշրջանում միջանցքի երկայնքով տրանսպորտային հաղորդակցության բարելավման եւ տնտեսական աճի ապահովման հարցում եւ կազմելու է Սեւ ծովի նավահանգիստներից դեպի Պարսից ծոցի նավահանգիստներ կատարվող փոխադրումների ամենակարճ երթուղին:

Դուբայում հիմնադրված Rasia FZE ընկերությունը հայտնել է, որ ՀՀ-ն 2012թ. կոնցեսիոն պայմանագրեր է կնքել իր հետ այս երկու տրանսպորտային ծրագրերի վերաբերյալ: Կոնցեսիաների պայմանները նախատեսում են կոնկրետ ժամկետներ
իրագործելիության ուսումնասիրությունների իրականացման, ճարտարագիտական նախագծերի մշակման, ծրագրային ֆինանսավորման եւ կառուցումն ավարտելու համար եւ դրանց հաջորդում է 30-ամյա շահագործման ժամանակահատվածը, որը կարող է երկարաձգվել «Ռասիա» ընկերության կողմից եւս 20 տարով:

Ի թիվս այլ առավելությունների, կոնցեսիայի պայմանները «Ռասիա» ընկերությանն իրավունք են շնորհում ազատորեն սահմանել բեռնափոխադրումների սակագները եւ
ճանապարհային վճարները, միաժամանակ պաշտպանություն ապահովելով մրցակից նախագծերից:

«Ռասիա» ընկերության նախագահ եւ գլխավոր գործադիր տնօրեն Ջոզեֆ Բորկովսկին նշել է, որ «հանդիսանալով «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի պակասող առանցքային օղակ, այս ծրագրերը տարածաշրջանի նկատմամբ զգալի հետաքրքրություն են առաջացրել
ռազմավարական եւ ֆինանսական գործընկերների մոտ, որոնք ակնկալում են մասնակցել դրանց»:

Rasia FZE ընկերությունը հայտնել է, որ «վերջերս բարեհաջող բանակցել է
եւ շրջանակային եւ առեւտրային պայմանագրեր է ստորագրել «Չինաստանի հաղորդակցային շինարարական ընկերության» հետ, որը կդառնա երկաթուղային եւ ճանապարհային ծրագրերի կառուցապատման կոնսորցիումի առաջատար
անդամ:

Դիտում՝ 8056
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW