2017-ին Գեղարքունիքի մարզում մասնավոր ներդրումների ծավալը կազմել է 7 մլրդ 814 մլն դրամ, ստեղծված աշխատատեղերի թիվը՝ 440: Մարտի 24-ին Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Սեւան կատարած այցի շրջանակում Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը նշել է, որ 2018թ. մասնավոր հատվածի կողմից նախատեսվում է իրականացնել 32 մլրդ 818 մլն դրամի ներդրում, կստեղծվի 687 աշխատատեղ՝ հիմնականում հանքարդյունաբերության, զբոսաշրջության, էներգետիկայի, թեթեւ արդյունաբերության ոլորտներում:Մարզպետի փոխանցմամբ՝ Գեղարքունիքի մարզում վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացման մեծ ներուժ կա, եւ այն իրացնելու նպատակով նախաձեռնվում են մի շարք ներդրումային ծրագրեր: Մասնավորապես, Մեծ Մասրիկ համայնքում նախատեսվում է 97 հա հողատարածքի վրա իրականացնել «Արեւային ֆոտովոլտային կայանների կառուցում» ներդրումային ծրագիրը: Անհատական տներում եւ արտադրական շենքերում տեղադրվում են այլընտրանքային էներգիա արտադրող սարքեր: Վերականգնվող էներգետիկայի զարգացման մյուս ուղղությունը հողմակայանների կառուցումն է, որի համար առավել հեռանկարային է համարվում մարզի հյուսիսային հատվածը: Պայմանավորվածություն կա իսպանական «Ակցիոնա Էներգիա Գլոբալ» ընկերության հետ Վարսեր համայնքում քամու չափիչ կայաններ տեղադրելու մասին, եւ բավարար տվյալների դեպքում 2018թ. կմեկնարկի 150 Մվտ հզորությամբ հողմաէլեկտրակայանների կառուցումը՝ $40 մլն ներդրումային ծավալով: Հողմակայանների ոլորտում ներդրումային հետաքրքրություն ցուցաբերող մյուս ընկերությունն ԱՄԷ «Աքսես Ինֆրա Սենթրալ Էյժա Լիմիթեդ»-ն է, որը նախատեսում է մարզի Ծաղկունք, Գեղամավան, Սեմյոնովկա, Դդմաշեն եւ Ծովագյուղ համայնքներում 638 հա-ի վրա կառուցել հողմաէլեկտրակայաններ՝ 132,5 Մվտ հզորությամբ: Ներդրումների ծավալը 90 մլրդ դրամ է, ստեղծվելու է 350 աշխատատեղ։ Tweet Դիտում՝ 1726