Հայտնի են Հայաստանի քայլերը՝ Doing business-ի բարելավման ճանապարհին

16.06.2017 | 17:10 Գլխավոր էջ / Նորություններ /
#Տիգրան Խաչատրյան #Doing business
ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանն այսօր ներկայացրել է Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2017թ. միջոցառումների ծրագիրը:

Ինչպես հայտնել են նախարարությունում, ծրագրով սահմանված միջոցառումների իրականացման արդյունքում կնվազի պետական եւ համայնքային մարմինների հետ շփման վարչարարական բեռը, կկրճատվեն կոռուպցիոն ռիսկերը, կբարձրացվի գործարարներին ծառայություններ մատուցող մարմինների գործունեության թափանցիկությունը:

Արդյունքում` ակնկալվում է նաեւ Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցում այլ հավասար պայմաններում ՀՀ դիրքը բարելավել 12 կետով:

Նախատեսվում են հետեւյալ միջոցառումները.

- ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ԱԱՀ-ի վերադարձի համար նախատեսված օրենքով սահմանված ժամկետների կրճատման վերաբերյալ առաջարկության ներկայացում,

- Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների հաշվետվական համակարգի պարզեցում (ներկայում 3 գերատեսչություններ ներկայացվող թղթե հաշվետվությունների փոխարեն՝ 1 էլեկտրոնային հաշվետվության սահմանում),

- Մաքսային հայտարարագրման ընթացակարգերի շրջանակում հսկողություն իրականացնող պետական մարմինների որոշումների ընդունման թափանցիկության բարձրացում,

- Ավարտին կհասցվի տնտեսվարող սուբյեկտների կողմից ինքնուրույնաբար մաքսային հայտարարագրման մեխանիզմների կիրառությունը (օրենսդրական հիմքերն արդեն առկա են),

- Հնարավորություն կտրվի ԱԱՀ վճարողի հաշվառման համար ստանալ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում ընկերություն գրանցելիս՝ պարզեցնելով բիզնեսով զբաղվելու համար պահանջվող գրանցումներին առնչվող քայլերից մեկը,

- Կգործարկվի քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման էլեկտրոնային համակարգը։ Կնվազեցվի դիմորդների եւ տրամադրող մարմինների միջեւ շփումների անհրաժեշտությունը,

- Կպարզեցվեն էլեկտրականության միացման համար անհրաժեշտ գործողությունները։ Երկու առանձին պայմանագրեր՝ էլեկտրականության միացման եւ մատակարարման պայմանագրերը կմիավորվեն,

- Կավելացվեն այն դեպքերը, երբ էլեկտրականության միացման տեխնիկական պայմանների տրամադրումը եւ նոր միացումների նախագծման նպատակով տեղազննությունը կկատարվի առանց դիմորդի մասնակցության,

- Քայլեր կձեռնարկվեն էլեկտրականության միացման համար ներկայումս սահմանված ժամկետների կրճատման ուղղությամբ,

- Կբարելավվեն կադաստրի պետական կոմիտեի եւ էլեկտրական ցանցերի միջեւ տեղեկատվական փոխանակման գործընթացները՝ արդյունքում նպատակ ունենալով կրճատել միացման նպատակով տեղազննության անհրաժեշտությունը,

- Կպարզեցվեն դատական մարմինների եւ տնտեսվարողների փոխհարաբերությունները, այդ թվում՝ էլեկտրոնային եղանակով դատարան դիմելու համակարգի ներդրման միջոցով,

- Հասարակության շրջանում իրազեկվածության աստիճանը բարձրացնող միջոցառումներ կիրականացվեն։ Դրանք կնպաստեն ավելացնել արդեն իսկ ընդունված օրենսդրական այնպիսի կարգավորումների կիրառության աստիճանը, որոնք զգալի պարզեցում են ստեղծել պետական մարմինների հետ շփումներում, սակայն բավարար կիրառություն չունեն։ Մասնավորապես, այդպիսին է անշարժ գույքի գործարքների պարտադիր նոտարական վավերացման պահանջի վերացումը,

- Կբարելավվեն անշարժ գույքի գրանցումներին վերաբերվող բողոքների քննարկման ընթացակարգերը,

- Փոքր ներդրողների (բաժնետերերի) շահերի պաշտպանվածության բարձրացման նպատակով իրավական մի շարք նոր կարգավորումներ կընդունվեն,  մասնավորապես, բաց բաժնետիրական ընկերություններում ղեկավար տարբեր պաշտոնների համատեղության սահմանափակումների եւ այլ իրավական կարգավորումների եղանակով,

- Սնանկության վարույթում գտնվող ձեռնարկությունների պաշտպանվածության մեխանիզմների բարելավում՝ ֆինանսական առողջացման պայմանների բարելավման նպատակներով,

- Այլ միջոցառումներ՝ ուղղված պետական գնումների ընթացակարգերի պարզեցմանը, աշխատաշուկայի կարգավորմանը եւ այլն:
 
«Նշված միջոցառումների համալիր իրականացման դեպքում ՀՀ դիրքը 190 երկրների շարքում 38-րդ տեղից, այլ հավասար պայմաններում, կբարձրանա 26-րդ տեղ` արձանագրելով 12 կետ բարելավում»,- նշել են նախարարությունում:
Դիտում՝ 2391
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW