Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (ԳՄՀԸ, GIZ) ապրիլի 1-ից սկսել է «Մասնավոր հատվածի զարգացում եւ մասնագիտական կրթություն եւ ուսուցում Հարավային կովկասում» ծրագրի նոր փուլը: Այն իրականացվում է Գերմանիայի տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության պատվիրակմամբ եւ տեւելու է մինչեւ 2020թ. մարտի 31-ը:Ծրագրի գլխավոր նպատակն է աջակցել «կանաչ» եւ ընդգրկուն զարգացմանը տարածաշրջանի երեք երկրներում՝ Հայաստանում, Ադրբեջանում եւ Վրաստանում: Ծրագրի ընդհանուր բյուջեն երեք երկրների համար կազմում է €29,7 մլն:Հայաստանում այն իրականացվելու է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության եւ կրթության եւ գիտության նախարարության հետ համագործակցությամբ: Ծրագիրը նպատակաուղղված է ընտրված արժեշղթաներում կայուն տնտեսական զարգացման նախապայմանների բարելավմանը՝ զբաղվածությունը խթանելու նպատակով հատկապես հանրապետության մարզերում եւ շրջաններում:Այս շրջանակում շեշտադրվելու է մասնավոր հատվածի ներգրավումը մասնագիտական ուսուցման գործընթացներում եւ համագործակցությունը կրթական ծրագրեր մատուցողների հետ՝ աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մասնագիտական ուսուցման ծրագրեր մշակելու համար:ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացում եւ մասնագիտական կրթություն եւ ուսուցում Հարավային կովկասում» ծրագրի հայաստանյան թիմի ղեկավար Վիլհելմ Հուգոն նշել է, որ Հայաստանում նախատեսվում է աջակցություն երեք հիմնական ուղղություններով՝ զբոսաշրջություն, գինեգործություն եւ ՏՏ ու ինժեներինգ:«Հայաստանն աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում է՝ սահմանափակ ռեսուրսներով: Այդուհանդերձ, հայերը դիմացկուն են, հարմարվող ու ստեղծագործ: Հիմնական խնդիրն այստեղ այն է, որ մասնավոր եւ պետական հատվածի միջեւ առկա է համագործակցության բաց, սակայն նկատում ենք դրական փոփոխություն երկու կողմից էլ»,- նշել է նա` այս համատեքստում ընդգծելով GIZ-ի արդյունավետ համագործակցությունը ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության հետ:ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության ՓՄՁ աջակցության եւ զարգացման վարչության պետի տեղակալ Գայանե Գեւորգյանը եւս կարեւորել է ծրագրի իրականացումը՝ ընդգծելով, որ ընտրված ոլորտներն ու ուղղությունները թիրախային են նաեւ ՀՀ կառավարության համար: ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանն էլ նշել է, որ իրականացվող ծրագիրը ոչ միայն օժանդակում է նախանշված ոլորտների բարելավմանը, այլեւ հնարավորություն ստեղծում այդ ոլորտներում տարածաշրջանային համագործակցության խորացման համար:Փոխնախարարն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Հայաստանը հասկանալի պատճառներով խնդիրներ ունի Ադրբեջանի հետ ոլորտային համագործակցության հարցում, հետեւաբար GIZ-ը նաեւ միջնորդավորված համագործակցության մեխանիզմի կարեւոր դեր է կատարում: Tweet Դիտում՝ 11481